Ավտոպատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարՀունվարի 11-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարից հետո «Ֆորդ Տրանզիտ»-ին է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Տոյոտա»-ի ուղևորը:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Լադա-110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը, «Լադա-110»-ի ուղևորը և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արարատի մարզի Դիտակ գյուղի ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 11-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի քերծվածք, սրունքների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Աննա Ա.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է հունվարի 9-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ Աննա Ա.-ն նշված վնասվածքը ստացել է հունվարի 9-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին «ԳԱԶել» և «ԼԱԶ» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունՀՀ ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 107 դեպքից բացահայտվել է 99-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման կամ վատնման` 3, շորթման` 1 և խուլիգանության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 36 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, խարդախության 1 և գողության 8 դեպք:
Անցած 12 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 74 պատահար. 11 մարդ զոհվել է, 117-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

ՀՅԴ համամասնական ցուցակից ԿԸՀ-ն ստացել է մեկ ինքնաբացարկի դիմում

ԿԸՀԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ին կայանալիք նիստում կկազմի ԱԺ համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Վահան Հովհաննիսյանի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու վերաբերյալ արձանագրություն:    Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է  ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ըստ նրա, ԿԸՀ-ն առայժմ ստացել է ինքնաբացարկի մեկ դիմում՝ Արամայիս Գրիգորյանից: Վերջինս  2013թ. հոկտեմբերի 10-ին ստանձնել է Արարատի մարզպետի պաշտոնը:   Ինչպես հայտնեցին ՀՅԴ խմբակցությունից, կուսակցությունը առայժմ չի քննարկել խմբակցության կազմը համալրողի թեկնածության հարցը:    Նշենք, որ այս պահին ցուցակում հերթական հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանն է, ով նախորդ գումարման ԱԺ-ի ՀՅԴ խմբակցության անդամ էր:     Հիշեցնենք, որ Վ.Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի դեկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Անկախ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Տարոն Մարգարյան,ԶԼՄ-ներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաև քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. «Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի է ոչ միայն ինձ, այլև ձեզ համար: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այստեղ են ոչ միայն քաղաքապետարանում հավատարմագրված լրագրողները, այլ նաև այն մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն ինչպես մեր երկրի ու քաղաքի, այնպես էլ լրատվական դաշտի զարգացման գործում, նաև միջին և ավագ սերնդի լրագրողները, ովքեր իրենց նպաստն են բերել 4-րդ իշխանության կայացմանը: Նախորդ տարին, անշուշտ, բավական հարուստ էր իրադարձություններով, որոնց մի մասն էլ առնչվում էր Երևանի քաղաքապետարանի գործունեությանը: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին ու լրագրողներին, ովքեր իրադարձությունների օբյեկտիվ ու անաչառ լուսաբանմամբ նպաստեցին հասարակությանը ճշմարիտ տեղեկատվություն մատուցելուն: Ավելին, իմ համոզմամբ անցած տարի Երևանի քաղաքապետարանի աշխատանքը լրատվամիջոցների հետ եղել է բավական արդյունավետ՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով են համընկել մեր դիրքորոշումներն ու կարծիքները: Ամեն դեպքում, միշտ հիշենք, որ մենք բոլորս ապրում ենք Երևանում, ու հաստատ չկա մեկը, որ չսիրի Երևանը, չուրախանա նրա հաջողություններով, չանհանգստանա նրա ապագայի համար: Եվ այս տեսանկյունից ուզում եմ, որ բոլորս միավորենք ապագան ավելի լավը դարձնելու մեր ջանքերը, առավել ևս, որ մեզ իսկապես մեկ ընդհանուր նպատակ է միավորում` հարմարավետ, մաքուր, բարեկարգ ու ավելի լավը տեսնել մեր սիրելի քաղաքը: Եվ այս հարցում ես իսկապես ակնկալում  եմ կառուցողական սերտ համագործակցություն` ի դեմս ձեզ տեսնելով իսկապես շահագրգիռ, նաև օբյեկտիվ գործընկերների»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նաև լրագրողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ 2014թ.-ին էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրվեն Երևանի զարգացման ծրագրերում:

Այնուհետ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ:

 

 Անկախ

 

Վանաձոր քաղաքում գետնի վրա առաջացել են ծալքավորումներ

աինՀունվարի 13-ին, ժամը 13.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վարչական տարածքում գետնի վրա առաջացել են ծալքավորումներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» համալիր կայանի տնօրենը:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծալքավորումներն ընկերության տարածքում են և լոկալ սողանքի հետևանք են. ներկայումս շենք-շինություններին վտանգ չի սպառնում:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից սահմանված է հսկողություն:

Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`

Հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:

Քամին արևմտյան 1-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 15-ի գիշերը նույքանով կնվազի:

Երևանում՝
Հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին հնարավոր է ձյուն, 15-18-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ է ընտրել

հարվարդի շրջանավարտների ակումբ«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. դեկտեմբերի 27-ին Ակումբի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին և գանձապահ՝ Գոհար Գյուլումյանին:
Մարտին Գալստյանը կստանձնի 2013թ. նախագահ Սամսոն Ավետյանի պարտականությունները:
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:
Ակումբը Հարվարդի համալսարան ընդունված հայազգի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ և կազմակերպում է տարբեր թեմաներով սեմինարներ, հանդիպումներ ու դասախոսություններ:
Մարտին Գալստյանը, ով այժմ Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետն է, 2010 թվականին ավարտել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցը, իսկ Գոհար Գյուլումյանն, այժմ աշխատելով Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում որպես ավագ տնտեսագետ, 2005 թվականին մասնակցել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցի՝ «Հանրային ֆինանսական կառավարում» գործնական դասընթացին:
Հայաստանում Հարվարդի Շրջանավարտների Ակումբը հիմնվել է 2006թ.-ին:

Խոհանոցի սեղանից հայտնաբերվել են հոգեներգործուն դեղահաբեր

հոգեներգործուն դեղահաբերՀունվարի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հոգեներգործուն դեղամիջոցներ պահելու կասկածանքով, Շինարարների փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Հ.-ին, որի բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է «Ազելեպտին» տեսակի հոգեներգործուն դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա դեղամիջոցը հունվարի 3-ին ձեռք է բերել 1970 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ից:
Վերջինիս բնակարանի խոհանոցի սեղանից հայտնաբերվել են 65 հատ «Տրիֆտազին», 20 հատ «Ազալեպտին» և 20 հատ «Գալոպերիդոլ» հոգեներգործուն դեղահաբեր:
Ռոբերտ Ղ.-ն նույն օրը, ժամը 21.00-ին, բերման է ենթարկվել բաժին և բացատրություն տվել, որ նշված դեղահաբերը պատկանում են իրեն և ինքն է Արթուր Հ.-ին տվել «Ազալեպտին» հոգեներգործուն դեղահաբը:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Լվովյան փողոցում ավտոմեքենաները իրար են բախվել

ավտոպատահարՀունվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևանի Լվովյան փողոցի թիվ 10/5 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ռուբեն Հակոբյանի պատասխանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Ռուբեն-Հակոբյան1Պտգամավոր Ռուբեն Հակոբյանը Անկախին հայտնեց  հետևյալը,-” Առավոտ կանուխ տարբեր լրատվամիջոցներից բազմաթիվ հեռախոսազանգեր էին հնչում՝ պրն. Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցին անդրադառնալու խնդրանքով: Խոստացա ծանոթանալ եւ պատասխանել: Քիչ առաջ կարդացի հարցազրույցը, եւ, որպեսզի առանձին-առանձին նույն պատասխանը տարբեր լրատվամիջոցներին չփոխանցեմ, որոշեցի համառոտ ներկայացնել իմ մոտեցումները այդ հարցազրույցի վերաբերյալ.
1. Կողմնակից եմ պրոֆեսիոնալ եւ քաղաքակիրթ մատուցմամբ ցանկացած բանավեճի, առավել եւս, եթե դրանք վերաբերում են մեր պետության կենսական խնդիրներին, ինչն առկա է այս հարցազրույցում: Այս դեպքում, հատկապես ասելիքի մատուցման առումով, հարցազրույցը շահեկանորեն տարբերվում է Ռ. Քոչարյանի մյուս անդրադարձներից:

2.Ըստ էության, պրն. Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում եւ լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականներին: Այլ խոսքով՝ պրն. Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարեւորագույն խնդիրների հարցում:

3.Չեմ կարծում, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարեւոր պատասխանատուններից է, բայց ոչ հիմնականը: Ի դեպ, կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իմ ելույթում պրն. Տ Սարգսյանին եւ ամբողջ կառավարությանը առաջարկեցի հրաժարական տալ, հիմնավորելով, որ երկու տասնամյակ շարունակ ձեւավորված այս հակահամակարգին պայմաններում, անհնար է որեւէ իրական ծրագիր իրականացնել, անկախ նրանից՝ ով է վարչապետը, կամ ովքեր են կառավարության անդամները: Խնդիրը ձեւավորված հանակարգի մեջ է, որը միանձնյա ղեկավարում է ՀՀ նախագահը”:

Անկախ

Միջազգային սեմինար` նվիրված հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը

բրոնզՍ. թ. հունվարի 15-21-ը, Հայաստանի պատմության թանգա­րա­նում կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական բրոնզե առարկաների ուսումնասիրմանն ու պահպանությանը նվիրված միջազգային երրորդ սեմինարը: Այն անցկացվում է 2011 թվականի հունիսին Երևանում ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագրի և «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի պատմու­թյան թանգարանի միջև Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի շրջանակում: Սեմինարի նպատակն է երիտասարդ մասնագետներին նախապատրաստել հնագիտական մետաղյա առար­կաների պահպանության կազմակերպման գործընթացին` փաստաթղթավորումից մինչև  համակարգչային հիշողության մեջ ներառելը: Սեմինարին մասնակցում են Հայատանի պատմության թանգա­րանի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Մատենադարանի, Մշակութային ժառանգության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները,  ինչպես նաև մասնակիցներ արտերկրից /Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Իրաք, Ռուսաստան/:

ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 15-16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի իններորդ հարկի դահլիճում կկազմակերպվեն բաց սեմինարներ` «Բրոնզի հնագիտական ուսումնասիրություն» և «Կանխարգելիչ կոնսերվացում» թեմաներով: Հունվարի 17-ին, 18-ին և 21-ին հայ և արտասահմանցի մասնագետները կանցկացնեն համատեղ քննարկումներ և կմասնակցեն ճապոնացի մասնագետների դասախոսություններին:

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը օպերատիվորեն լուծում են ստացել

խորհրդակցությունԱյս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների  կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն:

Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ  վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին:

Զեկուցվել է, որ ներկայում մայրաքաղաքի բոլոր դպրոցները ջեռուցվում են, և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:

Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված՝ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ գրանցված դեպքերի մասով կազմվել է վարչական արձանագրություն:

Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն այս ուղղությամբ. «Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարվել, այդուամենայնիվ դրանք բավարար չեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ տոնական օրերին հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն: Հատուկ ուշադրություն է դարձվել երեկոյան ժամերին երթուղիների պատշաճ սպասարկման իրականացմանը: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության փետրվարի 14-ին հայտարարված  մրցույթի մասին հանրային իրազեկումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքապետը հանձնարարել է հանրությանը պարբերաբար իրազեկել քաղաքապետարանի կողմից գնումների գործընթացով կազմակերպվող մրցույթների ընթացքի վերաբերյալ և ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6911 կանչ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 300-ով ավելի է: Նշվել է նաև, որ 1173 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Վերը նշված ժամանակահատվածում գրանցվել է նաև 531 ծնունդ:

16-րդ թաղամասի շենքերի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ արդեն գազիֆիկացվել է 15 շենք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու պարբերաբար ներկայացնել այդ մասին տեղեկատվություն:

Անդրադառնալով օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան  որոշման պահանջների կատարմանը՝ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մշտական խիստ հսկողության տակ պահել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը և օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել: «Այս տարվա մեր հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի պարտադիր բարեկարգման նորմի ներդրման կայացումը, ինչը ենթադրում է տնտեսվարողների կողմից պարտավորությունների կատարում տարվա բոլոր եղանակներին: Այն տնտեսվարողները, որոնք կխուսափեն պարտավորությունների կատարումից կամ կթերանան, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Իսկ Երևան համայնքի բյուջեից նշված տարածքների համար միջոցներ պետք է չհատկացվեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքում նախորդ տարիներին կառուցված մասնավոր կառույցների սեփականատերերի կողմից իրենց օբյեկտների մուտքերը  հնարավորության դեպքում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնելու  նպատակով տարվող աշխատանքների հետ կապված Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ վարչական շրջանների կողմից տնտեսվարողների հետ աշխատանքներ են տարվում, որի շրջանակում պատրաստվում են նախագծային փաստաթղթերը: Քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել հսկողության տակ և այդ աշխատանքներում թերացողների նկատմամբ կիրառել համապատասխան  միջոցներ:

 

Ծեծել է կնոջը՝ «Օդնոկլասնիկ»-ում էջ ունենալու համար

օդնոկլասսնիկիԳյումրիի 30-ամյա բնակիչ Արթուր Չաքմիշյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 112-րդ  հոդվածի 1-ին մասով՝ խանդի հողի վրա իր կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:  Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հ.Մովսեսյանի նախագահությամբ, 2013թ. դեկտեմբերի 25-ի դատավճռով նրան դատապարտել է  ազատազրկման՝ 4  տարի ժամկետով:   ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ  Արթուր Չաքմիշյանն ազատվել է նշանակված պատիժը կրելուց,  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել է, և նա  ազատ  է  արձակվել դատարանի դահլիճից:

Արագացված դատաքննության կարգով անցկացված քննության ընթացքում պարզվել է, որ Արթուր Չաքմիշյանը 2013թ. հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում, խանդի հողի վրա՝  համացանցի   «Օդնոկլասնիկ»  կայքում էջ ունենալու, իրեն անտարբերության մատնելու և դավաճանելու կասկածանքի առիթով վիճաբանել է կնոջ՝ Արփինե Չաքմիշյանի հետ:

Վեճի  ընթացքում, ըստ մեղադրանքի, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հյուրասենյակից նախապես վերցված ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ որովայնի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո, դանակը թողնելով խոհանոցում, հեռացել է տանից։ Ամբաստանյալն  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Կառավարությունը հուշանվերների վրա 5.7 մլն դրամ է ծախսել

կառավարությունՏարեվերջյան հուշանվերների համար ՀՀ Կառավարության աշխատակազմը պետական բյուջեից միայն անցյալ տարվա նոյեմբերին 5.7 մլն դրամ է ծախսել: Սրանք պաշտոնական տվյալներ են, որ հրապարակվել են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն, մեկ անձից կատարած գնումների հրապարակումներից պարզ է դառնում, որ, օրինակ, միայն 2013թ. նոյեմբերի 13-ին կառավարության աշխատակազմը 993 600 դրամի պայմանագիր է կնքել «Ագուլիս Մեկ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունն, ի դեպ, կոնյակի ֆիրմային խանութ է, որտեղից նույն ամսվա ընթացքում, 3 օրվա պարբերականությամբ, կառավարությունը ևս 3 անգամ գնումներ է կատարել` նոյեմբերի 15-ին` 441 600 դրամի, նոյեմբերի 18-ին` 159 000, նոյեմբերի 21-ին` 993 600  դրամի կոնյակ գնելով:

Բացի վերոհիշյալ «Ագուլիս Մեկ»-ից, կառավարությունը  նոյեմբերի 15-ին ևս 392 000 դրամի կոնյակ է գնել նաև «Գրեյթ Սակրա» ՍՊԸ-ից, որն ի դեպ, «Գրեյթ Վելլի» ընկերության ֆիրմային խանութն է:

Դրանից 3 օր անց կառավարությունը ևս 528 000 դրամի հուշանվեր-խմիչք է ձեռք բերել նաև տեղական մեկ այլ արտադրող «Գրեյպ Արմաս» ՍՊԸ-ից: այս ընկերությունը նույնպես գինի- կոնյակ արտադրող տեղական ընկերություն է, որն իր գործունեության 1-2 տարվա ընթացքում արդեն մի քանի անգամ Կառավարության կողմից արժանացել է տարբեր արտոնությունների և կառավարության ղեկավարի այցելությունների:

Ինչևէ, միայն 2013-ի նոյեմբերին կառավարության գնած հուշանվեր- խմիչքների արժեքը, ըստ այս հրապարակումների, փաստորեն գերազանցում է 3 ու կես միլիոն դրամը: Իսկ թե ու՞մ համար են նախատեսված եղել կոնյակի տեսքով այս հուշանվերները և ի՞նչ արժեք են դրանք ունեցել, կառավարությունը չի հրապարակում:

Բայց «հուշանվերներ» անվան տակ կառավարության աշխատակազմի կատարած ծախսերն այսքանով չեն սահմանափակվում:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Ա. Աշոտյան. «Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը»

կգ-ժողովՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին Անկախին տեղեկացնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները` նշելով, որ 2013 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք: “Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե որակի, և թե աճի հնարավորություն կա: Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն պոտենցիալը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները: Այո, խնդիրները շատ են, սակայն մենք պարտավոր ենք` նախ լուծել այս պահին լուծվող խնդիրները, սկսել լուծել այս պահին չլուծվող խնդիրները և չստեղծել նոր խնդիրներ”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ընթացիկ տարում նախարարությունն ունի ներքին և արտաքին կարևորության բազմաթիվ միջոցառումներ: “Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը` հենց այսօրվանից աշխատելով այդ ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա աշխատանքները հիմնականում համապատասխանել են մեր կողմից դրված խնդիրներին: Ցանկանում եմ շեշտել, որ 2013 թվականին համապատասխան կառույցների` նախարարությունում կատարված ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական մի շարք միջոցառումներ: Մի կողմից ուրախությամբ պետք է նշել, որ նախարարության աշխատակիցների կողմից աղաղակող բաղթողումներ չեն գրանցվել, սակայն կան հարցեր, որոնք ավելի կազմակերպչական և բովանդակային բնույթի էին, և մենք ինքներս պետք է տեսնեինք մեր աշխատանքի բացթողումները: Ֆինանսական բացթողումների բացակայությունն այլևս ինձ չի ուրախացնում. այդպես էլ պետք է լինի: Մեր հաջորդ քայլն է` կազմակերպչական և բովանդակային աշխատանքների բնույթը դարձնել հենց ինքնագնահատման առարկա` պլանավորումից մինչև մոնիթորինգ: Այն ձևակերպումը, որ տարիներ շարունակ այդպես ենք արել, այլևս արդարացում չէ և իներցիոն բնույթը չի կարող արդարացվել, այսպես կոչված,  ավանդույթներով”,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված են միջազգային մի շարք խոշոր միջոցառումներ` Բոլոնիայի քարտուղարության, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսված նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքերի շրջանակում:

Մեկնարկել է երկրորդ կիսամյակը

կրթություն,լոգոՀՀ կրթության և գիտության նախարարությունից Անկախին հայտնում են, որ հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից: Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ:

Անկախ

Էներգաարդյունավետության ծրագրերը քննարկվել են KfW բանկի ներկայացուցիչների հետ

քաղաքաշինության նախարարությունՀայաստանում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդունեց KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը` տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումի գլխավորությամբ: Այս մասին Անկախին տեղեկացնում են Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացնելով մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծեց, որ ներկայում կառավարությունն առաջնահերթ է համարում կրթական օբյեկտնների էներգաարդյունավետության բարձարացումը: Այդ նպատակով արդեն քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է մոտ 300 կրթական օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն: Պարոն Թադեւոսյանը նշեց, որ կրթական օբյեկների հիմնանորոգման դեպքում որդեգրվել է համալիր մոտեցման սկզբունքը` սեյսմազինվածության ուժեղացումից մինչեւ էներգաարդյունավետության բարձրացում: ”Ուրախալի է, որ KfW գերմանական բանկի գործակցության մտադրությունը ներկայում նպատակաուղղվում է նաեւ մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին”.- նշեց նախարարը:

KfW բանկի պատվիրակության ղեկավար Յան Բլումը տեղեկացրեց, որ ներկայում KfW բանկում մշակվում է մեր երկրի հետ գործակցության հետագա ուղղությունները եւ այդ համատեքստում կարեւորվում է Հայաստանում էներգետիկ ոլորտի` այդ թվում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: KfW բանկի պատվիրակության անդամներն ընդունելի համարեցին կրթական օբյեկտների հիմնանորոգման համալիր մոտեցման սկզբունքը եւ պատրաստակամություն հայտնեցին ծրագրերի կազմման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով:

Ծրագրի ուղենիշները մշակելու նպատակով, կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում ուսումնասիրություններ կատարել վերոնշյալ կրթական օբյեկտներից որոշակի մասում:

Գնունի շուկայի դիմաց տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին

Henrik-NavasardyanՈստիկանությունից Անկախին տեղեկացրին,որ հունվարի 11-ին, ժամը 14.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է:  Ոստիկանության  Մարաշի բաժանմունքի ծառայողների և   Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն և նրան պատկանող «Պորշ Կայեն»   մակնիշի ավտոմեքենան, ինչպես  և ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն և 1985 թ. ծնված Դ. Ա.-ն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող  տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ  Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին և պատճառել վնասվածքներ: Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն»  մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է   դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ և կաթուցիչ, որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված: Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ  Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Տարբեր լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն, Դավիթ Ն.-ն Դավիթ Նավասարդյանն է` Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին: Տրանսպորտի վարչության պետը մեր հեռախոսազանգին չպատասխանեց, նրա փոխարեն պատասխանած կինն ասաց, որ նա խորհրդակցության է:

Անկախ

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

Արամ ՂարաբեկյանՀանրային խորհրդից Անկախին հայտնում են, որ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

“Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Անսպասելի կյանքից հեռացավ անվանի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը:

Նրա ղեկավարությամբ նոր մակարդակի բարձրացվեց Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գործունեությունը:

Որպես տաղանդավոր և ինքնատիպ երաժիշտ՝ Արամ Ղարաբեկյանը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում նախաձեռնեց ու իրականացրեց մշակութային այնպիսի նախագծեր, որոնք նպաստեցին հայ երաժշտության, հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

Իմ և հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ մեծ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին”:

Անկախ

Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Մարգարյան,ԼպուտյանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստի մասնակիցներն ընտրել են նաև նախագահության, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն և գոհունակություն հայտնելով վստահության ու ֆեդերացիայի նախկին ղեկավարի կողմից կատարած աշխատանքների համար, նկատել է, որ անցած ժամանակահատվածում ֆեդերացիան իսկապես գրանցել է լուրջ ձեռքբերումներ: Ի լրումն, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախկին նախագահին և հավելել, որ այսուհետ ևս ֆեդերացիայի գործունեությունը կլինի թափանցիկ, ու մոտ ապագայում արդեն շախմատասեր հանրության համար էլ ավելի տեսանելի կլինեն ոչ միայն ֆեդերացիայում կատարվող աշխատանքները, այլև դրանց արդյունքում արձանագրված նորանոր հաջողություններն ու ձեռքբերումները: Քաղաքապետն առանձնացրել է նաև բոլոր այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվում են մայրաքաղաքում շախմատի զարգացման ու զանգվածայնացման ուղղությամբ:

 

 Անկախ