ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի վարչապետին

Արա ՀարությունյանԱյսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին և «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման իրենց նախագիծը, որը, նրանց խոսքով, նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլ նաև մշակութային ու ժամանցային հանգույց: Ա. Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկները՝ կարևորելով դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Ըստ նախագծի՝ Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու աշակերտներին գործնական հմտություններ ստանալ ՏՏ բնագավառում, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, և կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Երևանում առաջին անգամ տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես

տտՄայիսի 30-ին Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես` «Mobile App Expo 2014»-ը:

Ցուցահանդեսին կմասնակցեն մոբայլ ոլորտի ընկերություններ` «Օրանժ Արմենիա»-ն,  «Ինսթիգեյթ Մոբայլ»-ը, «ԱրմԹաբ»-ը, «ԷսԷֆԷլ»-ը, «ԱյԴրամ»-ը, «Սամսունգ»-ն ու այլ ընկերություններ: Կազմակերպությունները կներկայանան խելացի հեռախոսների և սարքերի համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով:  Android  հենքով աշխատող թաբլեթի համար լավագույն ափփը մշակած կազմակերպությունը կստանա մրցանակ`  Samsung Galaxy NotePRO  թաբլեթը:

«Հայաստանում ստեղծվում են  շատ հետաքրքրիր և մրցունակ հավելվածներ: Դրանց ցուցադրությունը նպատակ ունի նաև խթանել  ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների աշխատանքը և փորձարկել ու ծանոթանալ ոչ միայն Հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածներին, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող  տեղական արտադրության մոբայլ ծրագրերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «էմ լաբ էկա»–ի տնօրեն Մարիամ Դավթյանը:

Նա պատմեց նաև ծրագրված միջոցառումների մասին. «Բաց դաս կանցկացվի առաջին դասարանի աշակերտների համար հայկական արտադրության շարժական համակարգիչների` ԱրմԹաբերի օգնությամբ: Կանցկացվի նաև մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար, որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա: Լավագույնները  AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում»:

Ցուցահանդեսին կմասնակցեն նաև ԱՊՀ երկրների մի քանի ընկերություններ.

«Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի տեխնոլոգիական ոլորտն ընդգրկվի հասարակական կյանք, քանի որ հասարակությունը տեղյակ չէ, թե զարգացման ինչ փուլում է գտնվում Հայաստանում այս ոլորտը: Պատահական չէ, որ ցուցահանդեսն անում ենք հանրային տարածքում, բաց տեղում, և մեծ մասնակցություն ենք ակնկալում»,- նշեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:

«Լոկատոր» ընկերության տեղեկատվական վերլուծական համակարգը կնպաստի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը

Locator22014 թվականից Հայաստանի ամբողջ տարածքում կգործի շտապ օգնության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող տեղեկատվական վերլուծական համակարգ, որը ստեղծվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Համակարգի շնորհիվ կիրականացվի ինֆորմացիայի արագ փոխանցում, կհաստատվի անմիջական կապ կանչ ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև, կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա ու կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ:

Ներկայումս կանչի կատարմանը մասնակցում են մի քանի օղակներ` 1-03 դիսպետչեր, ենթակայանի դիսպետչեր և բրիգադ: Այդ գործընթացի ժամանակ առաջանում է ինֆորմացիայի արագ փոխանցման անհրաժեշտություն: Տեղեկատվական վերլուծական համակարգի միջոցով  կանչ ընդունող դիսպետչերը կկարողանա կանչի էլեկտրոնային թերթիկը միանգամից փոխանցել բրիգադին՝ այդպիսով խնայելով ժամանակ: Մեքենաներում տեղադրված պլանշետների միջոցով բիրգադները կարող են ստանալ կանչի թերթիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում դիտել նաև հիվանդի բժշկական անցյալը:

Համակարգը հնարավորություն կտա նաև միօրինականացնել շտապ բուժօգնության ծառայությունների (ՇԲԾ) վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ միասնական տվյալների բազա, ներդնել մշտադիտարկման մեխանիզմ` ՇԲԾ աշխատանքների կազմակերպչական և կլինիկական ոլորտների շուրջ համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2011թ. հունիսից «Լոկատոր» ընկերության առողջապահական մեկ այլ համակարգը՝ “Locator system”-ը, ներդրվել է շտապ օգնության մոտ 60 մեքենաների վրա, ինչը թույլ է տալիս առցանց ռեժիմում ստանալ ինֆորմացիա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության, արագության վերաբերյալ, որի շնորհիվ դիսպետչերները ստացան մեքենայի արագ և ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն:

«Լոկատոր» ընկերության մասին

«Լոկատոր» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Իր իսկ կողմից նախագծված ծրագրային և քարտեզագրական հենքի շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է առաջատար դիրքեր շարժական օբյեկտների արբանյակային վերահսկողության ծառայությունների ոլորտում:

Օգտագործելով կուտակված փորձն ու նորարարական գաղափարները` ներկայումս ընկերությունը ներկայացնում է մի շարք լուծումներ երկրատեղեկատվական /GIS/, առցանց վերահսկողության և հեռահար կառավարման ոլորտներում:

Բոլորովին վերջերս ընկերությունը ներգրավվեց նաև եռաչափ /3D/ մոդելավորման ոլորտ, որտեղ, որպես քարտեզագրության տրամաբանական շարունակություն, ստեղծում և համացանցում /GoogleEarth համակարգում/ ազատ տեղակայում է ՀՀ քաղաքների և նրա շինությունների եռաչափ մոդելները:

Այսօր ընկերությունն ունի նաև ոչ կոմերցիոն ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է ազգային PR-ը, պատմամշակութային և ճարտարապետական կոթողների ներկայացումը համացանցում և զբոսաշրջության զարգացումը:

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է. Տիգրան Սարգսյան

Հայաստան, ՏՏ բնագավառ,Տիգրան ՍարգսյանԵրևանի «Զվարթոնց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):

Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է:«Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:
Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն:
Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:
Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:
«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ:
***
Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ:

 Անկախ

Նախագահն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին,լուսանկարներ

4298

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած մեկ տասնյակից ավելի երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահները, ովքեր շնորհավորել են մրցանակակիրներին և մաղթել նորանոր հաջողություններ:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել է մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ, այս տարի «գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:

Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել նոր հաջողություններ:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

 

 

Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,
Սիրելի՛ ուսուցիչներ,
«Սինոփսիս Արմենիա» ընկերության հարգելի՛ ներկայացուցիչներ,
ԱՄՆ հարգելի՛ դեսպան,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բոլորիդ Նախագահի նստավայրում: Առաջին հերթին շնորհավորանքի և շնորհակալության խոսք եմ ուղղում պարգևների արժանացած մեր երիտասարդներին: Այս պարգևները նվաճելով՝ դուք ապացուցում եք, որ պատրաստ եք ինքնուրույն մուտք գործելու մեծ կյանքի ուղի:

Այժմ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը ձեր ընտանիքներից և նեղ ընկերական շրջապատից դուրս: Եվ այդ առաջին քայլերն ապացուցում են, որ դուք պատասխանատու և հայրենասեր մարդիկ եք մեծանում:

Որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես ձեր ծնողների հետ միասին կիսում եմ այս հաղթանակի բերկրանքը: Իմ, ինչպես և նրանց համար չի կարող լինել ավելի մեծ ձեռքբերում, քան ձեր հաջողությունը:

Միևնույն ժամանակ, դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների և ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները ևս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը: Թո՛ղ նրանք ոչ միայն ձեր օրինակի, այլև իրենց սեփական աշխատանքի շնորհիվ համոզվեն, որ մեկ, երկու, երեք տարի անց արդեն իրենց են ցուցադրելու հեռուստատեսային լուրերով՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում պարգևներ և կրթաթոշակներ ստանալիս:

Դա հնարավոր է, հաստա՛տ հնարավոր է: Խնդրում եմ՝ պատմե՛ք բոլորին դրա մասին:

Սա ձեզանից յուրաքանչյուրի առաջին ձեռքբերումն է, որը դուք ինքներդ եք հնարավոր դարձրել: Եվ ես երախտապարտ եմ ձեզ՝ ձեր ձգտման, համառության, խանդավառության և եռանդի համար:

Ես վստահ եմ, որ այս առաջին պարգևին արժանանալով՝ դուք սրա վրա կանգ չեք առնելու: Արժանանալու եք շատ ավելի մեծ պարգևների: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է:

Դուք այդ լավ սկիզբը դրել եք, իսկ ես և ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչներն ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ազնիվ գործի երկրորդ կեսն էլ իրականություն դառնա: Վստահ եղեք, որ ինչպես այս պարագայում, ձեր կողքին կլինեն Հայաստանի պետական և մասնավոր շատ հաստատություններ՝ ձեզ համար հասու դարձնելով իրենց հնարավորությունները:

Աշխարհում այսօր մարդկային գիտելիքը և տաղանդն ամենաթանկն է գնահատվում: Իսկ դուք այսօր ներկայացնում եք մեր ժողովրդի տաղանդները, մեր ժողովրդի հարստությունը, մեր հասարակության սերուցքը: Ո՛չ մի կասկած չունեմ, որ ի դեմս ձեզ այստեղ է մեր Հայաստան աշխարհի ապագան, լուսավոր ապագան:

Սիրելի՛ բարեկամներ,

Ձեզ շնորհավորելու և մեծարելու այս արարողությանը մենք խնդրեցինք մասնակցել այս օրերին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տարբեր երկրների գիտությունների ազգային ակադեմիաների նախագահներին, ովքեր ժամանել են Հայաստան՝ մեզ հետ կիսելու մեր ուրախությունը՝ կապված Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի հետ: Կարծում եմ՝ ապագա գիտնականների և գիտելիքի ուղով ընթացող պատանիների և աղջիկների համար այս տարիքում սա ինքնին հրաշալի ու խորհրդանշական նվեր է:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներով լի անամպ ճանապարհ, որը նոր հաղթանակներ կբերի ձեզանից յուրաքանչյուրին և մեր ողջ ժողովրդին:

Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են այս ծրագրի իրականացմանը:

Շնորհակալ եմ: