Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով

GishyanՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի մահվան կապակցությամբ:

«Հայտնի տնտեսական գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործադիր տնօրեն, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Ստեփան Գիշյանի անժամանակ մահը ծանր կորուստ, ափսոսանք ու ցավ է բոլորիս համար:

Հանրային խորհրդի սկզբնավորումից ի վեր ներգրավված լինելով խորհրդի կազմում` Ստեփան Գիշյանն իր մեծ ներդրումն է  ունեցել ՀԽ գործունեության մեջ` առանձնանալով իր փաստարկված, համոզիչ, սկզբունքային դատողություններով ու տեսակետներով, խնդիրների համակողմանի ու անաչառ վերլուծությամբ, պրագմատիկ դիրքորոշմամբ:
Որպես փորձառու տնտեսագետ` նա լուրջ ներդրում է ունեցել ՀՀ տնտեսության ոլորտում` իր մասնագիտական բարձր կարողություններն ի նպաստ դնելով հատկապես բանկային ոլորտի կայացման ու զարգացման գործին:
ՀՀ Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին ու հարազատներին և այս դժվարին պահին հայտնում մեր զորակցությունը»:

Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ

Վազգեն-ՄանուկյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և ՀԽ անունից ցավակցագիր է հղել անվանի քանդակագործ Արա Շիրազի մահվան կապակցությամբ:

«Կյանքից հեռացավ մեր ժամանակների խոշորագույն քանդակագործներից մեկը` անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը:

Իր ուրույն մտածողությամբ, թարմ ու ինքնատիպ ձեռագրով նա հասցրեց խորը հետք թողնել հայ կերպարվեստի պատմության մեջ` ցավոք չհասցնելով կյանքի կոչել շատ ու շատ յուրօրինակ մտահղացումներ:

Նրա հեղինակած արձաններն ու հուշակոթողները մեր երկրի զարդն ու հպարտությունն են, իրապես բարձրարժեք մշակութային ժառանգություն:

Արա Շիրազը ոչ միայն յուրօրինակ արվեստագետ էր, այլև հրաշալի մտավորական: Նա այն մարդկանցից էր, որոնք իրենց գոյությամբ լույս են պարգևում, իսկ հեռանալով` իրենց հետ տանում մի կարևոր մասնիկ մեզանից:

Հանրային խորհրդի և իմ անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,-ասվում է ցավակցագրի մեջ:

 

Անկախ