Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկում Գավառում

1400495634_constitutionՍահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գավառ քաղաքում: Հայեցակագային դրույթները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը:

Դավիթ Հարությունյանը, խոսելով Սահմանադրության իրավական-քաղաքական և արժեբանական նշանակության մասին,  ընդգծել է, որ հասունացել է Սահմանադրության փոփոխման անհրաժեշտությունը` այն պայմանավորելով սոցիալ-քաղաքական, արժեհամակարգային իրողությունների փոփոխման դինամիկայով: «Սահմանադրական բարեփոխումներով պետք է լուծվի մարդու իրավունքների ապահովման հարցը»,-նշել է բանախոսը:

Նա առանձնացրել է երեք  տեսակի իրավունք՝ ազատություններ, հիմնական իրավունքներ և այլ տիպի իրավունքներ:  Նրա համոզմամբ, եթե չլինի որևէ երաշխիք, որը կապահովի այդ իրավունքների կյանքի կոչումը, ապա մենք չենք կարողանա  այդ իրավունքներն իրացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ապահովության, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, Սահմանադրությունը չի կարող ապահովել դրանց ծավալը. դրանք կատարվում են օրենքներով, բայց Սահմանադրությունը պետք է կարողանա ամրագրել ճկուն ու կենսունակ մեխանիզմներ դրանց օրենսդրական ճիշտ կառուցվածքային ամրագրման առումով: Խոսելով իրավունքի գերակայության մասին` Հանձնաժողովի անդամը նշել է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, որպեսզի այն ունենա գերակա նշանակություն:

«Ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետությունն իր իրավունքն իրականացնելիս սահմանափակվի մարդու իրավունքներով: Մենք պետք է լրացուցիչ կարգավորումներով հասնենք այս ամենի իրագործմանը»,-հավելել է  նա: Խոսելով  իշխանության բաժանման ու հավասարակշռման մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պառլամենտում մեծամասնությունը և հանրապետության նախագահը  տարբեր քաղաքական ուժերից լինեն, ապա տեղի կունենա քաղաքական բախում, անխուսափելի  կդառնա  քաղաքական ճգնաժամը: «Հայեցակարգով մենք ներկայացնում ենք մոտեցումներ, որոնցով պետք է կարողանանք հնարավորինս անվտանգ լուծումներ գտնել այս իրավիճակի համար»,-ներկաներին հավաստիացրել է Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ նա նշել է, որ այսօր կա գործադիր իշխանության երկվություն, մի մասի համար պատասխանատու է կառավարությունը, մյուս մասի համար` նախագահը, իսկ եթե այդ պատասխանատվության կատարման մեջ թերանում է կառավարությունը, ապա հնարավոր է պահանջել նրա հրաժարականը, իսկ նախագահի հրաժարական հնարավոր չէ պահանջել: «Ուրեմն պետք է լինի հանրային իրավական պատասխանատվություն բոլորի համար»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Գևորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունն է  հրավիրել իրավունքների իրականացման կարգի սահմանմանը` նշելով, որ դրանով ավելի կանխատեսելի կդառնան այդ մեխանիզմները` ապահովելով ժողովրդավարական սկզբունքների իրականացումը: Սահմանադրությամբ նաև ազգային անվտանգության հարց պետք է լուծվի, օրինակ` որոշ թեկնածուներ սկզբում նշում են, թե գումար չունեն առաջադրվելու համար, սակայն հետագայում գումար են հայթայթում անհասկանալի տեղից: Նա նշել է, որ այդ գործընթացը  պետք է թափանցիկ լինի, որպեսզի արտաքին ինչ-ինչ ուժեր չներգրավվեն: Ըստ Գևորգ Դանիելյանի` խորհրդարանական գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ որոշ հարցերում կարևորվի նաև խորհրդարանական փոքրամասնության կարծիքը, որի ձայնը անհրաժեշտ է: «Քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման առումով կարևոր է, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան հանրաքվեներ նախաձեռնելու, և կունենանք ավելի կառուցողական քաղաքական ուժեր»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Հարցուպատասխանի ժամանակ փոխանակվել են մտքեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային գրեթե բոլոր դրույթների վերաբերյալ: Մարզի բնակիչները  հետաքրքրվել են   կառավարման պառլամենտական մոդելի ներմուծման  միջազգային փորձով: Հարցադրումներ են  եղել սոցիալական պետության, դատական համակարգերի առնչությամբ, որոնց պատասխանել է Դավիթ Հարությունյանը` ասելով. «Մենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսություն  ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, և սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում՝ ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձևի և բովանդակության առումով»:  Անդրադառնալով դատական համակարգին վերաբերող հարցին  նա ասել է, որ տեղական դատարանները կարող են բարձրացնել  հանրային վստահությունը: Ըստ նրա՝ դատավորն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա, պետք է ապահովվի նրա անկախությունը:

Հանդիպմանը հնչել են առաջարկություններ, դիտողություններ ու դիտարկումներ ևս, որոնք քննարկվել են  հանձնաժողովի անդամների հետ:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Վանաձորում:

 

Անկախ

Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլը

10523476_641070739321692_1388277830_oԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը:

ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ  Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացրել են Հայեցակարգով նախատեսված դրույթները, պատասխանել քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հարցերին:

Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, նշել է, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու համար պետք է մտցնել սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կհստակեցնեն արժեքային հարաբերություններն ու լուծումներ կտան դրանց միջև առաջացող հակասություններին: Նա ընդգծել է նաև իրավական և սոցիալական պետության սկզբունքների կյանքի կոչման համար սահմանադրաիրավական մեխանիզմների ճիշտ ներդրման անհրաժեշտությունը, որը կհստակեցնի այդ սկզբունքների գործառույթային և արժեքային ամբողջությունը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, ըստ Դանիելյանի, համայնքների խոշորացման մեխանիզմն է, որը նույնպես պետք է կազմակերպվի սահմանադրական դրույթների ճկունության շնորհիվ, որը կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը:

Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը շեշտել է Սահմանադրության կենսաբանական նշանակության մասին, որը պետք է կարողանա արտացոլել սոցիալ-քաղաքական իրականությունը, կարգավորել հասարակական հարաբերությունները: «Չպետք է բոլոր հարաբերությունները կարգավորեն իշխանությունները, դրա համար պետք են լավ աշխատող սոցիալական ինստիտուտներ, որի իրականացումն ապահովում է սահմանադրությունը»,-նշել է Թովմասյանը՝ հավելելով նաև, որ 1995թ-ի Սահմանադրությունը հիմնականում պտտվում էր նախագահի իշխանության ամրապնդման շուրջը, որը նվազեցնում էր գործադիր իշխանության դերը, դատական իշխանությունը նույնպես գտնվում էր նախագահի ուժեղ վերահսկողության ներքո: «2005թ-ի Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման հարցը որոշակիորեն լուծվեց, նվազեցվեցին նախագահի իշխանական լիազորությունները, գործադիր իշխանության ինքնուրույնությունը բարձրացվեց: Բայց այս սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. դրանց իրականացման երաշխիքները բացակայում են»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

10488410_641070742655025_231622212_oԹովմասյանի խոսքով՝ պետք է սահմանել պետության պարտականությունը, որը սահմանադրական մակարդակով պետք է ապահովի այդ իրավունքների իրականացումը: Մյուս կարևոր խնդիրը, ըստ նրա, այդ իրավունքների իրականացման մեխանիզմների ամրագրումն է, հստակ կանոնների սահմանումը: Պետք է հասկանալ, թե որքանով այդ կանոնները սահմանող մարմինները անկախ կլինեն, որքանով կկարողանան իրականացնել այդ գործառույթները և կկրեն որոշակի պատասխանատվություն: Խոսելով կառավարման ձևի մասին` Հրայր Թովմասյանը շեշտել է, որ կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում, Նախագահը, եթե չունի պառլամենտական մեծամասնություն, ապա արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կանգնում է լուրջ խնդիրների առաջ և հասունանում է հակասություն՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորության և ռեալ գործառույթների իրականացման հնարավորության միջև:

Հանդիպման ավարտին Հանձնաժողովի անդամները հորդորել են ներկաներին Հայեցակարգի վերաբերյալ առաջարկները ներկայացնել նաև գրավոր տեսքով՝ Հանձնաժողովի քարտուղարությունը:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Արտաշատում:

 

Անկախ