Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին

կարեն պետրոսյանՏավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Արտուշ Պետրոսյանի տխուր հայացքն անտառի ուղղությամբ է, որտեղից որդուն` 32-ամյա Կարենին, օգոստոսի 7-ին առևանգեց ադրբեջանական կողմը: 20 օր է անցել, արցունքն աչքերին ցամաքել է, բայց անդառնալի ցավը տանջում է հոգին, «իրեն էլ, մորն էլ չլսեց, գնաց ձմռան վառելիք բերելու»:
60684_791554010867190_7829524209730247799_nԱմառվա արևոտ օրը Պետրոսյանների ընտանիքում մթնեց դեռ չբացված: Առավոտ կանուխ Կարենին ճանապարհեցին աշխատանքի, մի քանի ժամ անց մայրը` տիկին Լենան, դիմացի բարձունքից ուժգին պայթյուն լսեց, վազեց հարևանի տուն. «Ոնց որ ական պայթեց, Կարենս չեկավ»:
Կարենի մասին գույժը ժամը 11:00-ին մոտ լսեցին: Հիմա որդու` Կարենի դպրոցական լուսանկարը սև շրջանակի մեջ է, կողքին տիկին Լենան, վիշտը սրտում սեղմած, լուռ արտասվում է:
10616275_791553864200538_2586674523193588382_nԱռավոտ շուտ, մայրը` տիկին Լենան, իր սովորության համաձայն, կոկիկ մաքրել էր տունն ու բակը, աքլոր մորթել, սառնարանում պահել, որ Կարենը անտառից վերադառնա, միասին ընթրեն …
«Բոլորը տեսել են էդ օրը Կարենին, մենակ ես չեմ տեսել, Սամվելի կինը` Օլյան…»,- արցունքն աչքերին օգոստոսի 7-ին տեղի ունեցած ողբերգական դեպքը հիշում է Կարեն Պետրոսյանի հորաքույրը` Ռոզա Պետոսյանը: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի կինը` Օլյա Սաղոյանը, առավոտյան 7:30-ին ճանապարհին հանդիպել է Կարենին, հարցրել` ուր է գնում: Կարենն ասել է, որ կացինը տանում է սրի ու փայտի գնա: «Ես ժամը 8-ին գնացի եղբորս տուն, որ Կարենին ասեմ` գնանք խոտը հնձենք, որ կարտոֆիլը հանենք, ասեցին` Կարենը գնաց փայտի… Եթե կես ժամ շուտ գնայի, կտենայի էրեխուս, կկանխեի, Կարենս փայտի չէր գնա, ղոչաղ, ղոչաղ…»,- պատմում է Կարենի հորաքույրը:
Տիկին Ռոզան նշում է, որ Կարենը չափազանց աշխատասեր էր, մի րոպե հանգիստ չուներ, որպես օրինակ մատնացույց է անում տան դիմացի հացահատիկի դաշտը. Կարենը մեն-մենակ ցորենի 2000 մետր արտը գերանդիով հնձել էր, այնուհետև կալսել, բերքը բերել տուն, ամբարել: «Գրել են սրտի անբավարարություն, Կարենը անգամ անկետա չի ունեցել, 32 տարեկան տղա էր, երբևէ առողջությունից չի գանգատվել: Դեպքից երկու օր առաջ դարձյալ մենակ, առանց օգնականի, քրոջ` Սոնայի սկեսրոջն է օգնել, մի մեքենա փայտը ջարդել, դարսել, հիվանդ տղան կարո՞ղ էր անել էդքան գործը: Էնքան ջիգյարով էր, հինգ տարեկան երեխան էլ` Կակո ջան, Կակո ջան…»,- Կարենի հետ անցկացրած ամեն վայրկյանն է հիշում հորաքույրը: Թե՛ համագյուղացիների և թե՛ հորաքույրների հետ Կարենի վերջին օրվա զրույցի բոլոր մանրամասները դարձել են նրա մասին հուզիչ հիշողություններ: Տան հյուրասենյակում այժմ ծաղիկների մեջ, Կարենի մեծադիր լուսանկարի մոտ մեկլիտրանոց ջրով լի պլաստիկ շիշն է նաև, որը Կարենն անտառ գնալիս վերցրել էր, որ ամռան տապին ծարավի, ջուր խմի, բայց չէր հասցրել մեկ կում անգամ խմել: «Գտել ենք գոգնոցը` կտորից փեշը, շիշը գոգնոցի մեջ ու էշը… Ասացինք` Կարեն ջան, ինչի՞ ես էշով գնում, մեքենայով մի ռեյս փայտ կբերես, էլի, ասեց` չէ, հորքուր ջան, էդ փողը կտանք, ալյուր, ձեթ կառնենք»,- հիշում է Կարենի մյուս հորաքույրը` Լիդա Պետրոսյանը:
Կարենի հարազատները մի րոպե անգամ չեն կասկածում, որ Կարենին ադրբեջանական կողմը առևանգել ու գերեվարել է, իսկ նրանց կողմից ներկայացվածն ամբողջությամբ հերթական ապատեղեկատվություն է, անհաջող բեմականացում, թե իբր Կարենի բջջայինում զինվորական լուսանկարներ էին, ինքը դիվերսանտ էր: «Ո՛չ հրացան ա եղել, ո՛չ զենք ա եղել, անզեն էրեխա, կացինը, ջուրն էլ տարել էր, որ խմի, մի՞թե էդքան անմարդկային կարող էին լինել, գերի էր, գերու նման վարվեիք: Էշը մեր սահմանին կապել ա, կացինն առել, գնացել մոտ 25 մետր, որ փայտ կտրի, բերի, էն էլ առաջին կացնահարվածից էրեխուն տարել են»,-արցունքախառն աչքերով նշում է Կարենի հորեղբոր կինը:

Անդրադառնալով Կարեն Պետրոսյանի գերեվարության ու սպանության հանգամանքներին` այս տարվա մարտի 7-ին մառախուղի պատճառով մոլորված ու հայ-ադրբեջանական սահմանը հատած վերինկարմիրցի Արսեն Խոջոյանը նշում է, որ ադրբեջանական անխախտ ձեռագիր է Կարենին դիվերսանտ կոչելն ու սցենար պատրաստելը: «Ինձ որ բռնեցին, տարան, սկզբից տարան Ղազախ, մի պատի տակ կանգնեցրին, նկարեցին ու ադրբեջանցի մի աղջկա հետ ֆոտոշոփ արեցին, իբր նրանից սնունդ եմ խնդրում, նույն սցենարն ա, նրանք ընդունակ են ամեն ինչի»,-մտաբերում է Արսենը:
Կարենի աշխատասիրության մասին ամբողջ Չինարին հիացմունքով է խոսում: Աստիճանների տակ նրա կտրատած ու դարսած ձմռան ցախն է: Գյուղացիները պատմում են, որ Կարենը բոլորին ձեռք էր մեկնում, օգնում կարիք ունեցողին: Չինարին օգոստոսի 7-ից առ այսօր` քսան օր անց, շարունակում է սգալ երիտասարդ բնակչի դաժան մահը, սպասում Կարենի «վերադարձին»: «Պաշտպանության նախարարությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ միասին ամենաբարձր մակարդակով, նաև հանրապետության նախագահի մակարդակով ամեն ինչ անում է` բանակցելու ադրբեջանական իշխանությունների հետ, որ վերադարձնի Կարեն Պետրոսյանի դին»,- «Անկախի» թղթակցի հետ զրույցում նշեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նա ասաց, որ գյուղը ցնցված է կատարվածից, համագյուղացիներն ամեն օր այցելում են Կարեն Պետրոսյանի տուն, վշտակցում հարազատներին ու լուռ սպասում…
Կարենն աշխատում էր հարևան գյուղի` Այգեձորի գյուղմթերքի վերամշակման գործարանում, եղբոր հետ ժամանակին մեծ աշխատանք է կատարել ընկերության ստեղծման համար: Պարզ, շիտակ, բնությունից իմաստնացած երիտասարդն օրինակելի էր , սահմանապահ գյուղի ամենավտանգավոր հատվածում ապրելով էր իր բաժին պայքարը մղում գրեթե ամեն օր ծննդավայրի հանդեպ ոտնձգություն անող հակառակորդի դեմ: «Կարենը գյուղական պարզ միամտություն ուներ, բարի էր: Մեղրիում զինծառայության ժամանակ շարք էին կանգնել զինվորները, երբ ինձ տեսավ, անմիջապես դուրս եկավ շարքից, եկավ փաթաթվեց»,- պատմում է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր, չինարեցի Անդրանիկ Մակարյանը:
Սահմանապահ Չինարին գիտի` զգույշ պետք է լինի դարանակալած թշնամուց: Կարենի դեպքը ամրապնդեց այդ գիտակցումը: Չինարեցի Նարեկ Աղասյանը գնում է Կարենի անցած ճանապարհով, երբ սևակնած երկինքն արտասվում է, իսկ հատուկենտ աստղերը լույս են տալիս:
Չինարեցի Նարեկը փակեց այն կածանը, որը տուն չվերադարձրեց Կարեն Պետրոսյանին…
Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

​«Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ». Ներքին Կարմիրի դպրոցի տնօրեն

մովսեսի դպրոց«Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ». Ներքին Կարմիրի դպրոցի տնօրեն
Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի դպրոցում առաջին զանգը կհնչի ինը երեխայի համար: Վերջին շրջանի սահմանային դեպքերից հետո հյուսիսարևելյան սահամանագոտում հարաբերական խաղաղություն է, ամառային արձակուրդն էլ ավարտվում է, ուստի ժամանակավորապես գյուղից տեղափոխված ընտանիքներն ու նրանց դպրոցահասակ երեխաներն աստիճանաբար վերադառնում են Մովսես:
«Իմ հաշվարկով` բոլոր դասարանները միասին` 12 աշակերտ, դուրս էին եկել գյուղից, նրանք վերադառնում են գյուղ»,- նշեց Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը: 2014-ի նոր ուսումնական տարում դպրոց կհաճախի 130 աշակերտ: «Ճիշտ է` երեխաների թիվը նվազել է,- ասում է Ադամյանը,- բայց չենք հասել նրան, որ երկկազմ դասարաններ ձևավորենք: 1960-70-ական թթ. Մովսեսի դպրոցն ունեցել է 1200 աշակերտ, այդ ցուցանիշը նվազեց 1990-ականների պատերազմի հետևանքով»: Նրա խոսքով` Մովսեսի դպրոցը մասնագետների խնդիր գրեթե չունի:
«Միայն թե մեր քիմիայի ուսուցչուհին, որը նաև փոխտնօրենն է, Մովսեսից տեղափոխվել է Բերդ, այնտեղ 1-ին հիմնական դպրոցում հայտարարված մրցույթը հաջողությամբ հաղթահարել է և ընդունվել աշխատանքի: Փաստորեն, քիմիայի դասն է, որ բաց է մնում: Այս առարկան դասավանդվում է ընդամենը 10 ժամ, Բերդում մեկ մասնագետի մասին եմ լսել, նրան կզանգահարեմ, եթե ցանկանա, կառաջարկեմ` մեր գյուղում աշխատի, մրցույթ կհայտարարենք: Մնացած առարկաների գծով մասնագետներով ապահովված ենք, ունենք նաև թոշակառու մանկավարժներ, բայց կարողանում ենք մեր երեխաներին անհրաժեշտ կրթությամբ ապահովել»,- նշեց Մովսեսի դպրոցի տնօրենը:
Ի դեպ, Մովսեսի դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքապահների տեսադաշտում և բազմիցս, հատկապես վերջին շրջանի գնդակոծությունների ժամանակ փամփուշտները դիպել են կրթական հաստատության պատերին: «Մեծ վնասներ չեն հասցվել, կրակել են ԴՇԿ-ով, եղել է, որ կրակահերթերը սկսվել են հենց դասապրոցեսների ժամանակ: Մայիսին` քննությունների ժամանակ, խփեցին գյուղապետարանի շենքին, ապա նաև դպրոցին, գնդակներից մեկը մնացել էր պատուհանի շրջանակի մեջ: Բայց եթե անգամ դասերի ժամանակ կրակոցներ են լինում, խուճապի չենք մատնվում, պարզապես երեխաներին թույլ չենք տալիս դուրս գալ շենքից, յուրաքանչյուրն իր ուսուցչի հետ պատսպարվում է իր դասարանում: Երբ կրակոցները մի փոքր դադարում են, ներքևի թաղամասի մեր դպրոցականներաշակերտներին կցում ենք վերևի` ավելի ապահով հատվածում գտնվող թաղամասում ապրող աշակերտներին, երբեմն էլ ավտոմեքենաներով տեղափոխում ենք, որպեսզի երեխաները կրակի տակ երկար ճանապարհ չանցնեն: Ապա նաև զանգահարում ենք նրանց ծնողներին, տեղեկացնում, որ չանհանգստանան` երեխաներին ընկերուհիների հետ ապահով վայրեր ենք ուղեկցել»,- պատմում է Մովսեսի դպրոցի ղեկավարը:
Դպրոցի անմիջական հարևանությամբ է գտնվում գյուղի մարզադաշտը: Ռուզաննա Ադամյանն ասաց, որ թույլ չի տրվում երեխաներին օգտվել այդ դաշտից, քանի որ խիստ վտանգավոր հատվածում է: «Դասերից հետո երեխաները երբեմն ֆուտբոլ են խաղում, բայց դասերի ընթացքում խստորեն արգելել եմ խաղալ այդ դաշտում, ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում ենք փակ դահլիճում»:
Ուղիղ մեկ դար անց սահմանապահ գյուղը դարձյալ քահանա ունի: Տեր Հովհաննես Բադալյանցը Մովսեսում հոգևոր ծառայություն է իրականացրել մինչև 1914 թ.: Ռուզաննա Ադամյանն ուրախությամբ նշեց, որ Մովսես գյուղի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին նոր քահանա ունի, որի կինը կաշխատի գյուղի միջնակարգ դպրոցում, կդասավանդի երգեցողություն: Տեր Աբել քահանա Քարտաշյանը ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, ապա նշանակվել է այս հեռավոր գյուղի եկեղեցու քահանա: «Մենք լքել ենք Երևանը և եկել Հայաստանի այս գեղեցիկ անկյունում մեր ժողովրդի հետ միասին հայրենիքի սահմանները պահելու»: Տեր Աբելն ավելացնում է, որ չափազանց կարևոր է հատկապես այս դժվարին ժամանակներում, երբ սահմանամերձ համայնքների բնակիչներն ապրում են պատերազմի ու խաղաղության սահմանագծում, ամրապնդել նրանց մեջ հայրենիքի հանդեպ սերը և համախմբել հավատքի շուրջ. «Որդիս նոր է զորացրվել, դուստրս սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, իսկ փոքր աղջիկս Մովսեսում է, սովորում է տեղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում»:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցն այս տարի դռները կբացի վեց առաջին դասարանցիների առաջ: «Այս պահին 6 երեխա են, որ գալու են առաջին դասարան, դե, շատ կուզեի` 26-ը լինեին, բայց դե ինչ անեմ, այս պահին այս տարվա երեխաների թիվն այդքան է»,- ասաց գյուղի դպրոցի տնօրեն Իվան Ադամյանը: Նա նաև տեղեկացրեց, որ դպրոցն անհրաժեշտ մասնագետներ ունի, սակայն այս տարի երկու դասվարի թափուր տեղ է առաջացել. «Երեխեքս սեպտեմբերին գալու են, տեսնեն` դասվար չունեն»:
Մեր հարցին` բա ինչ եք անելու, եթե դասվար չգտնեք, Իվան Ադամյանը պատասխանեց. «Դո՛ւք կգաք կպարապեք, ե՛ս կպարապեմ»: Փոխարենը Ներքին Կարմիրաղբյուրն ունի պատմության հրաշալի մասնագետ` Հենրիկ Գալստյանը, որն արժանացել է վարչապետի բարձր գնահատականին` ճանաչվելով լավագույն ուսուցիչ: Հենց նա է, որ երեխաների մեջ ամրապնդում է հայրենասիրական ոգին` բացատրելով, որ հակառակորդը վախկոտ է, հենց «մեր առյուծներն արթնացան»` նրանք նահանջում են:
Սեպտեմբերի 1-ին սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոց կհաճախի 105 երեխա: Չինարիի դպրոցն ունի երկկազմ դասարաններ: Տնօրեն Գրետա Դալլաքյանի խոսքով` երկրորդ և չորրորդ դասարանները դասերն անցկացնում են միասին: Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա դպրոցը որոշ մասնագետների խնդիր ունի: «Հինգ ուսուցիչ ունենք, որոնք թեև կենսաթոշակի տարիքի են, բայց շարունակում են աշխատել և իրենց երկարամյա փորձառությունն ու գիտելիքները փոխանցել չինարեցի աշակերտներին: Նրանցից երկուսը դասվար են, մեկը` ֆիզիկայի մասնագետ, մյուսը` անգլերենի»: Ամեն ինչից անկախ, Չինարիում Գիտելիքի օրը կդիմավորեն ինչպես հարկն է. շնորհավորանքներ` նախորդ ուսումնական տարին գերազանցությամբ ավարտած աշակերտներին և բարի գալուստ կրթօջախ նոր ոտք դնողներին:
Գրետա Դալլաքյանն ասաց, որ օգոստոսի 7-ին ադրբեջանական կողմից գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանին ինքը չի դասավանդել: Նա դպրոցում երեք տարի է սովորել, դպրոցի արխիվում տղայի փաստաթղթերում նշված չէ` նրա դպրոցից դուրս գալու մասին: Տիկին Դալլաքյանը նշեց, որ ամբողջ գյուղն է ցավում երիտասարդ, խելոք, համեստ ու աշխատասեր տղայի մահվան կապակցությամբ: Չինարիի վերջին ողբերգական դեպքը լրիվ փոխել է սեպտեմբերմեկյան օրակարգը: Առաջին դասը կսկսեն պատմության հերթական դասը լավ սերտած. նենգ հակառակորդի դեմ պետք է պայքարել միասնական` կրթվելով, ապրելով ու ամրացնելով հայկական սահմանապահ գյուղերն ու դիրքերը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդարադատության նախարարության փաստաթղթերը բացահայտում են Թուրքիայի համար քարոզչություն ծավալող ընկերությունների գործունեությունը  

հարութԱնցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուպ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:

 

Գիտակցելով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների գանձարանները՝ հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սև բծերը: Այդ նպատակով Անկարան 2014 թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի և Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ, տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաքին», իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաքը» փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից ստացել էր 779 805 դոլար մեկ կիսամյակի համար՝ 2013 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014 թ. ապրիլի 30-ը, որի ավարտին նրա պայմանագիրը դադարեցվել էր:

 

Բացի այդ, Անկարան օգտվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի գործունեությունից, որը 2000 թվականից սկսած ավելի քան մեկ միլիոն դոլար է ծախսել 170 կոնգրեսականների ճամփորդությունները դեպի Թուրքիա հովանավորելու համար: Ամերիկայի թուրքական կոալիցիան ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի միկրոչիպեր արտադրող միլիոնատեր Յալչին Այասլիի կողմից, որն ըստ «Ալ-Մոնիտոր»ի տվյալների, վերջին 18 ամիսների ընթացքում մոտ 140 հազար դոլար է նվիրաբերել մի քանի թուրքամետ կոնգրեսականների:

 

Շատերը տեղյակ չեն, որ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի, արտասահմանյան հաճախորդներ ներկայացնող ամերիկյան ընկերությունները պարտավոր են կիսամյա հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ արդարադատության նախարարություն իրենց  ամենօրյա գործունեությունների մասին:

 

«Ալփայթաքը» դեռչիավարտելիրառաջին կիսամյակը, հետևաբար հաշվետվություն չիներկայացրել: Սակայն, ցանկանում ենք հատվածներ ներկայացնել «Գեբարդ գրուպ» ընկերության և նրա չորս գործընկերների՝  Գրինբերգ Թրորիգի, Լիդիա Բոռլենդի, Բրայան Ֆոռնիի և Դիկշտայն Շապիրոյի փաստաթղթերից, որոնք հանձնել են Արդարադատության նախարարություն՝ 2013 թ. օգոստոսի 1-ից մինչև 2014 թ. հունվարի 31-ը ի նպաստԹուրքիայի իրենց իրականացրած միջոցառումների վերաբերյալ.

 

– 2013 թ. սեպտեմբերի 19-ին, Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նամակը փոխանցվել է փոխնախագահ Ջո Բայդենին և սենատոր Պատրիկ Լիհիին:

 

– Էլեկտրոնային նամակներ են ուղարկվել Ներկայացուցիչների պալատի անդամներ Կաստրոյին, Քոհենին, Քոնոլիին, Դեյչին, Էսթիին, Ֆոքսին, Ֆրանկելին, Գաբարդին, Քենեդուն, Շնայդերին, Վագներին, Ուիթֆիլդին, և սենատոր Մերֆիին՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի վերաբերյալ. կապեր են հաստատվել նաև մի քանի կոնգրեսականների հետ՝ Սիրիայի, Իրանի պատժամիջոցների, Համասի և հակահրթիռային պաշտպանության հարցերի քննարկման համար:

 

– Դիկ Գեբարդը հաղորդել է նախընտրական ներդրումների մասին 2013 թ. սեպտեմբերի 24-ից մինչև 2013 թ. դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում՝ ներկայացուցիչներ Էլսի Հաստինգսին (1000 դոլար), Բարբարա Լիին (1000 դոլար), Մարջորի Մարգոլիսին (1000 դոլար), Ռիչարդ Նիլին (1250 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար), Դեբի Վասերման-Շուլցին (1500 դոլար), Մարկ Վիզիին (1000 դոլար), Հենրի Վակսմանին (1000 դոլար), և սենատորներ Դիկ Դուրբինին (2500 դոլար), Մերի Լանդրյուին (1000 դոլար), Քլեր ՄակՔասկիլին (1000 դոլար), Մարկ Փրայորին (1500 դոլար) և Ռոն Վայդենին (2500 դոլար):

 

– «Գեբարդ գրուպ» ընկերության աշխատակիցներն նվիրել են սենատորներ Դիկ Դուրբինին (500 դոլար), Ջին Շահինին (1500 դոլար), և ներկայացուցիչներ Սթիվ Քոհենին (500 դոլար), Քոլին Հանաբուզային (1250 դոլար), Ջիմ Մորանին (500 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար) և կոնգրեսական Հենրի Վակսմանին (500 դոլար):

 

– «Գեբարդ գրուպի» գործընկեր «Դիկշտայն Շապիրո» ընկերության աշխատակիցները կապ են հաստատել կոնգրեսական Գրեգորի Միքսի օրենսդիր տնօրեն Բեն Բրանչի հետ՝ «Թուրքիայի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ օրենսդրության հարցերով»: Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հաստերտը, Դիկշտայն Շապիրոյի անունից հանդիպել է Ամերիկայում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի և սենատոր Ռոն Ջոնսոնի հետ՝ «Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ»:

 

– «Դիկշտայն Շապիրոյի» այլ աշխատակիցներ կապ են հաստատել հետևյալ ներկայացուցիչների գրասենյակների հետ՝ Ջորջ Հոլդինգ, Էդի Բեռնիս Ջոնսոն, Շեյլա Ջեկսոն Լի, Իլիանա Ռոս-Լետինին, Գրեգորի Միքս, Շելի Փինգրի, Ռոբերտ Փիթինջեր, Դեյնա Ռոհրաբայկեր, Էդ Ռոյս, Էդ Ուիթֆիլդ, և սենատորներ Ջոն Բուզման, Ռոն Ջոնսոն, Ռենդ Փոլ և Ռոջեր Ուիքեր, որպեսզի քննարկեն թուրքական տարածաշրջանային խնդիրները, Կիպրոսի, Թուրքիա ուղևորվելու և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություների վերաբերյալ հարցեր:

 

– «Դիկշտայն Շապիրոյի» աշխատակիցները 2013 թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 19-ը նվիրաբերել են ավելի քան 60 հազար դոլար հետևյալ կոնգրեսական թեկնածուների քաղաքական քարոզարշավների համար.  սենատորներ Լամար Ալեքսանդր (2500 դոլար), Քեյ Հեգան (9000 դոլար), Էմմի Քլոուբուչեր (2000 դոլար), Միտչ ՄակՔոնել (2500 դոլար), Մարկ Փրայոր (2500 դոլար), Թիմ Սկոտ (1000 դոլար), և ներկայացուցիչներ Սանֆորդ Բիշոպ (2500 դոլար), Էմանուել Քլիվեր (1500 դոլար), Ռիկ Քրովերդ (2500 դոլար), Սթիվ Դեյնս (2500 դոլար), Ջոն Դինգլ (1000 դոլար), Բիլ Հյուզենգա (2500 դոլար), Էդի Բեռնիս Ջոնսոն (1000 դոլար), Ադամ Քայնզինգեր (2500 դոլար), Մայք ՄակԻնթայր (5000 դոլար), Բաք ՄակՔեոն (1500 դոլար), Դաչ Ռուպերսբերգեր (2500 դոլար) և Էդ Ուիթֆիլդ (2500 դոլար):

 

Քանի որ, ըստ օրենքի, Թուրքիայի կողմից վարձու ընկերությունները պարտավոր են մանրամասն զեկուցել իրենց գործունեության մասին, շատ կարևոր է պարբերաբար ստուգել Արդարադատության նախարարությանընրանց ներկայացրած փաստաթղթերը, պարզելու համար, թե ո՞ւմ հետ են նրանք կապ հաստատում Կոնգրեսում, ի՞նչ նպատակով և ինչքա՞ն են նվիրաբերում նրանց քաղաքական քարոզարշավներին:

 

 

 

 

ՀարութՍասունյան
«ԿալիֆորնիաԿուրիեր» թերթիհրատարակիչևխմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Գյումրեցիները վարկ են վերցնում երեխաներին դպրոց ճանապարհելու համար

DSC00541Գյումրու 24 նախակրթարանների  ավարտական խմբերի 771 սաներ և սոցիալապես անապահով ընտանիքների 250 դպրոցահասակ երեխաներ այսօր ստացան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: Այս նպատակով Գյումրու ավագանին հուլիսի 30-ի նիստում քաղաքային բյուջեից հատկացրեց 5 մլն դրամ:

Երեխաների մի մասին պայուսակաները հանձնվեցին հենց քաղաքապետարանում, մյուսներինը՝ մանկապարտեզներում: Քաղաքապետարանը հազար առաջին դասարանցու համար գնել էր պայուսակ, ալբոմ, տետր, մատիտներ և այլ պիտույքներ:

ՙԱյնպես ենք արել, որ շատ էժանի հետևից չվազենք և նախապատվությունը տվել ենք 4000-4500 դրամանոց պայուսակներին, որպեսզի երեխաները դրանք օգտագործեն, ոչ թե դեն շպրտեն: Գոնե էդ մի բանով թեթևացնենք ծնողների հոգսը՚, – նշեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Պայուսակներն ընտրվել էին՝ աղջիկների համար վառ գույներով, տղաների համար՝ ավելի մուգ երանգներով:

Արդյո՞ք դպրոցական այս պարագաները կհասնեն բոլոր երեխաներին, թե այնուամենայնիվ մանկապարտեզներում խտրականություն կդրվի հարցին նախակրթարանների տնօրենները միահամուռ պատասխանեցին՝ անգամ եթե մեկի երեխան մեկ օր ուշ ստանա իր նվերը, ծնողներն աղմուկ կբարձրացնեն, էլ ուր մնա՝ ընդհանրապես չստանան:

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանն էլ նշեց, թե պայուսակներն ու գրենական պիտույքները մանկապարտեզներին բաժանվելու են ցուցակներով, որտեղ նշված են ծնողի անուն-ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը: Իսկ յուրաքանչյուր ծնող նվերները ստանալիս պետք է ստորագրի իր անվան դիմաց, այնուհետ այդ ցուցակները ներկայացվում են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի: Հետևաբար, ճշգրտումներ կատարելը շատ հեշտ է:

Իսկ մեր հարցին, թե կա՞ն ծնողներ, ովքեր հրաժարվում են իրենց հասանելիք նվերներից, և՛ մանկապարտեզների տնօրենները, և՛ քաղաքապետարանի կրթության բաժնի պետը հայտնեցին, որ մինչ այս պահը դեռևս նման դեպք չի եղել:

Խոսելով ծնողների հետ, ովքեր առաջին դասարան են ճանապարհում իրենց զավակներին, փորձեցինք պարզել՝ որքան գումար է անհրաժեշտ 6 տարեկան երեխային դպրոցական պարագաներով ապահովելու համար: Պարզվեց՝ 100,000 դրամն այս դեպքում այնքան էլ բավական չէ. հագուստ, կոշիկ, գրենական պարագաներ, դրան գումարած՝ սեպտեմբերմեկյան ծաղկեփունջ, ապա առաջին տետրերը, որ վաճառվում են երեխաներին դպրոցներում:

Նարինե Հարությունյանը առաջին դասարան է ճանապարհում արդեն երրորդ բալիկին, ասում է արդեն 200,000 դրամ ծախսել է երեխաների համար, ճիշտ է, պարտք է արել: Ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, մի քանի ամսում պարտքը կփակի: Ընտանիքն ընդգրկված է ընտանեկան նպաստ համակարգում, դիմում է գրել՝ առաջին դասարանցիներին տրամադրվելիք 25,000-ական միանվագ գումարը ստանալու համար, բայց դա էլ սեպտեմբերի վերջ են տալու. ՙՈր ես պարտք անելու տեղ չունենայի ու մնայի էդ գումարի հույսին, պիտի իմ էրեխեն դպրոց չգնա՞ր: Պայուսակներն էլ շատ թանկ առա, որ իմանայի քաղաքապետարանն այսքան որակովները պիտի բաժաներ, մի հատ պակաս կառնեի՚ ,-ասում է Նարինեն:

Գյումրիում Նարիների նման շատ ծնողներ սեպտեմբերի մեկին պատրաստվում են կամ բանկերից վարկ վերցնելով, կամ պարտքեր կուտակելով, բայց երեխաներին տեղը-տեղին դպրոց են ճանապարհում:

 

Անկախ

Հյուսիսային Կորեան վիրավորել է Ջոն Քերիին իր տեսքի համար

John Kerry1Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին «սարսափելի ծնոտով գայլ» է անվանել:

Հյուսիսային Կորեան այս տարվա ընթացքում կոպիտ վիրավորանքներ է հնչեցրել Վաշինգտոնի և Սեուլի առաջնորդների նկատմամբ՝ Բարաք Օբամային անվանելով կապիկ, իսկ Հարավային Կորեայի նախագահ Պարկ Գին Հեին՝ անառակ:

Հյուսիսային Կորեայի պաշտպանության հանձնաժողովի անհայտ բաժնի խոսնակը Քերիին բնորոշել է որպես «ոչխարի դիմակ հագած գայլ»:

Խոսնակը քննադատել է Քերիի հայտարարությունն առ այն, որ Վաշինգտոնը խաղաղություն է ցանկանում Կորեական թերակղզում՝ չնայած Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան շարունակել են իրենց վարժանքները՝ անտեսելով դրանք դադարեցնելու վերաբերյալ Հյուսիսային Կորեայի պահանջները:

Նա նաև քննադատել է Քերիի մեկնաբանությունները Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշի և սպառազինությունների ծրագրերի կապակցությամբ:

 

Անկախ

Սև հաղարջի մուրաբա

մուրաբաՍև հաղարջը օգտակար նյութերով հարուստ հատապտուղ է: Այն թե՛ թարմ վիճակում է հաճելի և թե՛ եփած` մուրաբայի կամ կոմպոտի տեսքով: Ու շատ կարևոր է, որ հաղարջի օգտակար հատկությունները պահպանվում են: Մարդուն անհրաժեշտ C վիտամինի օրական նորմը կարելի ստանալ ընդամենը 50 գ սև հաղարջից: Արագ եփած մուրաբայում կամ շաքարի հետ տրորվածքում նույնպես պահպանվում են բոլոր վիտամիններն ու օգտակար նյութերը:
Սև հաղարջով սառը մուրաբա
1 կգ հաղարջ
1 կգ շաքարավազ
Հաղարջը լվանալ ու քամել, ապա շաքարավազի հետ հարել բլենդերով կամ աղալ ու խառնել շաքարավազի հետ: Լցնել չոր ու մաքուր բանկաների մեջ ու պահել:
12-րոպեում պատրաստվող մուրաբա
Այդպես է կոչվում, քանի որ պետք է եփել 12 րոպեից ոչ ավելի:
Բաղադրությունը
1 կգ հաղարջ
1,5 կգ շաքարավազ
0,5 լ ջուր:
Ջրով ու շաքարավազի կեսով օջարակ պարաստել ու եռացնել:
Լցնել հաղարջն ու եփել 7 րոպե` խառնելով:
Ապա ավելացնել մնացած շաքարն ու եռացնել 5 րոպե:
Տաք-տաք լցնել ախտահանված բանկաների մեջ, փակել ու դնել պահպանության:
Սառեցրած հաղարջ
Սև հաղարջը հրաշալի է պահպանվում սառցախցիկում: Ի դեպ, այդ հաղարջից նույնպես ձմռանը կարելի է մուրաբա պատրաստել: Պարզապես անհրաժեշտ է դրա համար առողջ հատիկներ ընտրել, ապա լցնել հատուկ ամանների կամ էլ տոպրակների մեջ ու դնել սառցախցիկը:
Ճիշտ կլինի դրա համար ոչ մեծ խմբաքանակով պահեստավորել. այնքան, որքան պետք է մեկ օգտագործման համար:

Ո՞վ կդառնա Թուրքիայի նոր վարչապետը

varchapet Օրերս Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի տարած հաղթանակից հետո երկրի օրակարգում հայտնվել է ևս մի կարևոր հարց: Թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում այս օրերին լայնորեն քննարկում են, թե ովքեր են հավակնում վարչապետի և ԱԶԿ-ի ղեկավարի պաշտոններին: Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե այս երկու պաշտոններն էլ միևնույն մարդն է ստանձնելու, քննարկվող թեկնածուների շրջանակը նեղացավ: Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո վարչապետի պաշտոնի ամենամեծ հավակնորդը ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն է համարվում: Վերջինիս տեղում կարող է հայտնվել Հաքան Ֆիդանը, որը հայտնի է ազգային անվտանգության ոլորտում իր պաշտոնավարությամբ: Այս հանգամանքը դժգոհությամբ է ընդունվում ընդդիմադիր թևի կողմից: Չնայած Դավութօղլուի կողմնակիցները շատ են, սակայն նրա անհաջողություններն  արտաքին քաղաքական դաշտում մտահոգությունների տեղիք են տալիս:

Վարչապետի պաշտոնին հավակնում է նաև ներկայիս փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, որը, սակայն, քիչ շանսեր ունի, քանի որ ԱԶ կուսակցության ներսում նրա կողմնակիցները շատ չեն: Քննարկվող անուններից մեկն էլ Էրդողանի մտերիմ ընկեր Մեհմեդ Ալի Շահինն է, ինչպես նաև մյուս փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Ցանկալի թեկնածուների թվում է նաև ԱԶԿ-ի փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, սակայն վերջինս, չլինելով մեջլիսի պատգամավոր, չի կարող ստանձնել վարչապետի պաշտոնը: Դավութօղլուի համար մրցակից կարող է հանդիսանալ տրանսպորտի, նավագնացության և կապի ներկայիս նախարար Բինալի Յըլդըրըմը:

Ինչ վերաբերում է նախագահ Գյուլին, ապա վերջինս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը` ելնելով երկու հանգամանքից: Նախ նա մեջլիսի պատգամավոր չի հանդիսանում, ինչը պարտադիր պայման է վարչապետի համար: Բացի այդ, վարչապետի անունը հայտնի է դառնալու օգոստոսի 27–ին ԱԶԿ-ի հրավիրած կուսակցական արտահերթ կոնգրեսի ժամանակ, իսկ Գյուլը նախագահական աթոռին հրաժեշտ է տալու միայն հաջորդ օրը` օգոստոսի 28–ին: Հետևաբար Գյուլը պետք է հրաժարական տա մինչև կոնգրեսի օրը, ինչը անհավանական է համարվում: Չնայած Գյուլը նշել է, որ վերադառնալու է հարազատ կուսակցություն, սակայն նա վարչապետ և կուսակցության ղեկավար կարող է դառնալ լավագույն դեպքում միայն 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Գալով Թայիփ Էրդողանի նախագահությանը, ապա պետք է նշել, որ այս պաշտոնում վերջինիս լիազորությունները բավական սահմանափակ են լինելու, քանի որ Թուրքիան առայժմ վարչապետական կառավարման համակարգ ունեցող պետություն է: Անցումը նախագահական կառավարման համակարգին հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով: Այնուհանդերձ ԱԶԿ-ն, մեջլիսում չկազմելով բացարձակ մեծամասնություն, չի կարող հասնել այս փոփոխությանը: Նման հնարավորություն միգուցե առաջանա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն այս տարբերակն էլ քիչ հավանական է համարվում: Արդյունքում ակնհայտ է, որ Էրդողանը, չունենալով երկիրը ղեկավարելու ուղիղ լիազորություններ, դա փորձելու է անել վարչապետի ձեռքով: Հետևաբար վարչապետի պաշտոնը նա կվստահի իրեն մոտ կանգնած հավատարիմ մեկին:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Հովհաննես Այվազովսկի1896 թ. ամառային մի օր Թեոդոսիայի բնակիչները մի զվարճալի տեսարանի ականատես եղան: Արդեն անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին քայլում է քաղաքի փողոցներով, նրա կողքին ծովանկարչի շունն է, որի վզին մեդալներ են կախված: Լուռ, շրջապատի մարդկանց հարցապնդումներին անհաղորդ` ծովանկարիչը շան հետ ծովափ իջավ, նավակ նստեց ու թիավարեց դեպի ծովը, ապա շան վզից արձակեց կապած մեդալներն ու շպրտելով` հետ վերադարձավ…

Մեծ ծովանկարիչը ծովի խորքերը նետեց թուրքական սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի պարգևները, որ ստացել էր նրանից թուրքական պալատների նկարազարդումների և Բարձր դռան պատվերով արված կտավների համար: Մեծ հայորդին այդպես իր բողոքն ու դժգոհությունն արտահայտեց Արևմտյան Հայաստանում սկսված զանգվածային կոտորածների դեմ:

Երբ տակավին պատանի Հովհաննես Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա ընդունակությունները, փորձում է նրան՝ ասելով.
– Ուսումնարանի առաջին հարկում ջրավազան կա, գնա և այնտեղից դույլով ջուր բեր:
Պատանին գնում է, տեսնում, որ ջրավազանն իրականում պատի վրա արված նկար է: Նա նկարի վրա ավելացնում է ջրի մեջ խեղդվող շուն, առանց ջրի գնում տնօրենի մոտ և արդարանալով ասում. «Ավազանի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:
Տնօրենը գնում տեսնում է, թե ինչ հմտությամբ է Այվազովսկին նկարել շունն ու նրան ընդունում է իր մոտ սովորելու:

Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսական կայսերական ակադեմիայի անդամ, Ամստերդամի, Շտուտգարտի, Ֆլորենցիայի, Հռոմի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի բարձրագույն` Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվզովսկին ծնվել է 1817 թ. հուլիսի 29-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում:

Տեղի ծխական քահանայի ծխամատյանում գրանցված է որպես Օաննես Այվազյան: Հետագայում` մինչև 1843 թ., իր կտավները մեծ ծովանկարիչը այդպես էլ ստորագրում էր` հայերեն:

Հովհաննես Այվազովսկին դեռ երիտասարդ ժամանակ նվաճեց ծովանկարչության առաջամարտիկի դիրքը ու մինչ օրս պահպանեց այն: Աշխարհում ոչ ոք չկարողացավ այլևս ծովանկարչության ասպարեզում ստեղծել այնպիսի արժեքներ, որոնք կարողանային չափվել հայորդու ստեղծածի հետ: Նա արտակարգ տեսողական հիշողություն ուներ և տարբեր երկրներում տեսածը ամիսներ անց կարողանում էր արագ վերարտադրել իր կտավներում:
Նրա հայրը Մոլդովայից Ղրիմ գաղթած Գեորգի Այվազն էր, ով հետագայում անհայտ պատճառով փոխեց իր անունը` Կոստանդին:
Մանկությունն ու պատանեկությունն անցան հայրենի քաղաքում, որտեղ Հովհաննեսը հաճախեց տեղի հայկական ծխական դպրոց:
Հովհաննեսը սիրում էր նկարել ու հաճախ էր ածուխի կտորներով «մրոտում» քաղաքի պատերը, զանազան շինություններ:

Տեսնելով որդու հակումը` հայրը նրան ուսման տվեց Սիմֆերոպոլի գիմնազիայում, ուր սովորեց 1830-1833 թթ.: Այստեղ նա նվաճեց առաջին պարգևը. իր «Անդորր» կտավի համար արժանացավ գիմնազիայի առաջին կարգի ոսկե մեդալի: Հետագայում` 1837 թ. Այվազովսկին ոսկե մեդալով ավարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան:

Այնուհետև ,Այվազովսկին շրջագայեց Եվրոպայում` կատարելագործելով իր արվեստը: Նա եղավ Եվրոպայի մշակութային կենտրոններում` Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, մասնակցեց բազում ցուցահանդեսների, ինչը ճանաչում բերեց ծովանկարչին:

Չորս տարի անց` 1844 թ. վերադառնալով Ռուսաստան` նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչ: Չնայած նոր նշանակմանը` նա չհաստատվեց մայրաքաղաքում, այլ մշտական բնակության մեկնեց հայրենի քաղաք` Թեոդոսիա: Այվազովսկին չէր պատկերացնում կյանքն առանց ծովի:

Ղրիմի պատերազմի ծանր օրերին նա գործուն աջակցություն ցույց տվեց Սևաստոպոլի պաշտպաններին: Անգամ պատերազմի թոհուբոհը չխանգարեց, որ նա քաղաքում ցուցահանդես բացի, ոգևորի պաշարված քաղաքի բնակիչներին:
Պատերազմից հետո նա մեկնեց երկարատև ճամփորդության. եղավ Եվրոպայում, ամերիկյան մայրցամաքում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքի երկրներում, Կովկասում, Հայաստանում:

Հենց նրա ջանքերով 1869 թ. Թիֆլիսում բացվեց հայ իրականության մեջ առաջին ցուցահանդեսը, որտեղ ցուցադրության դրեց իր կովկասյան բնանկարները և հայ իրականությանն առնչվող կտավները:

Հովհաննես Այվազովսկին նյութապես ապահովված մարդ էր և միշտ իր միջոցներից բաժին էր հանում կարիքավորներին: Նա նաև նյութական աջակցություն ցույց տվեց Ղրիմի հայ փախստականներին: Առհասարակ, Հայկական հարցը նրա ուշադրության կենտրոնում էր, և շուտով ծնվեցին «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին», «Հայերի ջարդը Տրապիզոնում» ու այլ կտավներ: Նա հայկական թեմաներով ստեղծել է նաև «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտությունը», «Արարատ լեռան հովիտը», «Խրիմյան Հայրիկը Էջմիածնում», «Սևանա լիճը», «Բայրոնի այցը սուրբ Ղազար կղզի», «Ադանայի ջարդը», «Վարդան զորավար», այլ կտավներ, որոնցում պատկերված են թիֆլիսյան բնանկարներ, հայության կենցաղը…
Հայաստանի ազատագրության և լուսավորության համար պայքարող հայկական կազմակերպություններն էլ անմասն չեն մնացել Հովհաննես Այվազովսկու նյութական աջակցությունից: Նրա նյութական աջակցությունից զուրկ չմնացին նաև ազատության համար պայքարող հույներն ու իտալացիները:Նա հայրենի քաղաքում հնագիտական թանգարան և գեղարվեստի դպրոց բացեց, համերգային դահլիճ, պատկերասրահ:

Այվազովսկու տարերքը ծովն էր: Նա իր կտավներում պատկերել է ծովն իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ` տարբեր եղանակների, տարբեր ժամերի, փոթորկի պահին, խաղաղ ծփալիս…
Իր բեղուն կյանքի ընթացքում Այվազովսկին ստեղծեց շուրջ 6000 կտավ: Նրա գլուխգործոցն է «Իններորդ ալիքը», որ վրձնեց 1850 թ.: Պակաս արժեքավոր չեն նաև «Փոթորիկ Նիցայի ափին» կտավը (1885 թ.), «Սև ծովը» (1881):
Առհասարակ Այվազովսկին աշխարհի ամենահարուստ ժառանգություն թողած նկարիչներից է: Նրա որոշ կտավներ վաճառվել են մինչև 2 մլն ԱՄՆ դոլարով և ավելի արժողությամբ: Վերջին աշխատանքը խորհրդանշական էր` «Թուրքական նավի պայթյունը»:

Նա մահացավ 1900 թ. մայիսի 5-ին և զինվորական պատիվներով թաղվեց Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Շիրիմին հայերեն արձանագրված է քերթողահայր Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունից. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող» տողը:

Նրա մահից հետո Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան անվանական թոշակ սահմանեց Հովհաննես Այվազովսկու անունով:

 

 

 

Թուրքական խմբերը ֆինանսավորել են կոնգրեսականների խնդրահարույց շրջագայությունը Ադրբեջանում

թուրք-ադրբեջանական համագործակցությունՄիջազգային մամուլն այս օրերին հեղեղված է եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների մասին սկանդալային պատմություններով, որոնք ջերմ ընդունելության են արժանացել Ադրբեջանում և Թուրքիայում՝ շահադիտական թաքուն դրդապատճառներով:

 

Նորագույն բացահայտումը հրապարակվել է «Հյուստոնյան խրոնիկայի» (Houston Chronicle) կողմից հուլիսի 27-ին` «Կոնգրեսականների շրջագայությունը ահազանգ է հնչեցնում» խորագրով: Հոդվածը բացահայտել է, որ թուրքական շահույթ չհետապնդող հինգ խմբեր ծախսել են 274 459 դոլար` Կոնգրեսի տասը անդամների և 35 աշխատակիցների ճոխ ճամփորդության վրա 2013 թվականի մայիսին: Այդ դրամական միջոցները նվիրաբերել էին.

 

– Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը (Հյուստոն) – 101 680 դոլար.

– Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական միությունը (Չիկագո) – 68 324 դոլար.

– Ամերիկայի թուրքական դաշինքը (Վաշինգտոն) – 52 975 դոլար.

– Ամերիկայի հարավ-արևելյան հատվածի թուրքական միությունը (Ատլանտա) – 26 550 դոլար.

– Թուրք-ամերիկյան ընկերակցությունների խորհուրդը (Նյու Յորք) – 24 930 դոլար:

 

Ահա այն տասը կոնգրեսականները, որոնց դեպի Բաքու ճամփորդության բոլոր ծախսերն ամբողջովին վճարվել էին.

 

– Դենի Դևիս – 24 084 դոլար.

– Ռուբեն Հինոջոզա – 19 962 դոլար.

– Ջիմ Բրայդենշտին – 14 173 դոլար.

– Թեդ Պո – 13 431 դոլար.

– Սթիվ Սթոքման – 13 431 դոլար.

– Միշել Լուhան Գրիշեմ – 12 780 դոլար.

– Շիլա Ջեկսոն Լի – 12 034 դոլար.

– Լենարդ Լանս – 9 798 դոլար.

– Իվետ Քլարկ –  8 701 դոլար.

– Գրեգորի Միքս – 6 431 դոլար:

 

Կոնգրեսականների ուղևորության իրական նպատակը մի համաժողովի մասնակցելն էր, որը մասամբ ֆինանսավորվել էր SOCAR-ի (Ադրբեջանի ազգային նավթային ընկերություն) կողմից, և որն իր գործընկերներից մեկի՝ NIOC-ի (Իրանի ազգային նավթային ընկերություն) հետ միասին ձեռնարկել էր 28 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիր՝ «Շահ Դենիզ» գազի հանքավայրը շահագործելու համար: Պատահական չէր, որ շրջագայությունը կազմակերպվել էր հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում էր լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ադրբեջանցիներին և նրանց իրանցի գործընկերներին խիստ անհրաժեշտ էր Կոնգրեսից ստանալ արտոնություն՝ այս հսկայածավալ ծրագիրն իրականացնելու համար: Զարմանալի չէ, որ կոնգրեսական պատվիրակության շքեղ ճամփորդությունից վերադառնալուց հետո, դեռ երկու ամիս չանցած, Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այդ ցանկալի արտոնությանը…

 

«Հյուստոնյան խրոնիկան» օրինագծի շուտափույթ հաստատումը սովորաբար դանդաղաշարժ Կոնգրեսի կողմից բացատրում է նրանով, որ «SOCAR-ը, ադրբեջանական այլ պետական միավորների հետ մեկտեղ դարձել է Վաշինգտոնի խոշորագույն փող ծախսողներից մեկը՝ ամերիկյան գործընկերներ ապահովելով իր նավթամթերքները համաշխարհային շուկաներ հանելու համար… Լոբբիստները, Ադրբեջանի կառավարությունը և էներգետիկ ընկերությունները, բոլորը մասնակցել էին Բաքվի հավաքույթին» Հեյդար Ալիևի շքեղ կենտրոնում, որտեղ գլխավոր բանախոսը նախագահ Իլհամ Ալիևն էր: «Առնվազն չորս կոնգրեսականների ընկերակցել էին իրենց կանայք կամ նշանածները: Ոմանք օգտվել էին առաջին կարգի թռիչքներից և իրենց ուղևորությունը երկարաձգել՝ մնալով Թուրքիայի շքեղ հյուրանոցներում: Միայն կոնգրեսականների ճամփորդական ծախսերը կազմել էին 270 հազար դոլար»:

 

Հետաքրքրական է, որ այցելության գլխավոր կազմակերպիչը՝ Թուրք ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդը, «չի բացահայտել որևէ առևտրական ընկերության աջակցություն կամ օտարերկրյա կառավարության օգնություն դեպի Բաքու կոնգրեսականների կատարած ուղևորությունների համար», ինչպես պահանջվում է դաշնային օրենքով, հաղորդում է «Խրոնիկան»: Թուրքական շահույթ չհետապնդող հինգ կազմակերպությունները և տասը կոնգրեսականները հնարավոր է խախտել են Կոնգրեսի էթիկայի կանոնները և դաշնային օրենքը՝ չբացահայտելով առևտրական նվիրատվությունները ուղևորության համար, հայտարարում է «Խրոնիկան»:

 

Արձանագրությունները ցույց են տալիս, որ կոնգրեսական Միքսը «չի բացահայտել Բաքու կատարած իր ճամփորդության ծախսերը վերջնաժամկետից մեկ տարի անց», պարզել է «Խրոնիկան»: Ավելին, կոնգրեսական Սթոքմանը լրացուցիչ ստացել է 5 հազար դոլար քարոզչական նպատակներով երեք վճարումներով, նույն ամսվա ուղևորության ընթացում, Թուրքական խորհրդի նախագահ Քեմալ Օքսուզից, որը ղեկավարում է շահույթ չհետապնդող երկու խմբեր, ընդ որում դրանք Հյուստոնում գրանցված են միևնույն հասցեում: «Երկու խմբերն էլ  ճանաչվել են որպես Բաքվի համաժողովի հովանավորներ կամ կազմակերպիչներ և երկուսն էլ գումար են վերցրել SOCAR-ից: Մի խումբը՝ Ադրբեջանի բարեկամների ասամբլեան, գործում է որպես SOCAR-ի ամերիկյան հանրային կապերի թև»՝ ըստ «Խրոնիկայի» տեղեկությունների:

 

Օքսուզը Բաքվում հայտնել է մի ամերիկացի լրագրողի, որ նավթային համաժողովի ծախսը կազմել է 1.5 մլն դոլար: Նա նաև ասել է, որ հյուրերը որպես նվեր ստացել են ձեռագործ գորգեր, որը խախտում կհամարվի, եթե դրանց մասին չհայտնեն ԱՄՆ համապատասխան մարմիններին:

 

«Խրոնիկան» պարզել է, որ «այդ ոչ առևտրային խմբերից շատերը ղեկավարվում են թուրք նախկին իմամ, վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների կողմից, որն ապրում է Փենսիլվանիայում… Ընդհանուր առմամբ, թուրքական խմբերը կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի համար 2009-2013 թվականներին ֆինանսավորել են 272 արտասահմանյան ուղևորություններ» դեպի Ադրբեջան և Թուրքիա:

 

«Հյուստոնյան խրոնիկան», ի լրումն իր մերկացնող հետաքննական հոդվածի, նաև հրապարակել է խիստ քննադատական մի խմբագրական՝ հանդիմանելով տասը կոնգրեսականներին` «ահավոր միամիտ կամ նողկալի կաշառակեր լինելու» համար, և «մի քանի գրպանած նվիրատվությունների» դիմաց ծառայելու համար Ադրբեջանի շահերին՝ «մի կոռումպացված ավազակապետության, ուր իշխում է Ալիևների ընտանիքը, որ ապօրինի գումարներ է կուտակում՝ խեղդելով քաղաքական այլախոհությունը»:

 

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

«Շարժվող Երևան»` հայկական պարարվեստը քաղաքի ռիթմին ներդաշնակ (լուսանկարներ, տեսանյութ)

2 (12)Հունիսի 24-26-ը Երևանում նկարահանվեց «Շարժվող քաղաքներ» (“Moving Cities”) կարճամետրաժ, արտիստիկ ժանրի ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է բրիտանական “Wind & Foster” շահույթ չհետապնդող ընկերության հիմնադիր Ջիվան Քոուդհարին, ով 2014 թվականից իրականացնում է «Շարժվող քաղաքներ» նախագիծը: Վերջինս իրենից ներկայացնում է մի ֆիլմաշար, որը պատմում է տարբեր մարդկանց մասին: Նրանք շարժվում են, աճում, փոփոխվում, զարգանում իրենց իսկ քաղաքներում: Նախագիծը նպատակ ունի ներկայացնել պատմամշակույթային արժեքներ ունեցող որոշ քաղաքների դինամիկայի և պարողների շարժման ներդաշնակությունը:

4 (4)Լոնդոնի, Փարիզի, Լիոնի և Բրյուսելի ազգային բալետի պարողների մասնակցությամբ ֆիլմերի նկարահանումից հետո ռեժիսոր Ջիվան Քոուդհարը որոշեց իր հաջորդ ֆիլմում ներկայացնել Երևանը: Այդ նպատակով ընտրվեցին 47 պրոֆեսիոնալ պարողներ Երևանի պարարվեստի մասնագիտացված գրեթե բոլոր կենտրոններից, ինչպես նաև միջազգային մրցաշարերում հաջող հանդես եկած մարմնամարզիկներ, ակրոբատներ: Նկարահանման համար ընտրվեց երևանյան 23 տեսարան: Ռեժիսորի կարծիքով` նախագծի երևանյան տարբերակը առանձնանում է մյուսներից, քանի որ Հայաստանը շատ ավելին ունի ներկայացնելու աշխարհին: Նա ֆիլմում ներառել է հայկական ազգային հագուստը, պարերը, որոնք հետաքրքիր ներդաշնակության մեջ ներկայացնում են զարգացող հնամյա քաղաքը:

3 (9)Անկախ-ի լրագրողը «Շարժվող Երևան» նախագծի մասին զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Նարէ Աղաբաբյանի հետ: «Նկարահանումից դեռ երկու ամիս առաջ անհավանական բան էր, որ կկարողանանք իրականացնել այս նախագիծը: Ես կարճ ժամանակում շրջեցի Երևանի պարարվեստի բոլոր կենտրոններով, ընտրեցի ֆիլմի ձևաչափին համապատասխանող պարողների: Բոլորը սիրով համաձայնեցին մասնակցել նախագծին, ինչը զարմանալի էր, քանի որ այս ոլորտում աշխատող մարդիկ սովորաբար շատ զբաղված են լինում: Այնուհետև քաղաքի մի շարք հասարակական վայրերում, պատմամշակույթային հուշարձաններում նկարահանումներ անցկացնելու թույլտվություն ստացա և այդ մասին հայտնեցի Ջիվանին, որն էլ շտապեց Երևան գալ: Բավական դժվար աշխատանք էր 3 օրում 23 տարբեր տեսարաններ նկարահանել երևանյան 40 աստիճան շոգի պայմաններում: Սակայն մենք աշխատել ենք մեծ սիրով ու ոգևորությամբ` մշտապես ունենալով բարձր տրամադրություն: Ֆիլմը ինքնին մեծ ասելիք ունի, մենք աշխարհին ներկայացնում ենք մեր մշակույթը, պատմությունը, պարարվեստը, մեր քաղաքը, որը լույս է շնչում: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա իմ մասնակցությունն ու ներդրումը ունենալ այս նախագծում` աշխատելով Գոռ Սահակյանցի (ռեժիսորի օգնական, երկրորդ օպերատոր) և Ալեքսանդր Բաղդասարյանի (ֆիլմարտադրության օգնական) նման երիտասարդ և հաջողակ մասնագետների հետ»,-նշում է ֆիլմի պրոդյուսերը:

1 (12)Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Քոուդհարը, մոր կողմից ունենալով հայկական արմատներ, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ է իրականացրել ֆիլմի նկարահանումները, քանի որ միշտ երազել է լինել Երևանում: Նա նշել է, որ շատ բախտավոր է իրեն համարում Երևանում ֆիլմ նկարահանելու հնարավորություն ստանալու համար: «Ես մեծապես շնորհակալ եմ բոլոր արտիստներին, որոնք իրենց ժամանակն ու տաղանդը ներդրեցին այս նախագծում: Սա ինձ համար հերթական ֆիլմը չէ, այլ բացահայտումն է իմ ժառանգության և այն ժողովուրդի, որին այսքան մոտ դեռ երբեք զգացել ինձ: Հուսով եմ, որ ֆիլմը հանդիսատեսին հուզում է այնպես, ինպես ինձ: Անչափ շնորհակալ եմ բոլոր մաստակիցներին և Նարէ Աղաբաբյանին, առանց որի անհնար կլիներ այս նախագիծը: Մենք կարճ ժամանակում հասցրել ենք անել ահռելի մեծ աշխատանք: Ես հպարտ եմ իմ երկրորդ հայրենիքով և հուսով եմ, որ աշխարհը կգնահատի այն»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

5 (2)Նշենք, որ “Moving Cities” նախագիծն արդեն ընտրվել է Փարիզում, Լոնդոնում, Հռոմում և Սան Կարլոսում որպես ֆիլմերի փառատոնի պաշտոնական ծրագրերի մաս: Մասնավորապես “Moving Brussels” ֆիլմը կհեռարձակվի որպես Բրյուսելի հեռուստատեսային միջազգային ծրագիր, կներկայացվի մի շարք միջազգային փառատոներում: «Շարժվող Երևանը» նույնպես կմասնակցի մի շարք միջազգային կինոփառատոների, ինչպես նաև կհեռարձակվի հայկական և եվրոպական հեռուստաալիքներով:

 ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տաթևիկ Սարգսյան

Անկախ

Խոսք ընթերցողի. Նա մի աշխարհ է աշխարհի վրա

girqԻմ առջև բանաստեղծությունների մի ժողովածու է. գրական ծովին մի կաթիլ էլ ավելացավ: Եվ եթե իր մաշկի վրա զգաց այդ փոքրիկ կաթիլի հայտնությունը, նշանակում է ծնունդ է եղել, արաշալույսն անպտուղ չի ծագել: Մի ձայն, մի գույն, մի շող, մի ցող պիտի նստի մեր երկնագույն երազին, մեր բազմադարյան գրական կաղնու մշտադալար թերթերին:

Իմ այս խոհերը պատմական վավերագրեր չեն , այլ նոր ծնված մի լավ գրքից ստացած թարմ տպավորություն, զվարթ, պայծառ զգացում, որ առաջանում է այն շահագրգռությունից, թե հայ գիրը, հայ գրական անդաստանը պիտի միշտ թարմանա, գարնանաբույր հնչի ամենուր և՛ այսօր, և՛ վաղը:
«Հայաստան» հրատարակչությունը պետական աջակցությամբ կյանքի է կոչել «Վերջին ժպիտ» բանաստեղծությունների ժողովածուն, որի հեղինակն է ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար, 2006-ից Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանը:
Հեղինակը սկսնակ գրող չէ (նրա 4-րդ ժողովածուն է ). ունի իր գնահատանքն ու վաստակը, բայց այս ժողովածուով ընթերցողին տեղափոխում է մի նոր, հետաքրքիր աշխարհ, որտեղ կյանքը ցոլանում է իր ամեն տեսակ շերտերով ու ծալքերով: Գրքի էջերում բանաստեղծուհու ժպիտն է, հոգու ճիչը, տագնապները, մեզանից թաքուն արտասուքը: Այստեղ նաև հայոց բնաշխարհն է` լեռնակողերի մեջ աճած ծառերով, ծննդավայրի և հայրենիքի ինքնատիպ զգացողություններով:
Լենա Անթառանյանի պոեզիան նաև ինքնախոստովանություն է, ինքնաբացահայտում.
Դու քո աշխարհների մեջ՝
Աշխարհների աշխարհ:

Կամ թե.
Հոգնած իմ քայլերը
Էլ ոչ մի մոլորում չեն բերելու
Մինչև մայրամուտ:

Լենա Անթառանյանն իր բանսատեղծություններով բարության մայրապետի նման իր նպաստն է բերում, որ բարությունը իշխի աշխարհում.
Պաղ քարերի բութ դեմքերց
Ջերմություն եմ հավաքելու,
Բարությունը՝ հանած ինձնից,
Աշխարհով մեկ եմ փռելու:

«Արևն իրոք ծննդավայրից է ծագում», – համոզում է բանաստեղծուհին և հյուսում իր չխամրող հեքիաթն Օձունի ձորում.

Արարիչը արարեց ու նվիրեց աշխարհին
Ճերմա՜կ-ճերմակ աղջկան ու երազի հրաշք ձին:

Այս գրքի էջերում Լենա Անթառանյանը տառապում է կարոտից, նրա փխրուն սիրտը փշրվում է կարոտի հարվածներից.
Իմ կարոտներից
Ճանապարհները երազ են հյուսում:

Կարդում եմ գիրքը և տեսնում, որ նորից հավաքվել ենք պոեզիայի կանչով և ունկնդիր ենք մուսաների ձայնին, ուրեմն կյանքից դժգոհելու առիթները նվազում են, ուրեմն մեր հոգում երազներ կան և ապրելու, երջանկանալու, հարատևելու հույսերը ծաղկում են մեր սրտում: Ուրեմն հայոց գարունը կրկին բացվելու է ժամանակին, և այսօր այդ գարնան ավետաբերը Լենա Անթառանյանն է: Նա մի պաղ աղբյուր է պոեզիայի աշխարհում, աշխարհ է աշխարհի վրա:
Ուրախալի է, որ նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, ռումիներեն, անգլերեն և այլ լեզուներվ, ու նրա վաստակը գնահատվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալուվ, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով: Մնում է սպասել նրա հոգու նոր պոռթկումներին և բեղուն գրչի նոր առկայծումների:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն դատապարտյալները

դատավճիռՊատիժ կրող դատապարտյալին և հատկապես նրա բարեկամներին ու հարազատներին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե նա ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի և որ դեպքերում կարող է օգտվել դրանցից: Այդ իսկ նպատակով ուսումնասիրելով ՀՀ քրեկատարողական օրենսգիրքը` մասնավորապես 2-րդ գլուխը, մեզ համար պարզ է դառնում հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը: Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալը իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

Հիշյալ օրենսգրքի 12 հոդվածի համաձայն` դատապարտյալն իրավունք ունի՝
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին,
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի,
3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.
4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու,
5) սոցիալական ապահովության,
6) իրավաբանական օգնություն ստանալու,
7) անձնական անվտանգության ապահովման,
8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության,
9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից,
10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի իրավունքը,
11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու,
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ,
13) քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու,
14) հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու,
15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ,
16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:
Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք հետևյալն են`
1) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատիժը կամ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կրելու կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները,
2) բարեկիրթ վերաբերմունք դրսևորել պատիժները կատարող մարմինների կամ հիմնարկների ծառայողների և աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց և մյուս դատապարտյալների նկատմամբ,
3) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները,
4) խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների գույքին,
5) կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները:
Դատապարտյալն իր պարտականությունները, ինչպես նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Դատապարտյալի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են՝ հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում՝ նաև ուղղիչ հիմնարկի տեսակը և դրանում սահմանված ներքին կանոնակարգը:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Որ հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար

լողավազանԼողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը: Ուստի լողավազանն օգնում է մարդկանց հոգեֆիզիկական վիճակն ամրապնդելուն: Բացի այդ, լողը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում նյարդային համակարգը:
Սիրտը` սրտամկանի առողջությունը, շատ բանով կախված է նրանից, թե որքան է այն մարզվում ու հագենում թթվածնով: Ու գերբեռնվածությունից խուսափելու համար պետք է սիրտը տոնուսի մեջ պահել: Դա ոչ միայն ամրապնդում է սիրտը, այլև նվազեցնում ինֆարկտի վտանգը: Լողը բարելավում է դեպի սիրտ արյան հոսքն ու ելքը, ինչը խիստ թեթևացնում է նրա աշխատանքը: Նույնիսկ սրտի վիրահատությունից հետո է խորհուրդ տրվում լողով զբաղվել, որպես վերականգնողական միջոց: Սրտաբանները կարծում են, որ լողը սրտամկանի համար չափավոր բեռնվածություն է ապահովում: Կանոնավոր լողով զբաղվելու դեպքում շնչառական համակարգի աշխատանքը նույնպես կբարելավվի: Ջրում ճիշտ շնչառության դեպքում թթվածինը հասնում է թոքերի բոլոր հատվածները: Դրա շնորհիվ թոքերում կանխվում են ամեն տեսակի կանգերը: Շնչառական համակարգը լողի ժամանակ առավելագույնս է գործադրվում, ու կրկնապատկվում է կենսատարողությունը, ընդ որում, վերականգնվում են շնչառական խաթարված ֆունկցիաները: Լողի ժամանակ հիպերօդափոխություն է կատարվում թոքերում, մկանունքը դառնում է առավել առաձգական, իսկ տարբեր կպումները ներծծվում են: Բացի այդ, թոքերի շարժունակությունը կանխում է թոքերի պատերին մանրէների նստեցումը:

Նյարդային համակարգ
Ջրում պարապմունքներն օգնում են հաղթահարելու դեպրեսիան: Բարելավվում է նյարդային համակարգի աշխատանքը: Հանդարտեցնում ու բարերար էմոցիոնալ ֆոն է ստեղծում, հավասարակշռում է գրգռման ու արգելակման պրոցեսները, ինչը նշանակում է, որ նյարդային ու գրգռված մարդուն լողը հանգստացնում է, իսկ թույլին աշխուժացնում: Լողով պարապմունքն ապահովում է գլխուղեղի արյան լավ շրջանառություն, օգնում է պայքարելու անքնության , մրսածության հիվանդությունների դեմ: Սովորաբար այդ հիվանդությունների առկայության պարագայում մասնագետներն առաջարկում են կոփվել, ինչը ենթադրում է օրգանիզմը սովորեցնել հարմարվելու տարբեր ջերմաստիճանային պայմաններին: Այդ խնդիրը լուծելուն հրաշալի կօգնեն լողավազանային մարզումները: Հանվելիս, ցնցուղի տակ լվացվելիս, ջուրը մտնելիս ու դուրս գալիս և կրկին ցնցուղի տակ մտնելիս օրգանիզմը ենթարկվում է տարբեր ջերմաստիճանային պայմանների:

Հենաշարժողական ապարատ
Հենաշարժողական ապարատի խնդիր ունեցող մարդիկ նույնպես կարող են ջրային պրոցեդուրաներով թեթևացնել և բուժել վիճակը: Բայց պետք է հիշել, որ ծանր դեպքերում լողը հակացուցված է: Երբեմն լողավազանն օգնում է նույնիսկ այն մարդկանց, որոնք ինքնուրույն չեն կարողանում քայլել, սակայն ջուրը մտնելով` այնպես են լողում, որ թվում է, թե ջրից դուրս մեկ ուրիշն էր: Ջուրը փաստացի թուլացնում է բոլոր մկանները, ազատում ցավից, մոռացնել տալիս տանջանքն ու ցավը:
Ու եթե մյուս ֆիզիկական շարժումներն ու ծանրաբեռնվածությունը ցավ են պատճառում ու կարող են վնասել, ապա լողը հակառակը` զգուշությամբ ու մեղմորեն ձգում է մկաններն ու բացում կարծրացած հոդերը:
Սակայն, լողավազան հաճախելուց առաջ հարկ է մասնագետի հետ խորհրդակցել:

Լողավազան հաճախելու ճիշտ ձևը
Ինչպե՞ս կարելի է ձիգ ու աշխույժ լինել: Ինչպե՞ս կարելի է հաճույք ստանալ կոփվելուց: Պպատասխանը շատ պարզ է` լողավազան հաճախելով: Լողավազան հաճախող մարդիկ հազվադեպ են հիվանդանում մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով:
Անկասկած, լողավազանային մարզումներն ամրապնդում են իմունիտետը:
Իսկ քլորը վտանգավոր չէ՞
Լողավազանի ջուրն ընդունված է վարակազերծել քլորացմամբ, օզոնացմամբ ու ֆտորացմամբ, երբեմն կիրառվում են ուլտրաձայնային և ուլտրամանուշակագույն մշակման եղանակները` պղնձի ու արծաթի իոնների կիրառմամբ: Զանազան քիմիական խառնուրդներ կան, որոնք ախտահանող ազդեցություն են ունենում, սակայն դրանք չափազանց թանկ են, ուստի ստացվում է, որ քլորացումից բացի, մյուս բոլոր միջոցներն այնքան էլ հարմար չեն: Քլորը, ջրի մեջ հայտնվելով, թթուներ է գոյացնում, որոնք բարերար չեն ազդում մաշկի ու լորձաթաղանթի վրա: Բոլոր նյութերը, որոնք գոյանում են ջուրը մշակելու ընթացքում, գրգռում են մաշկն ընդհանուր առմամբ, ու կարող են ալերգեն լինել:
Եվ այնուամենայնիվ քլորը մինչ օրս ամենատարածված ախտահանող միջոցն է: Ուրեմն ինչպե՞ս կարելի է պաշտպանվել քլորացված ջրի ազդեցությունից:
Լողից առաջ կանանց խորհուրդ է տրվում կոսմետիկ միջոցները լվանալ, հեռացնել: Քանի որ քլորն ու դրա արտադրյալներն ինքնին ալերգածին են, իսկ դիմահարդարման միջոցների հետ այդ հատկություններն էլ ավելի կուժգնանան: Կարելի է լողավազան մտնելուց առաջ հատուկ պաշտպանական քսուքներ կիրառել, որոնք թաղանթի նման կպաշտպանեն վնասակար նյութերի ազդեցությունից:
Հատուկ ակնոցը սուզալողի ժամանակ պաշտպանում է աչքերը քլորի ազդեցությունից: Քլորացված ջուրն ալերգիկ կոնյուկտիվիտի` աչքի արտաքին թափանցիկ լորձաթաղանթի բորբոքման պատճառ կարող է դառնալ, որն ուղեկցվում է բնորոշ քորով, այրոցքի զգացումով, արցունքոտությամբ, կոպերի այտուցով ու այլ տհաճ զգացումներով: Ու, բնականաբար, նման դեպքերում աշխատունակությունը խիստ նվազում է: Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժման անհրաժեշտ պայման է ալերգածին նյութի լրիվ բացառումը: Այս դեպքում ` լողավազան հաճախելը դադարեցնելը:
Լողավազան հաճախելու դեպքում ցանկալի է հատուկ լողագլխարկ դնել: Ի դեպ, պրոֆեսիոնալ լողորդները բացառապես սիլիկոնե գլխարկ են դնում: Որակյալ աքսեսուարները էժան չեն, սակայն այնքան կիպ են նստում, որ բացառում են ջրի շփումը մազերի հետ: Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում մազերի խնամքի պարագաներ կիրառել, դրանց կառուցվածքը վերականգնելու համար:
Խորհուրդ է տրվում մինչև լողավազան մտնելն ու դուրս գալուց հետո ինտիմ կոսմետիկա գելեր ու ցողաշիթեր կիրառել` անհրաժեշտ հակասեպտիկ պաշտպանություն ու լորձաթաղանթների խոնավություն ապահովելու նպատակով: Անմիջապես լողավազանում սեռավարակներով վարակվելը գործնականում բացառվում է անձնական հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում: Ավելին, քլորացված ջրում ոչնչանում են բոլոր մանրէները: Մասնագետներն ասում են, որ վարակման համար լորձաթաղանթի տրորման «էֆեկտ» պետք է լինի, ընդ որում ախտածին մանրէի խտությունը պետք է մեծ լինի, ինչը նույնպես քլորացված ջրում գրեթե բացառվում է:
Ինտիմ առողջություն. սա հաճախ բարձրացվող թեմա է բժշկական գրականության մեջ:
Սովորական պայմաններում (առողջ օրգանիզմում) նորմալ միկրոֆլորա է տիրում, մանրէների մի խումբ կա, որի գործունեությունն ապահովում է ինտիմ առողջությունը: Նորմալ միկրոֆլորա ասվածը 90% լակտոբակտերիաների,10%-ից մի փոքր քիչ բիֆիդոբակտերիաների ու ստաֆիլակոկերի, գարդներելների, կանդիդա սնկերի, ստրեպտոկոկերի, միկոպլազմայի ու ուրեապլազմայի ամբողջություն է: Իմունային համակարգը վարակի հարուցիչների դեպքում ագրեսիվ է գործում` կենսաբանորեն ակտիվ տարբեր նյութեր արտադրելով, որոնք հավասարակշռություն են պաշտպանում: Այդ հավասարակշռության խախտումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Օրինակ` օրգանիզմի սառեցումը, հղիությամբ ու ծննդաբերությամբ պայմանավորված հորմոնալ ֆոնը, տարիքային փոփոխությունները, սթրեսային իրավիճակները, սխալ ինտիմ խնամքը, վարակի հարուցիչները, դեղորայքային երկարատև բուժումը, միկրոֆլորայի հավասարակշռության խախտումը, որոնք հետևանք են նաև հակաբիոտիկների ու հակամանրէ դեղորայքի կիրառման: Մինչև վերջերս էլ բժիշկները խորհուրդ էին տալիս ինտիմ պաշտպանության համար լողավազան հաճախելիս մանրէասպան նյութերով տոգորված միջադիրներ կիրառել, սակայն այդ միջոցներն ինքնին արդեն հեշտոցի հավասարակշռության խախտման են հանգեցնում, այնպես որ նման պաշտանությունը հազվադեպ է առաջարկվում:
Ընդ որում, միջադիրները կարող են սխալ կիրառման պարագայում նպաստել ախտածին մանրէների բազմացմանը: Եվ, վերջապես, կանանց խորհուրդ չի տրվում դաշտանային ցիկլի ժամանակ լողավազան գնալ, քանի որ իմունիտետը հատկապես այդ ժամանակ թուլացած է, ու տարրական բորբոքում ստանալու հավանականությունը` շատ մեծ: Լողավազանից հետո հատուկ դեմքի ու մարմնի խնամքի պարագաների անհրաժեշտություն է առաջանում, որոնք կվերականգնեն մաշկի վերին հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը: Այն ապահովում է մաշկի խոնավությունը, իսկ դրա բացակայությունը հանգեցնում է խոնավության կորստի:

Սթրեսի մասին
Սթրեսը հաճախ է նույնացվում բացասական երևույթի հետ: Սակայն լողավազան հաճախելն օրգանիզմի համար սթրես է: Թեթև «ֆիզիոլոգիական» սթրես են տարատեսակ ջրային պրոցեդուրաները` լողավազանում ֆիզիկական մարզումները, շոգեբաղնիքն ու բաղնիքը, ջրային մերսումը, տաք-սառը ցնցուղը: Ֆիզիոլոգիական նշանակում է բնական գործընթաց, որի ժամանակ տեղի է ունենում կենսաբանական ակտիվ նյութերի արտադրանք, ասենք` հորմոնների, որոնց օգնությամբ օրգանիզմը հարմարվում է շրջապատող միջավայրի պայմանների փոփոխություններին: Տվյալ սթրեսը շատ օգտակար է օրգանիզմին: Այդ ժամանակ օրգանիզմն աշխուժանում է, իսկ իմունային համակարգը «մտապահում» է այդ վիճակը: Ու որքան հաճախ են լողավազան կատարվող այցելությունները, այնքան այդ վիճակն ամրապնդվում է իմունային համակարգի «հիշողության մեջ»:

Կինոփառատոները միացնում են աշխարհի մարդկանց . Ռիչարդ Պենյա

Ռիչարդ ՊենիաԻսպանական ընտանիքում հասակ առած կինոքննադատ Ռիչարդ Պենյայի վրա մեծ ազդեցություն է ունեցել սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Լուիս Բունյուելը, նրան ոգեշնչել և հավատ է ներշնչել, որ արվեստը փոփոխության հասնելու համար հզոր գործիք է: 1988 թ. Ռ. Պենյան դարձավ «Լինքոլն» կենտրոնի կինոընկերության ծրագրերի մշակման տնօրենը:

«Անկախը» ներկայացնում է Ռիչարդ Պենյայի հետ հարցազրույցը:
– Պարոն Պենյա, այսօր ի՞նչ է փոխվել կինոարտադրության ոլորտում:
– Շատ բան, սակայն ամենամեծ փոփոխությունը թերևս այն է, որ տեխնոլոգիապես կինոն առաջ անհասանելի արվեստ էր, դժվար էր ֆիլմ նկարահանել, մինչդեռ այսօր յուրաքանչյուր հասուն մարդ կարող է կինո նկարել, որովհետև տեխնիկան մարդկանց համար դարձել է մատչելի և բավականին էժան:

– Հաճախ ծնողներն են որոշում, թե իրենց երեխան ինչ մասնագիտություն կընտրի: Ձեր մասնագիտության ընտրության հարցում է՞լ են ծնողները դեր ունեցել:
– Ոչ, նրանք հարգել են իմ ընտրությունը և երբեք չեն պարտադրել, օրինակ, իրավաբանի, բժշկի կամ տնտեսագետի մասնագիտություն ընտրել: Երջանիկ եմ, որ կարողացել եմ շարունակել ընտրածս ուղին: Իրականում կինոքննադատ լինելն ինձ համար աշխատանք չէ, այլ հաճույք:

– Ի՞նչ դրույթների, սկզբունքների հիման վրա եք որոշում` այս կամ այն ֆիլմը լավն է, թե վատը:
– Շատ բարդ է բացատրել, թե ինչ չափանիշներով եմ առաջնորդվում ֆիլմերը որակելու հարցում: Երբ մարդիկ ֆիլմ են դիտում, առաջին արձագանքը ավելի շատ ներքին է և արագ, այնուհետև, հաշվի առնելով ֆիլմի պատմության և այլ գիտելիքներ, ինքներս մեզ փորձում ենք բացատրել, թե ինչու է այս կամ այն ֆիլմը մեզ դուր գալիս կամ ոչ, իսկ վերջում փաստարկ ենք բերում, թե ինչու ենք այն այդ կերպ որակել: Կինոն որակելիս փառատոնի որոշ պատասխանատուներ պետք է վստահ լինեն` արդյոք քեզ վրա ոչ մի ազդեցություն չկա՞, և ֆիլմը դիտում ես բացառապես արվեստի ընկալման քո չափանիշներո՞վ:

– Ի՞նչ են առհասարակ կինոփառատոները բերում մարդկանց, կինոարտադրողներին ու աշխարհին:
– Կարող եմ խոսել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրինակով: Այն մի քանի գործառույթ ունի, որոնցից մեկն ինձ նման արտերկրից եկած մարդկանց համար այս տարածաշրջանի` Կովկասի կինոնկարներ դիտելու հրաշալի հնարավորություն է: Այս տարածաշրջանի մարդկանց համար նույնպես լավ առիթ է, օրինակ` Կիմ Կի Դուկի, Ամոս Գիտայի, Ցզյա Չժանկեի նման աշխարհահռչակ կինոգործիչների աշխատանքները տեսնելու համար: Այսինքն` կարելի է ասել, որ սա մի վայր է, որտեղ աշխարհը հանդիպում է Կովկասին, Կովկասը` աշխարհին:

– Բավականին երկար ժամանակ` 1988-2012 թթ. եղել եք Նյու Յորքի կինոփառատոնի տնօրենը: Այն ի՞նչ առավելություն ունի մյուս կինոփառատոների համեմատ:
– Ամեն տարի նոր կինոփառատոներ են ծնվում, սակայն Նյու Յորքի կինոփառատոնում կարծես ընդգրկվում է լավագույն ընտրանին, և այն հեռու է ավելորդ գլամուրից: Ի դեպ, այնտեղ մի քանի անգամ քննարկվել է հայկական կինեմատոգրաֆի ցուցադրություն կազմակերպելու հարցը: Հուսամ` մի օր այն կիրականացվի, քանզի հայ ռեժիսորները մեծ ավանդ են ունեցել համաշխարհային կինոյում:

 

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Սպասելիքներ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում

313Չինաստանի Նանջինգ քաղաքը օգոստոսի 16-28-ը կհյուրընկալի ամառային պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակիցներին: Հաշված օրեր են մնացել մինչև այդ ստուգատեսի սկիզբը: Պայքարի ոլորտ կներգրավվի 204 երկրների 15-18 տարեկան 3808 մարզիկ-մարզուհի: Խաղերի ծրագրում 34 մարզաձևի 228 մրցաձև է :

Հայաստանը նույնպես իր ներկայացուցիչները կունենա ստուգատեսում: Այդ պատվին են արժանացել ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթևոսյանը ( 54 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ), ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը (77 կգ ), Սիմոն Մարտիրոսյանը (+ 85 կգ), Սոնա Պողոսյանը (63 կգ), մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, լողորդ Վահան Մխիթարյանը (50 մ, 100 մ ազատ լողաոճ և 50 մ բատերֆլայ), ջրացատկորդ Լև Սարգսյանը, բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանը (81 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (օդամղիչ հրացան, 10 մ), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ) և ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը (66 կգ ):

Այսպիսով, ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում Հայաստանը 8 մարզաձևերում ունենալու է 14 մասնակից:

Ստուգատեսում հանդես գալու իրավունք տվող ուղեգրերը մերոնք ձեռք են բերել վարկանշային միջազգային մրցաշարերում: Դրանց ժամանակ համառ մրցակցություն է ծավալվել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների տեղերը սահմանափակ են:

Ի դեպ, մայիսի 30-ից հունիսի 1-ը Բաքվում կայացել է աթլետիկայի Եվրոպայի օլիմպիական վարկանշային պատանեկան (1997-1998 թթ. ծնվածներ) մրցաշարը, որում խաղարկվել են ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրեր, և միաժամանակ այս մրցաշարը թեստային էր համարվում եկող տարի՝ 2015 թ. Բաքվում կազմակեպվելիք Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերի համար:

Վարկանշային այդ մրցաշարում հանդես են եկել աշխարհամասի 38 երկրների 690 աթլետներ՝ 333 աղջիկ և 387 պատանի: Ստուգատեսի մասնակիցները 18 մրցաձևերում խաղարկել են օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր. աղջիկները՝ 108, պատանիները՝ 82: Բայց մերոնք գերադասել են բաց թողնել այդ ստուգատեսը:

Մինչդեռ օրերս Հայաստանում անցկացվեց Եվրոպայի նետաձգության առաջնությունը, որում խաղարկվում էին նաև 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի ուղեգրեր, և ադրբեջանցի նետաձիգները Էջմիածնում կրակագծում էին: Նրանք Հայաստան էին եկել, որպեսզի Եվրոպայի օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնեն, քանի որ այդ մրցումներում կարող են մեդալների հավակնել:

Ինչ վերաբերում է Չինաստանի պատանեկան խաղերի հետ կապված սպասելիքներին, ապա մեդալների տիրանալու հույսեր կան: Ցավալի է, որ հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանշային մրցումներում մերոնք խաղերի երկրորդ ուղեգիրը չկարողացան նվաճել, մինչդեռ Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները ևս մեծ ներուժ ունեն:

​«Հաջողակ գործարար կին լինելու համար առաջնորդի հոգեբանություն է պետք»

YasminaՏիկին Յասմինան իր կենսափորձն է հաղորդում հայ կանանց

Oրեր առաջ Հայաստան այցելեց տիկին Յասմինա Ազհարին: Նա արաբական աշխարհում համարվում է ամենահարուստ ու հաջողակ կին գործարարներից մեկը, որ միաժամանակ և՛ բիզնեսներ է ղեկավարում, և՛ ակտիվ ներգրավված է հասարակական աշխատանքներում: Իսկ տարիներ առաջ տիկին Յասմինան Forbes ամսագրի վարկանիշով ընդգրկվել է արաբական աշխարհի 50 ամենահզոր գործարարների շարքում: 2011 թ. ճանաչվել է Սիրիայի լավագույն գործարար, իսկ Նիդեռլանդների թագուհու կողմից արժանացել է Ասպետի կոչման:

Իր այցի ընթացքում տիկին Յասմինան սիրահոժար ժամանակ գտավ պատասխանելու նաև «Անկախի» հարցերին:

– Տիկին Յասմինա, որքանով տեղյակ եմ, Ձեր այցը պայմանավորված է մի քանի գործոններով, կմանրամասնե՞ք, թե հայ գործարար կանանց հետ համագործակցությունը երբ է սկսվել և ինչ մակարդակում է:

– Ես Հայաստան եմ եկել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հրավերով: Նախատեսված էր հանդիպում կազմակերպել հայ կին գործարարների հետ, այնուհետև ստանալ ինձ շնորհված հավաստագիրը, ըստ որի` ես դառնալու եմ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը Արաբական Միացյալ Էմիրություններում, որի համար անչափ ուրախ եմ: Դա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Ես հայ կին գործարարների հետ սկսել եմ համագործակցել 2010-ից և փորձել եմ պալատին աջակցել՝ կազմակերպելու մի շարք ցուցահանդեսներ և գործարար համաժողովներ Սիրիայում և Էմիրություններում:

– Այսինքն՝ ստանձնել եք պարտավորություն՝ ուղղորդելու հայ կանանց իրենց բիզնես նախաձեռնություններում: Կարծում եք` կանայք ունե՞ն բավականաչափ ներուժ հաջողակ բիզնես վարելու հարցում:

– Ես միշտ արտահայտել եմ նրանց օգնելու և աջակցելու իմ պատրաստակամությունը, ում ինչով կարող եմ: Նախ` պատրաստ եմ դիտարկել նրանց առաջարկները, այնուհետև ներդնել իմ բոլոր ջանքերը` նպաստելու հայ-արաբական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի ամրապնդմանը: Ես իմ առաքելությունն եմ համարում էմիրություններում ներկայացնել Հայաստանի տնտեսական ներուժը, որպեսզի երկկողմ գործակցության ոլորտներն ու հնարավորություններն առավել հստակեցվեն: Միշտ ցանկացել եմ օգնել ու աջակցել գործարար կանանց և հաճախ փնտրում են նոր մտահղացումներ նրանց համար: Մենք պետք է համախմբվենք և տեսնենք, թե ինչ բնույթի են խնդիրները և ինչ եղանակով կարող ենք աջակցել: Դրանք կարող են լինել Դուբայում ցուցահանդեսների կազմակերպման, թրեյնինգների, մշակութային և փոխանակման ծրագրերի միջոցով:

Սովորաբար տղամարդ գործարարների հետ ավելի հեշտ են գործնական շփումները, քան կանանց հետ: Բայց մենք այսօր չպետք է այլևս տարբերակում մտցնենք կին և տղամարդ գործարարների միջև: Բոլորս էլ ձգտում ենք զարգացնել երկրի տնտեսությունը: Ես քայլում եմ տնտեսության զարգացմանը զուգընթաց:

– Գործարարության ո՞ր ոլորտներում եք ներգրավված և ինչպե՞ս եք անցել հաջողակ բիզնես առաջնորդ դառնալու ճանապարհը:

– Ես սկսել եմ գործարարությամբ զբաղվել դեռևս Սիրիայում և երկար տարիներ ղեկավարել եմ Լաթաքիայի գործարար կանանց կոմիտեն, ինչպես նաև գործարար խորհուրդը, որը հիմնադրվել է Սիրիայի առաջին տիկնոջ կողմից: Իմ ղեկավարած ընկերությունը ռազմավարական գործընկերներ ունի աշխարհի տարբեր երկրներում և կարող է մատուցել ցանկացած պահանջված ծառայություն: Ղեկավարում եմ Դուբայում գործող «Ալ Յամ» միջազգային ընկերությունը, որն իրականացնում է ծովային և ցամաքային բեռնափոխադրումներ: «Ալ Յամ» արաբերեն նշանակում է օվկիանոս, որը զուգորդվում է գաղտնիքներով և նոր հնարավորություններով լի երևույթների հետ: Ընկերությունը նույնպես կփորձի բացահայտել նոր գաղտնիքներ և ընձեռել բազմաթիվ հնարավորություններ գործարարներին:

Ղեկավարում եմ նաև Դամասկոսում գործող սուպերմա8կետների ցանցը: Բացի գործարարությունից, նաև շուրջ 15 տարի Նիդեռլանդների հյուպատոսն եմ Սիրիայում:

– Կներկայացնե՞ք կին գործարար լինելու կարևոր հատկանիշները, որոնք նաև Ձեզ են առաջ մղել բիզնեսում:

– Հաջողակ գործարար կին լինելու գործոններից է նախառաջ առաջնորդի հոգեբանությունը: Իմ համոզմամբ` հաջողակ գործարար կինը պետք է ոչ միայն կարողանա առաջ մղել իր բիզնեսը և լինել դրա գլխավերևում, մշտապես ներդրումներ կատարել, այլև զբաղվել հասարակական գործունեությամբ: Նաև՝ լինել նպատակասլաց:

– Իսկ կինը կարո՞ղ է վեր բարձրանալ միայն սեփական ուժերին ապավինելով, միայնակ:

– Ես, մատնանշելով իմ իսկ փորձը, հպարտությամբ կարող եմ ասել, որ գործարար տիկնոջ հաջողակ կերպարը հնարավոր է նաև միայնակ կերտել: Այդ ճանապարհը ես միայնակ եմ անցել:

– Կցանկանայի ճշտել, արմատներով արա՞բ եք, թե՞ ուրիշ ծագում ունեք:

– Հայրս Սիրիայից է, իսկ նախատատերս սերում եմ քահանաների ընտանիքից: Բայց մայրս սերբ է, և ես արտաքնապես նրան եմ նման:

– Ի՞նչ եք ծրագրում ապագայում երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից, և որո՞նք են լինելու կանանց աջակցելու գործնական քայլերը:

– Ես հանդիպումներ կունենամ նաև Էմիրությունների բոլոր առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների հետ` առաջ մղելով Հայաստանում բիզնես հիմնադրելու ցանկությունն ու պահանջը, և ոլորտային քննարկումներ կունենամ: Որպեսզի հայ կանայք կարողանան իրենց բիզնես նախագծերն էմիրություններում զարգացնել, պետք է, անշուշտ, տեղացի գործընկերներ գտնեն, որոնք կօգնեն և կաջակցեն գործունեություն հիմնելու հարցում: Պարզապես պետք է դիտարկել հնարավոր ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություններ կներկայացնեն: Կարծում եմ` դա հնարավոր է: Ես փորձելու եմ ներգրավվել այն գործընթացներում, որոնց շնորհիվ Հայաստանը նույնպես կդառնա առավել ակտիվ գործընկեր ԱԷՄ-ի հետ: Ես ոգևորված եմ՝ օգնելու բոլոր հայ կանանց տնտեսության բոլոր բնագավառներում: Հատկապես կարևորում եմ ՓՄՁ ոլորտը:

Լ.Ն

Հասան Ռոհանիի իշխանավարության ընթացքում տեղաշարժերն Իրանում ակնառու են

հասան ռոհանիԱրդեն մեկ տարի է, ինչ Իրանի նախագահը Հասան Ռոհանին է: Այս ընթացքում Իրանում կատարվել են աննախադեպ փոփոխություններ: Հակառակ այն տարածված կարծիքին, որ Իրանի նախագահը որոշումներ կայացնելու սահմանափակ հնարավորություններ ունի երկրի արտաքին քաղաքականությունում, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Հասան Ռոհանիին տվել է լիակատար իրավասություն, որպեսզի նա, միջուկային ծրագրի իրականացման հարցի հետ կապված, բանակցություններ վարի ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ:
Ռոհանիի նախորդների օրոք նման բան չի եղել: Առաջին անգամ է, որ Իրանի նախագահին տրվել է լիարժեք ինքնուրույնություն ռազմավարական կարևորություն ունեցող հարց կարգավորելու համար:
Դեռ անցյալ շաբաթ ամբողջ Իրանը սպասում էր միջուկային բանակցությունների հաջող ավարտին: Իրանցիները հոգնել են ամերիկացիների կողմից որոշումների կայացման ժամկետների պարբերական երկարաձգումներից:
2009-ին ԱՄՆ-ն սպառնում էր պատերազմ սկսել Իրանի դեմ, եթե վերջինս դադարեցնի միջուկային բանակցությունները: 2013-ին Վաշինգտոնը փորձում էր ձախողել նախագահական ընտրությունները: Այն ժամանակ Իրանը կրկին կանգնել էր պատերազմի վտանգի առջև:
Ըստ ԱՄՆ-ի դիրքորոշման, միջազգային հանրությունը սպառել էր իսլամական վարչակարգի վրա ազդելու բոլոր միջոցները: Հետևաբար, ամենաճիշտ տարբերակը համարվում էր Իրանի դեմ պատերազմ սկսելը:
Թեև այդ ժամանակ բանակցությունները վերսկսվեցին, Ամերիկան հետ չկանգնեց իր մարտական տրամադրություններից: ԱՄՆ-ի նախագահ Օբաման իր հերթին հայտարարել է, որ, ցավոք, ոչինչ չի վստահեցնում, որ Իրանը պատրաստ է որոշակի քայլեր կատարել և միայն ժամանակ է փորձում շահել: Այժմ էլ Թեհրանի կառուցողական քայլերը չեն գոհացնում Վաշինգտոնին:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին համեմատում է Թեհրանի ներկայիս պարտավորությունները էլեկտրական անջատիչների հետ, որոնք այժմ անջատված են, բայց եթե «Վեցնյակը» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) չկատարի իր պարտավորությունները, ապա Իրանը կրկին դրանք կմիացնի: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ուրանի մինչև 20 տոկոս հարստացման դադարեցմանը: Այս դիրքորոշումը բաժանում է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, որը, աշխարհին ուղերձ հղելով, ասել է, որ եթե հակառակ կողմը չկատարի իր պարտավորությունները, ապա Իրանը կարող է չեղյալ հայտարարել ժնևյան միջանկյալ համաձայնագիրը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարելով, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, խաչ է քաշել Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների վրա:
Հնարավոր չէ չնկատել, որ իրանցի դիվանագետները մշտապես փորձում են փոխզիջման գնալ: Փոխարենն Իրանը ձգտում է պահպանել միջուկային ծրագրի մեծ մասը: Նշենք, որ խոսքը միայն փոխզիջման մասին է, բայց ոչ երբեք` ԱՄՆ-ին հանձնվելու:
Չպետք է մոռանալ, որ Իրանում կան կոշտ դիրքորոշման կողմնակիցներ, որոնք դեմ են նախագահ Հասան Ռոհանիի կատարած ցանկացած զիջմանը: Մի շարք իրանցիներ դժգոհ են, որ պատժամիջոցների վերացումը դեռևս մասնակի է կատարվում:
Բացի այդ, ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ թշնամաբար են վերաբերվում Իրանին: Հանրապետականները և դեմոկրատները սպառնում են արգելափակել ցանկացած հնարավոր համաձայնություն, որն Իրանին թույլ կտա ուրանը հարստացնող սարքավորումներն աշխատեցնել:
Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցություններին տարածաշրջանում ուշադիր հետևում են Իրանի հակառակորդներ Իսրայելը և Սաուդյան Արաբիան, որոնք թերահավատորեն են մոտենում ցանկացած այնպիսի գործարքի կատարմանը, որն Իրանին թույլ կտա խուսափել միջազգային ճնշումներից:
Մնում է սպասել մինչև նոյեմբերի 24-ը և պարզել` արդյոք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները կավարտվե՞ն, թե՞ հերթական անգամ կերկարաձգվեն:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Չորաթանցիների նախարարը Սեյրան Օհանյանն է»

չորաթանԱրցախյան գոյապայքարի տարիներին գյուղի զոհված չորս տղաներին այս օրերին Տավուշի մարզի Չորաթան գյուղում ավելի հաճախ են հիշում. Արթուր Ուդումյան, Մելիքսեթ Ասատրյան, Մանվել Պապյան, Յուրի Ուդումյան: Նաև նրանց շնորհիվ էր, որ հայոց պատմության մեջ գրվեց հաղթանակի փառահեղ էջը: Նրանցից երեքը զոհվեցին Շամշադինում, մեկը` Ղարաբաղում: Չորաթանի դպրոցում լավ գիտեն՝ իրենց գյուղի չորս տղաները, այդ թվում՝ Արթուր Ուդումյանը, կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի: Կրթօջախն անվանակոչել են Արթուրի անունով: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի գերազանցիկ շրջանավարտը դասավանդում էր և 90-ականների թեժ մարտերի ժամանակ կռվում գյուղի մարտական դիրքերում՝ ղեկավարելով նաև Չորաթանի երկրապահների ջոկատը: Եվ արդեն 20 տարի գյուղի դպրոցի առաջին դասը Արթուրի խիզախ և սխրանքներով լի կենսագրությունն է բացում:
Չորաթանցի հերոս տղաների ընտանիքներն այժմ էլ իրենց որդիների ազատագրած հողի վրա են ապրում ու արարում` հայրենի Չորաթանում, որի Ներքին շեն կոչվող հանդամասի հանդեպ ադրբեջանական հավակնությունները հրադադարից 20 տարի անց էլ չեն սպառվել: Ներքին շենի ուղղությամբ կրակահերթերը հնչում են ամեն օր, հատկապես` հիմա, երբ գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է: Բոլորովին վերջերս ադրբեջանական դիպուկահարները կրակեցին խաղողի այգում աշխատող Զարգարյան եղբայրների ուղղությամբ (նրանցից Վազգեն Զարգարյանը, ի դեպ, Չորաթանի միջնակարգ դպրոցի տնօրենն է): Երջանիկ պատահականությամբ գնդակը մի քանի սանտիմետրով շրջանցել է այգում աշխատողներին և դիպել ծառին. «Ղարադաշ` Սև քար կոչվող բարձունքից է կրակում հակառակորդը, որտեղից մեր այգիները տեսանելի են»:
Վերջին օրերի սահմանային լարվածությունն էականորեն խանգարում է չորաթանցիներին մշակել հողը: Ճիշտ է, փոքր տրամաչափի զենքերի գնդակները Չորաթան չեն հասնում, բայց Ներքին շենն ամբողջությամբ կրակի տակ է: «Եթե գյուղացին չկարողանա հողը մշակել, ո՞նց կարող է ապրի: Մեր գյուղի հիմնական բերքը Ներքին շենից է լինում: Գյուղացին հիմնականում վարձակալական հիմունքով է մշակում հողը` ակնկալելով, որ բերքը կհավաքի ու կվճարի աշնանը, բայց եթե այսպես կրակոցները շարունակվեն, լուրջ խնդիրներ կառաջանան»:
Ներքին շենում չորաթանցիներն ունեն 30 հա խաղողի այգի, այնտեղ նաև նրանց վարելահողերն են, որտեղ ցանում են բանջարեղեն: Գյուղին պատկանող Քարափ կոչվող հողերը հիմա, ըստ գյուղապետի, ադրբեջանցիների ձեռքին են ու ականապատված:
«Որոշ ժամանակ առաջ այգիների, ավտոմեքենաների ուղղությամբ, բայց հիմա նպատակային մարդկանց ուղղությամբ են կրակում»:
Չորաթանցիները հրաժարվել են մշակել այն հողամասերը, որոնք ուղիղ թշնամու նշանառության տակ են, բայց ապահով ու անվտանգ տարածքները վարել, ցանել են, ամբարել ցորենի բերքը:
«Քանի որ գյուղը սահմանամերձ է, կառավարության որոշմամբ մեր համայնքում ևս հանվել է հողի հարկը, սա ես համարում եմ պետության կողմից մեծ օգնություն: Փաստացի 300 հեկտար հող է մշակվում, հիմնականում` հացահատիկ»,- նշում է Վարուժան Բաղմանյանը:
Նախորդ շաբաթ` հուլիսի 25-ին, ադրբեջանցիները հրդեհել են Չորաթանի այգիները, կրակն ընդգրկել է մոտ 300 մետր տարածք: Վարուժան Բաղմանյանի խոսքով` գյուղացիների և զինվորականների օգնությամբ հնարավոր է դարձել մարել կրակը և փրկել խաղողի 30 և խնձորի 4 հեկտար այգիները:
Սահմանամերձ գյուղում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրը գյուղը հարևան համայնքներին միացնող 5 կմ երկարությամբ, նաև ներհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհների բարեկարգումն է: Հրետակոծված համայնքային կենտրոնն ու մշակույթի տունը ևս վերակառուցման իրենց հերթին են սպասում: «Ճանապարհ չունենք, ոչ մի անգամ ասֆալտ չի եղել, սակայն հիմա անտանելի վիճակ է: Խոսքը Նորաշենից Չորաթան ճանապարհի մասին է: Գյուղապետարան չունենք, գնդակոծված է, կուլտուրայի տունը ևս հրետակոծված է»: Վարուժան Բաղմանյանը հավելեց նաև, որ համայնքային կենտրոնի նորոգման հարցը ներկայացվել է, որպեսզի կառավարության հրատապ ծրագրերով լուծվի:
Լուծված խնդիրներից Չորաթանում նշում են գյուղտեխնիկայի, հատկապես` կոմբայնի ձեռքբերումը, որն այս օրերին օգնում է հնձել նաև հարևան համայնքների, այդ թվում` Չինարիի արտերը: Որպեսզի գյուղում վարի գինը չբարձրանա, գյուղապետ Վարուժան Բաղմանյանն իր անձնական միջոցներով ևս մեկ տրակտոր է գնել, ինչի շնորհիվ հողը հերկելու արժեքը չի փոխվել: Չորաթանցիների խոսքով` իրենց գյուղում անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, ինչի պատճառով ներդրողներ էլ չեն լինում:
«Պաշտպանության նախարարն է մեզ շատ օգնել, մեր նախարարից մենք անչափ գոհ ենք: Դեռ չի եղել որևէ դեպք, որ մենք աջակցություն խնդրենք` նա մերժի: Դպրոցի դասասենյակների նորոգման համար նա տրամադրել է 5 մլն դրամ: Պաշտպանության նախարարն աջակցել է նաև գյուղտեխնիկայի արդիականացման, գյուղացիներին վառելիք տրամադրելու հարցում, մի խոսքով, մեր ամեն ինչի նախարարը Սեյրան Օհանյանն է»,- կես կատակ հավելում է համայնքի ղեկավարը: Գյուղին աջակցություն է ցույց տվել նաև տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը: Նա գումար է հատկացրել մանկապարտեզի վերանորոգման ու հարևան համայնքից ջրագծի անցկացման նպատակով:
Վարուժան Բաղմանյանը արագ լուծում պահանջող հարցերից կրկին առանձնացնում է Նորաշեն-Չորաթան մոտ 6 կիլոմետրանոց ճանապարհի վերակառուցումը, նաև ոռոգման ջրի խնդիրը:
Չորաթանում հաշվառված է 1050 բնակիչ, դպրոցում սովորում է 106 երեխա: Այս տարի դպրոցն ավարտել է 5 երեխա, որոնցից մեկն ընդունվել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Աշակերտների թիվը նվազել է, մինչդեռ ժամանակին Չորաթանն ամենաինտելեկտուալ գյուղերից էր:Դրամատուրգ Արտաշես Քալանթարյանի գյուղի ու նրա «Մի բուռ ծիծաղի» մասին շատերը գիտեն, այստեղ հպարտանալու շատ բան ունեն: Չորաթանում են հյուրընկալվել հայ գրականության բազմաթիվ երախտավորներ` Հրաչյա Հովհաննիսյանը, Հրանտ Մաթևոսյանը, Գևորգ Էմինը, Պարույր Սևակը: Այստեղ հիշում են` երբ Սևակը գալիս էր գյուղ` ընկերոջ տուն, անգամ փարախի գործն էր ձեռքն առնում:

 

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երբ տանը մերոնց պատերն էլ չեն օգնում

SAMVEL ArutyunyanՎանաձորում օրերս կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էր 9 երկրների 110 ըմբիշ: Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 1 արծաթե և 6 բրոնզե մեդալի: Ստուգատեսից ստացած տպավորությունները հայտնեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:

– Մրցաշարը կազմակերպվեց 19-րդ անգամ: Այն շուքով անցկացվեց: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀԱՕԿ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Ի դեպ, Ծառուկյանը հրապարակավ հայտնեց, որ հաջորդ՝ 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարը 2015-ին կանցկացվի Երևանում և մեծ մրցանակային հիմնադրամ կունենա: Այս անգամ տարբեր քաշային կարգերում 1-ին , 2-րդ, 3-րդ տեղեր գրաված մարզիկները հարստացան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար, հազար դոլարով: Հաղթողների մարզիչներին հանձնվեց 500-ական դոլար: Ուժերն էին չափում Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հայաստանի ուժեղագույն ըմբիշները: Մասնակիցները տեղավորվել էին «Կիրովական» հյուրանոցում և «Հայաստան» առողջարանում: Իսկ մրցումներն անցկացվում էին «Հայաստան» մարզական միության մարզասրահում:

– Մրցավարության հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն, վիճահարույց որևէ բան չկատարվե՞ց:
– Հայաստանի մրցավարներից բացի, մրցամարտերը սպասարկում էին Ղրղզստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի մրցավարները: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն էր Մոսկվայում բնակվող Նորավարդ Առուստամյանը: Միայն մի դեպք եղավ, երբ մեր մարզիկը՝ 65 կգ քաշային վանաձորցի ըմբիշ Նարեկ Սիրունյանը, եզրափակչում գոտեմարտում էր Վրաստանի ներկայացուցչի հետ: Մրցակիցը հաղթում էր մեծ առավելությամբ՝ 12:4 հաշվով, և դուրս եկավ մրցագորգից: Փախուստի համար կարելի էր նրան պատժել և հաղթանակը մեր մարզիկին շնորհել: Եթե աշխարհի, Եվրոպայի առաջնություն լիներ, հնարավոր է, որ այդպես էլ արվեր, սակայն երբ մրցակիցը հաղթում էր միավորների մեծ առավելությամբ, պարզապես գեղեցիկ չէր լինի: Վրացի ըմբիշի արածն էլ միտումնավոր չէր, նրան հրել էր մեր մարզիկը:

– Ասում են` տանը պատերն էլ են օգնում: Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք չկանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
– Անպայման առաջին մրցանակակիր ունենալու խնդիր չկար: Համենայն դեպս, մեր մարզիկներից 1-2-ը մոտ էին դրան:

– Որպես մրցավար առաջիկայում միջազգային ի՞նչ ստուգատեսներ եք սպասարկելու:
– Օգոստոսին և սեպտեմբերին սպասարկելու եմ Խորվաթիայում և Ուզբեկստանում կայանալիք աշխարհի երիտասարդների և մեծահասակների առաջնությունները:

Կատարվածը Հայաստանի հավաքականի մարզչի աչքերով

Arayik BagdadyanԶրուցելով նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ` նախ հարցրինք, թե ինչ տվեց մերոնց այս ստուգատեսի մասնակցությունը և ինչ է նախատեսվում առաջիկայում:

– Մեր ըմբիշների համար նախապատրաստական փուլ էր, նրանք սեպտեմբերին հանդես են գալու Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությունում: Փաստորեն, այդ ստուգատեսից առաջ մերոնք վերջին միջազգային մրցաշարին մասնակցեցին: Թիմը երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի: Օգոստոսի 2-16-ը Կիսլովոդսկում համատեղ մարզումներ կկազմակերպվեն Ռուսաստանի հավաքականի հետ: Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 6-ը ուսումնամարզական հավաք է նախատեսված մրցավայրում՝ Տաշքենդում: Համատեղ կպարապենք Ուզբեկստանի, ևս մի քանի երկրների հավաքականների հետ: Արդեն նախնական պայմանավորվածություններ ունենք: Ներկայումս ըմբիշները համապատասխան մարզավիճակում են:

– Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն ինչո՞ւ չմասնակցեց Վանաձորում կազմակերպված միջազգային մրցաշարին:
– Դավիթը վնասվածքից հետո բուժվել է Գերմանիայում, ապա կարողություններն է փորձել Իտալիայում և Գերմանիայում կազմակերված միջազգային մրցաշարերում: Նա զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղեր: Այս արդյունքները լավ կարելի է համարել, քանի որ վնասվածքը Դավիթին 8 ամիս լիարժեք մարզվելու հնարավորություն չի տվել: Նա հավաքականի կազմում Ծաղկաձորում ծանրաբեռված պարապել է: Հիմնականում ուշադրություն է դարձվել այդ ըմբիշի ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը: Բանն այն է, որ Սաֆարյանը նախկինում նախապատրաստական այդ փուլը բաց է թողել: Մինչ աշխարհի առաջնության մեկնարկը 40 օր ունենք, հուսով եմ, որ այդ ընթացքում Դավիթը կվերագտնի իր լավագույն մարզավիճակը, և նրանից մեդալ կսպասենք:

– Հայաստանից Վանաձորում շուրջ չորսուկես տասնյակ ըմբիշ էր մրցագորգ դուրս եկել: Ցավալի է, որ հաղթող չունեցանք: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:
– Այս մրցաշարում հաղթող ունենալը մեզ համար հիմնական նպատակ չի եղել: Եթե այդպիսի առաջադրանք ունենայինք, հնարավոր է, որ հասնեինք դրան: Հատուկ չէինք նախապատրաստվել, որ Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության մրցաշարում ակնառու արդյունքներ ցույց տանք, պարզապես նախապատրաստվում ենք աշխարհի առաջնությանը: Սովորաբար, միջազգային մրցաշարերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ նախապատրաստական աշխատանքները դադարեցնում ենք, որպեսզի ըմբիշները հանգստանան և ավելի լավ հանդես գան, բայց այս անգամ մեր նպատակն այլ էր, և մինչև մրցումների մեկնարկը մերոնք ծանրաբեռնված պարապում էին: Իսկ մրցաշարի ընթացքում կարևորում էինք, որ տեսնենք ըմբիշների սխալները, այն բացթողումները, որոնք կարող են նրանց խանգարել: Առաջիկայում էլ փորձելու ենք լրացնել այդ բացերը: Ունենք ըմբիշներ, որոնք իրենց պատրաստականության մակարդակով գոհացրին, կային մարզիկներ էլ, որ սպասելիքները չարդարացրին:

– Հատկապես ո՞ր մարզիկների մրցելույթից եք գոհ:
– 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը միայն եզրափակչում պարտվեց: Անդրադառնանք նաև բրոնզե մեդալակիրներին: 84 կգ քաշային Վահե Թամրազյանը վերջին 2-3 տարվա ընթացքում միջազգային մրցաշարերում իր լավագույն մասնակցությունն ունեցավ: 55 կգ քաշային Եվրոպայի առաջնության մրցանակակիր Գարիկ Բարսեղյանը կողոսկրի վնասվածքով էր հանդես գալիս: Նա հարկադրված էր մրցագորգ դուրս գալ, քանի որ առջևում միջազգային մրցաշար այլևս չկա: Բարսեղյանը պետք է մրցակցային փորձ ձեռք բերեր: Նրա առջև խնդիր էր դրվել, որ իր հնարավորությունների սահմաններում գոտեմարտի: Ճիշտ է, առաջին հանդիպումում մեր մարզիկը զիջեց Ռուսաստանի այս տարվա բրոնզե մեդալակրին, սակայն հետո սփոփիչ գոտեմարտեր անցկացրեց, երկու հաղթանակ տարավ, 3-րդ տեղի համար գրավիչ հանդիպումում էլ հաղթեց Ռուսաստանի փոխչեմպիոնին: Նա մեկ շաբաթում պետք է ապաքինի կողոսկրի վնասվածքը և վերսկսի մարզումները: Էդգար Ենոքյանի (96 կգ), Մուսա Մուրթազալիևի (86 կգ), Գրիգոր Գրիգորյանի (70 կգ) մրցելույթները ևս գոհացնում են: Նրանք նույնիսկ արեցին ավելին, քան սպասում էինք: Ի դեպ, Գրիգորը հանդես էր գալիս մինչև 74 կգ քաշային կարգում, բայց նա Հայաստանի առաջնությունից հետո միջազգային մրցաշարում կարողությունները փորձեց, և համոզվեցինք, որ այդ քաշային կարգում նրանից մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: Եվ քանի որ 70 կգ քաշային կարգում էլ խնդիր ունեինք, Գրիգորյանը տեղափոխվեց այդ քաշային կարգ: 66 կգ քաշային կարգում, Դավիթ Սաֆարյանի բացակայության պայմաններում, հանդես եկավ Արթուր Բաղդասարյանը: Նա Հայաստանի չեմպիոն է և արդարացրեց իրեն:

– Դրսից ըմբիշներ հրավիրելու խնդիր կա՞:
– Դրա մասին էլ ենք մտածում, հարց է բարձրացվել: Քաշային կարգ կա, որում խնդիր ունենք:

– Հավանաբար, նկատի ունեք գերծանր քաշային կարգը:
– Այո: Անդրանիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն էր: Ընդ որում, նա պարտվել էր երկու գոտեմարտում միավորների բացահայտ տարբերությամբ: Անդրանիկը թույլ ըմբիշի էր հաղթել, և նրա առջև խնդիր էր դրվել, որ վանաձորյան մրցաշարում առնվազն 3-րդ տեղ գրավի, որպեսզի աշխարհի առաջնության մասնակցի: Մինչև այդ էլ նրան ցանկանում էինք փորձարկել Մախաչկալայում կազմակերպված միջազգային մրցաշարում, բայց հրաժարվեց մասնակցել՝ պատճառաբանելով, որ պատրաստ չէ: Վանաձորյան մրցաշարում էլ Գալստյանը երկու պարտություն կրեց: Ընդ որում, առաջին գոտեմարտը նա ռուսաստանցի ըմբիշին տանուլ տվեց 20 վայրկյանում, հետո էլ զիջեց Բուլղարիայի ներկայացուցչին: Ֆինանսների խնդիր չկա, բայց նպատակահարմար չենք գտնում, որ առանց սպասելիքի մարզիկ տանենք աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ճարահատյալ օլիմպիական խաղերից առաջ կփորձենք դրսից այդ քաշային ըմբիշ թիմ հրավիրել:

– Ուրվագծվա՞ծ է թիմի կազմը: Հավաքականում ընդգրկվելու համար ո՞ր քաշային կարգերում է մեծ մրցակցությունը:
– Հավաքականի կազմն ուրվագծված է, բայց մրցակցությունը մեծ է 55 կգ, 61 կգ քաշային կարգերում: Տարբեր տարիքի արժանի ըմբիշներ ունենք: Հավասար հնարավորությունների դեպքում ինքս նախապատվությունը տալիս եմ երիտասարդ ըմբիշներին, բայց փորձառուներն էլ չեն անտեսվում: Աշխարհի առաջնությունից առաջ թիմի կազմը հստակեցնելու համար ստուգողական մրցամարտեր կկազմակերպվեն: Հավաքականի կազմը կհրապարակվի օգոստոսի 20-ից հետո:

– Կարելի՞ է ասել, որ Դավիթ Սաֆարյանն անպայման մասնակցելու է աշխարհի առաջնությանը:
– Միանշանակ:

Մարտունիում գործարկվել է առաջին օն-լայն ռադիոն

ռադիոմարտունիԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները և աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդը, որ կուզենա տեղեկանալ Մարտունու անցուդարձին, այսուհետ կարող է լսել «ՌադիոՄարտունի» օն-լայն ռադիոն: Հուլիսի 23-ին գործարկվեց առաջին օն-լայն ռադիոկայանը Մարտունու կյանքի և անցուդարձի մասին:
Գաղափարի հեղինակը քաղաքի բնակիչ, լրագրող Լիանա Հովհաննիսյանն է: Նա պատմում է, որ նման գաղափար վաղուց է ունեցել, դեռ 2012-ից ձեռքի տակ եղած միջոցներով ձայնագրում ու հանրությանն էր ներկայացնում իր գործունեությունը քաղաքացիական սեկտորում: Երբ 2013-ին «Մարտունի ինֆոտունը» (ծրագիր է, որն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ) «ինֆոգաղափար» սոցիալական նորարարական գաղափարների հավաք հայտարարեց, Լիանան Մարտունիում ռադիո ստեղծելու իր ցանկությունը ձևակերպեց և ներկայացրեց:
Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության արժանացրին նաև Լիանայի ծրագիրը և ֆինանսավորում հատկացրին ռադիոտեխնիկա ձեռք բերելու համար:
Մեկնարկը տրվել է http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում: «Առանձին ռադոհոսթին կտեղափոխվենք, երբ ունենանք անհրաժեշտ քանակով մշտական ունկնդիրներ, հետևողներ և իհարկե ֆինանս»,- ասում է Լիանան:
Ասում է, որ առայժմ պլանավորել է շաբաթական երկու հաղորդում եթեր հեռարձակել: Իրադարձային նյութերից բացի, կպատրաստվի ու եթեր կհեռարձակվի թեմատիկ շարք` նվիրված Մարտունու տարածաշրջանին:
Լիանան ասում է, որ «ՌադիոՄարտունու» հիմնական նպատակը տեղական ռադիո ստեղծելն է. աշխարհագրական դիրքով պայմանավորված` մարդիկ զրկված են հայաստանյան ռադիոհաճախականությունները լսելու հնարավորությունից, ռադիոընդունիչը լավագույն դեպքում կարողանում է որսալ հանրային ռադիոն և բազմաթիվ թուրքական ու քրդական հաճախականություններ:
լիանա«Ռադիոն ցանկանում էի ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով, որպեսզի այն լոկալ թեմաներ մատուցելով` չմնա տեղային մակարդակում, այլ հասանելի լինի բոլորին, աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին հաշվով դրսում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, ցանկանում էի ռադիոյի միջոցով ինչ-որ կերպ նրանց էլ հաղորդակից դարձնել իրենց հարազատ օրրանին»:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը կարևորում է օն-լայն ռադիոյի գոյությունը մարտունեցիների կյանքում, ասում է, որ սա հեռանկարային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու մարդկանց կողմնորոշվելու առօրյա լրատվահոսքում, որում մեծ տեղ են զբաղեցնում սուտ լուրերը, ապատեղեկատվությունը: Նրա խոսքով`«ՌադիոՄարտունին» կդառնա հարթակ, որտեղ ամեն մարտունեցի կկարողնա իր համայնքի մասին ստույգ և հակիրճ տեղեկատվություն ստանալ:
Առաջին թողարկումից հետո հեղինակը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել թե՛ մարտունեցիներից, թե՛ ոչ մարտունեցիներից: Արձագանքերից ոգևորված` Լիանան պլանավորում է ակտիվ գործունեություն ծավալել և «ՌադիոՄարտունու» համար լայն լսարան հավաքել: