Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովումը`քննարկման առարկա Զագրեբում

Ռուբեն ԹոփչյանՀայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնական մարտահրավերներն ու միտումներն են քննարկվել միջազգային սեմինարին:

Հունիսի 12-13-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացավ «Կրթության որակի ապահովումը  TEMPUS-ի գործընկեր երկրների բուհերում» խորագրով   սեմինարը, որը կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը  և EACEA (The Education, Audiovisual and Culture Executive Agency):

Սեմինարի նպատակն է վեր հանել և քննարկել որակի ապահովման ոլորտում առկա մարտահրավերները և միտումները TEMPUS-ի գործընկեր երկրներում: Մասնավորապես, նպատակն է թիրախավորել  այս երկրների կարիքները և քննարկել ներկայում ընթացող բարեփոխումները բուհերի մակարդակով:

Սեմինարին զեկույցով հանդես եկավ ՀՀ  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Զեկույցի թեման էր  «Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման խնդիրներն անցումային ժամանակաշրջանում: Վստահության ձևավորում»: Թոփչյանը  ներկայացրել է որակի ապահովման հիմնական մարտահրավերները, բարեփոխումները, դրանց ազդեցությունը ընդհանուր համակարգի վրա  և միտումները Հայաստանում` համեմատական անցկացնելով Արևելյան Եվրոպայի այլ երկրների հետ:

 

Ծաղկաձորում անցկացվեց «Ավելի շատ կամավորներ» միջազգային երիտասարդական դասընթացը

6Ապրիլի 19-ից 27-ը Համագործակցության և զարգացման ակադեմիա ՀԿ-ի կողմից Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց  միջազգային երիտասարդական դասընթաց՝  «Ավելի շատ կամավորներ» խորագրով:

Միջազգային դասընթացին մասնակցում էր 24 մասնակից՝ ԵՄ և հարևան երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Ռումինիա և Պորտուգալիա:

«Ավելի շատ կամավորներ» դասընթացը (անգլերեն «MORE» բառը «Կամավորներին հասնելու և հզորացնելու հնարավորությունների բազմապատկում» արտահայտության հապավումն է) նպատակ ունի հասնելու և հզորացնելու այն կազմակերպություններին, որոնք աշխատում են երիտասարդների հետ՝ բարելավելու կամավորության որակը՝ կամավորների անձնական և մասնագիտական զարգացումը ավելի բարձր աստիճանի հասցնելով:

7-օրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ուսումնասիրելու երիտասարդների համար կամավորության հնարավորությունների զարգացման և տարածման առանցքային սկզբունքները, համալրման և ընտրության լավագույն փորձը և մի շարք արդյունավետ և օգտակար մեթոդներ՝ երիտասարդներին աջակցելու և ճիշտ ղեկավարելու համար:
Ծրագրի ընթացքում լայնորեն կիրառվել են ոչ ֆորմալ կրթության տարատեսակ գործիքներ, ինչպես օրինակ՝ սեմինարներ, բանավեճեր, վարժություններ, հետադարձ կապի և գնահատման հանդիպումներ, մշակութային երեկոներ և այլն: Ծրագրային օրերի ընթացքում «Դեպի Հայք» հիմնադրամից, Հայկական կամավորական կորպուսից, Հայաստանյան երիտասարդական բանկից և ԱՄՆ Կամավորական կորպուսից հրավիրված կամավորները իրենց փորփով կիսվեցին մասնակիցների հետ՝ ներկայացնելով նաև իրենց առօրյան, մնալու բարդություններն ու այլ մարտահրավերներ, ինչպես նաև կամավորության օգտավետությունն ու արժեքը:

Մասնակիցներն իրենք էլ ներդրում ունեցան կրթական գործընթացին՝ ներկայացնելով իրավիճակը իրենց հասարակություններում, կիսվելով նաև իրենց ներկայացրած կազմակերպությունների լավագույն փորձով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները այցելեցին «Սևանի երիտասարդական կազմակերպություն» ՀԿ, ինչպես նաև հնարավորություն ունեցան այցելել Երևան՝ բացահայտելու հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ազգային առանձնահատկությունները:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ, «Զարգացման և համագործակցության ակադեմիա» հասարակական կազմակերպության հյուրընկալմամբ և «Դիլիջանի երիտասարտության համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

«Զարգացման և համագործակցության ակադեմիա» ՀԿ