Ոստիկանությունը հերքում է Վարդան Ղուկասյանի տան շուրջ ծավալված ասեկոսները

ՀՀ-ոստիկանություն2Ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ զանգվածային լրատվության միջոցներից մեկն այսօր անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանն իբր տեղի ունեցած՝ բազմիցս հերքված խուզարկության չարչրկված թեմային՝ «հարստացնելով» «իրար վրա զենք բարձրացնելու», «հայհոյելու», «ոտքով հարվածելու» ստահոդ «մանրամասներով», որոնք նույնքան չեն համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունը  քանիցս ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորել է՝ իրենց «իրազեկ աղբյուրների» հորինվածքներին ապավինելու փոխարեն դիմել ոստիկանության ՀԿԼ վարչություն, ինչը հավաստի տեղեկատվություն ստանալու առավել պրոֆեսիոնալ ու վստահելի ճանապարհ է:
Սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են այդ խոտանված գործելակերպը՝ անհավանական պատումներով թյուրիմացության մեջ գցելով իրենց ընթերցողին:
Ինչպես վերոհիշյալ դեպքում…

Անկախ

 

Ոստիկանները չեն այցելում մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները

ոստիկանութունՈստիկանությունից Անկախին հաղորդում են, որ ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցները այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:
Կոնկրետ փաստեր ունենալու դեպքում առաջարկում ենք դրանք ներկայացնել և յուրաքանչյուր հասցեական ու ստույգ տեղեկատվություն կուսումնասիրվի և կտրվի սպառիչ պարզաբանում:

 Անկախ

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը` Աշոտյանին ու Մովսիսյանին

աշոտյան, քոչարյան մովսիսյանԱնկախը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը միանգամից

երկու նախարարների` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարություններին:

 

Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝  «Գույք պարտքի դիմաց»  գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ:

Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն «Գույք պարտքի դիմաց»  համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը և Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մանավորապես ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը և ամրագրվել է համապատասխան արձանագրություններում: Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով: Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ և ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը և իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին:

Տպավորությունն այնպիսին է, որ նախարարը շփոթել է 2002 և 2006 թվականների համաձայնագրերի բաղադրիչները: 2006 թվականի համաձայնագրի հիմնական շարժառիթը Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին Գազպրոմի ներգրավումն էր՝ 5-րդ էներգալբլոկի շինարարության ավարտմամբ: Նշենք, որ այդպիսով Գազպրոմը ներառվում էր Իրանական գազով էլեկրաէներգիայի արտադրության և հետագայում դրա՝ Իրան արատահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը:
Կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվեց 250 մլն դոլար: Այդ Էներգաբլոկը սկսել էր կառուցվել ԵՎԶԲ-ի վարկով 1995-96թթ.-ին, այնուհետ կոնսերվացվել էր, ընդհանուր ծախսը կազմել էր շուրջ 60 մլն դոլար: Գազպրոմն ընդունեց գնահատված արժեքը հենց այն պատճառով, որ հայկական կողմը հնարավորություն ունենա սուբսիդավորել գազի գինը: Ընդհանուր առմամբ, Գազպրոմի կողմից նախագիծն իրականացվեց բարձր մակարդակով: Նախագծի վարողը հանդիսանում էր Հայռուսգազարդի ղեկավարությունը: Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ: Ընդ որում, որևէ մեկին որևէ բացառիկ իրավունք չտրվեց: Դա արվել է բաց և թափանցիկ /տես՝ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի որոշումը, համար 449/: 

Իսկ հիմա նախարարի հարցազրույցի մնացած դրվագների վերաբերյալ: Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ո՛չ էլ Գազպրոմի հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել: Ակնհայտ է, որ նա լրջորեն խճճվել է:

Մանավորապես.

1. Այն ժամանակվա և ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարը այս տարբերությունը հասկանում է:
2. Անհասկանալի է Մովսիսյանի՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ արված համեմատությունը: Բացառիկ իրավունքներ այնտեղ չկային և չէին կարող լինել: Ընդհակառակը, այնտեղ մանրամասն շարադրված են սպառողների սպասարկման մասով ընկերության պարտավորությունները և գեներացիայի վճարումների մեխանիզմները: Թվում էր, թե էներգետիկայի նախարարը պետք է որ իմանար դրա մասին:
3. Հայռուսգազարդի գործադիր տնօրենը ընկերության աշխատանքների մասին անձամբ ամեն ամիս զեկուցում էր նախագահին, սակայն նա երբևէ չի ասել, թե տնօրենների խորհրդում Գազպրոմի ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում մենեջմենթի առաջ: Ընդհակառակը, մշտապես խոսվել է փոխադարձ վստահության և ընկերությունը կառավարող թիմի գործողությունների ազատության բարձր մակարդակի մասին: Հայռուսգազարդի ընթացիկ գործունեությանը Մովսիսյանը չի առնչվել:
4. Որպեսզի ընթեցողը ինքը գնահատի, թե ինչ իրավունքներով է օժտվել ընկերությունը, մի մեջբերում անենք մամուլում հրապարակված և չհերքված վերջին համաձայնագրից.

«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և /կամ չեղյալ հայտարարի/ և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը (ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի/ ևկամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում»:
Այստեղ է, որ նախագահ Քոչարյանը խնդիր է տեսնում: Սա ապագայի առումով վատ նախադեպ է էներգետիկայում հնարավոր ներդրումների համար: Այսօր Հայռուսգազարդը ոչ միայն բնական մենաշնորհ ունի գազի ոլորտում, բայց և էլեկտրոգեներացիայի խոշոր մասնակից է /5-րդ էներգաբլոկ/: Գեներացիայում այլ ընկերությունները այդպիսի իրավունքներ ապագայի համար չունեն, ինչը կարող է խաթարել նրանց մրցակցային հնարավորությունները:
Նախարարը թերևս կհանդարտեցներ հանրությանը, եթե համաշխարհային պրակտիկայից նման համաձայնագրերի մի քանի օրինակ ներկայացներ /բայց ոչ գաղութային Աֆրիկայի ժամանակաշրջանից/:

5. Մենք նաև կուզենայինք, որպեսզի ստորագրված համաձայնագրի մասով ապագայում խնդիրներ չառաջանային և որ Գազպրոմի հետ պահպանվեին գործընկերային հարաբերությունները:
Ափսոսում ենք, որ ստիպված ենք բացատրել նախարարին մի բան, որ գրված է սևով սպիտակին, և հրապարակված է երկու լեզվով: Հիշողության ընտրողականությունը նենգ բան է. կարող ես շփոթել դարպասները և ինքնագոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ արած, այսպիսին է մեր նախարարը, և այսպիսին է մեր իրականությունը:
Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին /15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում/:

Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է:
Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները:
Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 406 դրամ

դոլարՀունվարի 17-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

NASDAQ OMX Armenia

Անկախ

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 17–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

 

Ռուսաստանը ներգաղթյալների առջև փակում է իր դռները. ինչ է սպասվում այդ երկիր մեկնող հայաստանցիներին. 1in.am

ներգաղթՌուսաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենք` ներգաղթյալների վերաբերյալ, որով ԱՊՀ երկրների քաղաքացիների` Ռուսաստան մուտք գործելու պայմանները փոխվել են:  Այս մասին գրում է 1in.am-ը:

Այսուհետ 3 – 5 տարով, կախված իրավախախտման չափից, երկիր մուտքը շուրջ կես միլիոն արտերկրյա քաղաքացիների համար արգելված է: Համաձայն օրենքի` ժամանակավորապես արգելքներ են մտցվում ԱՊՀ երկրներից ներգաղթյալների համար, ովքեր մի շարք իրավախախտումներ են կատարել կամ Ռուսաստանում մնալու սահմանված ժամկետը խախտել են: Բացի այդ, արտերկրյա քաղաքացու մուտքը Ռուսաստան կարգելվի, եթե նրա նկատմամբ վտարման մասին որոշում է կայացվել, կամ եթե նա կեղծ միգրացիոն քարտից է օգտվում:

Ուղևորափոխադրումներ իրականացնող «Քինգ դե լյուքս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանի (Պալաչ) խոսքով՝ թեև օրենքի կիրառումը սկսվել է հունվարի 1-ից, բայց դեռևս երեք ամիս առաջ ընկերություններին զգուշացվել է, որ նման կերպ փոխադրվողները տարեսկզբից հետ են ուղարկվելու: «Ռուսաստանում գործող օրենքներ կան. մարդիկ գնում են աշխատելու և չեն գրանցվում, այնինչ միգրացիայի օրենքը ստիպում է, որ մարդիկ գրանցվեն, և իրենց կեցությունն օրինական հիմք ստանա, իսկ շատերը չեն գրանցվում և ստիպողաբար ժամկետը լրանալուց հետո հետ են դառնում Հայաստան: Նման դեպքերը բացառելու համար էլ ստեղծեցին այս օրենքը, որպեսզի մարդիկ Ռուսաստան գնալիս անպայման գրանցվեն. սա Սոչիի օլիմպիադայի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում»,- ասաց նա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Աշոտյանն առաջարկում է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը

Արմեն-ԱշոտյանԱրմեն Աշոտյանն առաջարկում է մեր երկիրը վերանվանել` այն կոչելով Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Աշոտյանն  առաջարկը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում` կոչ անելով քննարկել ու կարծիքներ հայտնել: Աշոտյանը գրում է. «Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված և հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության և գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների և անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից:

Խոսքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին է: Հանրային քննարկումներն առավել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական և կառավարման համակարգերի փոփոխությունների վրա:  Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում:

Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից:  Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն:

Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմնադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում:  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է:  Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:

Անկախ

Բերման են ենթարկել խողովակները յուրացնողին

ձերբակալվածՀունվարի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Պողոս Հ.-ին:
Պարզվել է, որ նա մի ընկերությունում աշխատելու ընթացքում` 2013 թ. հոկտեմբերի կեսերին, յուրացրել է վերգետնյա անցման համար նախատեսված խողովակներ` ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

անօթևաններ (2)«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է: Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»:

Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:

Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:

Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:

2001 թվականից գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կարգախոսն է` «Օգնություն ինքնաօգնության համար»: Կենտրոնն ի սկզբանե հիմնվել է 20 տարեկանից բարձր սոցիալապես անապահով անձանց համար անվճար վարսահարդարում, խոհարարություն, համակարգչային հմտություններ, կավագործություն, փայտամշակում, էլեկտրաեռակցում, կոշիկի և կաշվե իրերի պատրաստում և այլ դասընթացներ տրամադրելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն աշխատանք գտնել և ապրել: Սակայն հետագայում հիմնադրամն իր գործունեությունն ընդլայնել է` զբաղվելով նաև անօթևանների խնդիրներով:

2004-ին մեկնարկած անօթևանների ծրագիրն այսպիսին էր. ձմռան ամիսներին կենտրոնի միկրոավտոբուսը տաք թեյնիկներով, սուրճով, քաղցրավենիքով և տաք հագուստով շրջում էր փողոցներում, գտնում անօթևաններին, նրանց հետ փորձում կապ հաստատել, հասկանալ նրանց խնդիրները և փորձել օգնել:

անօթևաններ (3)Հիմնադրամի տնօրենն ասում է, որ երբ պետությունը մի քանի տարի առաջ Չորրորդ գյուղում ծերանոցին կից ստեղծեց անօթևանների կացարան, դա նաև իրենց համառ ջանքերի շնորհիվ էր: 2011-ից, քաղաքապետարանի  համաֆինանսավորմամբ, նաև հիմնադրամն էր անօթևաններին կացարան տրամադրում: Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն: Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ  տեղափոխել այստեղ:

Դեռևս այդ ժամանակ «Անկախը» պարզաբանում ստացավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանից,  թե պետությունը նպատակահարմար է գտել այդ միջոցներն ուղղել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:

անօթևաններ (1)Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:

Մեր շրջայցը կացարան սկսվեց մեկուսարաններից, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն էին՝ կույրեր, կաթվածահարներ, անդամալույծներ և այլն: Հետո անցանք 7-8 հոգանոց սենյակներով, ապա 14 հոգանոց մի ընդարձակ սենյակ մտանք, որտեղ տեղավորված էին տղամարդիկ:

«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»:

Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:

Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան:

Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են,  չնայած դրա իրավունքը չունեն:

Մեր այցի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից կացարան էին բերել մի անօթևանի` մի ոտքը կտրած: Փորձեցինք զրուցել հետը, գլուխը շրջեց, չցանկացավ խոսել: Տնօրենն ասում է, որ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները ժամանակի ընթացքում են կարողանում նրանցից որևէ տեղեկություն ստանալ, այն էլ` դժվարությամբ:

Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես  կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է:

անօթևաններԻ դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի:

Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, իսկ նրանց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»:

Կառավարությունը  հիմնադրամին այս տարվա համար 58 միլիոն դրամ է հատկացրել: Դանիական գործընկերներն էլ են որոշակիորեն աջակցել` 8 միլիոն դրամի չափով: Ընդհանուր գումարը մեծ չէ, մանավանդ որ դրա մեջ մտնում են  նաև 28 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նման բյուջեի պայմաններում նվազագույն են, սակայն հիմնադրամի ղեկավարն այս ծրագրով սահմանափակվելու մտադրություն չունի: Ապագա ծրագրերից է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց աջակցելը, որոնք որոշակի բուժման շնորհիվ հաղթահարել են հիվանդությունը, սակայն հասարակության մեջ կրկին ինտեգրվելու խնդիր ունեն:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

5 ՃՏՊ, 6 վիրավոր` մեկ օրում

վրաերթՀունվարի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Աթենքի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց իրար են բախվել «Բիայդի» մակնիշի տաքսի, «ՎԱԶ-2107» և «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սիատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

 

Ութ տարի հետախուզման մեջ գտնվող քաղաքացին ոստիկանություն է ներկայացել

ոստիկանությունՀունվարի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը 2006 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: Այս մասին Անկախին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Երևան քաղաքում կներդրվի նավիգացիոն համակարգ

Աշոտ ՄուսայանՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում իրականացված բարեփոխումներն ուղղված են եղել համակարգի կողմից իրականացվող գործառույթների պարզեցմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակի բարձրացմանը, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառմանը:
Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը: Ըստ նրա` ՀՀ կառավարության միջոցառումների 2013 թվականի ծրագրով նախատեսված չորս գերակա խնդիրներն ամբողջությամբ կատարվել են սահմանված ժամկետներում:
Ա.Մուսայանն անդրադարձել է ոլորտի 2014 թվականի գերակայություններին, ներկայացրել նախատեսվող ծրագրերը: Մասնավորպես, WGS – 84 (ՎԻ ՋԻ ԷՍ -84) գեոդեզիական կոորդինատային համակարգում մեկ միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքների արդյունքում կստեղծվեն ՀՀ Շիրակի և Սյունիքի մարզերի տարածքների համադրված, բաց հրատարակման տեղագրական, կադաստրային և համայնքային վարչական սահմանների նկարագրման քարտեզները ու հատակագծերը, ինչպես նաև համայնքների սահմանների շրջադարձային կետերի կոորդինատները կապակցված ազգային գեոդեզիական ցանցի հետ: Նախատեսվում է նաև Երևան քաղաքում ներդնել նավիգացիոն համակարգ` տրանսպորտային միջոցների և այլ շարժական օբյեկտների ճշգրիտ տեղադիրքի որոշման, մոնիթորինգի և վերահսկման հնարավորությամբ:

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպումներ է ունեցել Տոկիոյում

հայաստան-ճապոնիաՀունվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Տոկիոյում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահ Իչիկավա Մասակազուի հետ, որի ընթացքում քննարկվեցին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Սերգեյ Մանասարյանի հաջորդ հանդիպումը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի  հետ էր: Հանդիպմանը կողմերն  անդրադարձան հայ-ճապոնական խորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերին՝ կարևորելով Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի վերջնական կազմավորումն ու փոխայցելությունների իրականացումը:

Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Հիրոտակա Իշիհարայի  հետ կայացած հանդիպմանը երկուստեք արդյունավետ գնահատվեցին Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունները: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ևս շարունակել համագործակցությունը հայ-ճապոնական հագեցած օրակարգի ձևավորման և հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Անկախ

Ոստիկանները փնտրում են դանակահարության ելքով վեճի մասնակցիներին

ՀՀ-ոստիկանություն2Հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Գրիգոր Ա.-ն: Նա հայտարարել է, որ «Հայաստան» հանրախանութի մոտակայքում սուր գործիքով հարվածել են իրեն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ, 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին` պատճառելով  վնասվածք:
Պարզվել է նաև, որ նույն միջադեպի ընթացքում Կարեն Վ.-ն երկու անգամ ձեռքով հարվածել է Գրիգոր Ա.-ի ընկերոջ` 1985 թ. ծնված Դավիթ Խ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ, իսկ քաշքշուկին մասնակից մյուս  անձինք  ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց, Հովհաննես Հ.-ին և Կարեն Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերվել է հանցագործությունից 25 տարի անց (Տեսանյութ)

գործ1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով /ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով/, խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Ա. Անտոնյանը չհայտնաբերվեց, սակայն ոստիկանների աշխատանքն այդ ուղղությամբ չէր դադարում:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ օրերս Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նա փոխել է անուն-ազգանունը և անձնագրային այլ տվյալներով թաքնվում է Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում:
Անհապաղ հաղորդագրություն ուղարկվեց ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն՝ խնդրելով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ռուս գործընկերներից ստացված հաղորդագրությունը փաստում էր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի վերը նշված նկարագրին համապատասխանող անձնավորություն՝ ՌԴ քաղաքացի Սաշա Սողոմոնյանը, որն ապրում է Սամարայի մարզում:
ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն ուղարկվեցին Արթուր Անտոնյանի լուսանկարը և մատնադրոշմային քարտերը՝ նույնականացում կատարելու համար: Արդյունքում պարզվեց, որ Արթուր Անտոնյանը և Սաշա Սողոմոնյանը նույն անձն են:
Աշխատանքներ են տարվում Արթուր Անտոնյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծելու ուղղությամբ:

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Մշակութային հաստատության ոչ մշակութային պատկերը

սարդարապատՍարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը վերջին շրջանում հանրության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվեց ամենևին ոչ  մշակութային իրադարձության առիթով: 2013-ի դեկտեմբերի 14-ին թանգարանում տեղի էր ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որն ավարտվել էր երկու աշխատակիցների շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխմամբ:

Իրադարձության առանցքում թանգարանի երկարամյա աշխատակցուհի, հսկիչ-հավաքարար տիկին Անիկն էր և թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն ու իր օգնական Վարդիկը: Միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հայաստանի ոստիկանությունը: Հաղորդագրության վերնագիրը բավականին տպավորիչ էր. «Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ»:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, թե իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Թանգարանի տնօրենը համառորեն հերքում էր ծեծի մասին լուրը` ասելով, որ մատով անգամ չի դիպել աշխատակցուհուն:

Ինչևէ, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն և կատարվել հետաքննություն: Եվ «պարզվել» է, որ աշխատակցուհու վնասվածքներն Արիստակեսյանի ու նրա օգնականի հետ որևէ կապ չունեն:

Թանգարանի տնօրենը դեպքից հետո, «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, սպառնացել է տիկին Անիկին, որ ինքն է նրան դատի տալու: 60-ամյա կինը մեզ հետ զրույցում ասաց, որ ահուդողով է աշխատանքի գնում, և գիտի, որ վաղ թե ուշ իրեն գործից ազատելու են: Ինչ վերաբերում է տնօրենի սպառնալիքին, ապա կինը հավատում է, որ եթե Արիստակեսյանը կարողացել է այս գործը կոծկել, ապա նրանից ամեն ինչ սպասելի է: Կնոջ խոսքով` միջադեպի միակ ապացույցը  տեսախցկիներն են, որոնք, սակայն, տնօրենի կողմից ժամանակին արագ մաքրվել են:

Ի դեպ, հիվանդանոց տեղափոխված աշխատակցուհին հիվանդանոցում, առանց իմանալու, ստորագրել է մի թղթի տակ, որը ինչպես հետագայում է պարզել, դեպքի իրական փաստերը կոծկող և Արիստակեսյանին ու նրա օգնականին արդարացնող փաստաթուղթ է եղել: «Հենց էդ նույն օրն արդեն լրագրողներին հայտնեց, որ իրենք մեղավոր չեն, իրենց վրա ոչինչ չկա: Ուղղակի մեր հնարավորությունները չէին ներում, որ փաստաբան վերցնեինք, հասկանայինք` ինչ ենք անում: Իսկ ինքն ամեն ինչ արեց, որ ջրից չոր դուրս գա»,- ասում է կինը:

սարդարապատ (1)

Հիշեցնենք, որ միջադեպը ծագել է թանգարանի հսկիչ-հավաքարարների հետ ժողովի ժամանակ, երբ Արիստակեսյանը հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարի նոր հրամանով նրանք, ովքեր չունեն դիպլոմ, չեն կարող որպես հսկիչ աշխատել: Տիկին Անիկը, որն արդեն  15 տարի է` աշխատում է թանգարանում, ընդդիմացել է, ինչին ի պատասխան` Արիստակեսյանը նրան գոռգոռալով դուրս էր հրավիրել սենյակից: Կինն էլ հայտարարել է, որ այդ դեպքում բոլորին կպատմի տնօրենի մասին այն, ինչ գիտի, և դուրս է եկել:

Նրա հետևից շտապել է տնօրենի օգնական Վարդենիկը, որը, ըստ լուրերի, Արիստակեսյանի ընկերուհին է: Կնոջ պատմելով` Վարդենիկը սկսել էր ձեռքերով հարվածել իր կրծքավանդակին, վիրավորական խոսքեր ասել: «Ես էլ ինֆարկտ տարած կին եմ,- նշում է նա,- հետո էդ ձայների վրա Արիստակեսյանը դուրս եկավ միջանցք և փոխանակ իր օգնականի դեմն առնելու` ինքն էլ միացավ նրան, ասեց` շատ լավ ա անում: էդ ժամանակ հետևից պարանոցիս վրա հարվածներ զգացի: Մի քանի քայլ գնացի, էլ չեմ հիշում` ինչ եղավ, աչքերիս առաջ մթնեց: Երբ ուշքի եկա, տեսա հիվանդանոցում եմ»:

Մի քանի ժամ անց  շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել նաև թանգարանի մեկ այլ աշխատակցուհու, որի ինքնազգացողությունն էլ վատացել է տնօրենի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով:

Երբ զանգահարեցինք Կարեն Արիստակեսյանին նրանից մեկնաբանություն ստանալու և պարզելու, թե գործն ինչ ընթացքում է և ինչ է սպասվում այդ կանանց աշխատավայրում, ասաց. «Դեռ չեք ձանձրացե՞լ էս հարցից: Ես պատրաստվում եմ  ասուլիս հրավիրել, այնպես որ պաշտոնական հաղորդագրություն կլինի, բավարարվեք դրանով»: Հետո էլ ավելացրեց, որ սա ընդամենը ծիծաղելի միջադեպ էր, որից թերթերը մեծ սենսացիա սարքեցին:

Թանգարանի տնօրենը խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել նրանց, ովքեր իրենց տուժող են ներկայացրել` միաժամանակ նշելով, որ իրական տուժողն իրենք են:

big_198493fe6-640x426Միջադեպի վերաբերյալ զրուցեցինք թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի նախկին վարիչ Սուսաննա Մելիքյանի հետ: Նա 2012 թ.  Կարեն Արիստակեսյանի կողմից աշխատանքից ազատվել է` որպես թանգարանի 30 տարվա գիտաշխատող չկարողանալով հանդուրժել նոր տնօրենի կողմից իրականացվող կամայականություններն ու ոչ պրոֆեսիոնալիզմը: «Թանգարանների պատմության մեջ սա չտեսնված ու  ու չլսված բան էր, որը հարիր չէր ո՛չ գիտական, ո՛չ էլ մշակութային ոլորտին: Սակայն Սարդարապատի թանգարանի վերջին տարիների զարգացումների համատեքստում այն և՛ սպասված էր, և՛ օրինաչափ` իբրև հետևանք տնօրենի վարած պատեհապաշտական քաղաքականության»:

Մելիքյանի խոսքով` Կարեն Արիստակեսյանը փորձում է ազատվել կայացած մասնագետներից և մարզի շրջանակներում անցկացվող ձևական մրցույթների միջոցով սեփական ընտրությամբ թանգարան է բերում ոլորտից հեռու պատահական մարդկանց` իր ծանոթ-բարեկամներին: Ոչ պրոֆեսիոնալ, թանգարանային գործից անտեղյակ մի աշխատակից էլ, ըստ նրա, տնօրենի օգնականն է, որը շարունակում է միաժամանակ զբաղեցնել և՛ տնօրենի օգնականի պաշտոնը, որի համար ստանում է գիտական բաժնի վարիչից բարձր աշխատավարձ, և՛ կոորդինացնում է ռեստորանի գործը, որտեղ աշխատում է իր հորաքույրը, և՛ կատարում է դրամարկղի գործը: «Իսկ ըստ որոշ լուրերի՝ հացատուն-ռեստորանը վարձակալությամբ «աշխատեցնում» է նրա եղբայրը»,- նկատեց Սուսաննա Մելիքյանը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության հրամանին, ապա թանգարանի նախկին գիտաշխատողը կարծում է, որ դա չի կարող տեղայնացվել գոնե Սարդարապատի թանգարանի համար, քանի որ այն լուրջ առանձնահատկություններ ունի: Բանն այն է, որ թանգարանը շատ մեծ ցուցադրական մակերես ունի, որի պահպանության համար անհրաժեշտ է ամենաքիչը 18-21 հսկիչ, որոնք միաժամանակ մաքրում են իրենց ամրագրված ցուցադրական տարածքը: Տարանջատելու դեպքում առնվազն նշված թվի կեսին համապատասխան հավաքարարի հաստիք է անհրաժեշտ, ինչը ձեռնտու չէ պետությանը: «էկոնոմիկայի նախարարի հրամանն ընդամենը շղարշ է թաքցնելու  Արիստակեսյանի` «անհուսալի» աշխատակիցներից ազատվելու իրական մտադրությունը, ինչի համար նա պատրաստ է անգամ ձեռք բարձրացնել աշխատակցի վրա, ապա չքմեղանալ՝ վերացնելով համապատասխան տեսագրությունը և սպառնալով վերջիններիս»,-ասում է նա:

Այս միջադեպում թանգարանի աշխատակիցներից ում մեղքի բաժինն է ավելի շատ, ումը` ավելի քիչ, գուցե այնքան էլ էական չէ, քանի որ խնդիրը ոչ թե միջադեպն է, այլ երևույթը, որի պատասխանատուն պետական համակարգն է, որն այդ հաստատությունների նկատմամբ չափից ավելի անլուրջ մոտեցում է ցուցաբերում`  չսահմանելով խիստ չափորոշիչներ ու պահանջներ: Եվ մշակութային կառույցները կամաց-կամաց վերածվում են խոհանոցային միջավայրի` դառնալով որոշ անձանց կամայականությունների և անձնական նկրտումների զոհը:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հաղորդագրությունը

ռոբերտ քոչարյանի գրասենյակ2rd.am-ը տարածել է Ռոբերտ  Քոչարյանի  գրասենյակի  հաղորդագրությունը, որը և Անկախը ներկայացնում է իր ընթերցողներին:

ՀՀ երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անցած տարվա դեկտեմբերի 30-ին և 2014-ի հունվարի 13-ին հրապարակված հարցազրույցները լայն քննարկման առարկա են դարձել: Ամփոփելով անցած երեք օրերի ընթացքում ստացված հրապարակային և ոչ հրապարակային արձագանքները, հարկ ենք համարում գոհունակություն հայտնել դրանց ճնշող մեծամասնության ընդհանուր դրական պատկերի ու որակի կապակցությամբ: Ակնհայտ է, որ մարդիկ ճիշտ են ընկալել նախագահ Քոչարյանի մտահոգություններն ու գնահատականները, ինչպես նաև երկրի առաջ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային տեսակետ հայտնելու բուն փաստը: Սա պատահական չենք համարում, հաշվի առնելով թե բարձրացված հարցերի արդիականությունը մեր երկրի համար, թե հանրության աճող հետաքրքրությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից պարբերաբար հնչեցվող հիմնավոր ու կշռադատված մոտեցումների նկատմամբ: Ի դեպ, 2rd.am կայքի՝ նախագահ Քոչարյանին ուղարկված  7 հարցերից 3-ը դեռ սպասում են իրենց պատասխաններին, ուստի  առաջիկայում պետք է սպասել նոր հարցազրույցի:

Բնականաբար, նշված հարցազրույցները հեշտ կանխատեսելի հասցեներից քննադատության արժանացան: Դրանց մեծ մասին արձագանքելն ուղղակի ավելորդ ենք համարում: Թե հեղինակների անձը և թե նրանց արտահայտած մտքերի արժեքն այնպիսի բարոյական կատեգորիաների են պատկանում, որ դրանց պատասխանելը պարզապես արժանապատվության հետ խնդիրներ կառաջացնեին:

Հարկ է ընդգծել նաև, որ քննադատություն պարունակող արձագանքն, ըստ էության, ընդհանրական է մի առումով. չի ներկայացվել որևէ առարկայական հակափաստարկ: Կամ բարոյախրատական բնույթի անպատասխանատու հայտարարություններ են արվել, կամ էլ անտրամաբանական, նյութի հետ կապ չունեցող ու անցած տարիներին արդեն շահարկված ցածրորակ քարոզչության զինանոցի մտքեր են կրկին հնչել: Տրամաբանության հետ կապ չունեցող ելույթների թերևս ամենավառ օրինակներից է մեթան գազի երկրպագու պատգամավորի այն “բացահայտումը”, թե Ռոբերտ Քոչարյանը այնքան ազատ ժամանակ ունի, որ հարցազրույցներ է տալիս: Եթե հանրապետության վարչապետը չորս ու կես ժամ է գտնում՝ ասուլիս անցկացնելու և Աստված գիտի, թե էլի ինչքան ժամանակ՝ գունազարդ հոդված գրելու, ապա պաշտոնաթող նախագահը միշտ էլ մի կես ժամ կգտնի 3-4 հարցի պատասխանելու համար:

Այսպիսին է մեր արձանագրած ընդհանուր պատկերը: Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքելու նախագահ Քոչարյանի հարցազրույցների շուրջ ծավալված քննարկմանը: Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հարցազրույցին:

ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

 

Անկախ