Գլխավոր քարտուղարի ուղերձն անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

պանգի մուն«Հողը պատկանում է ապագային, եկե՛ք պաշտպանենք այն կլիմայի ազդեցությունից»Հողային ռեսուրսների դեգրադացիան, որը տեղի է ունենում կամ սաստկանում կլիմայի փոփոխության պատճառով, ոչ միայն վտանգ է կենսամիջոցների համար, այլև սպառնալիք՝ ուղղված խաղաղությանն ու կայունությանը: Նախազգուշացնող նշանները պարփակված են անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող՝ ավելի բերրի հողերի համար մրցակցող ֆերմերների հակամարտությունում և սակավացող ջրային ռեսուրսների համար համայնքների միջև մղվող պայքարում: Անապահովության ախտանշանները տեսանելի են պարենի համաշխարհային շուկայի անկայունության մեջ, ներքին տեղահանություններում և զանգվածային միգրացիայում:

Թեպետ հողային ռեսուրսների դեգրադացիան առանձնակի սրությամբ զգացնել է տալիս աշխարհի չորային տարածքներում, սակայն շուրջ 80 տոկոսն ի հայտ է գալիս այս տարածքներից դուրս: Ավելի քան 1,5 միլիարդ մարդ գոյատևում է դեգրադացիայի ենթարկվող հողերում, նրանց մեծ մասը՝ մանր ֆերմերներ: Կլիմայի փոփոխությունն ուղղակիորեն ազդում է նրանց արտադրողականության վրա: Շատ տարածաշրջաններում քաղցրահամ ջրի պաշարները պակասում են, բերքատու հողատարածքները՝ փոփոխվում, իսկ բերքատվությունը՝ նվազում:

Կանխատեսվում է, որ ամբողջ աշխարհում անկանխատեսելի և ծայրահեղ եղանակը էլ ավելի մեծ ազդեցություն կունենա մթերքի արտադրության վրա: Աշխարհի բնակչության աճի պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ջանքերի գործադրումը բոլոր բերքատու հողային ռեսուրսների և դրանցից կախված համայնքների դիմակայունության մեծացման ուղղությամբ: Պետք է կարողանանք կառավարել հողի կայունությունը, խուսափել հետագա դեգրադացիայից և վերականգնել ու բուժել այն, ինչ վնասվել է: Ավելի քան 2 միլիարդ հեկտար հող վերկանգնման և բուժման ներուժ ունի: Հարկ է գործողություն ձեռնարկել՝ արագացնելու այդ տարածքների վերականգնումը:

Դեգրադացիայի ենթարկվող հողային ռեսուրսների վերականգնումը բազմաթիվ օգուտներ կտա: Մենք կարող ենք կասեցնել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցությունները, արտադրել ավելի շատ սննդամթերք և թուլացնել ռեսուրսների համար ընթացող մրցակցությունը: Կարող ենք պահպանել էկոհամակարգի կենսականորեն անհրաժեշտ գործառույթները, որոնցից է խոնավության կուտակումը, ինչը պաշտպանում է մեզ ջրհեղեղներից կամ երաշտներից: Իսկ հողերի վերականգնման համապարփակ և լայնամասշտաբ մոտեցման արդյունքում կարող են ստեղծվել նոր աշխատատեղեր, գործարար հնարավորություններ և կենսամիջոցներ, ինչը հնարավորություն կտա բնակչությանը ոչ թե սոսկ գոյատևել, այլև բարգավաճել:

Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա թեման է՝ «Հողը պատկանում է ապագային, եկե՛ք պաշտպանենք այն կլիմայի ազդեցությունից»: Դա հնարավո՛ր է իրականացնել, ինչպես ցույց են տվել Բուրկինա Ֆասոն, Նիգերիան և Մալին, որոնք վերականգնել են ավելի քան 5 միլիոն հեկտար դեգրադացիայի ենթարկված հող: Եկե՛ք ոգեշնչվենք այս և այլ օրինակներից ու պաշտպանենք և խնամենք հողը՝ այս ու ապագա սերունդների համար:

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  պանգի մուն         Կանանց միջազգային օրվան ընդառաջ մենք ընդգծում ենք կանանց և աղջիկների համար իրավունքների ու հնարավորությունների հավասարության հասնելու կարևորությունը ոչ սոսկ այն պատճառով, որ դա արդարության և մարդու հիմնարար իրավունքների հարց է, այլ քանի որ դրանից է կախված առաջընթացը բազմաթիվ այլ ոլորտներում:

            Գենդերային հավասարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական աճն ավելի մեծ է: Ավելի մեծ հաջողություն ունեն այն ընկերությունները, որոնց ղեկավարների թվում կանայք ավելի շատ են: Կանանց ներառող խաղաղության համաձայնագրերն ավելի հաստատուն են: Ավելի մեծաթիվ կին անդամներ ունեցող խորհրդարաններն ավելի շատ օրենքներ են ընդունում առանցքային սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են առողջապահությունը, հակա-խտրականությունը եւ երեխաների աջակցությունը:

Իրականությունը հստակ է. կանանց համար իրավունքների եւ հնարավորությունների հավասարություն՝ նշանակում է առաջընթաց բոլորի համար:

Այս պարզ ճշմարտությունը պետք է առանցքային լինի, քանի որ մենք ձգտում ենք մինչև հաջորդ տարվա վերջնաժամկետը խթանել առաջընթացը Հազարամյակի զարգացման նպատակների հարցում և օրակարգ կազմել 2015 թվականից հետո եկող տարիների համար:

Կարևոր ձեռքբերումներ կան աղջիկների համար տարրական կրթության մատչելիության եւ քաղաքական համակարգում կանանց ներկայացվածության ոլորտներում: Բայց առաջընթացը շարունակում է մնալ դանդաղ և անհամաչափ:

Այսօր ծնված աղջիկ երեխան դեռ կհանդիպի անհավասարության և խտրականության՝ անկախ այն բանից, թե որտեղ է բնակվում նրա մայրը: Մենք ընդհանուր պարտականություն ունենք՝ ապահովելու նրա իրավունքները. ապրել զերծ բռնությունից, որին ենթակա է աշխարհում ամեն երեք կնոջից մեկը, հավասար աշխատանքի համար ստանալ հավասար վարձատրություն, զերծ լինել խտրականությունից, որը խոչընդոտում է նրա մասնակցությունը տնտեսության մեջ, հավասար ազդեցություն ունենալ իր կյանքի վրա ներգործություն ունեցող որոշումների կայացման հարցում և որոշել՝ ունենա՞լ երեխա, թե ոչ, ե՞րբ ունենալ եւ քանիսը:

Ես ուղերձ ունեմ այսօր ծնված յուրաքանչյուր աղջկան և մեր մոլորակի բոլոր կանանց ու աղջիկներին: Մարդու իրավունքների և հավասարության իրականացումը երազանք չէ, այլ կառավարությունների, Միավորված ազգերի կազմակերպության ու յուրաքանչյուր մարդու պարտականությունը:

Ուղերձ ունեմ նաև իմ գործընկեր տղամարդկանց և տղաներին. կատարեք ձեր դերը: Մեզնից յուրաքանչյուրը շահում է, երբ կանայք և աղջիկները՝ ձեր մայրերը, քույրերը, ընկերները և գործընկերները, ունեն իրենց ողջ ներուժն իրացնելու հնարավորություն:

Եկեք միասին աշխատենք հանուն կանանց իրավունքների, իրավազորման և գենդերային հավասարության, քանի որ ձգտում ենք վերացնել աղքատությունը և խթանել կայուն զարգացումը: Կանանց համար իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը առաջընթաց է բոլորի՛ համար: