Վարչապետն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն, Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակին արժանացած Ցուգիո Մակիմոտոյին: Տիգրան Սարգսյանը շնորհավորելով Ցուգիո Մակիմոտոյին ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու կապակցությամբ՝ նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ նման հեղինակավոր անձնավորությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան մեծ ուշադրության է արժանացել մեր հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում, ինչը կնպաստի ՏՏ բնագավառի և հետազոտությունների իրականացման նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը»:

Ցուգիո Մակիմոտոն ողջունել է ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի նկատմամբ մեծ ուշադրություն ցուցաբարելու հանգամանքը և նշել, որ այդ բնագավառն այսօր համաշխարհային տնտեսության առաջնային ուղղություններից մեկն է: Ցուգիո Մակիմոտոն համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեծ հեռանկարներ կան և կարևորել է նաև ճապոնական ընկերությունների հետ համագործակցության ծրագրերի իրականացումը:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի սերտացման հեռանկարները և մտքեր փոխանակել ՀՀ-ում ՏՏ բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ:

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակի հանձնման արարողությունը

Սերժ Սարգսյան,Ցուգիո Մակիմոտո, տիկին Կումիկո Մակիմոտո,մրցանակ

 Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները՝ վստահություն հայտնելով, որ տարիներ անց կարձանագրվի, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային տեխնոլոգիական գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր ու հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, կգան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Հայաստանի մրցակցային առավելությունները, Հովիկ Մուսայելյանի խոսքով, սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Իր խոսքում մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահը մեջբերել է նաև 2011թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հանրահռչակ Սթիվ Վոզնյակի խոսքերը. ՙՉկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, բայց այս մրցանակն ինձ համար հավասար է Նոբելյանին, այն ստանում եմ Հայաստանի Նախագահից և հպարտ եմ դրա համար՚:

Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոյի կենսագրությունը:

Ընդունելությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտում նշանակալի հաջողությունների հասած իր հայրենակցի՝ աշխարհահռչակ Ցուգիո Մակիմոտոյի վաստակը Հայաստանի կողմից գնահատելու և նման բարձր մակարդակով մրցանակի արժանացնելու համար, ինչը, նրա համոզմամբ, վկայում է հայ-ճապոնական դինամիկ զարգացող ամուր բարեկամական հարաբերությունների մասին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու կապակցությամբ, ներկայացրել իր գործունեությունը և խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման ժամանակ

 

Հարգելի՛ պարոն Մակիմոտո,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր ես հաճելի պարտականություն եմ կատարել` դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին հանձնել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը: Դոկտոր Մակիմոտոն Ճապոնիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ամենաակնառու դեմքերից է: Նա հեռատես է այնքան, որ նրա պատկերացումներն ու առաջարկները միշտ էլ առաջ են անցել ժամանակից: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել մարդկանց և նույնիսկ մասնագետների մոտեցումները հեղափոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Սմարթ քարտերը, Սմարթ հեռախոսները, էլեկտրոնային գրքերը և այլն: Դրանց ակունքներում նաև պարոն Մակիմոտոյի գաղափարներն են:

Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը և իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ: Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլև նրա հայրենիքին` Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ: Մենք վկան եղանք Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի, և հատկապես այն փաստի, թե ինչպիսի տոկունությամբ է ժողովուրդը կանգնում բնության տարերքի դեմ և ինչպիսի կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ է բուժում իր վերքերը: Բազում երկրաշարժեր տեսած մեր երկրի ու ժողովրդի համար դա իսկական դաս էր:

Ճապոնիայի տնտեսական և տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են և ուսանելի ոչ միայն մեր, այլև աշխարհի համար: Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի և հաջողակ մարդկանց վրա: Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ և օրինակներ: Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է:

Հարգարժա՛ն պարոն Մակիմոտո,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Համոզված եղեք, որ, Ձեր հայտնաբերած «Մակիմոտոյի ալիքը», եթե պատկերավոր արտահայտվենք, կտրել է ծովեր ու օվկիանոսներ և հասել է Հայաստան: Մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող բնագավառն է, և մենք լուրջ հույսեր ենք կապում այս հեռանկարային ճյուղի հետ: Ձեզ նման մարդկանց շնորհիվ այսօր աշխարհում բոլոր գործընթացները, այդ թվում` և քաղաքական, ձեռք են բերել նոր արագություններ: Այսօրվա երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե վաղը ինչ նոր մասնագիտություններ են ի հայտ գալու: Այս պայմաններում մեծանում է առանց բացառության բոլորի պատասխանատվությունը, որը մեզ առաջնորդում է քայլել ժամանակին համընթաց:

Հարգարժա՛ն դոկտոր Մակիմոտո,

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք այստեղ ուրախանալու ենք:

Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Շնորհակալ եմ նաև Ձեր այն աշխատանքի համար, որ այս 10-12 օրերի ընթացքում Դուք կատարելու եք Հայաստանում:

Շնորհակալություն:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոյին շնորհվեց ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում

9Սթ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2013թ. մրցանակակիր, «Հիտաչի» ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և «Հիտաչի» ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո Վիժն» ընկերության նախագահ դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին։

Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Ցուգիո Մակիմոտոյի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Ցուգիո Մակիմոտոյին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:

Այդ կապակցությամբ հրավիրված Ռեկտորատի արտահերթ նիստը բացեց ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը, ով իր ներածական խոսքում ի մասնավորի ասաց. “Արդեն ավանդույթ է դարձել ճարտարագիտական համալսարանի հարկի ներքո հյուրընկալել համաշխարհային այնպիսի անձնավորությունների, որոնք նշանակալի ներդրում ունեն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման գործում: Պոլիտեխնիկի պատվավոր դոկտորների շարքում են ինչպես Հայաստանի գիտնականներն ու գործիչները, ովքեր մեծ ավանդ ունեն համալսարանի զարգացման հարցում, այնպես էլ օտարերկրացի այն գիտնականները, որոնց աշխատանքները համաշխարհային գիտական կյանքում մեծ արժեք են ներկայացնում։ Շնորհավորում ենք Ցուգիո Մակիմոտոյին ՀՊՃՀ պատվավոր դոկտորի բարձր կոչմանն արժանանալու առթիվ”: Ռեկտոր Արա Ավետիսյանը Ց. Մակիմոտոյին և նրա տիկնոջը ներկայացրեց ՀՊՃՀ ձեռքբերումների տարեգրությունը՝ շեշտը դնելով համալսարանի զարգացման ծրագրերի և ՏՏ ոլորտում կատարած գիտական ու նորարարական աշխատանքների վրա։

Այցի շրջանակներում Ցուգիո Մակիմոտոն հանդես եկավ մասնագիտական ուշագրավ դասախոսությամբ՝ «Կիսահաղորդչային  նորարարություններ և ՏՏ հեղափոխություն» թեմայով։ Ներկայացնելով իր մասնագիտական կյանքը, որը նվիրված է կիսահաղորդչային բնագավառին, նա խոսեց կիսահաղորդիչների և ՏՏ զարգացման վաղ շրջանի, ներկայի և ապագա տասնամյակների իր կանխատեսումների մասին: Նրա կարծիքով կիսահաղորդիչները փոքր քարեր են, որոնք ոչ մի օգուտ չեն տա, եթե չլինեն տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց համար կիսահաղորդիչները էներգետիկ աղբյուր են։

Ցուգիո Մակիմոտոն, տիկնոջ և Արա Ավետիսյանի հետՑուգիո Մակիմոտոյի հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն են տվել նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին: Նա իր ելույթում անդրադարձավ «Մակիմոտոյի ալիքին», պատվիրված ու ստանդարտ սարքերին և չփոփոխվող դինամիկ հիշողությանը։

Իր ելույթում Ցուգիո Մակիմոտոն շնորհակալություն հայտնեց համալսարանին իր գործունեության գնահատման և իրեն ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու համար` նշելով, որ այսօր իր կյանքի լավագույն օրերից մեկն է: “Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը առաջնահերթ խնդիր է համարվում։ Սա ուրախալի է ինձ համար, քանի որ այն առաջնահերթ է նաև Ճապոնիայում: Ես կարևորում եմ ՏՏ ընկերությունների և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, ինչն արդեն նկատելի է այստեղ”,-ընդգծեց պարոն Մակիմոտոն:

 

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին