ՍԴ նախագահը Գյումրիում ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը

DSC00221Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր Գյումրիում ներկայացրեց ՀՀ սահմանադրության փոփոխման նախագիծը, պատասխանել ներկաների հարցերին: Շիրակի մարզպետարանի դահլիճում խոսելով սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին` ՍԴ նախագահը կարծիք հայտնեց, թե այսօր Հայաստանում չկա սահմանադրության պաշտոնական մեկնաբանման ինստիտուտ, չկա սահմանադրական օրենքի ինստիտուտ, չկա սահմանադրական լիազորությունների հարցով վեճերի լուծման ինստիտուտ: ՙԵրբ այս խնդիրները ծագում են, դրանք տեղափոխվում են այն կուտակող բացասական էներգիայի դաշտ: Մնում է միակ ճանապարհը՝ փոփոխել: Մենք հասարակական օրգանիզմի համար այսօր ձևավորել ենք մի իրավիճակ, եթե հիվանդանում ենք, միայն պետք է վիրաբույժին դիմենք, այլ ճանապարհ գոյություն չունի՚, – ասաց Գ.Հարությունյանը:

Սոցիալական կոնֆիլկտների կուտակումները պետք է կարողանալ գնահատել, բացահայտել, հաղթահարել, և Սահմանադրությունն ինքը պետք է այդ պոտենցիալն ունենա:

Ըստ բանախոսի, մեր գործող մայր օրենքում պակասում է մի կարևոր բան՝ մարդն ու իր իրավունքները: Երկրի գլխավոր օրենքում 2005-ի բարեփոխումների ծրագրով չի հաջողվել անցում կատարել իշխանակենտրոն մոդելից մարդակենտրոն սահմանադրական մոդելին: ՙՑավոք, մեզանում իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն և, հաճախ, այն հասնում է կամայականության՚, -նշեց ՍԴ նախագահը՝ ավելացնելով, որ մեր քաղաքացիներին պետք է ոչ թե ուղղորդենք դեպի Ստրասբուրգ, այլ կատարենք փոփոխություններ. իշխանությունը պետք է սահմանափակված լինի օրենքով:

Գագիկ Հարությունյանի խոսքով, սահմանադրությամբ գրել ենք օրենքներ, բայց չենք հստակեցրել, թե ինչը օրենքով չի կարելի սահմանափակել: Որպես լավագույն օրինակ՝ նա նշեց կուտակայինի փաստը. ՙՍեփականության իրավունքի օրինակը. իրականում, 10 անգամ ՍԴ-ն որոշում է ընդունել, որ այս իրավունքը սահմանափակվող իրավունք չէ, մենք հերթական անգամ ընդունում ենք օրենք, որը սահմանափակում է այդ իրավունքը: Դա նշանակում է, որ սահմանադրության առաջին և երրորդ հոդվածները չեն գործում՚:

Անդրադառնալով երկրի կառավարման մոդելի փոփոխմանը՝ Հարությունյանը նկատեց, որ սահմանադրությամբ նախագահի լիազորությունները չնչին են, նա ունի աջակցող խումբ՝ ԱԺ-ի մեծամասնությունն իր թիմն է, բայց չունի խորհրդարանը ցրելու իրավունք: Ներկաների այն հարցին, թե ի վերջո դեպի որ համակարգին է անցնելու Հայաստանը՝ նախագահական, խորհրդարանական, թե մնալու է խառը կառավարման համակարգում, ՍԴ նախագահը կոնկրետ ոչինչ չասաց, այլ նշեց, որ գործընթացը դեռևս մշակման փուլում է, և հստակ տեսակետ կկարողանա ներկայացնել սեպտեմբերին:

 

Անկախ

Նախագահն ընդունել է Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորած պատվիրակությանը

 

4486

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի սահմանադրական դատարանի պատվիրակության անդամներին՝ Ավստրիայի ՍԴ նախագահ Գերհարդ Հոլզինգերի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին մեր երկրում և ընդգծել, որ նման բարձրաստիճան այցելությունները հնարավորություն են ընձեռնում համակողմանիորեն քննարկելու երկրների արդարադատության համակարգերի արդի խնդիրները, դրանց հաղթահարման հնարավորություններն ու ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաև փորձի փոխանակում կատարելու: Սերժ Սարգսյանը կարևորել է Ավստրիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ արդարադատության բնագավառում, նկատի առնելով, որ հատկապես այդ բնագավառում Ավստրիան բավականին մեծ ճանապարհ է անցել և կուտակած հարուստ փորձով կարող է օգտակար լինել: Նախագահի հավաստմամբ, Հայաստանը դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու գործում սերտ համագործակցում է նաև եվրոպական գործընկերների հետ:

Գերհարդ Հոլզինգերը նշել է, որ Ավստրիայի Սահմանադրական դատարանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի մյուս պետությունների սահմանադրական դատարանների հետ կապերին և ուրախ է Հայաստանի Սահմանադրական դատարանի գործընկերների հետ սերտ և արդյունավետ համագործակցության նման հնարավորության համար: Հանդիպման ժամանակ նա ներկայացրել է նաև Ավստրիայի Սահմանադրական դատարանի դերն ու նշանակությունը երկրի արդարադատության համակարգում: