Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի մշակույթի նախարարի հետ

g_imageՀունիսի 5-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ, որը միաժամանակ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր է քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից և ստանձնել է մշակույթի նախարարի պաշտոնը 2014թ. հունվարի 29-ին:

Ողջունելով ՀՀ դեսպանին` նախարարը համառոտ ներկայացրեց Չեխիայում մշակույթի բնագավառում գոյություն ունեցող վիճակը, խնդիրները և առաջիկայի ծրագրերը:

Դեսպանն իր հերթին ներկայացրեց հայ-չեխական մշակութային կապերի զարգացման ներկա վիճակը` նշելով, որ վերջին երկու տարում հայկական մշակույթը բավականաչափ ներկայացվել է Չեխիայում, և ցանկալի կլիներ, որպեսզի չեխական մշակույթը ևս ավելի ակտիվորեն ներկայացվի Հայաստանում: Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին երկու երկրների Ազգային գրադարանների արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում մշակույթի օրերի, ցուցահանդեսների, համերգների և փառատոնների կազմակերպան ոլորտներում, երկրի հայ համայնքի խնդիրները:

Դեսպանը խոսեց հետագայի ծրագրերի մասին` մասնավորապես անդրադառնալով հայ արվեստագետների մասնակցությանը 2015թ. Պրահայի «Կվադրիենալե»-ին (թատերական արվեստի և թատերական ճարտարապետության ցուցահանդես), հանրահայտ չեխ նկարիչ Յիրժի Նոսեկի Հայաստանին նվիրված կտավների ցուցահանդեսին` Հայաստանի Ազգային պատկերասրահում, համերգներին և այլ միջոցառումների կազմակերպմանը:

Նախարար Հերմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համագործակցելու դեսպանության հետ բոլոր մշակութային ձեռնարկների կազմակերպման հարցում, նաև առաջարկեց մշակույթի նախարարության պատմական շենքի ցուցասրահը տրամադրել ցուցադրումների համար:

Նախարարը նշեց, որ շատ բարձր է գնահատում հայ մշակութային ժառանգությունն, ինչպես նաև հայ-չեխական մշակութային կապերը, իսկ մայրաքաղաքներում դեսպանությունների բացման փաստը պետք է էլ ավելի զարգացնի արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և համագործակցությունը:

Երկու կողմերն էլ անդրադարձան Լիդիցեի հուշահամալիրի և Երևանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարներին: Լիդիցեի հուշահամալիր-թանգարանն անց է կացնում ամենամյա միջազգային մանկական ցուցահանդեսներ, որին ավանդաբար, նաև 2014թ. մասնակցել և մրցանակներ են շահել Հայաստանը ներկայացնող երեխաները:

Հանդիպման ավարտին Չեխիայի մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում պատրաստվում է պատասխան այցով Չեխիա հրավիրելու իր հայաստանցի գործընկերոջը (Չեխիայի մշակույթի նախկին նախարար Ալենա Հանակովան Հայաստան է այցելել 2013թ. ապրիլին):

Անկախ

Դեսպան Սեյրանյանի դասախոսությունը Պրահայի Մալոստրանսկա ակադեմիայում

Տիգրան ՍեյրանյանՄարտի 25-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Յարոմիր Շտետինան Լեռնային Ղարաբաղին նվիրված դասախոսություն կարդացին Պրահայի Յան Ներուդայի գիմնազիումի Մալոստրանսկի ակադեմիայի Քաղաքական աշխարհագրության բաժնի ուսանողների և հրավիրյալ վերլուծաբանների համար:

Ձեռնարկի սկզբում ակադեմիայի ունկնդիր, ծագումով արցախցի Անդրեյ Մարտիրոսյանը վիզուալ փաստեր ցուցադրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Այնուհետև դեսպան Սեյրանյանը ներկայացրեց Արցախի պատմությունը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչև վերջին զարգացումները, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյա գործընթացը: Դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Արցախի հիմնահարցի նկատմամբ Չեխիայի հավասարակշված դիրքորոշմանը` շեշտելով, որ այն ձևավորվում և պահպանվում է նաև սենատոր Շտետինայի և այլ քաղաքական գործիչների արդար ջանքերի շնորհիվ:

Չեխիայի խորհրդարանի անդամը, որպես ղարաբաղյան պատերազմի ականատես, միջոցառման մասնակիցներին ներկայացրեց սեփական տպավորություններն ու հուշերը: Զինված հակամարտության տարիներին որպես  լրագրող նա բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Սենատորը պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել բնաջնջել Արցախի հայկական ազգաբնակչությունը, որն իր անկոտրուն կամքի և խիզախության շնորհիվ կարողացավ ազատագրել իր պատմական տարածքները:

Ձեռնարկի ավարտին դեսպանը և սենատորը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

Անկախ