Հայաստանում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ընդունեց KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը` տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի դեպարտամենտի տնօրեն Յան Բլումի գլխավորությամբ: Այս մասին Անկախին տեղեկացնում են Քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացնելով մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը նախարար Ս. Թադեւոսյանն ընդգծեց, որ ներկայում կառավարությունն առաջնահերթ է համարում կրթական օբյեկտնների էներգաարդյունավետության բարձարացումը: Այդ նպատակով արդեն քաղաքաշինության նախարարության ներկայացմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է մոտ 300 կրթական օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն: Պարոն Թադեւոսյանը նշեց, որ կրթական օբյեկների հիմնանորոգման դեպքում որդեգրվել է համալիր մոտեցման սկզբունքը` սեյսմազինվածության ուժեղացումից մինչեւ էներգաարդյունավետության բարձրացում: ”Ուրախալի է, որ KfW գերմանական բանկի գործակցության մտադրությունը ներկայում նպատակաուղղվում է նաեւ մեր երկրում շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերին”.- նշեց նախարարը:
KfW բանկի պատվիրակության ղեկավար Յան Բլումը տեղեկացրեց, որ ներկայում KfW բանկում մշակվում է մեր երկրի հետ գործակցության հետագա ուղղությունները եւ այդ համատեքստում կարեւորվում է Հայաստանում էներգետիկ ոլորտի` այդ թվում շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: KfW բանկի պատվիրակության անդամներն ընդունելի համարեցին կրթական օբյեկտների հիմնանորոգման համալիր մոտեցման սկզբունքը եւ պատրաստակամություն հայտնեցին ծրագրերի կազմման ժամանակ առաջնորդվել այդ սկզբունքով:
Ծրագրի ուղենիշները մշակելու նպատակով, կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում ուսումնասիրություններ կատարել վերոնշյալ կրթական օբյեկտներից որոշակի մասում:
