Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

unnamed (14)Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  հոգեհանգստի պատարագ, որից հետո տեղի ունեցավ բազմահազարանոց քայլերթ դեպի Ապրիլ 24-ի հուշարձան` Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Բուշ Դյու Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ Գի Տեսիեի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սըրմաքեշի և Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ: Այնուհետև ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառումներին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակութային, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ և հազարավոր ֆրանսահայեր։

Նույն օրը Լիոնի Հայ առաքելական եկեղեցում մատուցված սգո պատարագին հաջորդեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ հավաք Լիոնի Բելկուր հրապարակին հարող Հայոց ցեղասպանության հուշարձանի մատույցներում: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ռոն-Ալպ շրջանային խորհրդի, տեղական  իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ, հազարավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

unnamed (15)

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Նիս, Գրենոբլ, Սեն-Շամոն, Վալանս, Սենտ-Էտիեն, Էքս-ան-Պրովանս, Բուկ Բել Էր, Կանն, Դրագինյան, Գարդան, Ռոքբրյուն սյուր Արժանս, Սեն-Ռաֆաել, Թուլոն, Բիարից, Բորդո, Կլերմոն-Ֆերան, Մոնտելիմար, Մոնպելյե, Ստրասբուրգ, Թուլուզ քաղաքներում: Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում ընթացող Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 27-ը:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թեհրանում

unnamed (12)Թեհրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց ապրիլի 22-ին Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, Թեհրանի Հայոց Հասարակական միության սրահում տեղի ունեցած հանդիպմամբ, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի Մեջլիսի պատգամավորներ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, իրանահայ համայնքային կառույցների ղեկավարներ, պարսիկ մտավորականներ:

Հադիպմանը ելույթ ունեցավ Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ով իրանցի հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության իրողությունը և դատապարտեց թուրքական իշխանությունների որդեգրած ժխտողական քաղաքականությունը:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն՝ Թեհրանի առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ տեղադրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժաղնող հուշակոթողին: Արարողության մասնակցեց Իրանում ՀՀ դեսպանը: Միջոցառմանը ներկա գտնվեցին և Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի, Լիբանանի և Ուրուգվայի դեսպանները, ինչպես նաև ներկայացուցիչներ Թեհրանում հավատարմագրված այլ դեսպանություններից:

Հիշատակի արարողությունը եզրափակվեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի կողմից մատուցված հոգեհանգստյան պատարագով:

Ապրլիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնում, որին ներկա էին բազմահազար թեհրանահայեր: Միջոցառմանը ելույթ ունեցան դեսպան Առաքելյանը, Թեհրանի Հայոց թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը, իրանահայ համայնքի հասարակական և մշակութային գործիչներ:

unnamed (13)

Իր խոսքում դեսպան Առաքելյանը նշեց. «Այսօրվա խորհուրդն ընկալելի է բոլորիս համար, քանի որ մեր ցավն ընդհանուր է: Մեզ միավորող վիշտն այնքան մեծ է ու ահռելի, որ անգամ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ի զորու չէ մեղմացնել այդ ցավը»:

«Ընդամենը տասներկու ամիս անց մենք բոլորելու ենք հարյուրամյակը և ավելի նպատակամղված առաջ ենք գնալու մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեկընդմիշտ ու բոլոր ատյաններում դատապարտելու պահանջատիրությամբ: Մոտալուտ հարյուրամյակը խուճապի մեջ է գցել պատմության ընթացքը փոխել ցանկացողներին, ովքեր ամեն օր մեծացնում են փաստերի խեղաթյուրման՝ օր օրի արժեզրկվող իրենց զինանոցը: Մենք բազմիցս ասել ենք, և չենք զլանա կրկնելուց, որ մեր պահանջը հստակ է՝ Հայոց Ցեղասպանությունը պետք է ստանա իրավական, քաղաքական և բարոյական համապատասխան գնահատական միջազգային հանրության կողմից»,- իր ելույթը եզրափակեց դեսպան Առաքելյանը:

Արարողության ավարտին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոնի սաները ցուցադրեցին բեմականացված ներկայացում՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում

unnamed (11)Ապրիլի 25-ին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչպես նաև  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների և ողջ հայության համատեղ ջանքերը, կարևորեց պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:

Ելույթներ ունեցան նաև ԱՄԷ-ում և Քաթարում Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Սարգսյանը

Երեկոյի վերջում Աբու Դաբիում ՀՀ դեսպանության բակում տեղի ունեցավ մոմավառություն, որին հետևեց Մեծ եղեռնի զոհերի հոգեհանգստի կարգ:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ ԱՄԷ-ում տեղի ունեցան մի շարք այլ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 24-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն: Մեծ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատռուցվեց նաև Աբու Դաբիի նորակառույց Սբ. Նահատակաց եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև, իսկ նույն օրը՝ երեկոյան, Շարժայի համալիրի «Պիեր Քեոսայան» դահլիճում Հայաստանից ժամանած դերասանների կողմից ներկայացվեց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Կոմիտաս՝ հավերժ ճամբորդ» բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Աննա Մայիլյանի և Սարգիս Նաջարյանի, ինչպես նաև Գայանե Գրիգորյանի և Համասփյուռ Մանուկյանի մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

g_imageԱպրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցեց Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը:

 Իր ելույթում դեսպան Սահակյանը նշեց, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ ժողովրդի կենսունակությունը: Ելույթներով և հոգեհանգստյան աղոթքով հանդես եկան Ղազախստանում Հայ Առաքելական եկեղեցու քահանա տեր Մարկոս Սարգսյանը և Ռուս ուղղափառ եկեղեցու Ուստ-Կամենոգորսկի և Սեմիպալատինսկի արքեպիսկոպոս Ամփիլոքիոսը:

Քաղաքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ներկաները ծաղիկներ զետեղեցին և, ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, հնչեցվեցին Սուրբ Երրորդության ռուս ուղղափառ եկեղեցու զանգերի ղողանջները:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի ու շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը:

unnamed (10)Հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների կողմից ԱՄՆ-ի Հայկական եկեղեցու արևելյան թեմի ներկայացուցիչ, Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, բարձր գնահատելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում իրականացված ջանքերը, ընդգծեց, որ միայն միասնական հետևողական գործունեությամբ է հնարավոր հաղթահարել Թուրքիայի բութ ժխտողականության և լռության պատը: