Նամակ ՀՀ-ում եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին

աֆրիկյաններԵվրոպայի խորհրդի գրասենյակ

Պրն. Օլեքսանդր Պավլյուկ, գրասենյակի ղեկավար

 

Եվրոպական միության պատվիրակություն

Ն.Գ. պրն. Տրայան Հրիսթեա, դեսպան, պատվիրակության ղեկավար

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Ռայներ Մորել, արտակարգ և լիազոր դեսպան

 

Իտալիայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Ջովաննի Ռիչուլլի, արտակարգ և լիազոր դեսպան

 

Լեհաստանի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Զդիսլավ Ռաչինսկի, արտակարգ և լիազոր դեսպան

 

Լիտվայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Էրիկաս Պետրիկաս, արտակարգ և լիազոր դեսպան

 

Հունաստանի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Իոաննիս Տայիս, արտակարգ և լիազոր դեսպան

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն

Ն.Գ. տկն. Քեթրին Ջեյն Լիչ, արտակարգ և լիազոր դեսպաններ

 

Շվեդիայի Թագավորության դեսպանություն

Ն.Գ. տկն. Դիանա Յանսե, արտակարգ և լիազոր դեսպան

 

Շվեյցարիայի դեսպանություն

Ն.Գ. պրն. Լուկաս Գասսեր, արտակարգ և լիազոր դեսպան

 

Ռումինիայի դեսպանություն

Ն.Գ. պրն. Սորին Վասիլե, արտակարգ և լիազոր դեսպան

 

Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Անրի Ռենո, արտակարգ և լիազոր դեսպան

 

Պրն. Թիմոթի Դեյվիդ Սթրայթ, պատվավոր հյուպատոս

Նորվեգիայի թագավորություն, Ֆինլանդիա

 

Պատճենը՝ լրատվամիջոցներին

 

17.06.2014

Մեծարգո դեսպաններ,

 

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության անունից ձեր ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ ՀՀ կառավարությունը փորձում է խախտել 21.10.2008թ-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան (Գրանադա, 3.10.1985): Մասնավորապես, խախտվում է վերոնշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որի համաձայն. “Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելելպահպանվողորևէհուշարձանիամբողջականկամմասնակիտեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…”:

Աֆրիկյանների ակումբի շենքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցներից է, որը ներառված է պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՀՀ կառավարության 7.10.2004թ N 1616-Ն որոշման հավելված 2-ի համաձայն շենքը ենթակա էր տեղափոխման: Սակայն վերոնշյալ կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ Սահմանադրության հոդված 6-ից ելնելով՝ Կառավարության այս որոշումը ուժը կորցրած է համարվում:

Մենք խիստ մտահոգված ենք այն փաստով, որ 2011թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը, մասնավորապես Մշակույթի նախարարությունը, շարունակաբար արհամարհում է ՀՀ միջազգային պարտավորություններին հետևելու՝ իր վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու և հուշարձանի պահպանությունն ու վերականգնումն իրականացնելու մեր պահանջները: Ավելին, 2014թ. հունիսի 9-ից սկսած կառուցապատող կազմակերպությունը սկսել է շենքի ապամոնտաժումը: Մի քանի տասնյակ քաղաքացիների, մասնագետների և լրատվամիջոցների ջանքերով առայժմ հնարավոր է եղել կանխել հուշարձանի ապամոնտաժումը: Սակայն վտանգ կա, որ ցանկացած պահի ապամոնտաժման աշխատանքները կարող են վերսկսվել: Մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով՝ իրավական գործընթաց, հանրության իրազեկում և մոբիլիզացում, շենքի մոտ շուրջօրյա հերթապահություն և այլ գործողություններ:

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության մեջ ներգրավված են ակտիվիստներ, մասնագետներ, լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ, որոնք շարունակաբար մասնակցել են մի շարք մշակութային, բնապահպանական, հանրային տարածքի, մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնությունների, մասնավորապես՝ Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը, Պահպանենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունները, Վճարում ենք 100 դրամ նախաձեռնությունը և այլն:

Մենք ձեզ կոչ ենք անում հանդես գալ որպես Գրանադայի կոնվենցիայի երաշխավորներ, մանրամասն ծանոթանալ իրավիճակին և արձագանքել: Արձագանքները կարող են լինել աջակցող հայտարարությունների ու մեդիա միջամտությունների, բանակցությունների, հանրային քաղաքական ճնշման տեսքով և այլ միջոցներով:

Կանխավ շնորհակալ ենք խնդրին ընթացք տալու համար և ակնկալում ենք ձեր շուտափույթ արձագանքը:

 

 

Հարգանքով՝

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն

 

 

 

Բաց նամակ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին

Մաշտոցի պուրակ. հուշատախտակՄեծարգո պարոն Նախագահ,

 

Մեծարգո պարոն Դեսպան,

 

 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երևանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ և հակաժողովրդավարական քայլն է փորձում անել՝ Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով։ Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են:

Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում: Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում: Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:

Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։

Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից։

Հարգանքով,

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն