Նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Արմեն Մազմանյանի և Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ. «Արմեն Մազմանյանը մեծ ներդրում ունեցավ հայ թատերարվեստի զարգացման գործում` իր նորարարական մոտեցումներով: Հմուտ կազմակերպչի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ղեկավարելիս: Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:

Անժամանակ կորստի այս ծանր պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Արմեն Մազմանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և մերձավորներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահ Սերժ Սարգսյանն  ցավակցական հեռագիր է հղել  նաև արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խոր ցավով տեղեկացա արձակագիր Լևոն Խեչոյանի մահվան մասին: Կյանքից անժամանակ հեռացավ արդի հայ արձակի ամենավառ անհատականություններից մեկը:

Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:

Իմ ցավակցությունն եմ հայտնում Լևոն Խեչոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ինչպես նաև նրա ստեղծած գրական երկերի բազմահազար ընթերցողներին»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ: Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է.

«Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Նախագահ Նիկոս Անաստասիադիսին

հհ նախագահի կարգադրություն

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ Կիպրոսի Հանրապետության նախկին Նախագահ Գլավքոս Քլերիդեսի մահվան կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեծ կիպրացու և հայրենանվեր գործչի ավանդն ու անձնվեր առաքելությունը Կիպրոսի պետականության ամրապնդման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի կայունացման ու բարգավաճման գործում, ինչպես նաև նրա անձնական ներդրումը հայ-կիպրական դարավոր բարեկամության զարգացման ու ընդլայնման գործում, նրա բարեհաճ վերաբերմունքը Կիպրոսի հայ համայնքի նկատմամբ: «Քլերիդեսների ընտանիքի և Կիպրոսի եղբայրական ժողովրդի հետ են մեր աղոթքներն ու խոհերը»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի և Իրանի նախագահներին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին:

Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի մահվան պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահն իր վշտակցությունն է հայտնել բարեկամ Լիբանանի և Իրանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: