Մաքսային միությանը անդամակցելու դեպքում միգրացիոն խնդիրները չեն լուծվի. Ռուբեն Եգանյան

Ռուբեն Եգանյան«Միգրացիայի խնդիրը լուծված չէ, և դրա արմատական լուծման համար ես տեսանելի ապագայում ոչինչ չեմ նկատում: Հայաստանի համար առանձին մոտեցումների հավանականությունը ես լուրջ չեմ համարում, քանի որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ. օրենքը գործում է նաև այլ երկրների համար», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Ըստ նրա` ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Հատկանշական է, որ այդ խնդիրների առջև են կանգնել նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբեք Ռուսաստանում չեն եղել:

«Այնուհանդերձ ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են»,-նշեց ժողովրդագիրը, հավելելով, որ արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձ է արվում խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ:

Անդրադառնալով այն հարցին թե խնդիրը չի լուծվի արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, թե «դա ուրիշ օպերայից» է, և ոչ ոք անգամ չգիտի, թե այդ Միությունը երբ կկայանա:

Ժողովրդագիրը գտնում է, որ անգամ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները չեն լուծվի: «Ըստ ՌԴ օրենքի` այս մարդիկ անօրինական միգրանտներ են,  եթե մտնենք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:

 

Անկախ

«Ռուսաստանի միգրացիոն քաղաքականությունը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա». Ռուբեն Եգանյան

Ռուբեն ԵգանյանԺողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները հայտնեց` նշելով, որ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության որոշումը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանում գտնվող հայ միգրանտները, որոնց վրա կտարածվի ՌԴ միգրացիոն քաղաքականությունը, արդեն փաստի առաջ են կանգնել:

«Այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար մարդու մուտք Ռուսաստանի Դաշնություն արգելված է: Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության որոշմամբ` առաջիկա 2-3 ամսում ևս 170 հազար հայ միգրանտներ կհամարվեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտածներ, և մոտ 220 հազար հայ միգրանտի խնդիր կունենանք»,- ասաց Ռուբեն Եգանյանը:

Ժողովրդագրագետի խոսքով` եթե այդ 220 հազար հայերը չկարողանան պահել իրենց ընտանիքները, գումար վաստակելու համար կմեկնեն Եվրոպա, ինչի արդյունքն էլ կհանգեցնի միգրացիայի: Մասնագետի բերած տվյալներով` վերջին 10 տարում երկրից հեռացել է բնակչության 10 %-ը:

Ռուբեն Եգանյանի կարծիքով` այս խնդրի լուծումներից մեկն այն է, որ պայմանագիրը թարմացվի, ինչը, սակայն, տևական գործընթաց է և կարող է մեկ տարուց ավել տևել: Հարցի մյուս կողմն էլ այն է, թե որքանո՞վ այդ պայմանագրի վերանայմամբ կտրվեն հայ միգրանտներին ձեռնտու լուծումներ:

Հարցին` արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին հնարավոր է Ռուսաստանն ավելի բարյացակամ լինի Հայաստանի նկատմամբ, Ռուբեն Եգանյանը պատասխանեց. «Դուք մինչև հիմա Ռուսաստանի կողմից որևէ սիրաշահում տեսե՞լ եք: Ռուսաստանը ռազմավարական գործընկերությունը մի ձևով է հասկանում, մենք՝ մեկ այլ»:

Անկախ