Իրանն ու Օմանն ընդդեմ Գազայում ծայր առած վայրագությունների

Իրան,ՕմանԵրեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալին:

Զրույցի գլխավոր թեման է եղել Գազայում ստեղծված իրավիճակը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին պահանջել է կանխել սիոնիստական ուժերի հարձակումները Գազայում:
«Իսլամական երկրները պետք է բանակցություններ վարեն և միաբան լինեն Գազայի դեմ Իսրայելի հարձակումների կանխման հարցում: Գազայում կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկների համագործակցությունը՝ ընդդեմ ծայր առած ծայրահեղականության: Նկատի առնելով Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ այդ վարչակարգի անմարդկային ու վայրագ հարձակումների շարունակական բնույթը` իսլամական աշխարհը պետք է ավելի ակտիվ լինի` սիոնիստների հարձակումներին ենթարկվող պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը:
Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալի ասել է, որ այս պայմաններում մահմեդական աշխարհը պարտավոր է Իսրայելի հարձակումներից պաշտպանել Պաղեստինի ժողովրդին:
Նա կարևորել է Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:
«Գազայում հրադադարի հաստատման համար ամբողջ աշխարհը պետք է գործի դնի իր ջանքերը»,- նշել Օմանի խորհրդարանի նախագահը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Օմանի նորանշանակ դեսպանը

սերժ սարգսյան, Իսսա Ալի Ալ Զադջալի

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին:

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր Հայաստանի և արաբական երկրների միջև հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է, և Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների, այդ թվում՝ Օմանի Սուլթանության հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման համար ՀՀ Նախագահը և Օմանի դեսպանը կարևորել են իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում՝ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում համագործակցությանն ուղղված մի շարք փաստաթղթերի նախագծեր:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը ու Յուսուֆ Իսսա Ալի Ալ Զադջալին անհրաժեշտ են համարել նաև Հայաստանի և Օմանի միջև բազմակողմ՝ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության զարգացումը:

Անկախ