Կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը

g_imageՀուլիսի 29-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ԱԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը: Նիստին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի, կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Երևանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Մատենադարանի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվեց և հավանություն տրվեց Ազգային հանձնաժողովի նոր Կանոնադրությանն ու կազմին, անդրադարձ կատարվեց Հանձնաժողովի աշխատանքներին ու առաջիկա խնդիրներին ու անելիքներին:

Եգիպտոսի բողոքներից հետո Չինաստանը կապամոնտաժի Սֆինքսի կրկնօրինակը

china-sphinxԵգիպտոսի բողոքներից հետո Չինաստանում գտնվող Գիզայի հայտնի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը կապամոնտաժվի:

Հեբեյ նահանգի հյուսիսում գտնվող 30 մետր բարձրություն, 60 մետր երկարություն ունեցող կառույցը զայրացրել էր Եգիպտոսի հնությունների նախարարությանը, որը իր բողոքը արտահայտել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Չինացի պաշտոնյաների խոսքով՝ երկաթից և ցեմենտից պատրաստված կրկնօրինակը կօգտագործվի միայն որպես ֆիլմեր նկարահանելու ժամանակավոր վայր:

Չինաստանը ստեղծել է նաև Էյֆելյան աշտարակի և ամբողջական ավստրիական գյուղի կրկնօրինակները:

Գիզայի Մեծ Սֆինքսի կրկնօրինակը հայտնի է տեղի բնակչության և զբոսաշրջիկների շրջանում, որոնք հավաքվում են կառույցի մոտ լուսանկարվելու համար:

Սակայն ի տարբերություն կրաքարից պատրաստված օրիգինալի՝ չինական տարբերակը պատրաստված է ցեմենտից:

Չինական սֆինքսի կառուցման համար պահանջվել է ընդամենը երկու ամիս:

 

Անկախ

 

Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթային ժառանգության կոմիտեԹուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդամ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկիրը ընտրվել է ձայների մեծամասնությամբ: Թուրքիայի անդամակցության օգտին են քվեարկել 142 երկրից 72-ը: Այսպիսով Թուրքիան, գերազանցելով Իտալիային և Ֆրանսիային, 2014-2018 թվականներին կհանդիսանա Կոմիտեի անդամ:

Անկախ        

Ադրբեջանը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակույթային ժառանգության պահպանության կոմիտեի փոխնախագահ

ՅՈՒՆԵՍԿՕՕրերս Փարիզում իր աշխատանքներն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Զինված հակամարտությունների ժամանակ մշակույթային ժառանգության պահպանության կոմիտեի 8–րդ նստաշրջանը, որի սկզբում ընտրվել է կոմիտեի նոր անդամը: Ադրբեջանը, դառնալով կազմակերպության անդամ, միևնույն ժամանակ ճանաչվել է նաև փոխնախագահ երկիր: «Հաբերլերը» գրում է, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ Ադրբեջանը ընտրվում է բյուրոյի անդամ: Սրա շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստացել 2014 թվականին հաջորդ նստաշրջանը անցկացնել Բաքվում՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում» մշակույթային ժառանգության պահպանության հարցը:

Զարմանալի է, թե ադրբեջանական փողը ինչպես է կարողանում մեկը մյուսից հետևից գնել իր տեղը համաշխարհային նշանակություն ունեցող կազմակերպություններում: Այն դեպքում, երբ ադրբեջանցիները անխնա ոչնչացնում էին Ջուղայի հայկական խաչքարերը, Շուշիում գտնվող շիական մզկիթը կագուն է մինչև օրս: Այս պարագայում հարց է ծագում, թե ինչը ավելի շատ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշպանության կարիքն ունի:

Անկախ

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ

 ՅՈՒՆԵՍԿՕ     Դեկտեմբերի 16-17-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ.-ի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացան Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:

 Անկախ

Թուրքական սուրճը ընդգրկվել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակույթային ժառանգության» ցուցակի մեջ

Թուրքական սուրճ, «ՅՈՒՆԵՍԿՕ Թուրքական սուրճը ընդգրկվել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակույթային ժառանգության» ցուցակի մեջ: Այս առաջարկը դիտարկվել է Բաքվում տեղի ունեցած «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակույթային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի» հավաքի ժամանակ: Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ»՝ «Թուրքական սուրճն ու դրա ավանդույթը» ընդգրկվեց ընդհանուր ժառանգության ցուցակում: Բացի թուրքական սուրճից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառված են թուրքական մշակույթային ևս 10 ավանդույթ: Դրանց մեջ են մտնում աշուղական ավանդույթը, ավանդական զրույցի հավաքույթները, ալևիական-բեքթաշիական ֆոլկլորային պարերը և այլն:

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Պարոն նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

 

Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։

Պարոն նախագահ,

Երկու տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք վերահաստատելու այս կազմակերպության հիմնադրման տեսլականը. ձգտումը խաղաղության և մարդկության գաղափարներին` կրթության, գիտության և կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունների միջոցով։

Անցած տարի Հայաստանը նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցության 20-ամյակը։ Անդամակցությունից ի վեր Հայաստանը, որպես հանձնառու անդամ, ավելի ու ավելի է ներգրավվում կազմակերպության գործունեության և ծրագրերի մեջ՝ առաջ մղելով նրա սկզբունքները և արժեքները։ 

Պարոն նախագահ,

Հայաստանը իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Կրթությունը՝ առաջնայնություն» նախաձեռնությանը, որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանցքային դերակատարություն ունի։ Այս առումով, մեզ համար թե´ պատիվ, թե´ պատասխանատվություն է լինել Կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ։

Մենք ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը ներառական սոցիալական զարգացման և միջմշակութային երկխոսության նկատմամբ, ինչն արտացոլված է կազմակերպության նոր Միջնաժամկետ ռազմավարության նպատակներում։ Դժվար է պատկերացնել ժամանակակից զարգացումն առանց կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նմանատիպ համագործակցությունն առաջ մղելու գործում հիմնարար դեր է կատարում համաշխարհային ցանցերի միջոցով՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները և «Ասոցացված դպրոցների ցանցերը», որոնցում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է։ Մենք համարում ենք այս ծրագրերը փոխշահավետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անդամ-պետությունների համար և կխրախուսեինք ծրագրերի իրականացումը տեղական ցանցերի հաղորդակցության հետագա բարելավման և դրանց հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման միջոցով։

 

Պարոն նախագահ,

Անցած տարին հիշարժան էր Հայաստանի համար, քանի որ Երևանը դարձավ Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաքը։ Տարվա ընթացքում Երևանը հանդիպման վայր էր ամբողջ աշխարհից հայտնի գրողների, լրագրողների, հրատարակիչների, գրադարանավարների և գրքասերների համար։

 

Այս կարևոր իրադարձությունը համընկավ մեկ այլ, նշանակալի տոնակատարության՝ հայոց գրատպության 500-ամյակի հետ։ Հայերը Գուտենբերգի գյուտի առաջին օգտագործողներից էին և սկսած 1512թ.-ից տպարաններ հիմնադրեցին աշխարհով մեկ։ Առաջին հայերեն գիրքը տպագրվեց 1512թ-ին Վենետիկում, իսկ առաջին տպագիր ամսագիրը՝ 1794թ.-ին Մադրասում։ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնող մեկ տարի շարունակվող միջոցառումները նշանավորվեցին ավելի քան հազարամյա «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառմամբ։

 

Հռչակավոր հայ բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովայի 300-ամյակի տոնակատարությունները ներառվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. տարեդարձների ցանկում։ Սայաթ-Նովան նշանակալի ներդրում է ունեցել ոչ միայն հայկական, այլև մեր տարածաշրջանի մշակութային ժառանգության մեջ։

 

Այս տարվա հունիսին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառումն ՛՛Աշխարհի հիշողությունը՛՛ միջազգային գրանցամատյանում հարգանքի պատշաճ տուրք էր կոմպոզիտորի ժառանգությանը՝ 2013 թ.-ին նրա ծննդյան 110-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Պարոն նախագահ,

 

Մենք մեծապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում։

 

Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

 

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական  վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը:

 

Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների նրբորեն պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը նման հանցագործության բացահայտ դրսևորումն է: Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

 

Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից:

 

Պարոն նախագահ,

 

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ–ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանն՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ–պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

 

Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն:

 

Պարոն նախագահ,

 

Միայն միջազգային հանրության համակարգված ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հետամուտ լինել խաղաղության և հումանիզմի գաղափարներին` կրթության, գիտության, կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսության միջոցով:

 

Հայաստանը լիովին հավատարիմ է ՅՈՒՆԵՍԿՕ–ի արժեքներին ու նպատակներին և շարունակելու է ընդլայնել իր ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախաձեռնություններում և ծրագրերում:

 

Շնորհակալություն:

 

 

 

 

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

                          Նոյեմբերի 11-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

                              Իր ելույթում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես գնահատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում:

                              Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

                              Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական  վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը»:

                              Նախարարի խոսքերով նման հանցագործության բացահայտ դրսևորում է Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը: «Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

                              Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Նալբանդյանը:

                              «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ–ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանը՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ–պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

                              Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն»,- նշեց ԱԳ նախարարը:

Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն”ծրագրում

Արամ Խաչատրյան      Հունիսի 18-ին Կորեայի Հանրապետությունում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն” ծրագրի կոմիտեի նիստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ծրագրի Միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է «Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը»:

Հայկական հայտը համալրեց աշխարհի բոլոր մայրցամաքներից ներկայացված քարից մինչև ձայնային կրիչների վրա պահպանվող 299 փաստաթուղթ  պարունակող ցանկը: Այսուհետ, Արամ Խաչատրյանի անունը կդասվի այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են  Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:

Այս տարի Ռեգիստրում գրանցված անվանացանկը ներառում է Վրաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից համատեղ ներկայացված «Վագրենավորը» պոեմի ձեռագիրը, Գերմանիայի կողմից ներկայացված Կարլ Մարքսի ինքնագրով Կապիտալ աշխատության ձեռագիրը, 15-18 դարերում Լեհաստանի թագավորության և Օսմանյան Կայսրության միջև կնքված խաղաղության պայմանագրերը,  Իսպանիայի կողմից ներկայացված «The Decreta of León of 1188 » վերտառությամբ Եվրոպական խորհրդարանական համակարգի վերաբերյալ ամենահին փաստաթուղթը, 1497-1499 թթ. Վասկո դա Գամայի Հնդկաստան կատարած ճամփորդության վերաբերյալ ձեռագիրը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» հայտը պատրաստվել է  ՀՀ ԱԳՆ կողմից` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և կոմպոզիտորի որդի Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ: Հայտը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր ներկայացվել 2010թ. և մինչև 2012թ. համալրվել էր հավելյալ նոտաների ձեռագրերով:

Այսպիսով, “Աշխարհի հիշողություն” ծրագրում իր տեղը գտավ հայկական երրորդ փաստագրական ժառանգությունը. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով, իսկ 2011թ.-ից` “Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությամբ”:

Տեղեկանք: ՅՈՒՆԵՍԿՕ-ի “Աշխարհի հիշողություն”ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ–ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա–հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: