«Քաղաքապետարանը այլանդակում է Երևանը»

10511069_10202507907760092_8391585880929527590_n“Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է Աշոտ Վարդանյանի կողմից արված մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են Սարյան-Բաղրամյան խաչմերուկի մայթին բանվորները ավազ շաղ տալիս, որպեսզի բետոն լցնեն:

Նախաձեռնությունն ահազագնում է.

“Սարյանի այգուն հարակից մայթն այլանդակվում է այն աստիճան համառությամբ, որ կասկած է առաջանում քաղաքապետարանի շենքում նստածները լուրջ խնդիր ունեն հանրային տարածքը սահմանելու և ընկալելու հետ։

10488066_10202507908760117_6329688182811465125_nԱյս <գավառականության> և <պայքարող տգիտության> պաշտոնյա-ներկայացուցիչները կրում են հանցագործության համար ամբողջ պատասխանատվությունը։ Վերից վար՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից, քաղաքապետ Տարոն Մարգարյանից մինչև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

Պատասխանատվությունը հասցեական է”։

 

Անկախ 

Զվարթնոցի շենքը կպաշտպանեն լեհ կինեմատոգրաֆիստները և ռոբոտները (տեսանյութ)․ Մենք ենք այս քաղաքի տերը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրել է լեհ կինեմատոգրաֆիստներին՝ աջակցել Զվարթնոց օդանավակայանի արժեքավոր շենքի պահմանման գործում։ Հայտնի է, որ 80-ականներին Զվարթնոցի եզակի ֆուտուրիստական շենքում է նկարահանվել լեհական «Պան Կլյաքսայի արկածները» ֆանտաստիկ կինոնկարը (ռեժիսոր Քշիշտոֆ Գրադովսկի)։ Կից տեսանյութում ներկայացված է մասնավորապես ռոբոտների մարշը Զվարթնոցի տարածքում։

Այն ժամանակ Զվարթնոցի շենքն ընտրվել է նկարահանումների համար՝ որպես նմանը չունեցող և առանձնահատուկ տիեզերական հմայք ունեցող կառույց։

Եվրոպացի մասնագետները զարմանքով են իմացել շենքը քանդելու ծրագրերի մասին և դիմելու են եվրոպական մշակութային ժառանգության պահպանման մարմիններին՝ Զվարթնոցի քանդումը թույլ չտալու համար։

Զվարթնոց օդանավակայանի հին շենքը Հայաստանի նորագույն պատմության եզակի ճարտարապետական նմուշներից է և մասնագետները բազմիցս խոսել են դրա նշանակության մասին։ Բացի այդ, շենքի քանդման համար բացի ֆինանսական արդարացումներից չկա որևէ օրինական հիմք։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը կտրականապես դեմ է Զվարթնոցի աշտարակի քանդմանը և ամեն ջանք կգործադրի, որպեսզի հայ մշակութային ժառանգության այս անգնահատելի օրինակը պահպանվի։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Բաց նամակ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին

Մաշտոցի պուրակ. հուշատախտակՄեծարգո պարոն Նախագահ,

 

Մեծարգո պարոն Դեսպան,

 

 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երևանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ և հակաժողովրդավարական քայլն է փորձում անել՝ Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով։ Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են:

Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում: Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում: Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:

Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։

Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից։

Հարգանքով,

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել․ Զուգարանը՝ պիցերիա

Զուգարանը՝ պիցերիա2012 թվականին Աբովյան փողոցում հսկայական ծառերի տապալումից և շինաշխատանքներից հետո երևանցիների բողոքին ի պատասխան Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց․ «Այնտես հանրային զուգարան է կառուցվում, վահանակ դրեք, որպեսզի քաղաքացիները իմանան»։

Մեկ տարի անց Աբովյան փողոցի ճեմուղին այլանդակող բետոնապատ կառույցի վրա հայտնվել է պիցերիա ցուցանակը։ Ընդ որում բետոնի մեջ տառապում են մի քանի երկարամյա սլացիկ ծառեր։

Փաստորեն, Տարոն Մարգարյանը նորից սուտ է խոսել կամ էլ նա չի կարողանում վերահսկել քաղաքաշինական գործողությունները։
Հայտարարում ենք, որ Աբովյան փողոցի ճեմուղին պետք է ազատագրվի աջ ու ձախ կողմում հայտվող ուռուցքներից՝ իսկ պաշտոնյաների պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։

Յուրաքանչյուր որոշման համար պետք է պատասխանատվություն կրի տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը։ Լինի դա ստախոս պաշտոնյա, թե պարզապես օրինախախտ։

«Մենք ենք այս քաղաքի տերը» «Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն