Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

նիստՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք: Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածի պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքի կառուցումը հրատապ խնդիր է, որը մասնակիորեն կլուծվի կառավարության սույն որոշման իրագործմամբ:
Նիստում հաստատվել է ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների համար վարչական տուգանքի գանձման, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարման և այլ վճարովի ծառայություններից ստացված միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: ՀՀ ոստիկանապետին թույլատրվել է, մասնավորապես, դրամաշնորհներ հատկացնել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին և ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին, իրականացնել գնումներ, այդ թվում՝ ձեռք բերել 14 պարեկային և 37 հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տարածքներ են հանձնվել «Տնտեսական լրագրողների ակումբ», «Մամուլի ազգային ակումբ», «Սեր, ընտանիք», «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում», «Աջակցություն բարեփոխումներին» (10 տարով), «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ֆեմիդա» և «Հակաստվեր» հասարակական կազմակերպություններին:
Կառավարության այլ որոշումներով տարածքներ են հանձնվել «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասում գտնվող կաթսայատան սարքավորումները և արտաքին ջերմացանցը նվիրաբերվել են Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/1 հասցեում գտնվող 927.7 քառ. մետր մակերեսով գույքը և համապատասխան հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Ասպար ԱՐՄՍ» ՍՊԸ-ին: Ակնկալվում է, որ գործարքի շնորհիվ կմեծանա գույքի օգտագործման արդյունավետությունը, կավելանա պետբյուջեի մուտքը:
Գործադիրը որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած ևս 6 ընտանիքի սեփականաշնորհել տարբեր հանրակացարաններում զբաղեցրած բնակելի տարածքները:

Շարադրությունների մրցույթում հաղթեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող հատուկ արհեստագործական ուսումնարանի սանը

unnamedՆոյեմբերի 29-ին ամփոփվեցին «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ի կողմից հայտարարված «Ծխելն այլևս ժամանակակից չէ» խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։

Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ արատավոր սովորությանը։  Նա նկատում է, որ ցանկացած վատ բանի վերջը կարելի է տալ, եթե կա դրա գիտակցումն ու կամքի ուժ։ «Ծխելն այլևս նորաձև չէ» վերնագրված իր շարադրության մեջ unnamed (1)Վիգենը գրում է. «Ծխել նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների, որոնք հանգեցնում են մահվան։ Նորաձևության հետ արդյո՞ք կապված է այս երևույթը, կամ որքանո՞վ կարող է նորաձև լինել գիտակցաբար սեփական առողջության քայքայումը։ Արդյո՞ք նորաձև է հիվանդ մարդը… Պատասխանը միանշանակ է. այն, ինչ ուղղված է մարդու առողջության և բարեկեցության դեմ, կործանարար է, նորաձև լինել չի կարող…»։

Վիգեն Բուդոյանը հակածխախոտային ծրագրի ամփոփիչ ցերեկույթում ներկաներին նվիրեց նաև իր դաշնամուրային կատարումները՝ այդպիսով կոչ անելով երիտասարդներին մշակույթով զբաղվել. այն ավելի օգտակար է, քան սեփական առողջությունը քայքայելը:

Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում շատ անչափահասներ կարոտից, հուզմունքից և այլ դրդապատճառներից ելնելով` ծխում են։ Եվ նման միջոցառումները ծխողներին արատավոր երևույթի մասին խորհելու, վերլուծելու առիթ են տալիս։ Նա նկատում է, որ իրենց ուսումնարանի սաները բացահայտ չեն ծխում. «Մեզանից թաքուն են ծխում։ Դա էլ ինչ-որ տեղ ոգևորող է։ Եթե թաքցնում են, նշանակում է՝ ներքին պատասխանատվություն, հարգանք կա, նաև՝ վատ բան անելու գիտակցում»։

«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագրի շրջանակներում մարզերում գործող 6 միջին մասնագիտական և նախնական ուսումնական հաստատությունների 750 ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները և ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ դեռահասների տեղեկացվածության աստիճանը: Տեղեկատվական արշավների միջոցով  ուսանողների մոտ փորձել են ձևավորել ճշգրիտ կարծիք ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ միևնույն ժամանակ պաշտպանելով «Ծխելն այլևս ժամանակակից չէ» ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն