Tag Archives: Վիեննա
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վիեննայում
Ապրիլի 23-25-ին Վիեննայում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնած Հիշատակի կենտրոնական միջոցառումը տեղի ունեցավ Վիեննայի կենտրոնում գտնվող Հին քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան, Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային արձագանքներին, ցեղասպանության հետևանքների հաղթահարման, արդարության վերականգնման, Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման խնդիրներին:
Ցեղասպանության խնդրի շուրջ ելույթներով հանդես եկան Ավստրիայի կոալիցիոն կառավարությունը ձևավորած սոցիալ-դեմոկրատական և ժողովրդական կուսակցությունների, խորհրդարանում ներկայացված 4 գլխավոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամ, ԵԽԽՎ Ավստրիայի պատվիրակության անդամ, Դաշնային խորհրդի Եվրոպական Միության հարցերով խոսնակ դոկտոր Շտեֆան Շեննախը, Վիեննայի քաղաքապետարանի 2-րդ նախագահ, Ավստրիայի ազատական կուսակցության անդամ Յոհանն Հերցոգը, Վիեննայի քաղաքապետարանի անդամ, Ավստրիայի Կանաչների կուսակցության անդամ Սենոլ Ակկիլիչը: Բանախոսները հորդորեցին ավստրիական իշխանություններին և խորհրդարանի զույգ պալատներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով իսկ սեփական նպաստը բերել երկու ժողովուրդների հաշտեցման գործին:
Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ հիմնական զեկույցով հանդես եկավ Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախկին երկրորդ նախագահ, ներկայումս Իննսբրուկի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր, Մարդու իրավունքների լիգայի անդամ Հայնրիխ Նայսերը: Նայսերը, մասնավորապես, նշեց, որ «Եվրոպական Միության համար, որը հանդես է գալիս հանուն մարդու իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչումը լավագույն փորձաքարը կարող է հանդիսանալ: Դա այլ բան չէ, քան փաստական իրականության պարզ ճանաչում: Հատկապես սփյուռքում ապրող հայերի համար ինքնության հարցը կարևորագույն խնդիր է: Մշտապես արծարծվող եվրոպական ինքնությունը միայն այն ժամանակ կարող է հնարավոր դառնալ, երբ համաձայնություն է առկա Եվրոպայի պատմության հարցում: Այլապես ճակատագրական սխալ կլինի կարծել, թե այլևս չեն կարող ցեղասպանություններ տեղի ունենալ: Վերջին ժամանակների ցեղասպանությունները, մասնավորապես Աֆրիկայում, ասվածի ապացույցն են»:
Այնուհետև տեղի ունեցավ միջոցառման համերգային մասը, որի շրջանակներում Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ավստրիայի Գրաց քաղաքում հիմնված լարային քառյակը (Միխայլո Զախարով, Վոլոդիմիր Շխուր, Գայանե Միրզոյան և Յուդիթ Պապ կազմով) և տաղանդավոր դաշնակահարուհի Նարե Արղամանյանը:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարական շրջանների, մասնավորապես՝ Ավստրիայի արտաքին գերատեսչության պաշտոնատարներ, այդ թվում՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան դոկտոր Ալոիս Կրաուտը, պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների և քաղաքային խորհրդարանի անդամներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Հայոց Ցեղասպանության 99-ամյա հոբելյանի շրջանակներում Վիեննայում տեղի ունեցան նաև այլ միջոցառումներ:
Ապրիլի 23-ի երեկոյան Վիեննա քաղաքի 6-րդ՝ Մարիահիլֆ շրջանի թաղապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվեց դասախոսություն «Անատոլիա և Հայ մշայութային հետքեր» խորագրով (բանախոս` Թուրքիայում լույս տեսնող ԱԿՈՍ օրաթերթի խմբագրակազմի անդամ Զաքարիա Միլտանօղլու): Դասախոսությունը ուղեկցվում էր երաժշտական կատարումներով և Թուրքիայում հայկական բնակավայրերի լուսանկարների ցուցադրությամբ:
Ապրիլի 24-ի ցերեկը Վիեննայի 3-րդ թաղամասում գտնվող հայ առաքելական Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի: Պատարագը մատուցեց Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Պատարագի ավարտին` Ավստրիայում Հայաստանի դեսպանության և Վիեննայի հայկական կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ապրիլի 23-ին և 24-ին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի վարչության, ավստրահայ կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջագիր-նամակ փոխանցվեց Ավստրիայի կառավարական շրջաններին, ավստրիացի պատգամավորներին, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներին: Նամակին կից հասցեատերերին փոխանցվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը՝ Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հատուկ փաթեթավորմամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այցը Վիեննա
Փետրվարի 24-ին Ավստրիայի պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության փոխնախարար և պաշտպանական քաղաքականության բաժանմունքի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեռնհարդ Բաիրը ընդունեց Ավստրիայում գտնվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցեց նաև Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
Քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության ներկա խնդիրներն ու հեռանկարները: Կողմերը ներկայացրեցին պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձան ոլորտում երկու պետությունների, որպես ծովային ելք չունեցող միավորների, առաջ կանգնած խնդիրների ընդհանրություններին ու տարբերություններին: Ավստրիական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրեց Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գերատեսչության, ներքին գործերի և պաշտպանության նախարարության համատեղ մշակած Ավստրիայի անվտանգության քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը:
Կողմերն անդրադարձան պայմանագրային զինծառայողների, նրանց սոցիալական արտոնությունների, զորակոչի իրականացման ու ծրագրավորման խնդիրներին: Ավստրիական կողմն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ՝ ուսումնամարզական, կրթական ծրագրերում հայ զինվորականների ընդգրկման, Հայաստանում և Ավստրիայում զինվորականների համար վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման ուղղություններով:
Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում Վիեննայում
Ավստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի» խորագրով միջոցառման կազմակերպմանը իրենց օժանդակությունը բերեցին Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող Ռադիո-Կուլտուրհաուսի խմբագրությունը, Ավստրիայի Ազգային գրադարանը, Ավստրիայի գրական ընկերությունը և «Ֆրանց-Վերֆել» կոմիտեն:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանն արժեվորեց Վերֆելի վեպի պատմական և գեղարվեստական նշանակությունը հայ ժողովրդի հերոսական պայքարի հավերժացման և այդ պայքարի առնչությամբ համամարդկային արժեհամակարգի բարձր նշաձողի սահմանման տեսակետից: Ավստրիայի կառավարության անունից ներկաներին ողջունեց Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կազմում գործող մշակութային վարչության տնօրեն, նախարարական խորհրդական Օլիվեր Հենհապելը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս և Վուպպերթալի Արմին Թեո Վեգներ ընկերությունների վարչությունների անդամ Համո Պետրոսյանը: Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ ձեռքբերված նոր տեսանյութերի մասին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանը: Վերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ տոնական ելույթով հանդես եկավ Զալցբուրգի և Վիեննայում գործող Լոնդոնի համալսարանի դասախոս, գրականագետ պրոֆեսոր դոկտոր Ռյուդիգեր Գյորները:
Միջոցառման երկրոդ մասում Հայոց ցեղասպանության, Ֆրանց Վերֆելի վեպի շուրջ կազմակերպվեց կլոր սեղան քննարկում և մտքերի փոխանակություն՝ Ավստրիայի գրական ընկերության և Ֆրանց-Վերֆել կոմիտեի նախագահ, գրող դոկտորր Մարիանա Գրուբերի, Ֆրանց-Վերֆել կոմիտեի փոխնախագահ, պատմաբան, ցեղասպանագետ դոկտորր Արտեմ Օհանջանյանի, Ավստրիայի Ազգային գրադարանի Ձեռագրերի և հնատիպ հրատարակությունների հավաքածուի տնօրեն դոկտոր Անդրեաս Ֆինգերնագելի մասնակցությամբ:
Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր նաև Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց միջոցառման շրջանակներում:
Վերֆելի վեպից հատվածների ընթերցմամբ հանդես եկավ ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը:
Հանդիսության վերջում Ավստրիայում Հայաստանի դեսպան Կիրակոսյանը ավստրիացի, գերմանացի, ավստրահայ և գերմանահայ շուրջ մեկ տասնյակ մտավորականների հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած Վերֆելի վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված հուշամեդալներ, կատարվեց հատուկ այս միջոցառման համար հրատարակված Վերֆելի դրոշմանիշով բացիկների մարման խորհրդանշական արարողություն:
Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, Կրթության, արվեստի և մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնատարներ, Հայաստանում Ավստրիայի դեսպան դոկտո. Ալոիս Կրաուտը, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներ, մտավորականներ, պատմաբաններ, գրականագետներ, լրագրողներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ
Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերը գոհունակությամբ են արձանագրել, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող երկու բարեկամ երկրների միջև ձևավորված առևտրատնտեսական համագործակցությունը, մշակութային, կրթական կապերը զարգացման ներուժ ունեն: Այդ ներուժի լիարժեք օգտագործման համար զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունները, գործարարների միջև ակտիվ շփումներն ու գործարար համաժողովների անցկացումը, ինչպես նաև հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է անցյալ տարի կայացած Ավստրիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը, նրա խոսքով, մեծ խթան հանդիսացավ երկու երկրների և ժողովուրդների բարեկամության հետագա խորացման ու ամրապնդման համար: Հանդիպման ավարտին Նախագահ Հայնց Ֆիշերը վերահաստատել է 2014թ. Ավստրիա այցելելու Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հրավերը, որը ՀՀ Նախագահը սիրով ընդունել է:
Վիեննայում կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը,լուսանկարներ
|
Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո: Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին: Որպես հետագա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի «հարթակներում», որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-ից 6-ը Կիևում: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան մինչև ընթացիկ տարվա վերջ»:
|




