Իլհամ Ալիևն իր եղբորը շքանշան է շնորհել

1 (7)Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով իր ոչ հարազատ եղբորը “Իստիգլալ” շքանշան է շնորհվել։

Ինչպես տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը, Ալիևի եղբայրը` ճարտարապետ Ռասիմ Հասանօղլու Ալիևիը, նման պատվի է արժանացել Ադրբեջանի մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Ըստ կայքի՝ Ալիևը շքանշան շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել նաև Ադրբեջանի Ճանապարհային ոստիկանության պետ Ռամիզ Զեյնալովի եղբոր՝ Թոֆիգ Զեյնալովի համար, որը Թովրուզի շրջանի գործադիր իշխանության ղեկավարն է։

 

Անկախ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է Ռուսաստանի հայերի միության բարձրագույն շքանշանով

 Տարոն Մարգարյան, Ռուսաստանի հայերի միություն,շքանշանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաև  հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տոնական երեկոյի շրջանակում հայ և ռուս երիտասարդները բեմում ներկայացրել են Հայոց գրերի ստեղծման պատմությունը, ցուցադրվել է նաև Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող տեսաֆիլմ: Ամբողջ երեկոն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայկական երաժշտություն` Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները:

Մոսկվայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցելով քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորական ուղերձը, նշել է, որ Հայոց գրերի օրը տոնելը ոչ միայն լրացնում և հարստացնում է Մոսկվայի գրական և մշակութային առօրյան, այլև կդառնա  հայ-ռուսական հարաբերությունների տարեգրության ևս մեկ հիշարժան էջ: Ի դեպ, Մոսկվայի կառավարության կողմից ընդունված որոշմամբ այս տարվանից հայոց գրերի օրը Մոսկվայում կնշվի որպես համաքաղաքային տոն:

Միջոցառման շրջանակում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է Միության բարձրագույն պարգևով` շքանշանով, հատկանշելով, որ ինչպես Երևանի քաղաքապետի պաշտոնում, այնպես էլ դրանից առաջ, Տարոն Մարգարյանը մշտապես գործուն աջակցություն է ցուցաբերել Միության բազմաթիվ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում: Արա Աբրահամյանը նաև հատուկ նշել է, որ միության 14−ամյա գործունեության ընթացքում շատ քչերին է հաջողվել արժանանալ բարձրագույն այդ պարգևին:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն  ընդգծել է, որ այսուհետ ևս շարունակելու է աջակցել Միության բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ինչպես Հայաստանի, այնպես էլ  հայկական սփյուռքի խնդիրների կարգավորմանը: Բացի այդ, քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Արա Աբրահամյանին Մոսկավայում Երևանի օրերի շրջանակում Հայոց գրերի օրվան նվիրված միջոցառումը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար:

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Մոսկվայի քաղաքապետին և կառավարությանը՝ հայոց գրերի օրվան նվիրված միջոցառման կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր բարեկամ պետությունն իսկապես հատուկ վերաբերմունք ունի մեր պետության նկատմամբ և գնահատում է այն, ինչը մեզ համար հատկապես թանկ է ու արժեքավոր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Իլհամ Ալիևը Կիևում պարգևատրվել է շքանշանով

Իլհամ Ալիև, Կիև, շքանշանՆոյեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կիևում հանդիպել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ուկրաինայի նախագահը Իլհամ Ալիևին պարգևատրել է “Ազատության” շքանշանով: Իր հերթին Ադրբեջանի նախագահը Վիկտոր Յանուկովիչին պարգևատրել է “Հեյդար Ալիևի” շքանշանով, որը Ադրբեջանի բարձրագույն պետական պարգևն է:
Նշենք, որ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Ուկրաինա սկսվել է նոյեմբերի 17-ին: