Հայտնի հակահայ Դողու Փերինչեքի գործը կրկին ՄԻԵԴ-ում է

dogu-perincek   Թուրքական «Demokrat haber» կայքի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է ընդունել  շվեյցարական կառավարության`«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի՝ դեկտեմբերին կայացրած վճիռը բողոքարկելու պահանջը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ն  որոշում էր կայացրել, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայում Դողու Փերինչեքի դատապարտումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ կետին՝ այն է խախտում է խոսքի ազատության իրավունքը: Սակայն շվեյցարական կառավարությունը, պնդելով, որ ցեղասպանության ժխտումը չի դիտարկվում որպես խոսքի ազատության սահմանափակում, բողոքարկում էր ներկայացրել ՄԻԵԴ-ի Գերագույն պալատ:

ՄԻԵԴ-ում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը

ՄԻԵԴՍտրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատում կայացավ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումը։ Այս մասին Անկախը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության կայքից:

Գործով հայցվորը նշում է, որ ինքը ստիպված է եղել լքել իր տունը 1992թ-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով։  ՄԻԵԴ  դիմումատուն եղել է 1929թ-ին ծնված Մինաս Սարգսյանը, ով մահացել է 2009թ-ին։ Մինաս Սարգսյանի որդին և դուստրը ճանաչվել են գործով իրավահաջորդներ։ Հայցվոր կողմը ներկայացնում էին Ֆիլիպ Լիչը, Նարինե Գասպարյանը, Արման Ալոյանը և  Վահե Գրիգորյանը։

Ֆիլիպ Լիչը ներկայացնելով գործը՝ ասաց, որ Մինաս Սարգսյանը և նրա ընտանիքը ապրել են Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ՝ երկհարկանի առանձնատանը՝ իր հարակից շինություններով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում  պատերազմի ժամանակ Գյուլիստանը ռմբակոծվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից և գյուղի ողջ բնակչությունը՝ ներառյալ դիմումատուն և նրա ընտանիքը, լքել են Գյուլիստանը՝ փրկվելու համար, այնուհետև  հնարավորություն չեն ունեցել հետ վերադառնալ։

Ինչպես նշեց Լիչը, Ադրբեջանն ընդունում է, որ Գյուլիստանը գտնվում է իր հսկողության տակ և այս պարագայում նա պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հաստատված սեփականության իրավունքը, այնպես, ինչպես ՄԻԵԴ նախադեպային՝  Իլասկուն ընդդեմ Մոլդովայի գործի դեպքում։ Սակայն մինչ այժմ Ադրբեջանը ոչինչ չի արել հայցվորների իրավունքների պաշտպանության համար։

Դիմումատուի բողոքը ՄԻԵԴ-ում այն է, որ նա ստիպված տեղահանվել է Գյուլիստանից, և Ադրբեջանի կառավարությունը շարունակում է մերժել նրան՝ թույլ չտալով վերադարձնել իր ունեցվածքն ու տունը։

Դիմումատուն հենվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, այն է սեփականության պաշտպանություն, 8-րդ հոդվածի՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի հարգում, և 13-րդ հոդվածի՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի վրա։

Սագսյանների կողմը՝  հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, այն է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելում, 8-րդ և 9-րդ հոդվածների վրա՝  կրոնի ազատություն,  բողոքում է  Ադրբեջանում հայկական գերեզմանատների նկատմամբ վանդալիզմից և ոչնչացումից։

Սագսյանների ներկայացուցիչ Նարինե Գասպարյանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է հոգ տաներ նաև Գյուլիստաում գտնվող հայցվորների ազգականների գերեզմանների մասին, այնինչ արվել է ճիշտ հակառակը՝  գերեզմաններն ավիրվել և վանդալիզմի են ենթարկվել։

«Սարգսյաններն ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ հայցվոր կողմի,  խախտվել է նաև կոնվենցիայի 14-րդ հոդվածը՝ այն է  խտրականության արգելում։ Սարգսյանների կողմը պնդում է, որ Ադրբեջանում ապրող միայն էթնիկ հայերն էին դառնում բռնության թիրախ և Ադրբեջանի կառավարությունը «չէր կարողանում» հետաքննել հայերի նկատմամբ հարձակումները կամ տրամադրել համապատասխան փոխհատուցում՝ նրանց սեփականությունն անօրինական զբաղեցնելու համար, ինչպես նաև հայկական գերեզմանների ոչնչացման համար։

Հայցվորները պահանջում են՝ հնարավորություն տալ իրենց վերադառնալ Գյուլիստան և ստանալ համապատասխան փոխհատուցում։

ՄԻԵԴ-ում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն  անդրադարձավ կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին՝ ասելով, որ Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել հայցվորների իրավունքների խախտում։ Գյուլիստանը, որտեղ ապրել են Սարգսյանները, գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ։

Ինչպես նշեց ՀՀ կառավարության ներկայացուցիչը, հայկական եկեղեցիները և գերեզմանները վանդալիզմի են ենթարկվում և պատասխանող կողմն այս առումով որևէ հակափաստարկ չի ներկայացրել։

Գևորգ Կոստանյանը դատարանին առաջարկեց այս առումով իրականացնել հետազոտական առաքելություն, որը կօգնի նրան գործով որոշում կայացնելու համար։

Հայաստանի կառավարությունը ևս պնդում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում և որ խտրականության հիմքով են Ադրբեջանի կողմից իրականացվել բռնություններ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ, ինչի վառ ապացույցն էլ Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի կացնահարումն էր, ով հերոսացվեց Ադրբեջանում։

ՄԻԵԴ-ում գործով պատասխանող կողմ հանդիասցող Արբեջանի կառավարության ներկայացուցիչների հիմնական պնդումներն այն են, որ Ադրբեջանը չունի ամբողջական վերահսկողություն Գյուլիստանում, քանի որ այն գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծում և տարածքը ականապատված է։ Այս հիմքով ադրբեջանական կառավարությունը նշում է, որ տարածքը խիստ վտանգավոր է քաղաքացիների համար և կառավարությունը չի կարող ապահովել այնտեղ բնակվող քաղաքացիների անվտանգությունը։

Նշենք, որ Սարգսյանների կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցը ՄԻԵԴ բերվել է 2006թ-ի օգոստոսի 11-ին։

Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը Եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով

ՄԻԵԴՄարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Այդպիսով՝ բավարարվել է դատավորների միջորդությունը դիմումները Եվրոպական դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածով սահմանված հատուկ ընթացակարգի ներքո քննելու մասին՝  դրա համաձայն` դատարանն իրեն իրավունք է վերապահում որոշ դիմումների տալ առաջնակարգություն և դրանք քննել արագացված ընթացակարգով։
Դատարանը նաև տեղեկացրել է, որ չորս դիմումները մեկ վարույթում միացնելու մասին դիմումատուների միջնորդությանը կպատասխանի առանձին նամակով։
Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում են, որ,  որպես կանոն ու հաստատված պրակտիկա, Եվրոպական դատարանը հազվադեպ է որոշում կայացնում՝ որևէ դիմումի առաջնակարգություն տալու մասին:
Նման որոշում, ըստ նրանց,  ՄԻԵԴ-ը կայացնում է այն դեպքում, երբ համոզվում է, որ դիմումը բարձրացնում է  մարդու իրավունքների խախտման լուրջ հարց կամ համակարգային լուրջ խնդիրներ տվյալ պետությունում։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլգար Մամեդովի գործը

ՄԻԵԴՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 9-ին սկսել է քննել ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի դիմում-բողոքը:

Մամեդովի փաստաբան Ֆուադ Ագաևը ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ՄԻԵԴ-ը Մամեդովի ձերբակալման և նրա նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ մի շարք հարցեր է հղել Ադրբեջանի կառավարությանը: Իշխանությունները  պարտավոր են մինչև հունիսի 18-ը պատասխանել Եվրադատարանի հարցերին :

Բողոքում նշվում է, որ Մամեդովի ձերբակալության և կալանավորման ժամանակ խախտվել են Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ (ազատության իրավունքը),  6(2)-րդ (անմեղության կանխավարկածը), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները) և 14-րդ (խտրականության արգելումը) հոդվածները:

Հիշեցնենք, որ իշխանությունները Մամեդովին մեղադրում են Իսմայիլլիի շրջանում հուվարի 23-24-ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ: Նա ձերբակալվել է 2013թ. փետրվարին: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: