Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլը

10523476_641070739321692_1388277830_oԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր մեկնարկել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը:

ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ  Գևորգ Դանիելյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացրել են Հայեցակարգով նախատեսված դրույթները, պատասխանել քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հարցերին:

Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, նշել է, որ իրավական, արժեհամակարգային հակասություններից խուսափելու համար պետք է մտցնել սահմանադրաիրավական կարգավորումներ, որոնք կհստակեցնեն արժեքային հարաբերություններն ու լուծումներ կտան դրանց միջև առաջացող հակասություններին: Նա ընդգծել է նաև իրավական և սոցիալական պետության սկզբունքների կյանքի կոչման համար սահմանադրաիրավական մեխանիզմների ճիշտ ներդրման անհրաժեշտությունը, որը կհստակեցնի այդ սկզբունքների գործառույթային և արժեքային ամբողջությունը:

Հաջորդ կարևոր հանգամանքը, ըստ Դանիելյանի, համայնքների խոշորացման մեխանիզմն է, որը նույնպես պետք է կազմակերպվի սահմանադրական դրույթների ճկունության շնորհիվ, որը կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը:

Հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը շեշտել է Սահմանադրության կենսաբանական նշանակության մասին, որը պետք է կարողանա արտացոլել սոցիալ-քաղաքական իրականությունը, կարգավորել հասարակական հարաբերությունները: «Չպետք է բոլոր հարաբերությունները կարգավորեն իշխանությունները, դրա համար պետք են լավ աշխատող սոցիալական ինստիտուտներ, որի իրականացումն ապահովում է սահմանադրությունը»,-նշել է Թովմասյանը՝ հավելելով նաև, որ 1995թ-ի Սահմանադրությունը հիմնականում պտտվում էր նախագահի իշխանության ամրապնդման շուրջը, որը նվազեցնում էր գործադիր իշխանության դերը, դատական իշխանությունը նույնպես գտնվում էր նախագահի ուժեղ վերահսկողության ներքո: «2005թ-ի Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման հարցը որոշակիորեն լուծվեց, նվազեցվեցին նախագահի իշխանական լիազորությունները, գործադիր իշխանության ինքնուրույնությունը բարձրացվեց: Բայց այս սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. դրանց իրականացման երաշխիքները բացակայում են»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

10488410_641070742655025_231622212_oԹովմասյանի խոսքով՝ պետք է սահմանել պետության պարտականությունը, որը սահմանադրական մակարդակով պետք է ապահովի այդ իրավունքների իրականացումը: Մյուս կարևոր խնդիրը, ըստ նրա, այդ իրավունքների իրականացման մեխանիզմների ամրագրումն է, հստակ կանոնների սահմանումը: Պետք է հասկանալ, թե որքանով այդ կանոնները սահմանող մարմինները անկախ կլինեն, որքանով կկարողանան իրականացնել այդ գործառույթները և կկրեն որոշակի պատասխանատվություն: Խոսելով կառավարման ձևի մասին` Հրայր Թովմասյանը շեշտել է, որ կիսանախագահական կառավարման մոդելի դեպքում, Նախագահը, եթե չունի պառլամենտական մեծամասնություն, ապա արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ կանգնում է լուրջ խնդիրների առաջ և հասունանում է հակասություն՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորության և ռեալ գործառույթների իրականացման հնարավորության միջև:

Հանդիպման ավարտին Հանձնաժողովի անդամները հորդորել են ներկաներին Հայեցակարգի վերաբերյալ առաջարկները ներկայացնել նաև գրավոր տեսքով՝ Հանձնաժողովի քարտուղարությունը:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Արտաշատում:

 

Անկախ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ

7111

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր: Նա նաև բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության («ՋԻ-ԱՅ-ԶԵԹ») ցուցաբերած օժանդակությունը:

Գագիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաև քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ:

Հանձնաժողովի անդամները ևս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձևաչափը և աշխարհագրությունը ընդլայնելու հասարակական պահանջարկին: Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարևորությունը, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության Նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում: