Ամփոփվել են միասնական քննությունների նախնական արդյունքները

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների  ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը  և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը:

 

 Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարիների ավանդույթը պահպանվել է նաև այս տարի,  բուհերի ընդունելության քննությունները հիմնականում անցել են բնականոն հունով, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ ընդունելության համակարգում կատարված բարեփոխումները տվել են իրենց արդյունքները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով,  15 առարկաների քնությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երևանում: Առաջին փուլում  ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ  երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ,որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և ԼՂՀ դիմորդները: Այս տարի ևս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը և միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի  քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք և այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք: Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին  դիմելու և ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:
Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում և հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի և վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը:
Այս տարի նվազել է օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել:
Նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարկվեն հուլիսի 15-ին, նշել է, որ զուգահեռաբար պետք է կատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան  որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել: «Մենք թափուր տեղերի վերաբաշխման գործընթացը կազմակերպում ենք հետևյալ սկզբունքներով, որոնք ըստ էության չեն փոխվել: Նախ մենք նախապատվություն ենք տալիս ապահովելու այն դիմորդների  բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ովքեր ստացել են  դրական միավորներ: Երկրորդ՝  պետական պատվերով թափուր մնացած տեղերի վերաբաշխման ժամանակ առաջնահերթություն  է տրվելու արվեստի և մարզային  բուհերին»,- դիմելով ռեկտորներին նշել է նախարարը՝ Ա, Աշոտյանը՝ և առաջարկել երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ տեղերի վերաբաշխման վերաբերյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի քննարկեց նաև ԳԹԿ-ի կողմից ընդունելության քննությունների ամփոփման նպատակով  դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը ներառյալ, մինչև ժամը 17.00-ն: Այն դիմորդները, ովքեր չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, գործող կարգի համաձայն  կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից:
Նախարարն հանձնարարել է  նաև կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի սահմանված ժամկետներում ներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:

Վաղվանից մեկնարկում է միասնական քննությունների 2-րդ փուլի հայտերի ընդունումը

գթկԱյսօր Ռուսերենի միասնական քննությամբ ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Վաղվանից` հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը ԳԹԿ-ում ընդունվում են հայտեր միասնական քննությունների երկրորդ փուլի համար:

Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից նոր զորացրվածները, քոլեջների շրջանավարտները, արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները և նրանք, ովքեր հիվանդության պատճառով բացակայել են միասնական քննությունների առաջին փուլից:

Քննությունների երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում: Ի տարբերություն միասնական քննությունների առաջին փուլի, երկրոդ փուլը կանցկացվի Երևանում:

Դիմորդները միասնական քննություն հանձնեցին օտար լեզվից

Այսօր Հայաստանի 34 քննակենտրոններում դիմորդները  միասնական քննություն հանձնեցին  օտար լեզվից: Անգլերենից քննություն է հանձնում 5494, գերմաներենից` 277, ֆրանսերենից` 229 իսպաներենից` 12, իտալերենից 2, պարսկերենից` 1 դիմորդ: “Անկախ”-ը եղավ ԵՊՀ-ում, որտեղ դիմորդները միասնական քննություն էին հանձնում օտար լեզվից:  Քննությունը մեկնարկեց 9.30 և տևեց 2.30 ժամ:

միասնական քննություն

ԵՊՀ-ի քննական հանձնաժողովի նախագահ Վարդուհի Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ այսօր ԵՊՀ-ի քննակենտրոնում միասնական քննություն է հանձնում 238 դիմորդ, իսկ բացակաները 7-ն էին:

միասնական քննություն

Ծնողները նշում էին, որ թեև դիմորդները բավականին լավ են պատրաստվում,  հույզերը հաճախ տեղի են տալիս, քննությանը ներկայանում են վատառողջ, սթրեսային վիճակում, ինչն էլ անմիջականորեն ազդում է քննությունների արդյունքների վրա: Ծնողներից մեկն էլ, խոսելով իր որդու ստացած գնահատականների մասին, նշեց, որ դիմորդը պատրաստվում է ԵՊՀ ընդունվել` իրավագիտության ֆակուլտետ. դիմորդը հայերենից ստացել էր 12,25 միավոր, սակայն ծնողը վստահ է, որ ինչ-որ բան այն չի եղել: Ըստ նրա` հայերենի քննական թեսթերի 1-ին տարբերակում վիճելի ու շփոթեցնող հարցեր են եղել և հուսով են` գնահատականը բարձրացվելու է:

միասնական քննություն

Պետք է փաստել նաև, որ տեսախցիկներում պարզ երևում էր, որ քննություններն ընթանում են զրույցի մթնոլորտում, դիմորդները հաճախ զրուցում, մտքեր էին փոխանակում միմյանց հետ` չնայած նրան, որ հսկիչները շրջում էին սրահում:

միասնական քննություններ

Առաջին դիմորդները, ովքեր դուրս եկան քննասենյակներից, նշեցին, որ իրենց գնահատմամաբ թեսթերը բավականին հեշտ էին ու հուսով են` գնահատականն էլ գոհացնող կլինի:

միասնական քննություններ

 

Հաջորդ միասնական քննությունը նախատեսված է անցկացնել հունիսի 17-ն` մաթեմատիկայից: Հունիսի 20-ին դիմորդները քննություն կհանձնեն հայոց պատմությունից և քիմիայից: Քննությունները կեզրափակվեն հունիսի 23-ին, իսկ վերջին քննությունը ռուսաց լեզվից է: