Ապրիլի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի մի հողատարածքում նռնակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆ-1» նռնակի նմանվող անհայտ տիպի նռնակի իրան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 13-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 49-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել քարաժայռին, ինչի հետևանքով վարորդը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը Աշտարակի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես C 240» և «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը, «Մերսեդես C 240»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136 կմ-ին «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա է վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Լուսինե Թ.-ին և նույն ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «Յամահա» մակնիշի 2 մոտոցիկլետ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Վարձակալը գողություն է կատարել
Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ին, 1976 թ. ծնված Զարուհի Դ.-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իր տանը վարձակալական հիմունքներով բնակվող ոմն Քրիստինե ապրիլի 11-ին, ժամը 13.00-ին, կոտրելով է իրեն վարձակալության տված սենյակի պատուհանի ապակին` մտել է մեկ այլ սենյակ և գողացել գորգ, վարագույր, սեղանի ծածկոց, անկողնու 2 ծածկոցներ, բաժակներ` պատճառելով 130.000 դրամի վնաս:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քրիստինեն 1979 թ. ծնված Քրիստինե Ղ.-ն է, որը նույն օրը, ժամը 20.00-ին, հրավիրվել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 11-ից 14-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, ավազակային հարձակման` 2, խուլիգանության 1 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դանակահարություն շքամուտքում
Ապրիլի 12-ին, ժամը 18.50-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1998 թ. ծնված Էդիկ Մ.-ն:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 137 շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկում, վիճաբանության ժամանակ, Էդիկ Մ.-ին իր մոտ եղած դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն:
Էդիկ Մ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Գարիկ Դ.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
Հրապարակվել է 2014 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարողականը
2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 139.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 2.3%‑ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի, շրջանառության հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 92.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 7.4%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը հունվար-փետրվարի տվյալներով եկամուտների գծով կազմել է 66.3% և ծախսերի գծով՝ 52.4%: ՀՀ 2014 թվականի հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 6%‑ով կամ 8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 65.9%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտները գրեթե չեն փոփոխվել:
Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 10.4 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 50.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին եռամսյակի գնահատման և վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած երեք ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Եռամսյակային ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:
Անդրադառնալով գնահատման և վերլուծության արդյունքներով բարձր ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների կատարած աշխատանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հետևողական աշխատանքի համար, այդուամենայնիվ հորդորել է չբավարարվել ձեռքբերածով՝ հատկապես հաշվի առնելով, որ անելիքներ դեռ շատ կան և պետք է առավել հետևողական աշխատանք տանել ցուցանիշներն էլ ավելի բարելավելու ուղղությամբ: Իսկ ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները. «Վարչական շրջանների աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներն, ըստ էության, ձեր աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքի արտացոլումն են: Ու եթե մեկ կամ երկու օղակ թերանում են իրենց աշխատանքում, դա բացասաբար է անդրադառնում նաև վարչական շրջանի կողմից կատարվող ընդհանուր աշխատանքների վրա: Սա ձեզ մտորելու լուրջ տեղիք պետք է տա, որ համապատասխան քայլեր ձեռնարկեք թերացող օղակի աշխատանքն արագ շտկելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես, պետք չէ խուսափել տույժեր կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր թերանում են իրենց պարտականությունները պատշաճ կատարելիս: Ի վերջո մեր համաքաղաքացիները մեզանից ակնկալում են արդյունավետ ու նպատակային աշխատանք, այլ ոչ թե անվերջ ներողամտություն թերացողների նկատմամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մեկ անգամ ևս անդրադառնալով տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու նպատակով պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Վարչական շրջանների ղեկավարներին ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել, որպեսզի դրական արդյունքներ գրանցվեն քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ վերոնշյալ գնահատումից բացի, վարչական շրջանների կատարած աշխատանքի արդարացի գնահատականը տալիս են նաև երևանցիները: Ուստի քաղաքապետը հանձնարարել է աշխատել այնպես, որ մայրաքաղաքի բնակիչները չդժգոհեն կատարված աշխատանքի արդյունքից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սերգո Կարապետյանը խորհրդակցություն է հրավիրել
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ կապված տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց, պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Այդ թվում՝
Ø Գարնան գյուղատնտեսական աշխատանքների գրաֆիկների պահպանումը։
Ø Ցրտահարությունից տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու ՀՀ կառավարության որոշման պահանջների կատարումը։
Ø Սերմացուի, դիզելային վառելիքի և պարարտանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման ժամկետների ապահովումը։
Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ապրիլի 15-ից մարզերում սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմնացուի բաշխման աշխատանքները։
Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին, նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։
Կայացել է կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39121155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 232 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 112 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 302 666 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0294 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0830 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:
Գիշերօթիկ հաստատությունում չարաշահումների վերաբերյալ բաց նամակի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու, երեխաների սննդի գումարները յուրացնելու մասին անանուն բաց նամակի հիման վրա ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Անկախ»-ին հաղորդել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Անկախ»-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ վերջերս հրապարկել էին Բյուրեղավանի խնամքի կենտրոնի աշխատակիցների բաց նամակը, որում հեղինակները պնդում են, որ կենտրոնի տնօրենը բազմիցս խախտել է թե´ աշխատակիցների , թե´ երեխաների իրավունքները:
Ըստ նամակի` տնօրեն Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքել է նամակում ներկայացված բոլոր մեղադրանքները:
«Անկախ»-ը շարունակում է հետևել այս գործի զարգացմանը: Մեր ստացած բոլոր տվյալները կհրապարակվեն շուտով:
Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ նորանշանակ վարչապետին: «Ինչպես գիտեք, երեկ ես ՀՀ վարչապետ եմ նշանակել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին՝ Հովիկ Աբրահամյանին՝ Ազգային ժողովի նախագահին ու նաև ՀՀԿ նախագահի տեղակալին: Երեկ մամուլը մեր հանրությանը հանգամանորեն ներկայացրեց բոլոր գործընթացներն ու նաև այն խնդիրները, որ վարչապետը և նոր կառավարությունը պետք է լուծեն: Վարչապետի նշանակումից հետո կառավարությունը շարունակում է կատարել իր աշխատանքները, և կառավարության անդամներին խնդրում եմ, որպեսզի բարեխղճորեն և պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտականությունները: Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք: Ինձ մնում է մեկ անգամ ևս շնորհավորել պարոն Աբրահամյանին և ցանկանալ նրան հաջողություն: Շնորհավորում եմ»,-ՀՀ կառավարությունում ներկայացնելով վարչապետին՝ ասել է Հանրապետության Նախագահը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին վստահության համար և խնդրել գործող կառավարության անդամներին մինչ նոր կառավարության ձևավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը. «Պարո՛ն Նախագահ, կցանկանայի իմ գործընկերներին ասել, որ մենք որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն Նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաև այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր: Շնորհակալ եմ»,-ասել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: |
Զենք-զինամթերք` կամավոր
Ապրիլի 10-ին, ժամը 18.40-ին, 1966 թ. ծնված Մուշեղ Հ.-ն ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն հրացան, 5,45 մմ տրամաչափի 87 և 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ:Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Ապրիլի 10-ին, ժամը 10.30-ին, 1956 թ. ծնված Մանվել Խ.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նույն օրը, ժամը 11.20-ին, 1985 թ. ծնված Գևորգ Կ.-ն նույն բաժնում կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի ձեռքի 2 նռնակ` առանց պայթուցիչի և 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ապրիլի 10-ին, ժամը 15.30-ին, 1963 թ. ծնված Կամո Թ.-ն ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր հանձնել է «Իժ-18E» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ապրիլի 10-ին, ժամը 15.30-ին, 1987 թ. ծնված Մխիթար Չ.-ն ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 67 և «Կարաբին» տիպի հրազենի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և 2 դատարկ պահունակ:
***
Ապրիլի 9-ին, ժամը 11.45-ին, 1966 թ. ծնված Արթուր Ն.-ն ոստիկանության Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է «Տուլա» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 22000 ծառ ու թուփ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիից Անկախին հայտնեցին, որ ապրիլի 12 ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է
17064 ծառ և 4780 թուփ: Երևանը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ աշխատանքին ներգրավվել են վարչական շրջանների կանաչապատման ու սանմաքրման ընկերություններ, պետական ու մասնավոր կառույցներ, կրթական հաստատություններ ու առողջապահական ձեռնարկություններ, երևանցիներ: Վարչական շրջաններում գործարկվել է 308 միավոր հատուկ մեքենասարքավորում: Կանաչ տարածքները մաքրելուց ու բարեկարգելուց հետո մայրաքաղաքի աղբավայրեր է տեղափոխվել շուրջ 1300 տոննա աղբ:
Զենք-զինամթերք` «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 10-ին, ժամը 11.05-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում օդանավակայանի հանրակացարանի աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 7,62 մմ տրամաչափի` 42, 5,45 մմ տրամաչափի` 82, 9 մմ տրամաչափի` 10 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 16 փամփուշտ, խոշոր տրամաչափի «ԴՇԿ» տիպի 2 փամփուշտ, նռնակի պայթուցիչ`«ՈւԶՌԳՄ» և 600 գ «Տրոտիլ»:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Խանութի ապակին կոտրել և գողություն էր կատարել, իսկ սեփականատերը պարտավորեցրել էր վերադարձնել պատճառված վնասի գումարը
Ապրիլի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բերման էին
ենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 04.00-ի սահմաններում, կոտրելով Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների խանութի ապակին` գողացել է 2 «Պլանշետ» և 2 բջջային հեռախոս:
Խանութի սեփականատերը Վոլոդյա Զ.-ին պարտավորեցրել է վերադարձնել գողացված ապրանքի և խանութի կոտրած ապակու ողջ գումարը: Վերջինս վերադարձրել է 470.000 դրամ` գողացված ապրանքների դիմաց և 250.000 դրամ` կոտրած ապակու համար, որպես փոխհատուցում:
Կատարվում է հետաքննություն:
Բնակարանային գողությունների հեղինակը Վրաստանի քաղաքացի էր
2013 թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով` 1963 թ. ծնված Ժենյա Ե.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 1 միլիոն 15 հազար դրամի վնաս:
2014 թ. ապրիլի 9-ին հաղորդվել էր Վրաստանի քաղաքացիներ`1979 թ. ծնված Գեորգի Գ.-ին և 1979 թ. ծնված Դեմուրի Գ.-ին «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված ոսկյա զարդերի գողությունը կատարել է Գեորգի Գ.-ն, որը ձերբակալվել է:
***
2013 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Լենինգրադյան փողոցի 30 շենքի բնակարաններից մեկը գող է մտել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 09.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` 4-րդ հարկի մի բնակարանից գողացել են տեսախցիկ, «Նոութբուք» համակարգիչ և 60.000 դրամ` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է ապրիլի 10-ին այլ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Գեորգի Գ.-ն, որը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:
Ավազակային հարձակումները բացահայտվեցին
Մարտի 31-ին, ժամը 04.57-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ահազանգ էր ստացվել, որ դիմակով և զենքով մտել են Նորագավիթ թաղամասի բենզալցակայան, աշխատողներից պահանջել գումար և վերցնելով պատուհանափեղկի վրա եղած գումարը` դիմել փախուստի:
Նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 10-ին բերման են ենթարկվել Մանուկ Ա.-ն, Արտավազդ Դ.-ն, Էրիկ Հ.-ն (երեքն էլ 1993 թ. ծնված), 1982 թ. ծնված Մանուել Գ.-ն և 1995 թ. ծնված Արաքս Մ.-ն:
Արտավազդ Դ.-ն խոստովանել է, որ մարտի 31-ին, ժամը 04.15-ին, ինքը և Մանուկ Ա.-ն մուտք են գործել Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 2/5 հասցեում գտնվող բենզալցակայան և զենքի սպառնալիքով` լիցքավորողներից հափշտակել 5.000 դրամ:
Բացահայտվել է նաև նշված դեպքից մեկ օր առաջ կատարված մեկ այլ ավազակային հարձակում. մարտի 30-ին, ժամը 15.10-ին, Երևանի Արցախի փողոցում գտնվող բենզալցակայանի հերթափոխի պետը ահազանգել էր ոստիկանություն, որ գիշերը, ժամը 04.20-ից մինչև ժ.04.30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անձը մուտք է գործել բենզալցակայան և ատրճանակի սպառնալիքով` լիցքավորողներից հափշտակել 32.000 դրամ:
Արտավազդ Դ.-ն խոստովանել է, որ մարտի 30-ին, ժամը 04.20-ից մինչև ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում, ինքը, Էրիկ Հ.-ն և Մանուկ Ա.-ն դեռևս չպարզված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ծառայության ավտոմեքենայով գնացել են Արցախի պողոտայի թիվ 23/5 հասցեում գտնվող բենզալցակայանի հարակից շենքերից մեկի բակ, որտեղ Մանուկ Ա.-ն և Էրիկ Հ.-ն մնացել են մեքենայում, իսկ ինքը նախապես իր հետ վերցրած գազային ատրճանակով և դիմակավորված` մուտք է գործել բենզալցակայան և զենքի սպառնալիքով լիցքավորողներից հափշտակել 32.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիմակը, ատրճանակը և տաքսի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները (ապրիլի 7-ից 13-ը)
Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 74 տրանսպորտային միջոց. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 3 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 53 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Ապրիլի 24-ից նոր արագաչափ սարք` Մեղրի քաղաքի վարչական տարածքում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. ապրիլի 24-ից գործարկվելու է Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 372-րդ կմ հատվածում (Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով), որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Զատիկին ձվի դեֆիցիտ չի լինի. Դավիթ Ղուլյան
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմը 2014 թվականին արդեն երկու դիտարկում է իրականացրել ձվի շուկայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը:
«Առաջին դիտարկման ժամանակ 400 ձու հանվել է շուկայից, իսկ երկրորդի ժամանակ` 4800: Դրանք չեն համապատասխանել տեխնիկական կանոնադրությանը»,- նշեց Ղուլյանը: Նա թվերի այդ մեծ տարբերությունը պայմանավորեց այն բանով, որ առաջին ստուգման ժամանակ ուսումնասիրվել է միայն շուկան, իսկ երկրորդի ժամանակ` բոլոր ներկրողների պահեստները նաև:
2014 թվականին ներմուծվել է 2մլն 900 հազար ձու Բուլղարիայից , Իրանից, Բելառուսից և Ուկրաինայից: դիտարկումներ կատարվել են Երևանում և երկու մարզերում` Շիրակում և Լոռիում: դավիթ Ղուլյանը հայտնեց նաև, որ հանդիպում ունեցել ներքին արտադրողների հետ և նրանք խոստացել են, որ այս տարի Զատիկին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի հանրապետությունում:
