Ճարտարում բացվել է վերանորոգված հիվանդանոցը

արցախԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ մասնակցելու համայնքի վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Պաշտոնական արարողության ժամանակ գյուղի բարերարներին իրենց շնորհակալական խոսքն են հղել բուժհաստատության աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ինչպես նաև շնորհավորական խոսքով հանդես են եկել Հ. Քուշկյանն ու Արցախի թեմի առաջնորդը: Ծրագրի համաֆինանսավորողներ Վլադիմիր Ավագյանն ու Համլետ Համբարձումյանը կարևորել են հարմարավետ պայմաններով ու համապատասխան սարքավորումներով ապահովված հիվանդանոցի առկայությունը նմանատիպ մեծ գյուղի բնակչության առողջության պահպանման գործում: Նրանք նշել են, որ շարունակելու են ներդրում ունենալ Ճարտարի զարգացման ճանապարհին:
Վարչապետը ծանոթացել է վերաբացված հիվանդանոցի պայմաններին և գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների մակարդակից: Նա ողջունել է բարերարների նախաձեռնությունները և հավաստիացրել, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել նրանց ծրագրերի իրագործմանը:
Ա. Հարությունյանն այցելել է նաև Ճարտարում կատարվող ճանապարհաշինական աշխատանքների հարթակներ և ծանոթացել դրանց արդյունքներին ու ընթացքին: Վերջում, բարերարների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ, հրավիրվել է խորհրդակցություն՝ գյուղում կառուցվելիք եկեղեցու շինարարության հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով:

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ

Արա ՀարությունյանՄարտի 24-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի երկու համայնքների ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և տեղի բնակչության հետ հանդիպելու նպատակով:

 

Ճարտարի համայնքներում ներկայացվեցին բնակչության զբաղվածության աստիճանն ու կառուցվածքը: Գյուղատնտեսությունից բացի, տեղի բնակչությունը աշխատում է գյուղում գործող ձեռնարկություններում և պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկներում: Գյուղատնտեսական ավանդական ճյուղերից է խաղողագործությունը և հացահատիկի մշակումը: Գյուղում գործում են մեկ ավագ, երկու իննամյա և մեկ արվեստի դպրոցներ: Վերջերս սկսվել է երկրորդ մանկապարտեզի շենքի կառուցումը: Կառավարության և գյուղի բարեգործների ֆինանսավորմամբ ընթանում են ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքները, որոնք, ըստ վարչապետի, ամբողջությամբ կավարտվեն մոտ երեք տարվա ընթացքում: Գյուղի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հիմնվել է շտապ օգնության կայան, ինչպես նաև իրագործվել են մի շարք սոցիալական ու շինարարական աշխատանքներ:

 

Շեշտադրելով, որ անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն առկա են Ճարտարում՝ կառավարության ղեկավարն առանձնացրեց երկու հիմնական խնդիր. առաջին հերթին, ըստ Ա. Հարությունյանի, պետք է մտածել նոր աշխատատեղեր ստեղծելու մասին: Նա տեղեկացրեց, որ բանակցություններ են տարվում գյուղի բարերարների հետ, որպեսզի նրանց ռեսուրսներն ուղղվեն ոչ միայն բարեգործական, այլ նաև ներդրումային ծրագրերի իրականացմանը: Որպես երկրորդ մարտահրավեր, որը վերաբերում է ողջ հանրապետությանը, վարչապետը մատնանշեց աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նշանակալի բարելավում է կատարվելու հուլիսի մեկից: Ա. Հարությունյանի խոսքով՝ պետական սեկտորում աշխատավարձերի բարձրացումը միանշանակորեն ազդեցություն կունենա մասնավոր սեկտորի աշխատավարձերի վրա՝ ուղղակիորեն բարելավելով բնակչության կենսամակարդակը: Գյուղերի զարգացման ճանապարհին նա կարևորեց հատկապես գյուղատնտեսության ոլորտի մարդկանց աշխատավարձերի բարձրացումը:

Վարչապետն այցելեց Ճարտարում վերջերս բացված՝ Ստեփանակերտի գորգագործարանի մասնաճյուղ՝ ծանոթանալու դրա աշխատանքներին: Նա կարևորեց այդ ձեռնարկության բացումը գյուղի տնտեսական ակտիվության ապահովման գործում:

Անկախ