Նախկին խորհրդային հանրապետությունների ժողովրդավարացման ձախողումը

Վարդան Օսկանյան«Ալ Ջազիրա»-ն  հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հոդվածը՝ ժողովրդավարացման ճանապարհի նախկին խորհրդային հանրապետությունների արձանագրած կամ չարձանագրած հաջողությունների մասին: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Նախկին խորհրդային հանրապետությունների ժողովրդավարացման ձախողումը

Ուկրաինական ճգնաժամը աշխարհի ուշադրությունը կենտրոնացրեց Ռուսաստանի վրա՝ վերակենդանացնելով սառըպատերազմյան հիշողությունները: Ընդհանուր առմամբ, ուշադրությունը սևեռվեց բալթյան երկրների, նախկին խորհրդային հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի պետությունների վրա: Ընդ որում, խոշորացույցն այդ երկրների՝ իրենց անկախացումից ի վեր ընտրած ուղիների, քաղաքական էվոլյուցիայի և հատկապես նրանց տնտեսությունների այսօրվա վիճակի վրա է պահված:

Խորհրդային միության փլուզման պահին Ուկրաինայի և Լեհաստանի տնտեսությունները նույն վիճակում էին: Երկու երկրներում էլ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նույնն էր՝ մի քանի հազար դոլար: Այսօր Լեհաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 14 հազ. դոլար է կամ ավելի քան եռապատիկը Ուկրաինայի ցուցանիշի՝ 4 հազ. դոլար:

Բալթյան հանրապետությունների ներկայիս ցուցանիշները կովկասյան հանրապետությունների համեմատ նույնն են, եթե Էստոնիան, Լիտվան և Լատվիան համեմատենք Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հանելով վերջինիս նավթային եկամուտները:

Գրքերը և հետազոտությունները, որոնք հարուստ և աղքատ, հաջողակ և ձախողված պետությունների միջև տարբերությունների մասին պատկերացում են տալիս, ներկայացնում են պատճառները՝ աշխարհագրությունից մինչև բնական ռեսուրսներ և էթնիկ հակամարտություններ: Սակայն նոր հետազոտությունները գնալով ավելի ու ավելի հանգում են երկու գործոնների՝ լավ կառավարման և արդյունավետ ինստիտուտների:

Փոլ Քոլիերը իր հիմնարար «Ստորին միլիարդը» (The Bottom Billion), իսկ ավելի ուշ՝ նաև Տարոն Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնը «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) աշխատություններում մատնանաշում են, որ պետությունները բարգավաճում են, երբ զարգացնում են համապարփակ քաղաքական և տնտեսական ինստիտուտները, և ձախողում են, երբ այդ ինստիտուտները դառնում են կեղեքող և կենտրոնացնում են իշխանությունն ու հնարավորությունները քչերի ձեռքում:

Առողջ և կայուն զարգացում

Խորհրդային նախկին հանրապետություններում պետությունների ներկայիս վիճակի պատճառներին ես կավելացնեի իմ նկատառումները: Կառավարությունում և  կառավարությունից դուրս իմ փորձից ելնելով՝ կարծում եմ, որ մենք պետք է վերանայենք չորս հիմնարար տեսակետ, եթե իսկապես մտադիր ենք մեր երկրները դնել առողջ և կայուն զարգացման հունի մեջ:

Առաջին, նոր, ազատական և ազատ շուկայական զարգացում թևակոխած երկրներում մենք սխալ ենք հասկացել «զարգացում» հասկացությունն ու դրանից բխող մարտահրավերները՝ դրանք դիտելով որպես իրենց բնույթով սոսկ տնտեսական: Զարգացումը քաղաքական գործընթաց է և ոչ թե տնտեսական: Այն պահանջում է քաղաքական փոփոխություններ հասարակության մեջ, ինչպես նաև վերնախավին և հանրությանը ներգրավող կազմակերպված գործընթաց՝ առանց նրանցից մեկին սպառնալու կամ մյուսին վհատեցնելու: Զարգացումը չի ենթադրում գումարների ծախսում միայն ենթակառուցվածքների վրա. այն նշանակում է ենթակառուցվածքներ, որոնք նախագծվում և պահպանվում են գործուն կառավարման համակարգեր ունեցող պատասխանատու պետական ապարատի կողմից: Ժամանակակից տնտեսության զարգացման ճանապարհին պահանջվում է արդար և թափանցիկ հանրային ծառայությունների մատուցում: Դեպի ծով ելք ունենալով և անհամար քանակությամբ նավթի տակառներով չէ, որ պայմանավորվում գործուն տնտեսությունը: Այն կարող է իրականություն դառնալ միայն քաղաքական կամքի և քաղաքական մտածելակերպի փոփոխության արդյունքում: Տնտեսապես զարգանալու համար մեր երկրները պետք է նախ քաղաքականապես զարգանան:

Երկրորդ, շինծու ժողովրդավարացումը վտանգավոր է և անարդյունավետ: Այն խեղաթյուրում է հարաբերությունները կառավարության և հանրության միջև՝ առաջ քաշելով անիրականանալի ակնկալիքներ և խոչընդոտելով այն առաջընթացը, որ կարող էր տեղի ունենալ հասարակության մեջ այլուր: Աշխարհում կան շատ բարգավաճ երկրներ, որոնք ժողովրդավարական չեն և չեն էլ հավակնում ժողովրդավարական կոչվել: Սինգապուրը բարգավաճող երկրի օրինակ է, որտեղ ժողովրդավարական իրավունքները լայնորեն կասեցված են: Արաբական Միացյալ Էմիրությունները մեկ այլ օրինակ է: Եթե մեր երկրների վերնախավերն իսկապես միայն տնտեսական զարգացում են ուզում, ապա չպետք է ժողովրդավարացման շոու անեն: Այն կառավարությունները, որոնք կրկնում են կանխատեսելի ժողովրդավարական ձևակերպումները, սակայն իրենց ժողովրդի մոտ բավարար վստահություն չունեն՝ ընտրական գործընթացը հարգելու կամ  թափանցիկ կառավարում իրականացնելու համար, քաղաքացիներին ստիպում են դուրս գալ փողոց, որ կա՛մ հատվածական բնույթ է կրում, ինչպես Հայաստանում, կա՛մ դառնում է խրոնիկական, ինչպես, թերևս, Վրաստանում է:

Երրորդ, խորհրդային դարաշրջանի իշխանության սահմանումը շարունակում է խեղաթյուրել օրինակարգ իշխանության ժամանակակից հասկացությունը։ Համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք էին Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան և Մարտին Լութեր Քինգը ուժ չունեին, սակայն գործում էին իշխանության դիրքերից: Նրանք իրենց գործով փոխեցին աշխարհը: Բացառությամբ անկախությանն անմիջապես հաջորդող կարճ ժամանակահատվածի՝ մեր հասարակությունները չեն ունեցել ժողովրդի համաձայնությունը վայելող որևէ կառավարություն: Բիրտ իշխանության, բացառող և դաժան իշխանության, ժառանգաբար փոխանցվող իշխանության իրականացումը կարող է շարունակվել, սակայն դա մեր առաջնորդներին չի երաշխավորի այն իշխանությունը, որն անհրաժեշտ է նրանց նշանակալի, տևական,  քաղաքական կամ տնտեսական փոփոխություն իրականացնելու համար: Տնտեսական աճը և փոփոխությունը նախ և առաջ կախված են վստահությունից և հավատից:

Վստահության ամենամեծ թշնամին լռությունն ու սուտն են: Տնտեսական վայրիվերումների պայմաններում լռությունը հանգեցնում է շահարկումների, խորացնում է անապահովությունը և առավել թուլացնում վստահությունը:

Վերջապես, կոմունիզմից պոկվելու ճանապարհին մեր ընդունած վայրի, գրքային կապիտալիզմին հետևելը չի աշխատում: Մենք կարող ենք և պետք է մտածենք հանրային-մասնավոր գործընկերության առավել ժամանակակից և նրբանկատ ձևի մասին, որը պետությանը հնարավորություն կտա ըստ անհրաժեշտության միջամտել՝ ռազմավարական ոլորտներում աջակցություն ցուցաբերելու և տնտեսական աճ երաշխավորելու նպատակով: Դժբախտաբար, երբ չկա օրենքի անսասան գերակայությունը, հանրային-մասնավոր հարաբերությունները երբեմն հանգում են հանրային միջոցներն  անձնական նպատակներին ծառայեցնելուն: Եթե որոշ հաստատություններ մասնավոր հատվածում խորտակվում են և ոչ թե լողում, ապա դա չպետք է բացատրվի նրանով, որ կառավարությունը չի արել իր պարտականությունը գործուն տնտեսական միջավայր ստեղծելու համար:

Բոլոր այս ոլորտներում փոփոխություններին խոչնդոտող հիմնական արգելքը ինստիտուտների և օրենքի գերակայության համընդհանուր ընդունման բացակայությունն է: Չնայած աշխարհի զարգացած երկրները կարողացել են փոխանցել աջակցություն և օժանդակություն, սակայն նրանց չի հաջողվել հզոր հաստատրություններ փոխանցել: Հարավային Կովկասի երեք պետություններից և ոչ մեկը չունի ուժեղ ինստիտուտներ:

Տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենը Խորհրդային Միության անկումից մեկ տասնամյակ անց գրեց, որ եթե անկախության առաջին օրերին նրա կոչը նորանկախ բոլոր երկրներին ամեն ինչից առաջ սեփականաշնորհումն էր, ապա մեկ տասնամյակ անց ինքը եկել է այն համոզման, որ թերևս օրենքի գերակայությունն ավելի կարևոր է:

Անշուշտ, մենք պետք է վերանայենք այս հիմնարար գաղափարները: Վերջիվերջո մենք աննախադեպ փորձի առարկա էինք, և ավելի քան երկու տասնամյակ անց պետք է դուրս գանք լաբորատորիայից և  որոշենք մեր սեփական ճակատագիրը:

Ուկրաինայում սկսված բարձր խաղադրույքներով աշխարհաքաղաքական պայքարի քաշքշուկում լավ կառավարման և ինստիտուտներ ստեղծելու կարևորության մեր գիտակցությունն է, որ մեծապես կարող է պայմանավորել, թե արդյոք մենք ի վիճակի կլինե՞նք ճիշտ ընտրություն կատարել և գնալ այն երկրների հետևից, որոնք ի ցույց են դրել արդյունավետ կառավարման և ինստիտուտների կառուցման իրենց կարողությունները:

«Օսկանյանն իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա»

Karen-Avagyan-

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն ավագյաննիր ֆեյսբուքյան էջում գրել է.

“ԲՀԿ-ում էլի սկսեցին արտահայտվել ու իրենց խոսքուճառով զարմացնել 2-3-րդ էշելոնի գործիչները։ Օսկանյանի նախահամագումարյան թեզիսները առնվազն տարակուսելի են։ Նախկին արտգործնախարարը կարծում է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը կարող էր այլ որոշում կայացնել ու որպես գործելու ուղի առաջարկում է «մանևրել, մի բան խոստանալ», կոպիտ ասած՝ «ֆռցնել»։ Հայտարարությունը հետաքրքիր է հատկապես այն համատեքստում, որ ԲՀԿ ղեկավարը երբեք դեմ չի արտահայտվել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Սա հավանաբար Օսկանյանի անձնական կարծիքն է։ Այս կուսակցությունում բոլորն առանձին վերցրած ունեն անձնական կարծիք, սակայն բոլորը միասին համամիտ են ԲՀԿ նախագահի կարծիքին, որը երբեք չի հակասում հանրապետության նախագահի դիրքորոշմանը։ Պարոն Օսկանյանին հավանաբար պետք է հիշեցնել, թե մինչև սեպտեմբերի 3-ը կամ դրանից հետո ԲՀԿ-ն ինչ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ։ Եթե մոռացել է, ապա հուշենք՝ ամենաջերմ։ Ընդ որում, ավելի փաստացի այդ ամենը պարոն Օսկանյանն ու իր թիմակիցները կարող են տեսնել «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժներում։ Թեև հավանաբար պետք չէ զարմանալ Օսկանյանի նման հայտարարությունների վրա, քանի որ նա իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի մանևրելու, ինչ-որ բան խոստանալու՝ Օսկանյանի ցանկություններին։ Մանևրելը, ինչ-որ բան խոստանալը, որ օսկանյանական լեզվով հնչում է որպես ֆռցնելը, բնորոշ է Օսկանյանին ու իր ընկերներին։ ՀՀ նախագահը երբեք նման քաղաքականություն չի վարել։ ՀՀ արտաքին քաղաքական գիծը շատ հստակ է, և դա է պատճառը, որ Հայաստանը բոլոր կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես վստահելի գործընկեր։ Եթե պարոն Օսկանյանն ու իր ընկերները բոլորի հետ հարաբերություններում փորձում են մանևրել, ապա դա նրանց խնդիրն է, գուցե կարելի է հասկանալ։ Մանևրեք որքան ուզում եք, սակայն զգույշ՝ չմոլորվեք։ Օսկանյանական այս ելույթը հավանաբար յուրահատուկ ռազմինկա էր ԲՀԿ դռնփակ համագումարից առաջ։ Թե ինչ պատճառներ ունի ԲՀԿ փակ դռների քաղաքականությունը, ենթադրել կարելի է”։

 

Անկախ

Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ

Վարդան ՕսկանյանՀայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ։ Դեռ օգոստոսի 29-ին տեղեկություններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտյան ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Օսկանյանի որդին և վերջինիս ընկերը։ Նույն օրը ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնել էին, որ ապօրինի թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով օգոստոսի 29-ի առավոտյան Մոսկովյան 31 հասցեից բերման են ենթարկվել երկու անձ, նշանակվել է փորձաքննություն։ Անուններ, սակայն, ոստիկանությունը չէր նշել։ Այդուհանդերձ, հավաստի աղբյուրները վստահեցնում էին, որ տվյալ պարագայում խոսքը հենց Օսկանյանի որդու և նրա ընկերոջ մասին է։ Վերջիններս նույն օրն իսկ ազատ էին արձակվել։ Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել՝ արդյո՞ք փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են, պատասխանել են, թե քննությունը շարունակվում է։ Ըստ հավաստի տեղեկությունների, փորձաքննության արդյունքներն արդեն հայտնի են և հաստատվել է, որ հայտնաբերված նյութը թմրամիջոց է։ Երեկվա դրությամբ որևէ մեկին մեղադրանք դեռ առաջադրված չէր։ Չի բացառվում, սակայն, որ այս անգամ ևս կրտսեր Օսկանյանը «ջրից չոր դուրս գա», այնպես, ինչպես եղել է նախկինում նրա անվան հետ կապված սկանդալների ժամանակ։ Եթե, այդուամենայնիվ, որոշվի գործին ընթացք տալ, մեղադրանքը կախված է լինելու հայտնաբերված թմրամիջոցի քանակից։ Փոքր քանակության դեպքում նախատեսվում է վարչական տուգանք և միայն մեծ քանակության դեպքում է անձին ազատազրկում սպառնում»։

Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության հետ կապված

օսկանյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության՝ այսօր տարածած հաղորդագրության հետ կապված ցանկանում եմ ասել հետևյալը:

Այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» և «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել և ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:

Ասեմ, որ ես որևէ խոստովանություն չեմ արել: Կից ներկայացնում եմ ԱԱԾ-ին ուղարկած իմ նամակի բովանդակությունը՝ առանց ԱԱԾ-ի մեկնաբանությունների:

Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, և քրեական գործը կարճվի:

Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլև իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

Իմ և Սիվիլիթաս հիմնադրամի դեմ սկսված և ավելի քան մեկ տարի տևած գործընթացի հետ կապված դատողությունները թողնում եմ հանրությանը:

Նախաքննության մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Վարդան ՕսկանյանՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58204212 քրեական գործով մեղադրյալ՝ Վարդան Մինասի Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։

Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել վճարել դրանից առաջացող, հարկային մարմնի կողմից հաշվարկված, հարկային պարտավորության գումարը, մասնավորապես նշել է՝ «Ծանոթացել եմ ինձ տրամադրված մեղադրյալ ներգրավելու որոշման հետ և այդ կապակցությամբ հայտնում եմ.

1. Իմ ամենամեծ թերացումն այն է, որ Սիվիլիթասի համար նախատեսված և ինձ մոտ պահ տրված գումարն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ Սիվիլիթասի գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար։ Եղել է նաև պահ, որ իմ անձնական գումարից փոխանցվել է Սիվիլիթաս Հիմնադրամին։ Ուստի, եթե Հայաստանի օրենսդրությամբ՝ գումարը Սիվիլիթասի հաշվեկշռում առանձին չհաշվառելը, իմ հաշվեհամարի վրա պահելը, անհրաժեշտ պահին լրացնելու և Հիմնադրամին վերադարձնելու նպատակով դրանից ինչ-որ մաս օգտագործելը խախտում է համարվում, ես պատրաստ եմ՝ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի մասնագետների հետ հաշվարկ կատարել, և քննությամբ ֆիքսված 250.795,26 ԱՄՆ դոլարը համարել ինձ եկամուտ և կատարել դրանից բխող համապատասխան հարկային պարտավորություններ։
2. Բնականաբար, ինձ հաճելի չի եղել ներքաշվել քննության այս գործընթացին, բայց ես, այնուամենայնիվ, կուզեի նշել, որ իմ հանդեպ քննիչների վերաբերմունքը եղել է հարգալից և օրենքի շրջանակներում։
3. Ես բնականաբար ոչ հաշվապահ եմ, ոչ իրավաբան և նախաքննության այս փուլում չեմ բացառում, որ եղել են հաշվապահական գործառնավարական թերացումներ, որոնք չեն հետապնդել իմ կողմից գումարի հափշտակության և դրա օրինականացման միտումնավոր բնույթ։ Արձանագրված խախտումների պայմաններում ես պատրաստ եմ ՀՀ օրենքներին համապատասխան փոխհատուցել որպես վնաս հաշվարկված 250.795,26 ԱՄՆ դոլարից գոյացող հարկերը։

Իմ կողմից հարկային գումարի փոխհատուցման դեպքում խնդրում եմ՝ օրենքով սահմանված կարգով քրեական գործի վարույթը կարճել և իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»։

Վարդան Օսկանյանի դիմումի և ցուցմունքի հիման վրա, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պահանջով, հարկային մարմինը հաշվարկել է գործարքից նրա ստացած՝ 250.795,26 ԱՄՆ դոլարից առաջացող հարկային պարտավորության գումարը, որը կազմել է՝ 20.140.324 դրամ և այն Վարդան Օսկանյանը 23.07.2013թ.-ին ամբողջությամբ հատուցել է պետությանը, բացի այդ, քրեական գործի հարուցումից հետո, Վարդան Օսկանյանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամ է մուտքագրվել Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարի և դրա ավանդի տոկոսագումարի մնացորդը կազմող՝ 1.086.826 ԱՄՆ դոլար գումար։

Հաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ նշված գումարը գործարքից իր մասնաբաժինն է՝ եկամուտը, որը ծախսվել է անձնական նպատակներով, այդ գումարը չի հափշտակվել և օրինականացվել, իսկ չվճարված եկամտահարկը հատուցվել է պետությանը, ուստի նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի արարքը վերաորակվել, որպես առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նկատի ունենալով, որ նա կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը՝ 20.140.324 դրամը և տվել է իր համաձայնությունը՝ նախաքննության մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով 24.07.2013թ. որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Դիտորդները Վարդան Օսկանյանից հետաքրքրվել են ընտրախախտումների հնարավոր ռիսկերի մասին

օսկանյանԵրևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Վարդան Օսկանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց ընտրարշավի ընթացքը, ընտրողների և լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները: Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները: