ՀՀ բնապահպանության նախարարությունը կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե է մուտքագրել 1.4 մլն.դր. գումար

բնապահպանություն

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 07–12.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 193.6.հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս::

 

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  10.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների  5 գործերի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում, իսկ բաժնի կողմից հայտնաբերված խախտման երեք դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  183.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

  Արագածոտնի տարածքային և Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժինների կողմից տնտեսվարողի մոտ  համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

  Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար  կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության  բաժնի աշխատակիցների  իրականացրած շրջայցի ընթացքում  հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

          Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման մեկ գործի քննության  արդյունքում   ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:                                                                                      

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է  12 գծամետր ձկնորսական ցանց:

            Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.4 մլն.դր. գումար:                          

Հիմնանորոգման աշխատանքների պատճառով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

ճանապարհային ոստիկանություն2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երևան-Սևան-Իջևան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից:
Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին՝ ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար չի գտնում այդ ճանապարհով ժամանակակից խոշորածավալ տրանսպորտային միջոցների՝ հատկապես 5 տոննայից ավել բեռնատարողությամբ բեռնատարների և 22 մարդուց ավել ուղևորներ փոխադրող ավտոբուսների երթևեկությունը:
Նման տրանսպորտային միջոցների երթևեկությունը Դիլիջան խորհուրդ է տրվում իրականացնել Երևան-Ապարան-Վանաձոր-Դիլիջան երթուղով:

Անկախ

Կայացել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 105-106-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ՀՀ կառավարության 2010թ. N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի ( 2 բժշկական և 4 մանկավարժական) մրցույթի անցկացում և հաստատում, ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստում, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփում և ըստ բուհերի ընդունելության ցուցակի նախապատրաստում, քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկում և այլ ընթացիկ հարցեր:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն`  290 դիմորդ դրական միավորներ են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել: 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: Հանձնաժողովը քննարկել է  բուհերի  ռեկտորների դիմումները` հավելյալ տեղեր տրամադրելու հետ կապված: Որոշ բուհերի դիմումները բավարարվել են, մասնավորապես, լրացուցիչ 120 տեղ է տրամադրվել ԵՊԲՀ-ին, 53 տեղ` Տնտեսագիտական համալսարանին, ևս 20 տեղ` արվեստի բուհերին: Ագրարային ակադեմիան այս տարի գրանցել է աննախադեպ թվով` մոտ 1000 ուսանող` նախորդ տարիների համեմատությամբ: Ընդ որում` 650 դիմորդ ընդունվել է  ատեստատի գնահատականով: Նախարարը հանձնարարել է վերլուծել վերոնշյալ մեխանիզմի ներդրման արդյունավետությունը` հետագայում կիրառելու այն մասնագիտությունների գծով, որոնք լրացուցիչ խթանի կարիք ունեն:
Անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաև Եվրոպայի և աշխարհի առաջնության 24, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 7 մրցանակակիրներ:
Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր: Դրական պատասխան է տրվել նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` անվճար հիմունքներով սովորելու մասին դիմումներին:
Անդրադառնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ քաղաքացիներից ստացվել են բազմաթիվ դիմումներ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերել է այս կամ այն կարգից բացառություն անելու խնդրանքներին, օրինակ, հայտ փոխել, նոր մասնագիտություն հայտավորել: Նախարարի խոսքով` այդ բոլորը դիմումները բնականաբար մերժվել են, քանի որ հակասում են գործող օրենսդրությանը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների  ընդունելության գործընթացին վերաբերող այլ հարցեր:
Նշենք, որ ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

Անկախ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Անկախ

Կայացել է դոլարի առք և վաճառք

դոլարՀուլիսի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6 800 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.49 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

 Անկախ

Քարվաճառի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողությունն իր բնույթով աննախադեպ էր

169088

Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումն ու իրականացված գործողությունների բնույթը ցույց են տալիս, որ Ադրբեջանն առաջնագծում իրականացվող քայլերում մարտավարական փոփոխությունների է գնացել:

Այն, որ ադրբեջանցիները սադրանքներ իրականացնելով, ոչնչի առաջ կանգ չեն առնում, հայտնի էր վաղուց, քանզի մեկ անգամ չէ, որ ադրբեջանական մարտական կրակակետերի թիրախում են հայտնվել դաշտերում աշխատող քաղաքացիական անձինք կամ մանկապարտեզներում ու դպրոցներում սովորող երեխաները:

Սակայն Քարվաճառի ուղղությամբ իրականացված դիվերսիոն գործողությունն իր բնույթով աննախադեպ էր, որովհետև ադրբեջանցի հատուկ ստորաբաժանումը ոչ միայն սպանել կամ վիրավորել էր իր ճանապարհին հայտնված խաղաղ բնակիչներին, այլ Արցախի հատվածից մուտք էր գործել Հայաստանի տարածք:

Ո՞րն էր Ադրբեջանի կողմից նման քայլի գնալու նպատակը

Դիվերսիոն գործողություններ իրականացնելով և դիպուկահարներին ակտիվ խաղի մեջ նետելով՝ Ադրբեջանը նպատակ ունի բանակցություններում զիջումներ կորզել, ինչպես նաև՝ միջնորդներին հասկացնել, որ հիմնախնդիրը սառեցված չէ:

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Քարվաճառի դեպքում, հիմք է տալիս պնդելու, որ այս դեպքում Ադրբեջանն իր առջև նաև այլ խնդիր է դրել: Հայտնի է, որ տարբեր միջազգային կառույցներում Ադրբեջանը մշտապես բարձրաձայնում է Արցախի վերաբնակեցման հարցը՝ հայտարարելով, որ պրոցեսը հակասում է բանակցությունների տրամաբանությանը:

Գիտակցելով, որ իր փաստարկները զուրկ են տրամաբանությունից, իսկ պատերազմական հռետորաբանությունը չի խոչընդոտում վերաբնակեցման գործընթացին, Ադրբեջանը դիմում է անթույլատրելի քայլերի՝ ահաբեկչական գործողությունների միջոցով փորձում է վախեցնել Արցախում բնակություն հաստատած կամ նման ցանկություն ունեցող անձանց:

Որո՞նք են մեր անելիքները

Առաջին ու ամենակարևոր նախապայմանը՝ երբեք չթերագնահատել հակառակորդին, ուսումնասիրել նրա՝ նույնիսկ ամենաչնչին թվացող քայլերը՝ մանավանդ առաջնագծում:

Երկրորդ, անհրաժեշտ է իրականացնել լուրջ ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչպե՞ս է հաջողվել հակառակորդի դիվերսիոն խմբին ներթափանցել Արցախ, ապա Հայաստան:

Երրորդ, վերանայել սահմանների անվտանգության ապահովման մեխանիզմներն ու փորձել գտնել այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս ապահովել և մարտական հենակետերում ծառայություն իրականացնող անձնակազմերի և խաղաղ բնակիչների անվտանգությունը”:

 

Անկախ

Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ

11439_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:
«Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների համար։ Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում՝ հանուն ազատության, հավասարության և առաջընթացի», – նշել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական սերտ կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական, միջպետական հարաբերությունները մշտապես նշանավորվել են վերընթաց զարգացմամբ: Հովիկ Աբրահամյանը հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները որակել է որպես առանձնաշնորհյալ և օրինակելի ու շնորհավորանքի խոսք հղել նաև Ֆրանսիայում բնակվող հայերին, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն ունեն երկու երկրների բարեկամության ամրապնդման և համագործակցության զարգացման գործում:
«Ուրախ եմ նշել, որ այսօր երկու պետությունների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական կանոնավոր երկխոսություն, ինչն արտահայտվում է տարբեր մակարդակի փոխայցերով: Ասվածի վառ վկայությունն է այս տարվա մայիսի 12-ին Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան կատարած պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց մեր բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
Հայ-ֆրանսիական բազմաոլորտ օրակարգում առաջնային նշանակություն ունի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը։ Մեր երկրներն արդյունավետ փոխգործակցություն են ծավալում նաև մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում։ Կարևորում եմ նաև Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ակտիվ մասնակցությունը, ինչը վկայում է ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի հանդեպ հայ ժողովրդի հետաքրքրվածության ու համակրանքի մասին։ Մենք բարձր ենք գնահատում նաև Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ջանքերը»,
 – հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպան Ռենոյի անձնական ներդրումը բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերություններում և նշել. «Այս գեղեցիկ տոնի առիթով բարեկամ Ֆրանսիային մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն, իսկ հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ նոր ձեռքբերումներ»: 
Վարչապետ Աբրահամյանն այնուհետև մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը և Երևանի թիվ 119 ավագ դպրոցի սաների կատարմամբ ունկնդրել Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը:

Անկախ

Մեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է

ավտոպատահարՀուլիսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Վարդան Առաքելյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Վ. Առաքելյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Թմրամիջոցը դեղահաբերից պատրաստել էին ներարկման միջոցով օգտագործելու նպատակով

թմրանյութՀուլիսի 12-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցի տներից մեկից, թմրանյութ պահելու և օտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին, 1975 թ. ծնված Արման Ա.-ին և 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Զննությամբ Արմեն Մ.-ի տնից հայտնաբերվել է դեղի սրվակ, տոպրակ` սպիտակ, փոշենման զանգվածով, յոդի դատարկ 2 սրվակ, լուցկու դատարկ 8 տուփ, էմալապատ աման` 500 գ դեղնավուն հեղուկ զանգվածով, 2 տարա` 0.4 լ դեղին զանգվածով, բաժակ` 200 գ մուգ դեղնավուն, սուր հոտով զանգվածով, և չօգտագործված 1 ներարկիչ:
Արմեն Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը դեղահաբերից պատրաստել են ներարկվելու միջոցով օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Նարեկացին ոգեշնչման աղբյուր էր մեզ համար. Վիտալի Մանսկի

Վիտալի Մանսկի1«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում հուլիսի 14-ին կներկայացվի Վիտալի Մանսկու «Գիրքը» վավերագրական կինոնկարը:

Ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրումը:

Ֆիլմի ստեղծման և վերհանած խնդիրների վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրուցեցին ֆիլմի հեղինակը` Մանսկին, և պրոդյուսերը` Մեսրոպ քհն. Արամյանը:

«Ես նախանձում եմ ձեզ, քանի որ Մոսկվայում նման փառատոններ չկան կամ համարյա չկան»,- ասաց վավերագրողը` հավելելով իր համար դժվար է խոսել փառատոնի շրջանակներում ցուցադրվող իր ֆիլմից, փորձել բացատրել այն, քանի որ այն, ինչ նա ցանկանում էր ասել, արդեն էկրանին է: Նա պատմեց, որ «Գիրքը» արտադրության ընթացքում անվանում էինք պարզապես «Նարեկացի»: «Նարեկացին  և նրա «Մատյանը» ոգեշնչման աղբյուր էին մեզ համար, քանի որ նա բացարձակ հանճար է, որ երբևէ ապրել է Երկիր մոլորակի վրա:  Նա մի մեծություն է, որով պետք է և արդարացիորեն հպարտանում են հայերը»:

Տեր Մեսրոպը նշեց, որ, թեև ոգեշնչման աղբյուրը Նարեկացին է, սակայն ֆիլմը նրա մասին չէ. այն կյանքի իմաստի մասին է: «Մենք փորձել ենք, ժամանակակից մարդու կյանքը ներկայացնելով, բարձրացնել հարցեր, որոնց մասին կարևոր է մտածելը, և ի վերջո հանգել ենք այն գաղափարին, որ կա գրքում», -ասաց նա:

Այսօր տեղի կունենա ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Սրանից առաջ «Գիրքը»  ցուցադրվել է միայն Մոսկվայի կինոփառատոնի ընթացքում:

Անկախ

Մայրաքաղաքում շարունակվում են բակային տարածքների նկարազադման աշխատանքները

երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում տեղիունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բակային տարածքների նկարազարդման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ վարչական շրջանների 19 հասցեներում այդ աշխատանքներն ավարտվել են: Նկարազարդման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբեր:

Մայրաքաղաքում, մասնավորապես ծայրամասային վարչական շրջաններում, ընթացքի մեջ են նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները:

Զուգահեռ թարմացվում և նորոգվում են նաև նախորդ տարիներին տեղադրվածները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Հուլիսի 14-ը Մաթևոս Դարբինյանի ծննդյան օրն է

10409973_320819804738862_1835398736_nՀուլիսի 14-ը հայ արձակագիր, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մաթևոս Դարբինյանի ծննդյան օր է: Ի դեպ, այս տարին հոբելյանական է, լրանում է գրողի ծննդյան 125-ամյակը:

Մաթևոս Դարբինյանը ծնվել է Տավուշի մարզի Տավուշ գյուղում: 1915 թ-ից աշխատակցել է սոցիալ-դեմոկրատական հայ թերթերին, իսկ 1921 թվականին «Կարմիր աստղ»-ին, «Մարտակոչ»-ին և «Կարմիր ծիլեր»-ին։

Գրել է գլխավորապես պատմվածքներ գյուղական կյանքից, առակներ, ֆելիտոններ, մանկական պատմվածքներ, հեքիաթներ և պիեսներ։ 1921-ին Թիֆլիսում հրատարակել է «Կարմիր աքլոր» երգիծական շաբաթօրյա հանդեսը։ Նրա առաջին պատմվածքը՝ «Արամի տնակն ու Հայկանուշի տիկնիկը» լույս է տեսել «Հասկեր»-ում, 1907-ին։ Մի որոշ ժամանակ եղել է Վրաստանի հայ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենը։ Թիֆլիսում բեմադրվել է նրա «Մինիստրներ» կատակերգությունը։ Բեմադրվել է նաև նրա «Ջաղացպան», «Ոճիր», «Գիքոր» (ըստ Հովհաննես Թումանյանի պատմվածքի), «Լայլի և Մաջնուն» պիեսները։ Նրա «Գլուխ պահող Կիկոսը» վիպակի հիման վրա «Հայֆիլմը» 1932-ին նկարահանել է «Կիկոսը» կինոնկարը։

Բերդի թանգարանը նախապատրաստում է հոբելյանական միջոցառում: Թանգարանի աշխատակիցները կայցելեն Բերդի տարածաշրջանի գյուղեր, դպրոցներում կներկայացնեն գրողի ստեղծագործական ժառանգությունը:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 12-ից 14-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 11, խուլիգանության՝ 3, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 16 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 3, մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 44-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Նախապես հաստատված ծրագրով մայրաքաղաքում շարունակվում են «Երևանյան ամառ» միջոցառումները

001 (1) Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ընթացքի հետ կապված՝ քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախապես հաստատված ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնք աշխուժություն և հետաքրքրություն են մտցնում մայրաքաղաքում իրենց հանգիստն անցկացնողների առօրյայում: Միջոցառումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:

Արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ  կատարած պաշտոնական այցի շրջանակում  հանդիպումներ են եղել ԼՂՀ նախագահի, Ստեփանակերտի քաղաքապետի հետ: Կազմակերպվել է նաև այց Մարտունու և Մարտակերտի շրջաններ: Երևանի վարչական շրջանների ղեկավարներն այցի շրջանակում պայմանավորվածություններ են ձեռք բերել ԼՂՀ շրջանների հետ՝  համագործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ: Անցկացվել է նաև մարզաառողջարարական, ճանաչողական  արշավ, որին մասնակցել է քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի շուրջ 120 աշխատակից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Ատրճանակ, 2 նռնակ և 122 փամփուշտ

զենք-զինամթերքՈստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 12-ին, ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սերգեյ Դ.-ն հանձնել է 7 մմ տրամաչափի, թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ» նռնակ` պայթուցիչով, «ՏՀՏ» նռնակ` առանց պայթուցիչի և 5.45 մմ տրամաչափի 122 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Կիմ Կի-դուկը նմանություններ է տեսնում Հայաստանի և Հարավային Կորեայի միջև և խոստանում իր առաջիկա ֆիլմը ներկայացնել Հայաստանում

կիմ կի-դուկ«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկը:

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «Պիետա» ֆիլմով կմեկնարկի ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Հայ հանդիսատեսին կներկայացվեն  նաև «Կղզին», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն»,  «Հասցեն անհայտ է» , «Դատարկ տունը» և «Առափնյա պարեկ» ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ 2003-ից, երբ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում Կի-դուկը ստացավ FIPRECI մրցանակը, ցանկություն կար նրա ֆիլմերը նաև Հայաստանում ցուցադրել: Այս տարի նպատակը վերջապես իրագործվել է:

«Շատերը, որ քիչ բան գիտեն Կորեայի կյանքի, կենցաղի մասին, Կի-դուկի ֆիլմերով պատկերացում են կազմել այդ ամենի մասին: Հաճախ նրան մեղադրում են դաժանության մեջ, բայց այդ ամենի հետևում նրա փափուկ սիրտն է»,- ասաց Ստամբոլցյանը:

Կի-դուկը նշեց, որ մինչ Հայաստան գալը ոչինչ չի իմացել մեր երկրի մասին, համացանցով է որոշ բաներ կարդացել: Այստեղ գտնվելու երկու օրերի ընթցաքում արդեն հասցրել է օրական երեք ժամ զբոսնել Երևանում, տեսնել Կասկադի գեղեցկությունը և շուկայի շուրջ առկա աղքատությունը և ընդհանրություններ գտնել Հայաստանի և Հարավային Կորեայի միջև:

Կի-դուկը երախտագիտություն հայտնեց հայ հանդիսատեսին իր ֆիլմերը դիտելու համար և խոստացավ ֆիլմը, որը կնկարահանի առաջիկայում, ներկայացնել նաև Հայաստանում:

Կիմ Կի-դուկը ծնվել է 1960 թ., Հարավային Կորեայում: Դպրոց չի գնացել: Ինչպես ինքն է նշում, այն ժամանակ Կորեայում բնակչության 50 տոկոսը հնարավորություն ուներ դպրոց հաճախել, ինքն այդ հնարավորությունից զրկված մյուս կեսում է եղել: Փոքր հասակից ծանր աշխատանքով է գումար վաստակել: Սակայն դպրոց հաճախելու հնարավորություն չունենալու համար Կի-դուկը չի ափսոսում, ասում է, որ աշխատելով ավելի շատ բան է սովորել, քան կարող էր դպրոցում սովորել:

«Ես իմ ֆիլմերում ներկայացնում եմ իմ ապրածը, այն, ինչ կա կորեական իրականությունում: Դրա համար արժեր դպրոց չգնալ»,- ասում է կինոռեժիսորը:

1990-ին Կի-դուկը  վերջին կոպեկներով գնում է տոմս դեպի Փարիզ: Այստեղ 30 տարեկան հասակում նա առաջին անգամ ֆիլմ է դիտում`«Գառների լռությունը»: Ֆիլմը հիմնովին փոխում է հարավկորեացի երիտասարդի կյանքը: Նա 1990-92թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում, 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել է Կինոդրամատուրգիայի  կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին:

«Երբ սկսեցի կինոռեժիսուրա սովորել, հասկացա, որ ամեն մեկն էլ կարող է ֆիլմ նկարել, զգացի կինոյի ազատությունը և այդ օրվանից սկսեցի սցենարներ գրել»,- ասում է նա:

Նա վերադառնում է Հարավային Կորեա և սկսում իր կարիերան սկսում որպես սցերանրիստ:  1995-ին Կորեայի կինոխորհրդի  կազմակերպած սցենարների մրցույթում նա շահել է  առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո Կիմը նկարահանել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոնքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով:

Ֆիլմարտադրության ոլորտում 19 տարիների ընթացքում Կիմ Կի-դուկը 20 ֆիլմեր է հեղինակել, որոնք միջազգային տարբեր կիոփառատոններում մրցանակների են արժանացել:

Կի-դուկն ասում է, իր ուսուցիչը եղել է իր կյանքը, նա է իրեն ամեն ինչ սովորեցրել: Նշում է, որ որ իր ֆիլմերում ինքը լավն ու վատը չի առանձնացնում, չէ որ կյանքում  դրանք երկուսն էլ կան, նաև ֆիլմերը երջանիկ ավարտ չունեն:

Ասում է, որ ստեղծագործական գործունեոթւյան 19 տարիների ընթացքում ներքուստ փոփոխվել է, երել է ժամանակ, երբ չի վստահել մարդկանց և հակառակը, պատահել է, որ չի սիրել մարդ կոչվածին: Այժմ նրա մոտ այնպիսի փուլ է, երբ հավատացած է, որ մարդը հույսով է ապրում:

Իր ֆիլմերում Կի-դուկը հնարավորինս քիչ է օգտագործում երկխոսություններ («Վատ տղա», «Կղզի», «Դատար տունը», «Մեբիուս»), քանի որ խոսքով մարդը կարող է ստել. «Առանց խոսքի մարդը ավելի շատ բան կարող է արտահայտել, քան խոսքերով»:  Նա արծարծում է կորեական ազգային խնդիրները`միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ:  Նրա ֆիլմերի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել:

Գործ ունենք հանցավոր խմբի հետ. ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին

PN1ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

“Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից` միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ:

Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ:

Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:

Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին”:

 

 Անկախ

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

7587Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

 

Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Առանձնահատուկ ջերմությամբ եմ վերհիշում այս տարվա մայիսին Հայաստան կատարած Ձեր պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առևտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա՝ ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Օգտվելով առիթից՝ վերստին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այն կարևոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ և մաղթում հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը:

 Անկախ

Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են

загруженноеԻնչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:

Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

Դեպքի այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:

 

Անկախ