Հակառակորդը չի թողնում` չինարեցիները ծաղիկներ խոնարհեն հարազատների շիրիմներին

10481926_777767435579181_1292696212015060659_n

Մեռելոցի օրն էլ հակառակորդը չի լռում՝ չթողնելով, որպեսզի չինարեցիները մոմ վառեն ու ծաղիկներ խոնարհեն հարազատների շիրիմներին: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ գյուղի գերեզմանատանը հարազատների շիրիմների մոտ գտնվող չինարեցիների ուղղությամբ ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել: Ըստ համայնքի ղեկավարի, այս պահին ևս հակառակորդը կրակում է ադրբեջանական հենակետերից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Չինարիի գերեզամանատան ուղղությամբ, որը գտնվում է մանկապարտեզին շատ մոտ: Կրակահերթը դիպել է չինարեցի հանգուցյալներից Դավիթ Ծերունյանի շիրմաքարին` քարուքանդ անելով նրա գերեզամանը:

Սամվել Սաղոյանն այս պահին հարևան Չորաթան գյուղից շտապում է Չինարի: Նա գնացել էր հարևան համայնք` Չինարի տանելու կոմբայնը, որպեսզի փորձեին շարունակել ցորենի բերքահավաքը:

 

Անկախ

«Ես գոռացի` Լորիս փախի». Չինարիի գյուղապետ (բացառիկ լուսանկարներ Չինարիից)

10557417_777706068918651_8113496591167515108_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարիում Վարդավառի օրը հացահատիկի բերքահավաք էր: Նախօրեին ժամը 18:30-19:00-ի միջակայքում հակառակորդը սկսել է գնդակոծությունը ցորենի արտերի ուղղությամբ, որտեղ ըստ նախնական պայմանավորվածության, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ չինարեցիները հնձելիս են եղել արտերը Մովսես գյուղի կոմբայնի միջոցով: Ադրբեջանական զինուժը երեկոյան սկսել է կրակել հենց այդ ուղղությամբ, այնտեղ են գտնվել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, բազմաթիվ չինարեցիներ, այդ թվում` կանայք ու երեխաներ:

Հացահատիկի բերքահավաքը դադարեցվել է, ԿԽՄԿ անդամները ստիպված հեռացել են դեպքի վայրից: Հակառակորդի կրակահերթերը դիպել են կոմբայնին: <<6-ի 7-ի կողմերը սկսեցին, երբ Լորիսը` կոմբայնավարը, հնձում էր նրանց հենակետերին մոտ դաշտը: Լորիսը կոմբայնը չթողեց, ես գոռացի` Լորիս փախի, չփախավ, ինքը հերոսաբար, տեսեք` ինչ երկարություն ունի, պտտեց ու մի 150 մետրի չափով քշեց կոմբայնը, որ գոնե կարողանա փախչի: Նրանք սկսեցին մաղելը, ոչ թե հատ-հատ, այլ կրակահերթ: Կարմիր խաչի մեքենայի վարորդը քշեց, որ մոտենա կոմբայնին, սկսեցին կրակել նաև մեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, այս էլ որերորդ անգամ երջանիկ պատահականությամբ մենք զոհեր չունեցանք: Գնդակները դիպել են կոմբայնի անիվին, սպասել ենք մեկուկես ժամ կրակահերթերի տակ, Կարմիր խաչի մեքենան էլ եկավ, որ հանի ինձ, բայց ես ասաց` դու գնա, ես կթաքնվեմ, որ եթե հրդեհվի, հանգցնեմ: Մերոնք այնուհետև սկսեցին արժանի հակահարված տալ: Նաև Չորաթանի գյուղապետն եկավ մեզ մոտ, կոմբայնը հանեցինք տարածքից>>,-պատմում է Սամվել Սաղոյանը:

Ըստ համայնքի ղեկավարի, կոմբայնը տեղափոխել են անհամեմատ ապահով վայր, սպասել, մթնի, որ սկսեն հունձը: <<Գիշերը մինչև 4:30 էս մարդը հնձել ա մոտ երկուսուկես հեկտար: Այսօր առավոտյան էլի Լորիսը ուզեց հնձի, չթողեցի: Ռիսկային հատվածում դեռևս 27 հեկտար ցորեն կա հնձելու>>:

Ըստ Սամվել Սաղոյանի, հակառակորդին սահմանակից դաշտում մեծ է բերքատվությունը, նախօրեին այդ տարածքից մոտ 50 ցենտներ ցորեն են հավաքել: <<Այնտեղ բավականին սառը հատված է, ծովի մակերևույթից 1200 մ բարձրություն ունի, որը բարենպաստ է ցորենի բերքատվության համար>>:

Չինարին, ըստ գյուղապետի, ադրբեջանական կողմի հետ ունի 28 կմ երկարությամբ սահման: <<Մեր սահմանն ամուր է, բանակը` կանգնած, պարզապես նրանք դիրքային առավելություն ունեն, այդ պատճառով էլ խանգարում են բերքահավաքին>>:

Սամվել Սաղոյանն ասաց, որ հուլիսի 27-ին ևս կրակոցներ են հնչել, նաև արևածագին, երբ կոմբայնը փորձել են հանել դաշտից:

Անկախ

Հակառակորդը Չինարիում կրակ է բացել Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղղությամբ

13.10.6_0Այս պահին ադրբեջանական զինուժը կրկին խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակում է սահմանամերձ Չինարիի ուղղությամբ: Այսօր առավոտյան, ըստ  նախնական պայմանավորվածության, գյուղացիները պետք է Կարմիր խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսեին ցորենի բերքահավաքը, սակայն ընդամենը չորս հեկտար հնձելուց հետո գյուղացիները ստիպված են եղել կանգնեցնել կոմբայնը, քանի որ հակառակորդը կրակ է բացել հենց արտերի վրա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ քիչ առաջ հակառակորդը կրակել է նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների ավտոմեքենաների ուղղությամբ, և վերջիններս, անվտանգությունից ելնելով, ստիպված են եղել կիսատ թողնել իրենց առաքելությունը և հեռանալ:

Սաղոյանն ու հնձվորները դեռևս հացահատիկի դաշտում էին՝ ասելով, որ պատսպարվել են ծառի հետևում: Հեռախոսազրույցի ընթացքում էլ լսելի էր կրակոցների ձայնը:

“Փաստորեն, ադրբեջանական կողմը խախտեց անգամ Կարմիր խաչի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ պետք է նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ գյուղացիները հավաքեին ցորենի բերքը”,-ասաց Չինարիի գյուղապետը:

Ինչ վերաբերում է երեկվա կրակոցներին, գյուղապետը հայտնեց, որ կրակոցներից հրդեհվել են գյուղի արտերը, Չինարիի տներից մեկը, և գյուղացիներն իրենց ուժերով կրակը մարել են:

 

Անկախ

 

Այսօր առավոտից մինչև ուշ երեկո գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը

չինարիՀակառակորդը այսօր առավոտից մինչև ուշ երեկո խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ վնասները կերևան վաղը առավոտյան: ՙՙԲարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Բայց կրակահերթերը հասել են գյուղ, դիպել` գյուղացիների տներին, բայց թե ում ինչ վնաս ա հասցվել, կիմանանք, երբ լուսանա՚՚,-ասաց Սամվել Սաղոյանը: Նա նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել ոչ միայն այսօր, այլև նախորդ 4-5 օրերին: Մարտի 21-ին ադրբեջանցիները կնշեն իրենց Նոր տարին` Նովրուզ բայրամը:   Եվ տեղացիներն արդեն գիտեն, որ նախապատրաստական այս շրջանում, հակառակորդը, ակտիվանում է` ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը:

Անկախ