Նախագահն ընդունել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին

Սերժ Սարգսյան,Իրաք, Հոշիար Զեբարի

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:

Ողջունելով հյուրին՝ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երևանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի արտգործնախարարի այցը ևս մեծ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջև կապերի սերտացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար: Հանդիպման ժամանակ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ և՛ Հայաստանը, և՛ Իրաքը շահագրգիռ են հնարավոր բոլոր ոլորտներում ձևավորել համագործակցության որակական նոր մակարդակ: Տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորվել է ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը երկու երկրների միջև, որը, զրուցակիցների համոզմամբ, կխթանի նաև գործարար շփումներն ու առևտրաշրջանառության ծավալների աճը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Հոշիար Զեբարին համակարծիք են եղել, որ հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը, որը Իրաքի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ այդ երկիրը համարում է իր երկրորդ հայրենիքը: Հոշիար Զեբարին նշել է, որ չնայած իրաքահայ համայնքը մեծ չէ, սակայն Իրաքի հասարակության մեջ հայերն ապրել են եղբայրաբար և հարգանքով, դրա համար էլ մշտապես արժանացել են հարգալից վերաբերմունքի:

Հանրապետության Նախագահը և Իրաքի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Նրանք բարձր են գնահատել նաև միջազգային հարթակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրաքյան համագործակցությունը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը հարցերին Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարիի հետ համատեղ ասուլիսում

653. Minister Nalbandian met with Iraqi FM 03.12.2013 (3)Բարև ձեզ,

 

Ուրախ եմ ողջունել Հայաստանում իրաքցի իմ գործընկերոջը, արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ պարոն Հոշիար Զեբարիին, ում հետ մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմաթիվ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել և ես հրավիրել էի պարոն  Զեբարիին այցելել Հայաստան: Ուրախ եմ, որ նա այսօր պաշտոնական այցելությամբ գտնվում է Երևանում:

Վերջին տարիների ընթացքում մեր հարաբերություններում տեսնում ենք բավական ակտիվ զարգացումներ. երկու դեսպանությունների վերաբացումը` մեր դեսպանությանը՝ Բաղդադում, նաև Իրաքի դեսպանության վերաբացումը Հայաստանում, երկու միջկառավարական հանձնաժողովների երկու նիստերը Բաղդադում և Երևանում, ինչպես նաև բազմաթիվ այցելություններ թե Հայաստանից Իրաք, թե Իրաքից Հայաստան:

Այսօր լավ առիթ է շարունակելու մեր բանակցությունները, երկխոսությունը, որն արդեն տարիների ընթացքում վարում ենք իմ գործընկերոջ հետ, և ես ուրախ եմ, որ այն, ինչ պայմանավորվում ենք՝ իրականություն է դառնում: Այսօր մենք անդրադարձանք իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը. երկու երկրների միջև դեռ առաջին քայլերն են արվում այս ուղղությամբ:

Կարևորում ենք առևտրատնտեսական կապերի աշխուժացումը: Որոշ դրական զարգացումներ կան, նկատվում է տոկոսային աճ, սակայն դա դեռ այն թվերը չեն, որոնք կարող են գոհացնել երկու կողմերին: Մենք շատ մեծ ներուժ ունենք, և երկուստեք ջանքերով, վստահ ենք, որ կարող ենք առևտրատնտեսական կապերն առավել զարգացնել:

Մենք խոսեցինք նաև երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման մասին: Այսօր ստորագրեցինք երկու արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագիր, որը հնարավորություն կտա երկու երկրներին տարբեր միջազգային կազմակերպություններում համադրել մոտեցումները, իսկ մեր մոտեցումները շատ մոտ են տարածաշրջանային, միջազգային հարցերի վերաբերյալ:

Այսօր մենք նաև հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր միջազգային հարցերի շուրջ:

Պարոն Զեբարին ինձ ներկայացրեց Իրաքի կառավարության ջանքերը` ուղղված Իրաքում կայունության, անվտանգության ամրապնդմանը: Ես ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի` միջազգային հանրության հետ համատեղ գործադրվող ջանքերը` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մենք նաև անդրադարձանք մշակութային կապերի ակտիվացմանը, համագործակցությանը այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը: Այսինքն` շատ լայնածավալ թեմաների շուրջ ենք այսօր խոսել, և դեռ շարունակելու ենք մեր բանակցությունները աշխատանքային ճաշի ժամանակ:

Ես ուրախ եմ նորից ողջունել իմ գործընկերոջը և խոսքը սիրով փոխանցում եմ պարոն Զեբարիին:

 

Արմենիա հեռուստաընկերություն. Պարոն նախարար, Վիեննայում հանդիպեցին մեր և Ադրբեջանի նախագահները: Ձեր դիտարկմամբ կա՞ բեկում բանակցային գործընթացում, առհասարակ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում:

 

ԷդվարդՆալբանդյան. Դուք գիտեք, որ նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում գնահատվեց որպես կառուցողական հանդիպում և այդ հանդիպման ընթացքում նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին օգտագործել հանդիպման առաջին հնարավորությունը, շարունակելու բանակցությունները, աշխուժացնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Սա 2012թ.-ի հունվարից ի վեր  նախագահների մակարդակով առաջին հանդիպումն էր:

Բոլորին հայտնի է, որ Հայաստանի պատճառով չէր, որ հանդիպումները չէին կայանում։ Այդպիսի հանդիպումներ կազմակերպելու մի քանի փորձեր եռանախագահների կողմից կատարվել էին: Վերջին այդպիսի փորձը եղել էր հունիս ամսին, անգամ տեղը և ժամկետը արդեն պայմանավորված էր, բայց  հանդիպումից երկու-երեք օր առաջ ադրբեջանցիները  հրաժարվեցին։ Հուսով ենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ է բացում:

Վիեննայից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առաջին հնարավորությունը լինելու է վաղը կամ մյուս օրը Կիևում ՝ ԵԱՀԿ Նախարարական հանդիպման շրջանակներում:

Մենք կփորձենք հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Իհարկե, շատ կարևոր է  կողմերի կարգավորման ցանկության առկայությունը, բայց նաև կարևոր է իրատես մոտեցում ունենալ, թե  ինչպես կարելի է կարգավորել հիմնախնդիրը: Այդպիսի իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահների կողմից արված առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել են եռանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հինգ հայտարարություններում՝  լ՝Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս- Կաբոսում և Էնիսկլիենում:

Հայաստանը հայտարարել է, որ կողմ է այդ հայտարարություններում առկա առաջարկների, սկզբունքների և հիմնադրույթների հիման վրա գնալ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եթե նույն վերաբերմունքը լինի Ադրբեջանի կողմից, ապա հնարավոր կլինի առաջ շարժել բանակցային գործընթացը և առավել մոտենալ հիմնախնդրի կարգավորմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Իրաքի արտգործնախարարների հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Իրաք,Հոշիար ԶեբարիԴեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի հետ, որ Երևանում է գտնվում պաշտոնական այցով։ ։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև փոխգործակցությունը զգալիորեն ակտիվացել է և հույս հայտնեց, որ Իրաքի արտգործնախարարի այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նախարար Նալբանդյանը ողջունեց նաև Հայաստանում Իրաքի դեսպանատան վերաբացումը:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Զեբարին ասաց, որ Իրաքը ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հոշիար Զեբարին կարևորեց հայ համայնքի ներդրումը Իրաքի զարգացման և բարգավաճման գործում։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների խթանման՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային բնագավառներում փոխգործակցության  շուրջ։ Նախարարները արծարծեցին երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։

Հյուրի խնդրանքով ՀՀ արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Հոշիար Զեբարին Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Իրաքում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկվող քայլերի մասին:

Նախարարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության, Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի կազմակերպման վերաբերյալ։

Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև փոխադարձ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, որին հետևեց համատեղ մամլո ասուլիս։