Գիշերօթիկ հաստատությունում չարաշահումների վերաբերյալ բաց նամակի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Բյուրեղավանի-երեխաների-խնամքի (1)Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու, երեխաների սննդի գումարները յուրացնելու մասին անանուն բաց նամակի հիման վրա ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Անկախ»-ին հաղորդել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ «Անկախ»-ը և մի շարք այլ լրատվամիջոցներ   վերջերս հրապարկել էին Բյուրեղավանի խնամքի կենտրոնի աշխատակիցների բաց նամակը, որում հեղինակները պնդում են, որ կենտրոնի տնօրենը բազմիցս խախտել է թե´ աշխատակիցների , թե´ երեխաների իրավունքները:

Ըստ նամակի` տնօրեն Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ  ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքել է նամակում ներկայացված բոլոր մեղադրանքները:

«Անկախ»-ը շարունակում է հետևել այս գործի զարգացմանը: Մեր ստացած բոլոր տվյալները կհրապարակվեն շուտով:

 

Tags: ,