Մադրիդում բացվել է “Անլռելի զանգակատուն, Հայաստան 1915-1918թթ.” լուսանկարչական ցուցահանդեսը

կարեն մարդանյանՕրերս Մադրիդի “Կասա Կանտաբրիա” (Կանտաբրիայի տուն) մշակույթի պալատում բացվեց Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված “Անլռելի զանգակատուն, Հայաստան 1915-1918թթ.” լուսանկարչական ցուցահանդեսը` կազմակերպված “Մադրիդի հայեր’’ ասոցիացիայի (նախագահ` Կարեն Մարդանյան) կողմից և Իսպանիայում Հայաստանի Հանրապետության հավատարմատար Խորեն Տերտերյանի աջակցությամբ:
Ցուցահանդեսը իր բնույթով և կարևորությամբ աննախադեպ միջոցառում էր: Առաջին անգամ Մադրիդում այցելունները հնարավորություն ունեցան լուսանկարների միջոցով ծանոթանալու Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1918 թթ. հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությանը, որի ընթացքում սպանվեց 1,5 մլն. հայ և իր պատմական հայրենիքից արտաքսվեց մի ողջ ժողովուրդ:
Ցեղասպանությունը, որը դեռևս չի ստացել իր արժանի գնահատականը (99 երկար և ձիգ տարիների ընթացքում), մնում է որպես նախատինք քաղաքակիրթ մարդկության համար: Այդ իմաստով ցուցահանդեսի նպատակն էր անտեղյակ այցելուներին ծանոթացնելու 20-րդ դարասկզբին, հանձինս հայ ժողովրդի, համայն մարդկության դեմ կատարված այդ մեծ ոճրագործությանը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին “Կասա Կանտաբրիա”-ի խորհրդի անդամ Խոսե Մանուել Կոնդեն, որն էլ հանդես եկավ բացման խոսքով, որից հետո ձայնը տրվեց Իսպանիայում Հայաստանի Հանրապետության հավատարմատար Խորեն Տերտերյանին, ապա ելույթ ունեցավ հայ ժողովրդի մեծ բարեկամ, հրապարակախոս և գրող Խոսե Անտոնիո Գուռիերանը: Այնուհետև “Մադրիդի հայեր” ասոցիացիայի նախագահ Կարեն Մարդանյանը հյուրերին համառոտակի ծանոթացրեց ցուցահանդեսում ներկայացված լուսանկարների պատմությունը: Միջոցառմանը մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության հյուպատոս Տիգրան Բաբայանը: Հանդիսությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում Ռուասաստանի Դաշնության դեսպանի առաջին խորհրդական Սերգեյ Մելիք-Բաղդասարովը, Մադրիդում “Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն”-ի տնօրեն Էդվարդ Սոկոլովը, Իսպանիայում Սերբիայի դեսպանատան առաջին խորհրդական Բիանկա Կորդիչը, Սան Պաբլո-ի անվան համալսարանի պատմության և քաղաքագիտության դասախոս Ռիկարդո Ռուիզ Դե Լա Սերնան, Մադրիդի շրջանի Ալկալա դե Հենարես քաղաքի Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության խորհրդի անդամ Խեսուս Դոմինգեսը, նույն քաղաքի քաղաքապետարանի խորհրդական Ռաֆայել Ռիպոյը, Մադրիդում բուլղարական համայնքի մշակութային ասոցիացիայի նախագահ Դեանա Իվանովան, Բուլղարիայում հրեական միության նախագահ Մասելո Իսրաելը և այլք:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրության արժանացավ Մադրիդի հասարակության կողմից: Այցելուների թվում էին գիտնականներ, գրողներ, ուսանողներ և ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ: Ստորև ներկայացնում ենք այցելուներից մի քանիսի տպավորությունները` վերցված գրառումների գրքից.

Շատ եմ տպավորված այս ցուցահանդեսով: Այն հսկայական ազդեցություն ունի: Ցանկանում եմ, որ շատ մարդիկ այցելեն: Ես հրեա ժողովրդի զավակ եմ և այդ իսկ պատճառով այն ինձ վրա ավելի ցնցող տպավորություն թողեց: Դատապարտելով քսաներորդ դարում ազգայնամոլների կողմից կատարված հայերի և հրեաների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները, կկանխվեն հետագա նմանօրինակ վայրագությունները: Շնորհակալություն ցուցահանդեսի համար:

Դր. Մարսելո Իսրաել, Բուլղարիայում հրեական միության նախագահ
25.04.2014

Ինձ թվում է, որ շատ տպավորիչ ցուցահանդես է: Հուսով եմ, որ հարյուրամյակին ցեղասպանության ճանաչումը մի փոքր կմեղմացնի հայ ժողովրդի ցավը:
25.04.2014

Մեծ հաջողություններ ենք մաղթում “Մադրիդի հայեր” ասոցիացիային հայ մշակույթի և պատմության տարածման այս ազգանվեր գործում, որպեսզի երբեք չմոռացվի Հայոց ցեղասպանությունը:

Սան Պաբլո-ի անվան համալսարանի թիվ 902 խմբի ուսանողներ,
26.04.2014

1999 թվականին այցելել եմ նացիստական Դախաո համակենտրոնացման ճամբար: Այս ցուցահանդեսը ինձ վրա թողեց նույն զգացողությունը, որը համակել էր ինձ համակենտրոնացման ճամբարում:
Խուան, 26.04.2014

Այս ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները անմարդկային վայրագության և հայ ժողովրդի կրած տառապանքի խոսուն վկաներներն են:
26.04.2014

Հուսով ենք, որ այս աշխատանքը կունենա շարունակական բնույթ և “Մադրիդի հայեր” ասոցիացիան նույն ոգևորությամբ կշարունակի հայոց պատմության, մշակույթի տարածման և հայապահպանման գործը ի բարորություն հայ ժողովրդի:

Լյուդմիլա Սիմոնյան

Անկախ

Մադրիդի քաղաքապետարանը ուլտիմատում է դրել աղբահավաքների գործադուլի կապակցությամբ

spain-trash-strikeՄադրիդի քաղաքապետարանը հայտարարել է, որ իրենք կդադարեցնեն քաղաքը մաքուր պահելու համար պատասխանատու մասնավոր ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, եթե նրանք չկարողանան ավարտին հասցնել աղբահավաքների գործադուլը, որի արդյունքում Իսպանիայի մայրքաղաքում աղբակույտեր են առաջացել:

Քաղաքի աղբամանները իննօրյա գործադուլից հետո ամբողջովին լի են աղբով:

Քաղաքապետ Բոտելլան հայտնել է, որ իրավիճակի պատճառով հանրության առողջությանը վտանգ չի պարունակում, սակայն դա այլևս անտանելի է:

Նա ընկերություններին 48 ժամ ժամանակ է տվել աշխատավոր խմբերի հետ պայմանագիր կնքելու համար, որոնք բողոքում են աշխատավարձի ուշացումներից և կրճատումներից: Նա նաև նշել էր, որ քաղաքային խորհուրդը քաղաքը մաքրելու վերաբերյալ պայմանագիր կնքի պետական Տրագասա ընկերության հետ:

ՀՀ Անկախության 22-ամյակին եւ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված տոնական միջոցառում Մադրիդում

           SAMSUNG CAMERA PICTURES  Հոկտեմբերի 14-ին Մադրիդի Բժշկության Թագավորական Ակադեմիայի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-ամյակին եւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված տոնական մեծ հանդես: Միջոցառմանը ներկա գտնվեցին Իսպանիայի Թագավորության օրենսդիր եւ գործադիր իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, իսպանացի դիվանագետներ, օտարերկրյա դեսպաններ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանի բացման խոսքին հետեւեց դասական երաժշտության համերգը: Միջազգային մրցանակների դափնեկիր, դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանի, Իսպանիայի Ռադիոյի եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Լեւոն Մելիքյանի եւ նույն նվագախմբի մենակատար Գուստավո Դուարտեի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի եւ Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:

Միջոցառման վերջում տրվեց պաշտոնական ընդունելություն` հայկական ուտեստների մատուցմամբ: