ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին

Սեն Արևշատյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին:
«Սեն Արևշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության և հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարևորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում», – ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ

SenՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ:

«Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլև ողջ հասարակության շրջանում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արևշատյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Անկախ