Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

g_imageՀունիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Լադո Ասաթյանի 42 հասցեում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս և անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսաբնակ գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարին, վրաց մտավորականներ, հայ համայնքի մշակութային ու հասարակական գործիչներ:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, ով բարձր գնահատեց Թբիլիսիի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ իրականություն դարձած, համաշխարհային աստղագիտության բնագավառում մեծ ներդրում ունեցող ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացումը Թբիլիսիում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Մշակույթի և սոցիալան հարցերի քաղաքային ծառայության վարչության պետ Մամուկա Քացարավան, ով կարևորեց հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում՝ նշելով, որ հպարտ և ուրախ է, որ թբիլիսաբնակ հայազգի անվանի անձանց հիշատակին նվիրված հուշատախտակները տեղադրվում են Վրաստանի մայրաքաղաքում` միևնույն ժամանակ հայտնելով, որ այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Շնորհակալական և դրվատանքի խոսքեր ուղղվեցին նաև թբիլիսաբնակ հայ մտավորականներին և բոլոր այն անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակի ստեղծման և տեղադրման գործում:

Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և աստղագիտության օրն է

Վիկտոր Համբարձումյան20-րդ դարի մեծագույն գիտնական, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում: 1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և մեկ տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը:

Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պուլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել: 1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ:

Դառնալով Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է համալսարանի աստղադիտարանը: 1943թ. Համբարձումյանը վերադարձել հայրենիք և անմիջապես նշանակվել է ԳԱ փոխնախագահ: 1947թ-ից զբաղեցրել է նախագահի պաշտոնը, որում երկրորդ անգամ վերընտրվելով’ նախագահել մինչև 1993թ: 1946թ. Բյուրականում հիմնել է Հայաստանում առաջին աստղադիտարանը և տնօրինել այն մինչեւ 1988թ: 1961-64թթ նախագահել է Միջազգային աստղագիտական միությունը: Երկու անգամ ընտրվել է Գիտական միջազգային միությունների խորհրդի նախագահի պաշտոնում: 1947թ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Համբարձումյանը պարգեւատրվել է Ստալինի 2 մրցանակներով, ՌԴ պետական մրցանակով,

Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով։

Ավստրալիայի ազգային (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլովի (Պրագա, 1967), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Սորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի անվան (Լեհաստան, 1973) համալսարանների պատվավոր դոկտոր։ Պարգևատրվել է Լենինի հինգ, Աշխատանքային կարմիր դրոշի երկու և այւ շքանշաններով  ու  մեդալներով։

 

Մահացել է 1996թ օգոստոսի 12-ին և թաղվել Բյուրականի աստղադիտարանին հարող գերեզմանատանը:Վիկտոր Համբարձումյանի անունն է կրում 1972թ հայտնաբերված 1905 փոքրիկ մոլորակը: Աշխարհահռչակ գիտնական-աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում հռչակվել է աստղագիտության օր: