ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Միացյալ Թագավորություն

ԱԺ պատգամավորներ

Հուլիսի 7-11-ը աշխատանքային այցով Լոնդոնում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի հրավերով:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ներկայացուցիչներ ԱԺ բոլոր խմբակցություններից՝ ՀՀԿ-ից Կարինե Աճեմյանն ու Ռուզաննա Մուրադյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Ժառանգությունից՝ Թևան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ՕԷԿ-ից՝ Լևոն Դոխոլյանը:

Այս այցելությունը պատասխանն էր Բրիտանական խմբի պատվիրակության՝ ս.թ. փետրվարի 17-21-ը Հայաստան կատարած այցելության:

Պատվիրակությունը հանդիպեց Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլին, Լորդերի պալատում ՄԹ ԱԳՆ՝ Ֆորին օֆիսի խոսնակ Լորդ Ուոլեսին, Միջխորհրդարանական միությունում Բրիտանական խմբի, ԵԽԽՎ-ում ՄԹ պատվիրակության, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:

Այցի ընթացքում բրիտանական խորհրդարանում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում, որը նախագահում էր Մշակույթի, սպորտի և ԶԼՄ-ների հարցերով հանձնաժողովի նախագահ, պահպանողական պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը:

Քննարկմանը մասնակցող Համայնքների և Լորդերի պալատների անդամները հանարավորություն ունեցան հայ խորհրդարանականներին հարցեր ուղղելու, որոնք վերաբերում էին Հայաստան-ԵՄ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, Եվրասիական միությանը անդամակցելուն, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հեռանկարներին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Ուրկրաինայի շուրջ ընթացող զարգացումներին:

Պատվիրակությունը հանդիպեց նաև Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հետ՝ վերջինիս տարեկան ժողովի ամփոփումից հետո: Խմբի արդեն նախկին նախագահ Բարոնուհի Քոքսը, ողջունելով ԱԺ պատգամավորներին, տեղեկացրեց, որ խումբը ընդունել է իր հրաժարականը և ընտրել նոր նախագահ՝ Ջոն Ուիթինգդեյլին: Խմբի փոխնախագահ է ընտրվել ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սթիվեն Փաունդը: Կողմերը հույս հայտնեցին, որ նորընտիր խմբի ու ՀՀ ԱԺ հայ-բրիտանական բերեկամության խմբի համատեղ ջանքերով կակտիվացվի ու կխորացվի միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում պատրաստակամություն հայտնվեց` ներդնել բոլոր ջանքերը՝ քաջալերելու երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացմանը:

Պատվիրակության պատվին ընդունելություն կազմակերպեց Լոնդոնում ՀՀ դեսպանությունը, որին հրավիրված էին բրիտանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, բրիտանացի խորհրդարանականներ և դիվանագետներ:

Ողջունելով ներկաներին՝ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը շնորհավորեց Բարոնուհի Քոքսին, ով ընտրվել է Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի ցկյանս պատվո նախագահ, և Հայաստանի ու բրիտանահայ համայնքի անունից երախտագիտություն հայտնեց նրան` հայ-բրիտանական բարեկամության ամրապնդման, Արցախի խնդիրը ՄԹ-ում հանրայնացման ու Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար: Խորհրդարանական պատվիրակության անունից շնորհակալական խոսք ասաց Թևան Պողոսյանը:

Հայ խորհրդարանականները նաև ճանաչողական այցելություն կատարեցին Օքսֆորդ, որտեղ նրանց հյուրընկալեց Ռեդինգի ընտրատարածքից Համայնքների պալատի պատգամավոր ընտրված Անոկ Շարման:

Պատվիրակությունը այցելեց նաև Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոն, որտեղ հանդիպեց ամբիոնի վարիչ, հայտնի հայագետ Թեո վան Լինթին:

Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԹ թագուհուն

96.Ambassador Sargsyan presented his credentials to the Queen 13.03.2014Մարտի 5-ին Բուքինգեմյան պալատում Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։

Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց ունեցավ Նորին Մեծության հետ։

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Հանդիպում պաշտպանության նախարարությունումՊՆ-ից Անկախին տեղեկացրեցին, որ ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին /նստավայրը` ք. Թբիլիսի/:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության ռազմավարական երկրորդ շրջափուլին և ՀՀ զինված ուժերի պրոֆեսիանալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացներին, Բրիտանական ուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթությանն ու վերապատրաստմանը:

Դ. Տոնոյանը նշեց, որ բիտանացի գործընկերների հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկարամյա համագործակցության փորձ ունի և պատրաստվում է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը, ինչին ի պատասխան բրիտանական կողմը հաստատեց Հայաստանի հետ համագործակցության զարգացման  պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում նախաձեռնել համագործակցության նոր ծրագրեր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Անկախ