Հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԲՄՎ-523» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է. վարորդը և ուղևորները այրվածքներ են ստացել
Հունվարի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իրար են բախվել «ԶԱԶ-1102» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԶԱԶ-1102»-ը սկսել է այրվել:
Վթարի, ապա մեքենայում հրդեհ առաջանալու հետևանքով «ԶԱԶ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դիակը
Հունվարի 24-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի 5-րդ հարկի բնակարանից ծուխ է դուրս գալիս և տանը մարդ կա:
Հրդեհը մարվել է ժամը 23.35-ի սահմաններում, մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու` 1932 թ. ծված Անտոնինա Պյատինայի ծխախեղդ եղած դիակը` առանց բռնության հետքերի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Բրազիլիայի դեսպանն ազատվեց պաշտոնից
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Անակախին» հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Աշոտ Եղիազարյանն ազատվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:Ամերիկացիները ցանկանում են Ջաստին Բիբերին իրենց երկրից դուրս քշել
Սպիտակ տան կայքում ` 19-ամյա կանադացի երգչի ԱՄՆ-ից աքսորելու ու գրին-քարտը չեղյալ հայտարարելու պահանջով կոլեկտիվ դիմում է հայտնվել:
Դիմումի տակ ստորագրել է 12 հազար մարդ: Նրանք հայտնում են , Բիբերը վատ ազդեցություն է ունենում երիտասարդության վրա, սպառնում է ամերիկացիների անվտանգությանը և փչացնում փոփ-մշակույթի մասին պատկերացումներն ԱՄՆ-ում: Դիմումը հայտնվել է հարբած մեքենա վարելու համար Բիբերին ձերբակալելուց հետո: Բացի այդ, նա մասնակցել է փողոցային արշավին, իսկ ձերբակալության ժամանակ դիմադրել է իրավապահներին: Դրանից հետո խոստովանել է, որ ղեկին նստելուց առաջ ալկոհոլ է օգտագործել ու մարիխուանա ծխել և բոլորը խառնել նշանակված դեղերի հետ: Չնայած այդ ամենին` Բիբերին բաց թողեցին գրավադրման դիմաց:
Դիմումին ընթացք տալու համար պահանջվում է 100 հազար ստորագրություն, որոնք պետք է հավաքել 30 օրում: Նման դիմումի տակ կարող է ստորագրել ցանկացած երկրի քաղաքացի:
“Մենք, ԱՄՆ-ի ժողովուրդը զգում ենք, որ աշխարհում փոփ-մշակույթի մասին աղավաղված կարծիք է ստեղծվել: Դրա համար ցանկանում ենք, որ վտանգավոր, անմիտ ու թմրանյութերը չարաշահող Բիբերն արտաքսվի, իսկ նրա գրին-քարտը` չեղյալ հայտարարվի… Մենք, ժողովուրդս, ցանկանում ենք նրան մեր հասարակություն չթողնել”:
Հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը «Անակախին» տեղեկացնում է, որ հունվարի 25–ին` ժամը 9.30–ի դրությամբ, հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակ է:
Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Պարզաբանում նույնականացման քարտ ստանալու կարգի վերաբերյալ
Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ, «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից: Անհրաժեշտ է նշել, որ նույնականացման քարտ չստանալու կամ առանց նույնականացման քարտի բնակվելու համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն: Այլ է խնդիրը, եթե որևէ իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ լինի նույնկանացման քարտի առկայություն: ՀՀ ոստիկանությունը չի համարվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը վարող լիազոր մարմին: Ուստի առաջարկվում է նշված հարցի պատասխանը ստանալու համար դիմել իրավասու մարմնին: Բոլոր դեպքերում «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ պարտադիր դրույթներ նախատեսված չեն: Նշված օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչև անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաև նույնականացման քարտ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, և իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16-18 տարեկան արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր (այսինքն սովորական անձնագիր): 16 տարեկանից բարձր մյուս կատեգորիայի անձանց անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար անձը պետք է ստանա նույնականացման քարտ՝ ՀՀ տարածքում օգտագործելու համար, իսկ ճամփորդելու համար՝ նաև կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Նույնականացման քարտ ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված է պետական տուրքի վճարում 3.000 ՀՀ դրամի չափով: Նշված վճարից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Առավել սեղմ ժամկետում նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար բացի նշված վճարից ՀՀ քաղաքացին վճարելու է ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 1465-Ն որոշմամբ սահմանված վճարը՝ 1 աշխատանքային օրվա համար 20.000 ՀՀ դրամի, իսկ 3 աշխատանքային օրվա համար 10.000 ՀՀ դրամի չափով: Նույնականացման քարտի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված վճարները տնօրինվում են ՀՀ օրենսդրության համաձայն հաստատված նախահաշիվների հիման վրա՝ համապատասխան տողերով: Ընդ որում անհրաժեշտ է նշել, որ արտաբյուջետային միջոցները ևս համարվում են պետական բյուջեի համամասնություն և գանձված բոլոր միջոցները ծախսվում են պետական կարիքների համար:
Դպրոցականները պարեկապահակետային ծառայության գնդում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախկինում դատվածները` նոր հանցադրվագներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարություն Վանաձորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խորհրդակցություն ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Հայփոստի» բաժանմունքներից կատարված գողությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գյումրիում վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երկու տարի առաջ Երևանում կատարված բնակարանային գողության հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երևան-Արմավիր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Անկախ
Ավտովթար` հրդեհի բռնկումով
Հունվարի 24-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Տավրիա» մակնիշի 35 VO 767 և «Մերսեդես» մակնիշի 78 UU 078 ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տավրիա» մակնիշի ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:
Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը՝ «Տավրիա» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել 1990 թ. ծնված Գ. Ք., 1990 թ. ծնված Ն. Ա., 1990 թ. ծնված Ռ. Ս. և տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիատալվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Բժիշկները Ն. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ք.-ի և Ռ. Ս.-ի վիճակը՝ ծանր:
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Հունվարի 24-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10 կմ-ում՝ «Սատանի կամրջի» մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել
ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ «ԲՄՎ» մակնիշի 75AP 777 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1981 թ. ծնված Ս. Դ.-ին, ով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհ Դավթաշենում. կա տուժած
Հունվարի 24-ին, ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ի թաղամասի թիվ 49 շենքի նկուղում ծուխ է նկատվում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.09-ին, մարվել՝ 22.22-ին: Այրվել է տնտեսական աղբ (5 քմ):
Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել ծխահարված Հ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է դի
Հունվարի 24-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարանններից մեկից ծուխ է նկատվում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 23.55-ին: Հյուրասենյակում այրվել է պահարան, անկողին և էլ. ներքնակ:
Հրշեջ-փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 1932 թ. ծնված Ա. Պ.-ի դին:
Անկախ
Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին պատմել է Ադրբեջանի սադրանքների մասին
Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։
Հիմնվելով նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5–ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:
Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:
Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:










