Ստրասբուրգում հայ խորհրդարանականները Ադրբեջանի նախագահին հակահայ շոուի շանս չեն տվել

EXXVԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վստահ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարց ուղղելը տակտիկապես սխալ կլիներ, քանի որ այն ևս մեկ հնարավորություն կտար ադրբեջանական կողմին հակահայկական պրոպագանդայի, հակահայկական շոուի նոր արարի, որին վստահաբար ձգտում կամ սպասում էր Ադրբեջանի ղեկավարը: <<Հայաստանի այս պատվիրակությունը աչքի է ընկնում նրանով, որ մեծ մասը ԵԽԽՎ-ում 5,8,10 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն և այդ տարիների ընթացքում նման իրավիճակների մեջ հայտնվել են, փորձարկել են նման իրավիճակներ: Այնպես, որ համաձայնության եկանք պատվիրակության բոլոր անդամներով և կայացրինք նման որոշում: Մեր պատվիրակության անդամները պատրաստել են ելույթներ, որոնց տեքստերը կցվել են վեհաժողովի արձանագրությանը: Դրանցում մենք ներկայացրել ենք մեր եվրոպացի գործընկերներին՝ շեշտելով Ադրբեջանի պահվածքը, անհարիր լինելը նախագահողի դիրքին>>:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ հայկական պատվիրակությունն աշխատել է համախմբված և շարունակելու է ակտիվ ու աշխույժ աշխատանքն առաջիկա վեց ամիսներին, այսինքն՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության ժամկետում:

“Կարելի էր և բոյկոտել, և աղմկել, և թողնել հեռանալ, ընդհանրապես դահլիճ չգնալ, սակայն նախընտրեցինք մնալ և աշխատել դահլիճում: Դահլիճում մնալով` մենք հետևում ենք տարբեր պատվիրակների հակազդեցությանը, նրանց արձագանքներին: Դա ևս օգնեց` հասկանալու, թե ինչ բնույթի քայլեր ենք անելու: ԵԽԽՎ-ի աշխատանքներն այդ 30 վայրկյանանոց հարցի մեջ չեն, մանավանդ որ դու հետագայում չունես արձագանքելու հնարավորություն”,-նշեց Նաղդալյանը՝ իրենց հետագա աշխատանքում կարևորելով եվրապատգամավորների հետ անհատական աշխատանքը առանձին հարցերի ուղղությամբ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ևս, անդրադառնալով Ալիևին հարցեր չուղղելու վերաբերյալ դիտարկմանը, ասաց, որ հարցեր չհնչեցնելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հնարավորություն չտրվի հակառակորդ երկրին թեմայից շեղվելու, իր խնդիրներից չխոսելու և նեգատիվն ուղղելու մեր հիմնախնդիրներին: <<Այն ցինիզմը, բացասականը, ագրեսիան, որ Ադրբեջանը պատրաստել էր մեր հարցերին պատասխանելու համար, ուղղեց եվրոպացի պատգամավորներին, ինչով կարծիքը լուրջ փոխվեց և բացասական կարծիք ստեղծվեց Ալիևի մասին”,-ասաց պատգամավորը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ևս ընդգծեց, որ հակառակորդ երկրին հարց ուղղելով՝ հնարավորություն կտրվեր նրան եվրոպական բարձր ամբիոնից հնչեցնել այն, ինչն այլ կերպ չէր կարող ասել:

 

Անկախ

ԵԽԽՎ-ում Նաիրա Կարապետյանի ելույթը` ինտերնետի հասանելիության վերաբերյալ (Թուրքիայի խախտումների օրինակներով):

Նաիրա-Կարապետյան“Ինտերնետը պետք է հասանելի լինի բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ եկամուտուց, և անհրաժեշտ է ավելի խիստ պահանջներ ներկայացնել` ինտերնետ հասանելիությունը տեղական, տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով ապահովելու համար” – նշված է քննարկվող բանաձևի նախագծում:

Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն բարելավվել է համացանցի հասանելիությունը` գների իջեցման և ցանցի կատարելագործման հետևանքով:

Վերջին տասնամյակում Հայաստանն իրականացրել է ՏՏ ոլորտի ազատականացմանը ուղղված արմատական քայլեր, այդ թվում և նոր նորմատիվ համակարգի ներդրում, ինչը և հանգեցրել է մենաշնորհի վերացմանը: Հեռահաղորդակցության ոլորտի ազատականացումը շատ կարևոր ցուցանիշ է Հայաստանի համար:

Կարևորելով համացանցի հասանելիությունը, ինչն իր մեջ ներառում է առանց պետական ​​մարմինների միջամտության կարծիքներ, մտքեր և այլ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունք` ես խորին մտահոգված եմ հարևան Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով` այս ամենի ապահովման հարցում:

Թվիթերն արգելափակելու որոշումն աննախադեպ ոտնձգություն է Թուրքիայում ինտերնետ ազատության և խոսքի ազատության նկատմամբ: Եվ հատկանշական է, որ այս ամենն արվում է Թուրքիայում կարևոր տեղական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ինչպես գիտեք, հենց Թվիթերի միջոցով են տարածվել մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներ, որոնցում պարզ արտահայտվում էր ոչ միայն Թուրքիայի կառավարության կոռուպցիոն պատկերը, այլ և ճնշումները բիզնեսի և լրատվամիջոցների վրա:

 

Թվիթերի արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակել է նաև YouTube-ի և Գուգլ որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը իր երկրի քաղաքացիների համար:

Այս վճռական քայլերը, որոնցով խախտվում է ինտերնետի հասանելիության օրենքը, ցուցանիշն են այն իրողության, թե որքան հեռու է պատրաստ գնալ Թուրքիայի կառավարությունը` հակակառավարական քննադատությունը կանխելու համար: Այս ամենի հետևանքով ամենևին էլ զարմանալի չեն այդ երկրի վերջին ընտրությունների արդյունքները: Ներկայիս իշխող կուսակցությունը, չնայած Թուրքիայում ընթացող երկարատև բողոքների, ցույցերի և դատական ու իրավապահ մարմինների վրա ճնշումների` այնուամենայնիվ հաղթել է ընտրություններում:

Ըստ էության, որոշ ԵՄ և ԱՄՆ պաշտոնյաններ դատապարտել են սոցիալական ցանցերի արգելափակումը Թուրքիայում, բայց վստահ եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և մեր Խորհրդարանական վեհաժողովը և անդամ պետությունները, պետք է խստորեն դատապարտեն այս անընդունելի իրողությունը` բանաձևերով կամ հատուկ հայտարարություններով` հետագայում այլ երկրներում նման իրավիճակները բացառելու համար:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ խիստ կարևորել քննարկվող բանաձևի հոդված 2-ը. “Ինտերնետը հեղափոխեց մարդկանց հաղորդակցության ձևերը, փոփոխեց խոսքի ազատության ու տեղեկատվության տարածման իրավունքի, ինչպես նաև հարակից հիմնարար իրավունքների իրականացման եղանակը: Նաև ինտերնետ հասանելիությունը նպաստում է մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրականացմանը: Այդ իսկ պատճառով Վեհաժողովը ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը և խիստ կարևորում ինտերնետի հասանելիության կարևորությունը ժողովրդավարական հասարակություններում:

 

 

Նաիրա Կարապետյանը կոչ է անում դադարեցնել ապատեղեկատվությունը, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ

g_image

ՀՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2 օր է՝ հետևում եմ, թե ինչպես է տարածվում կեղծ տեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական ջոկատներ են մեկնել Քեսաբ և կռվում են թշնամու(!!!) դեմ: Ցավալի է, որ այս տեղեկությունները տարածվում են կայծակնային արագությամբ: Անգամ բերվում են հաստատումներ` ինչ-ինչ մարտիկների հետ հեռախոսազրույցներ, նկարներ, սքայփ և այլն…

Համակարգիչների ետևում նստած` շատերն անգամ չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնեցնում մեր հայրենակիցներին: Կարծես մի ոգևորություն է տիրել` մենք միասնական ենք, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք ունենք գաղտնի ջոկատներ..

Այո, մենք միասնական ենք ու հզոր, և կոնկրետ Քեսաբի հարցում այդ ուժը եկեք օգտագործենք ճիշտ ուղղությամբ` օգնելով մեր հայրենակիցներին: Հավատացեք՝ նրանք ապրում են իրական պատերազմական պայմաններում` ոչ վիրտուալ, ոչ երևակայան, ոչ համակարգչային խաղերի և ոչ էլ մարտաֆիլմերի մեջ: Հնարավոր չէ ցանկացած պահի անջատել այդ «կռիվ կինոն»:

Խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, ինչպես՝ ուզում եք ընկալեք, դադարեցրեք այսօրինակ տեղեկատվության տարածումը, մարդիկ կանգնած են իրական վտանգի առջև…»:

 

Անկախ

Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ

Նաիրա-ԿարապետյանՄարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը և շրջապատող 12 գյուղերը, որ մեծամասնորեն բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից:

Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելին, քան 700 հայ ընտանիքներ, տարհանվել և տեղի Քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարևան Լաթաքիա: Ցավոք, շատ տարեց մարդիկ ստիպված են եղել մնալ Քեսաբում` զրկված լինելով տեղաշարժվելու հնարավորությունից:

Այս դեպքերից 3 օր անց Հայաստանից մեկնած մի խումբ պատգամավորների հետ ես նույնպես անձամբ այցելել եմ Լաթաքիա, հանդիպել հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքներին: Նրանք վկայությամբ` ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցիները, հասցրել ահռելի վնաս խաղաղ բնակչության ունեցվածքին:

Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաև ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց Ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել: Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացեք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների և վարակների տարածման վտանգի տակ, և չունեն անգամ հյուս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը:

Նկարագրված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ահռելի խախտում, մարդու իրավունքների միջազգային բոլոր պայմանագրերի խախտում, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Հարկ է նշել, որ Քեսաբի խնդիրը բարձրաձայնվել է աշխարհասփյուռ հայության կողմից, սակայն, ցավոք, ոչ միայն հայերին է վերաբերում խնդիրը` մի շարք այլ գյուղեր, բնակեցված քրիստոնեաների կամ այլ էթնիկ փոքրամասնությունների կողմից, նույն ուժերի կողմից նույնպես ենթարկվել են բռնությունների և տարհանման` մինչև ահաբեկիչների Քեսաբ հասնելը:

Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:

Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարևոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա և կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական և էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն   դատապարտել:

 Անկախ

25 տարին չեն կարողացել անգամ մշուշել հիշողությունս…

загруженное

ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներ, գյումրեցի Նաիրա Կարապետյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Գնում եմ Գյումրի… Մտքերով էլ՝ Լենինական, իմ չքնաղ ծաղկուն քաղաք: 25 տարին չեն կարողացել անգամ մշուշել հիշողությունս..
25 տարի առաջ… Քաղաքս արդեն արթնացել էր, սովորականի պես ջերմ էր, բայց մառախլապատ… Ինչ իմանայիր, գեղեցկուհիս, որ ընդամենը 2 ժամ անց թռիչքդ ընդհատվելու է, 2 ժամ անց գույներդ խամրելու են, և ժպիտդ վերածվելու է լուռ ողբի, 2 ժամ անց ողջ աշխարհն է լսելու հառաչանքդ…
Աղետ, զոհ, փլատակ, օգնություն՝ նոր բառեր հայտնվեցին քո բառապաշարում: Հույս ու հավատն էլ այնքան էին թուլացել, որ կարծես արդեն հանգչում էին…
Իմ հին ու նոր քաղաք, ավերվեցիր, բայց չկոտրվեցիր… Ոտքի կանգնեցիր, պահպանեցիր դիմագիծդ: Այսօր արդեն ուրիշ ես: Դեռ շատ են հոգսերդ, դեռ շատ են վերքերդ, բայց դու ուրիշ ես: Դու կրկին գունեղ ես: Կրկին միայն քեզ հատուկ հումորով նայում ես դեպի ապագա: Կրկին հպարտ ես: Եվ հպարտ ենք մենք՝ քո զավակները:Կանգուն մնա, իմ հպարտ գեղեցկուհի…”,-գրել է պատգամավորը: