Գրողների միության հիմնադրման 80-ամյակի առթիվ մի խումբ գրողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

Հովիկ աբրահամյանՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է.«Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական գաղափարախոսության կերտման գործում։ Միության անցած ստեղծագործական ճանապարհը հեշտ չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական, հայրենիքի նվիրյալ»։Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ միությունն ստեղծվել է դժվարին շրջանում, հայրենի գրականության նվիրյալներ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուսների ջանքերով, իսկ հետագա սերունդները շարունակել և զարգացրել են նրանց ստեղծած գրական ավանդույթները՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր երկրի անկախության վերականգնումից հետո։
«Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։ Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀԳՄ-ն իր ստեղծագործական ներուժով՝ ի դեմս բանաստեղծների ու արձակագիրների, ձեռնամուխ կլինի այդ բարձր առաքելության իրականացմանը։ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած ժամանակակից տեխնոլոգիաների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աննախադեպ զարգացմանը, տպագիր գիրքը մշտապես կմնա ընթերցողի հավատարիմ ուղեկիցը և կնպաստի մտավոր ու հոգևոր աշխարհի հարստացմանը: Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակում մշտապես աջակցելու է միությանը և ստեղծագործական հաջողություններ ու քաջառողջություն մաղթել գրողներին:
Հայ գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար և Հայաստանի գրողների միության 80-ամյակի առթիվ Հովիկ Աբրահամյանը ՀԳՄ անդամներ, արձակագիրներ Վահագն Մուղնեցյանին, Նելլի Շահնազարյանին, Սաթենիկ Մկրտչյանին, Թադևոս Տոնոյանին, Վահան Սևանին և Ռաֆայել Սահակյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: ՀՀ կառավարությունը Հայաստանի գրողների միությանը նաև նվիրել է ծառայողական ավտոմեքենա:

 

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում Վիեննայում

Ֆրանց Վերֆել,«Մուսա լեռան 40 օրը», 80-ամյակ,ՎիեննաԱվստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի» խորագրով միջոցառման կազմակերպմանը իրենց օժանդակությունը բերեցին Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող Ռադիո-Կուլտուրհաուսի խմբագրությունը, Ավստրիայի Ազգային գրադարանը, Ավստրիայի գրական ընկերությունը և «Ֆրանց-Վերֆել» կոմիտեն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանն արժեվորեց Վերֆելի վեպի պատմական և գեղարվեստական նշանակությունը հայ ժողովրդի հերոսական պայքարի հավերժացման և այդ պայքարի առնչությամբ համամարդկային արժեհամակարգի բարձր նշաձողի սահմանման տեսակետից: Ավստրիայի կառավարության անունից ներկաներին ողջունեց Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կազմում գործող մշակութային վարչության տնօրեն, նախարարական խորհրդական Օլիվեր Հենհապելը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս և Վուպպերթալի Արմին Թեո Վեգներ ընկերությունների վարչությունների անդամ Համո Պետրոսյանը: Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ ձեռքբերված նոր տեսանյութերի մասին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանը: Վերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ տոնական ելույթով հանդես եկավ Զալցբուրգի և Վիեննայում գործող Լոնդոնի համալսարանի դասախոս, գրականագետ պրոֆեսոր դոկտոր Ռյուդիգեր Գյորները:

Միջոցառման երկրոդ մասում Հայոց ցեղասպանության, Ֆրանց Վերֆելի վեպի շուրջ կազմակերպվեց կլոր սեղան քննարկում և մտքերի փոխանակություն՝ Ավստրիայի գրական ընկերության և Ֆրանց-Վերֆել կոմիտեի նախագահ, գրող դոկտորր Մարիանա Գրուբերի, Ֆրանց-Վերֆել կոմիտեի փոխնախագահ, պատմաբան, ցեղասպանագետ դոկտորր Արտեմ Օհանջանյանի,  Ավստրիայի Ազգային գրադարանի Ձեռագրերի և հնատիպ հրատարակությունների հավաքածուի տնօրեն դոկտոր Անդրեաս Ֆինգերնագելի մասնակցությամբ:

Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր նաև Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց միջոցառման շրջանակներում:

Վերֆելի վեպից հատվածների ընթերցմամբ հանդես եկավ ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը:

Հանդիսության վերջում Ավստրիայում Հայաստանի դեսպան Կիրակոսյանը ավստրիացի, գերմանացի, ավստրահայ և գերմանահայ շուրջ մեկ տասնյակ մտավորականների հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած Վերֆելի վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված հուշամեդալներ, կատարվեց հատուկ այս միջոցառման համար հրատարակված Վերֆելի դրոշմանիշով բացիկների մարման խորհրդանշական արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, Կրթության, արվեստի և մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնատարներ, Հայաստանում Ավստրիայի դեսպան դոկտո. Ալոիս Կրաուտը, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներ, մտավորականներ, պատմաբաններ, գրականագետներ, լրագրողներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: