Շիրակում զոհերի թիվն աճել է

2014 թվականի առաջին կիսամյակը Շիրակի մարզում աչքի ընկավ արտակարգ իրավիճակների թվի նվազմամբ՝ 234 դեպք, նախորդ տարվա 296-ի դիմաց: Բայց փոխարենը գրեթե 50 տոկոսով աճել է գրանցված արտակարգ դեպքերից զոհերի թիվը. այս տարվա առաջին կիասմյակում Շիրակի մարզում արտակարգ դեպքերից եղել է 21 զոհ 179 վիրավոր, 2013-ի նույն ժամանակահատվածի 14 զոհ, 185 վիրավորի դիմաց:

Մարատ Սարիբեկյան

Առանձնացնելով մարզում արձանագրված դեպքերն ըստ բնույթների՝ Շիրակի մարզի  փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը ներկայացնում է թվերով: Ըստ նրա, առաջին կիսամյակում մարզում գրանցվել է տեխնածին բնույթի 144 դեպք, որը 10-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ թե ինչով է պայմանավորված այդ աճը, վարչության պետը Անկախ-ի հետ զրույցում նշում է. ՙՀիմնականում աճը բնութագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարներով, որոնց թիվը կազմել է 72: Զոհերի թվի աճը նույնպես պայմանավորված է ՃՏՊ-ներով. միայն տրանսպորտային պատահարներից ունեցել ենք 18 զոհ՚:

Ի հեճուկս տեխնածինի՝ նվազել են տարերային բնույթի դեպքերը՝ սողանքներ, ձնաբքեր և այլն: Իսկ սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերի քանակը գրեթե պահպանվել է՝ 75 դեպք:

Տարվա առջին վեց ամիսներին մարզում գրանցվել է օձի խայթոցի մեկ դեպք: Ի տարբերություն 2013-ի, առաջին կիսամյակում Շիրակի մարզում ջրահեղձման դեպք չի գրանցվել:

Ամփոփելով արտակարգ պատահարները առաջին եռամսյակի համար Մարատ Սարիբեկյանը հայտնում է՝ ընդհանուր առմամբ 234 արտակարգ դեպքերից մարզին հասցվել է 290 մլն 136 հազար 380 դրամի վնաս: Այս թիվը կրկնակի մեծ է եղել 2013-ի նույն ժամանակահատվածի համար՝ մոտ 500 մլն դրամ:

Գյումրին սպասում է ՃԿԿ-ի գործարկմանը

 Մարատ ՍարիբեկյանԱրտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականն է՝ այս տարի Շիրակի մարզում ևս ունենալ ճգնաժամային կառավարման կենտրոն: Այս մասին հայտնում է Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: Այժմ վարչության շենքում կենտրոնի համար նախատեսված սենյակներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

ՙՄեր շենքային պայմանները լավը չեն, 4-րդ աստիճանի վթարայնության կառույց է, համեմատական առումով լավ հատվածում ենք կառուցում ՃԿԿ-ն, որպեսզի ցանկացած արհավիրքի դեպքում կանգուն մնա և աշխատի՚, – ասում է մարզային վարչության պետը:

Նրա փոխանցմամբ, սրանով չեն սահմանափակվում, այս պահին տարածք է որոնվում ապագա ՃԿԿ-ն հիմնելու համար, ուր անգամ երկրաշարժերը չեն խանգարի աշխատել:

ՙՄենք ուզում ենք նույն դոմիկային սիստեմը լինի, որոնք գետնակիպ են և փլվելու ենթակա չեն՚: Մարատ Սարիբեկյանն ասում է՝ աչքի տակ մի երկու տարածք ունի, սպասում է Շիրակի մարզպետը վերադառնա արձակուրդից, որպեսզի քննարկեն:

Խոսելով ՃԿԿ ունենալու անհրաժեշտությունից պաշտոնյան փաստում է՝ Շիրակը ռիսկային գոտում է, և երկրորդ՝ նաև փոխարինում է հանրապետական կենտրոնին. ՙԵրևանի արտակարգ իրավիճակների դեպքում մենք փոխարինող ենք դառնում՚:

Շիրակի ՃԿԿ-ի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները պատրաստ են, մնում է ավարտվեն տարածքի բարեկարգումը, աշխատանքի ընդունեն հաշմանդամների:

Մարատ Սարիբեկյանը վստահություն է հայտնում, որ մինչև սեպտեմբերի 4-ը՝ փրկարարի օրը, շինվերանորոգման աշխատանքները Շիրակի ՃԿԿ-ում ավարտված կլինեն: