Մարտունիում գործարկվել է առաջին օն-լայն ռադիոն

ռադիոմարտունիԳեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները և աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդը, որ կուզենա տեղեկանալ Մարտունու անցուդարձին, այսուհետ կարող է լսել «ՌադիոՄարտունի» օն-լայն ռադիոն: Հուլիսի 23-ին գործարկվեց առաջին օն-լայն ռադիոկայանը Մարտունու կյանքի և անցուդարձի մասին:
Գաղափարի հեղինակը քաղաքի բնակիչ, լրագրող Լիանա Հովհաննիսյանն է: Նա պատմում է, որ նման գաղափար վաղուց է ունեցել, դեռ 2012-ից ձեռքի տակ եղած միջոցներով ձայնագրում ու հանրությանն էր ներկայացնում իր գործունեությունը քաղաքացիական սեկտորում: Երբ 2013-ին «Մարտունի ինֆոտունը» (ծրագիր է, որն իրականացնում է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հետ) «ինֆոգաղափար» սոցիալական նորարարական գաղափարների հավաք հայտարարեց, Լիանան Մարտունիում ռադիո ստեղծելու իր ցանկությունը ձևակերպեց և ներկայացրեց:
Ժյուրիի անդամները, ի թիվս այլ գաղափարների, հավանության արժանացրին նաև Լիանայի ծրագիրը և ֆինանսավորում հատկացրին ռադիոտեխնիկա ձեռք բերելու համար:
Մեկնարկը տրվել է http://www.spreaker.com/ ռադիոտիրույթ տրամադրող կայքում: «Առանձին ռադոհոսթին կտեղափոխվենք, երբ ունենանք անհրաժեշտ քանակով մշտական ունկնդիրներ, հետևողներ և իհարկե ֆինանս»,- ասում է Լիանան:
Ասում է, որ առայժմ պլանավորել է շաբաթական երկու հաղորդում եթեր հեռարձակել: Իրադարձային նյութերից բացի, կպատրաստվի ու եթեր կհեռարձակվի թեմատիկ շարք` նվիրված Մարտունու տարածաշրջանին:
Լիանան ասում է, որ «ՌադիոՄարտունու» հիմնական նպատակը տեղական ռադիո ստեղծելն է. աշխարհագրական դիրքով պայմանավորված` մարդիկ զրկված են հայաստանյան ռադիոհաճախականությունները լսելու հնարավորությունից, ռադիոընդունիչը լավագույն դեպքում կարողանում է որսալ հանրային ռադիոն և բազմաթիվ թուրքական ու քրդական հաճախականություններ:
լիանա«Ռադիոն ցանկանում էի ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով, որպեսզի այն լոկալ թեմաներ մատուցելով` չմնա տեղային մակարդակում, այլ հասանելի լինի բոլորին, աշխարհի տարբեր անկյուններում: Վերջին հաշվով դրսում մեծ թվով մարտունեցիներ են ապրում, ցանկանում էի ռադիոյի միջոցով ինչ-որ կերպ նրանց էլ հաղորդակից դարձնել իրենց հարազատ օրրանին»:
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը կարևորում է օն-լայն ռադիոյի գոյությունը մարտունեցիների կյանքում, ասում է, որ սա հեռանկարային նախաձեռնություն է, որը կոչված է օգնելու մարդկանց կողմնորոշվելու առօրյա լրատվահոսքում, որում մեծ տեղ են զբաղեցնում սուտ լուրերը, ապատեղեկատվությունը: Նրա խոսքով`«ՌադիոՄարտունին» կդառնա հարթակ, որտեղ ամեն մարտունեցի կկարողնա իր համայնքի մասին ստույգ և հակիրճ տեղեկատվություն ստանալ:
Առաջին թողարկումից հետո հեղինակը բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել թե՛ մարտունեցիներից, թե՛ ոչ մարտունեցիներից: Արձագանքերից ոգևորված` Լիանան պլանավորում է ակտիվ գործունեություն ծավալել և «ՌադիոՄարտունու» համար լայն լսարան հավաքել:

Ինչպես քիչ գումարով հանգստանալ Հայաստանում

Քիր Ապերի գլխին Լուսանկարը`One way tour-i

Քիր Ապերի գլխին
Լուսանկարը`One way tour-ի

Ամառային տապը օր օրի սաստկանում է, իսկ այն մարդիկ, որոնք դեռ արձակուրդում չեն, պլանավորում են իրենց առաջիկա հանգիստը: Ոմանք գիտեն, թե ուր են գնալու, ինչքան են ծախսելու: Ոմանք էլ դեռ փնտրտուքի մեջ են` պարզելու, թե որտեղ կարելի է հանգստանալ հնարավորինս մատչելի գներով:
«Անկախը» ևս պրպտել է ու մի քանի առաջարկներ առանձնացրել, որոնք կարող են օգտակար լինել մեր ընթերցողների համար:
Այսպես, ակտիվ հանգստի սիրահարների համար հետաքրքիր փաթեթներ է առաջարկում One way tour կազմակերպությունը: 2011-ից գործող ընկերությունն արդեն հասցրել է 200 արշավ իրականացնել ՀՀ տարածքում, Արցախում, Արևմտյան Հայաստանում, Պարսկահայաստանում, որոնց մասնակցել է շուրջ 4 հազար մարդ:
Արշավների կազմակերպիչ Մաթևոս Բարսեղյանն ասում է, որ հետզհետե ակտիվ հանգստի պահանջարկը մեծանում է, մարդիկ սկսում են գիտակցել, որ հանգստյան մեկ-երկու օրը կարելի է բնության գրկում անցկացնել և լիցքաթափվել: Արշավների կազմակերպիչները պատմաբան-աշխարհագրագետի հետ միասին ընտրում են հետաքրքրություն ներկայացնող վայրեր, երթուղի մշակում ու մարդկանց ծանոթացնում հայրենի բնաշխարհին ու պատմական վայրերին: Բարսեղյանն ասում է, որ հատկապես պահանջված ուղղություններ են Տաթևն ու Լաստիվերը, որտեղ ամեն շաբաթ խումբ է ուղևորվում: Բայց պարբերաբար կազմակերպում են նաև արշավներ դեպի քիչ հայտնի վայրեր, օրինակ` վերջերս այցելել են Ջիլիզա գյուղ և Չախալաբերդ:
«Քայլարշավով տուրերին հիմնականում 18-45 տարեկան անձինք են մասնակցում, բայց ունեցել ենք 2-80 տարեկան մասնակիցներ»,- ասում է Բարսեղյանը:
Նա նշում, է, որ իրենց գործում հիմնական խանգարող գործոնը զուգարանների բացակայությունն է և պատմական հուշարձանների մոտակայքում կուտակված աղբը:
Պասիվ հանգստի սիրահարների համար ևս հետաքրքիր առաջարկներ կան: Օրինակ` Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանը համացանցում ներկայացված ջերմուկյան առողջարաններից ամենամատչելին է: Այստեղ մեկ անձի հանգստի արժեքը սկսվում է 11 հազար դրամից:
Արզնիում հնարավոր է հանգիստը կազմակերպել օրական 12 հազար դրամով: Նման սակագին է առաջարկում Արզնիի թիվ 1 առողջարանը:
Ծաղկաձորում ևս հանգստի ամենամատչելի առաջարկը սկսվում է 12 հազար դրամից: Ծաղկաձորում նման բացառիկ սակագին է առաջարկում «Ռիպա» առողջարանը:
Եթե ուզում եք Լոռու մարզի հրաշք բնությունը վայելել, ապա կարող եք ընտրել «Օձուն» պանսիոնատը, որտեղ մեկ օրվա հանգստի արժեքը սկսվում է 9 հազար դրամից (միայն նախաճաշով) և 12 հազար դրամից` երեք անգամ սննդի դեպքում:
Դիլիջանում ևս հնարավոր է հանգիստը կազմակերպել` սկսած օրը 12 հազար դրամից: Այստեղ նման սակագին է առաջարկում «Հայք» հանգստյան տունը:
Համեմատաբար մատչելի գներով է հնարավոր կազմակերպել հանգիստը Ստեփանավանում: Այստեղ «Լոռի բերդ» տուրիստական հանգրվանում մեկ անձի համար մեկ օրվա արժեքն է 7-8 հազար դրամ:
Համեմատաբար մատչելի առաջարկներ կան նաև Հանքավանում գործող հանգստյան տներից: Այսպես, Հանքավանի «Խոտորջուր» առողջարանում մեկ անձի մեկօրյա հանգստի արժեքը կազմում է 10000 դրամ, Մարմարիկ հանգստյան տանը` 7000 դրամ:
Այս ամենը` համացանցում ներկայացված ընկերությունների ու հյուրատների առաջարկած ծառայությունների մասին:
Վստահաբար, հնարավոր է ավելի մատչելի սակագներով տարբերակներ գտնել արդեն համացանցից դուրս, կոնկրետ վայրում ունեցած ծանոթների միջոցով: Չէ՞ որ հյուրատների գաղափարը մեզ մոտ նոր-նոր է զարգանում, և շատերը համացանցում ներկայացված չեն, չնայած հաջողությամբ գործում են:
Իհարկե, թվարկված մատչելի սակագների դեպքում դժվար թե ակնկալեք նոր վերանորոգված և գերհարմարավետ սենյակներ, բայց հանգստի գնում եք ոչ թե սենյակի, այլ բնության, մաքուր օդի և աղմուկից կտրվելու համար: Այսպիսով, պարզ է դառնում, որ Հայաստանում էլ հնարավոր է մատչելի գներով հանգստանալ և դրա համար չհասնել հարևան երկիր: Պարզապես պետք է լավ փնտրել: Եվս մեկ կարևոր հանգամանք. քանի որ մատչելի հանգստյան տների նկատմամբ պահանջարկը մեծ է, հարկավոր է գոնե 1-2 ամիս առաջ տեղեր պատվիրել, այլապես վերջին պահին, այն էլ ներկայիս թեժ սեզոնին, հաստատ ազատ մատչելի սենյակներ չեք գտնի:

 

 

 

Աշխարհն առաջին աշխարհամարտից 100 տարի անց նոր աշխարհամարտի շեմին է

ww1rt1914 թ. օգոստոսի 1-ին`ուղիղ 100 տարի առաջ, սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, որին մասնակցեցին աշխարհի 30 տերություններ: Սրանով սկզիբ դրվեց մարդկության նորագույն պատմությանը: Առաջին համաշխարհայինի հետևանքով փլուզվեց չորս կայսրություն` Ավստրո-Հունգարական, Ռուսական, Գերմանական և Օսմանյան: Ամենամեծ կորուստը, սակայն, կրեց հայությունը` 1,5 մլն հայ սպանվեց թուրքերի կողմից, հայերը զրկվեցին իրենց պատմական հայրենիքի մեծ մասից:
Մեկդարյա հեռավորությունից կարելի է հայացք գցել անցյալին ու հասկանալ, թե ինչ դասեր է քաղել մարդկությունը 12 մլն-ից ավելի մարդու կյանք խլած քառամյա համաշխարհային աղետից:
Առաջին համաշխարհայինի արտաքուստ երևացող պատճառը մի կաթիլ մեղրի պատմությունն է հիշեցնում: 1914-ի հունիսի 28-ին Սարաևոյում ահաբեկչության հետևանքով սպանվում են Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանտը և նրա կինը: Ահաբեկիչը 18-ամյա սերբ ուսանող էր, որ ազգայնական «Սև ձեռք» կազմակերպության անդամ էր:
Ավստրո-Հունգարիան Սերբիային է մեղադրում սպանության մեջ ու վերջնագիր ներկայացնում: Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Ավստրո-Հունգարիային, Ռուսաստանը` Սերբիային: Իրավիճակը հետզհետե թեժանում է, և օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ է հայտարարում Ռուսաստանին: Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը:
Ավստրո-Հունգարական գահաժառանգի սպանությունը, սակայն, ընդամենը կայծ էր, որ կուտակված մեթանի պայթյուն առաջացրեց, իսկ մեթանը մինչ այդ էր աստիճանաբար կուտակվել:
Գերմանիան հակասություններ ուներ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի հետ: Ռուսաստանն իր հերթին շահերի բախում ուներ թե՛ Ավստրո-Հունգարիայի, թե՛ Օսմանյան կայսրության հետ: Եվ ընդհանրապես պատերազմի մասնակից բոլոր երկրների շահերն էլ ինչ-ինչ հարցերում բախվում էին, պարզապես պատերազմը երկրներին միավորեց ճամբարներում, որտեղ հակասություններն ավելի քիչ էին, քան հակառակորդ ճամբարի հետ:
Այդ տարիներին գաղութների թվով առաջատարը Մեծ Բրիտանիան էր, նրան հաջորդում էր Ֆրանսիան: Գերմանիան, որ տենչում էր աշխարհում առաջատար գերտերություն դառնալ, հասկացել էր, որ այլևս աշխարհում գաղութացման ենթակա ազատ տարածքներ չկան, ուստի գաղութների թիվը մեծացնելու համար պետք էր ինչ-որ մեկից դրանք խլել: Գերմանա-ֆրանսիական հակասությունները նաև Էլզասի և Լոթարինգիայի շուրջն էին: XIX դարի վերջին տեղի ունեցած պատերազմից հետո այդ տարածքներն անցել էին Գերմանիային, սակայն ֆրանսիական բուրժուազիան ուղիներ էր որոնում դրանք վերադարձնելու համար: Պատերազմը առիթ էր Գերմանիայի համար, որ ևս մեկ հարված հասցնի Ֆրանսիային ու փակի տարածքները վերադարձնելու թեման:
Գերմանա-ռուսական շահերը հիմնականում տնտեսական ոլորտում էին բախվում, սպառման շուկաների պայքար էր ընթանում: Իսկ Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության հետ Ռուսաստանի  հակասությունը Բալկաններն ու Կովկասն էին. ազդեցության գոտիների համար պայքար էր մղվում:
Դրան զուգահեռ պետությունները մեծ թափով սպառազինվում էին: Ռազմական արդյունաբերությունը վերելք էր ապրում, և յուրաքանչյուր պետություն ձգտում էր հետ չմնալ զինտեխնիկայով ապահովվելու մրցավազքում, ինչը ևս համաշխարհային ասպարեզում ազդեցիկությունը պահպանելու գործոն էր:
Դրա հետ մեկտեղ ընթանում էր նաև հանրությանը հնարավոր պատերազմին նախապատրաստելու քարոզչությունը, ամեն կերպ ներշնչվում էր, որ պատերազմն անխուսափելի է: Միլիտարիստական քարոզչությունը հատկապես ուժեղ էր Գերմանիայում:
Այսպիսով, Առաջին համաշխարհայինը գերտերությունների քաղաքական և տնտեսական ազդեցության գոտիների պայքարի հետևանք էր: Երբ պարզ դարձավ, որ արտաքուստ խաղաղ միջոցներով այլևս հնարավոր չէ վերաբաժանել աշխարհը, դիմեցին զենքի օգնության:
Ի՞նչ է կատարվում 2014 թ.` այդ դեպքերից 100 տարի անց: Աշխարհն այս անգամ կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին և դարձյալ տնտեսական ու քաղաքական ազդեցության գոտիների համար պայքարի պատճառով:
Վերջին տասնամյակը լի է աշխարհը վերաձևելուն միտված լոկալ բախումներով, որոնք ղեկավարվում են մեծ մասամբ ԱՄՆ-ի կողմից: Այսպես, դեռ 2001-ին ԱՄՆ-ն ներխուժեց Աֆղանստան` իբրև թե պայքար մղելու սեպտեմբերի 11-ի նյույորքյան ահաբեկչությունն իրականացրած թալիբանների դեմ: Այնուհետև, ևս մեկ ուժի ցուցադրում տեղի ունեցավ. 2003-ին ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք` որպես փաստարկ բերելով զանգվածային ոչնչացման զենքի առկայությունը Սադամ Հուսեյնի ռեժիմի ձեռքում: Պատերազմի արդյունքում, սակայն, զենք չհայտնաբերվեց, փոխարենը ԱՄՆ-ն հաստատվեց Իրաքում ու հեռացրեց տվյալ պահին իր համար ոչ ցանկալի Սադամ Հուսեյնին:
Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարը զինված լոկալ բախման վերածվեց 2008-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, արդյունքում Հարավային Օսիան ու Աբխազիան անկախացան Վրաստանից:
Այնուհետև, ԱՄՆ-ն կենտրոնացավ Մերձավոր Արևելքի և արաբական աշխարհի վրա: 2011-ին մեկը մյուսի հետևից հեղաշրջում կատարվեց Թունիսում, Եգիպտոսում, իսկ Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ պայքարը վերածվեց քաղաքացիական պատերազմի, որը տևեց շուրջ 10 ամիս և ավարտվեց Արևմուտքի զինված միջամտությամբ ու Քադաֆիի սպանությամբ: Բոլոր դեպքերում իշխանությունից հեռացվեցին ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի տարրերը, իսկ այդ երկրներում մինչ օրս տիրում է անկայուն քաղաքական վիճակ:
Դրան հաջորդեց քաղաքացիական պատերազմը Սիրիայում, որը 2011-ի գարնանից շարունակվում է մինչ օրս: Եվ ապստամբներին ու հեղափոխականներին ֆինանսավորում են ԱՄՆ-ն ու Արաբական լիգայի երկրները:
Այժմ գրեթե ավերակների վերածված արաբական աշխարհին գումարվել է ևս մի թեժ կետ` Ուկրաինան: Մաքսային միությանը միանալու որոշումից հետո Ուկրաինայում դեռ 2013-ի աշնանը ժողովրդական հուզումներ սկսվեցին: Պայքարն ավարտվեց երկրից նախագահ Վիկտոր Յանուկովիչի փախուստով: Արևմուտքի տակտիկական հաղթանակին հաջորդեց Ռուսաստանի հակազդեցությունը` Ղրիմի ինքորոշումը և ՌԴ-ին միանալու որոշումը, որը դիտարկվեց որպես անեքսիա: Սակայն Ուկրաինայի մասնատումն այսքանով չավարտվեց, Ուկրաինայի արևելյան շրջանները` Դոնեցկը, Լուգանսկը, հայտարարեցին Ուկրաինայից անկախանալու մասին: Եվ այժմ փաստացի Ուկրաինան ևս ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ:
Թեժ է իրավիճակը նաև Գազայում: Իսրայելն այստեղ հուլիսի սկզբին ռազմական գործողություններ սկսեց` հայտարարելով, որ նպատակը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարն է: Պետք է նշել, որ նախկինում Իսրայելն ու Պաղեստինը Գազայի հատվածում հրադադարի պահպանման համաձայնության էին եկել:
Իրաքում ևս իրավիճակն անհանգիստ է. «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը վերջերս վերանվանվեց «Իսլամական պետություն», մեկը մյուսի հետևից ընդլայնում է իր տարածքները: Ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ վերահսկողության տակ է պահում Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի մասը, որտեղ նպատակ ունի ստեղծել արաբական խալիֆայություն: Ջիհադականների կողմից վերահսկվող տարածքներում իրականացվում են զտումներ քրիստոնյաների նկատմամբ, նրանց պարտադրում են կրոնափոխ լինել կամ ամսական 250 դոլարի չափով հարկ վճարել:
Իրաքը, սակայն, չի կարողանում ուժերը միավորել և պայքարել ահաբեկչական խմբավորման դեմ. ուժեղանում են անջատողական ձգտումները նաև Իրաքի Քրդստանում: Քրդերն ուզում են անկախ պետություն հիմնել: Դա իր հերթին վտանգ է ներկայացնում Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ երկրներն էլ ունեն բազմամիլիոնանոց քուրդ բնակչություն, որոնք ևս կարող են սկսել մտածել անկախ պետություն հիմնելու մասին:
Լարված է իրավիճակը նաև Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը, օգտվելով համաշխարհային իրավիճակից, փորձում է այստեղ էլ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել և ուժով, պարտադրանքով հասնել իր ուզածին: Հայաստանի` Մաքսային միություն մտնելու որոշումից հետո ավելի ու ավելի հաճախ են ԱՄՆ-ի կողմից Արցախի առնչությամբ հակահայկական հայտարարություններ հնչում: Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանը, Հայաստանին իր կողմը գրավելուց հետո փորձում է հիմա էլ սիրաշահել Ադրբեջանին` ենթադրաբար սակարկելով ռուսական կողմը բռնելու գնի շուրջը: Փաստորեն, հայերի գլխին դարձյալ կախված է նույն դամոկլյան սուրը, ինչ մեկ դար առաջ էր: Հայաստանն էլի կարող է աշխարհաքաղաքական խաղերի զոհը դառնալ, բայց այս անգամ այլևս կորցնելու ո՛չ տարածքներ ունենք, ո՛չ բնակչություն:
Նկարագրված աշխարհաքաղաքական աջաբսանդալը ցույց է տալիս, որ Առաջին աշխարհամարտից 100 տարի անց վերստին պայթյունավտանգ մեթանի ամպը կուտակվել է մարդկության գլխին, և մի կայծը բավարար է, որ այլևս նահանջի տեղ չմնա: Իսկ թե ով կանի անվերադարձ քայլը և երբ` հստակ ասել հնարավոր չէ: Հստակ է մի բան. գերտերություններն առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, իսկ զարգացող երկրներն ընդամենը զինվորներ են շախմատի խաղատախտակի վրա, որոնց կարող են շարժել, ինչպես ուզենան և զոհաբերել, երբ ուզենան:

 

Արխիվը` ազգային հիշողության պահապան. այստեղ պահվող ամենահին փաստաթուղթը 410 տարեկան է

amatuni virabyanՀարցազրույց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ:
– Պարոն Վիրաբյան, երբ անցյալին վերաբերող որևէ կարևոր փաստաթուղթ է պետք , անմիջապես հիշում ենք արխիվի մասին: Ինչպե՞ս և ե՞րբ է առաջացել արխիվ ասվածը:

– Արխիվներ եղել են անգամ մեր թվարկությունից առաջ, օրինակ` Հռոմում կար հայտնի մեծ արխիվ, որտեղ ճանապարհային, ծովային քարտեզներ կային, որովհետև առանց այդ քարտեզների հռոմեական զորքերը չէին կարող տեղից տեղ գնալ: Հնուց եղել են արխիվներ, բայց, դժբախտաբար, շատ քիչ բան է պահպանվել: Աշխարհում ամենահին արխիվը Հռոմի պապի արխիվն է, որտեղ VI-VII դարից փաստաթղթեր կան: Իսկ ընդհանրապես դասական արխիվներ սկսեցին ստեղծվել Եվրոպայում` քաղաք պետություններում և առևտրական քաղաքներում, օրինակ` Վենետիկում, Ջենովայում, որտեղ առևտրականներն իրենց հարաբերությունները ճշտելու համար ունենում էին փաստաթղթեր և դրանք պահպանում էին քաղաքային արխիվում: Մեզ մոտ ևս եղել են արխիվներ: Օրինակ` Մովսես Խորենացին տարբեր փաստաթղթերի հավաստիությունը երաշխավորելու համար ասում է, որ դա դիվանում է տեսել: Դիվանը արխիվն էր: Բայց մեզ, դժբախտաբար, հայկական արխիվներից ոչինչ չի հասել: Եթե եվրոպայում XII-XIII դարերից փաստաթղթեր կան, մեր հարևան Իրանում կան XIV դարի փաստաթղթեր, մեզ մոտ փաստաթղթերը պահպանվել են հիմնականում XIX դարից, երբ Հայաստանն անցավ Ռուսաստանի կազմ: Յուրաքանչյուր պատմաբան, աշխատելով արխիվում, XIX դարի պատմությունը կարող է ներկայացնել, բայց արդեն XVIII դարին վերաբերող փաստաթղթերը քիչ են:
Արխիվը ստեղծվել է խորհրդային իշխանության հաստատումից հետո, 1923-ին որոշում է ընդունվել, 1924-ից սկսել է գործել: Այս տարի 90 տարեկան ենք դառնում:

– Ինչպե՞ս է կատարվում արխիվի համալրումը, և ի՞նչ փաստաթղթեր են Ձեզ մոտ պահվում:

– Առաջին հերթին` պետական կառավարման մարմինների փաստաթղթեր: ԽՍՀՄ տարիներին խորհրդային իշխանությունը մեծ ուշադրություն է դարձրել արխիվային գործին, կառուցվել են շենքեր, հավաքվել է ամեն փաստաթուղթ: Այնքան գործ, որ ԽՄ արխիվներում էր պահվում, աշխարհի որևէ այլ երկրի արխիվում չէր պահպանվում, հավաքվում էր ցանկացած կազմակերպությանը վերաբերող փաստաթուղթ, լիներ դա կոլխոզ, գործարան, մանկապարտեզ, դպրոց, նախագծային, գիտահետազոտական ինստիտուտ: Իսկ միջազգային պրակտիկայում ընդունված է արխիվում պահպանել միայն պետական փաստաթղթերը: Խորհրդային իշխանության փլուզումից և անկախության հռչակումից հետո մեզ մոտ էլ շատ բան է փոխվել: Վերջին 20-25 տարում ավելի մոտեցել ենք միջազգային փորձին: Այսօր շեշտը դնում ենք երկու տիպի փաստաթղթեր հավաքելու վրա` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փաստաթղթեր և բոլոր այն կազմակերպությունների փաստաթղթերը, որոնք առնչվում են մարդու գործունեությանը: Ցանկացած կազմակերպություն, եթե լուծարվում է, նրանից վերցնում ենք բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են այդ կազմակերպությունում աշխատած մարդկանց գործունեությանը, որովհետև այսօր մենք տեղեկանքներ ենք տալիս:
Բայց, դժբախտաբար, 90-ական թվականներին շատ փաստաթղթեր, հիմնականում` շինարարական և առևտրական կազմակերպությունների, ոչնչացվել են: Եվ այսօր այդ կազմակերպություններում աշխատած մարդկանց տեղեկանք տալու հարցում խնդիրներ են առաջանում: Իհարկե, արխիվը միայն տեղեկանք տրամադրող չէ, այն մշակութային, գիտական կազմակերպություն է: Այսօր տարեկան մեր ժողովրդի պատմության, կարևոր իրադարձությունների վերաբերյալ տասնյակ գրքեր ենք հրատարակում, ցուցահանդեսներ ենք կազմակերպում Հայաստանում և արտերկրում: Անցած տարի Մոսկվայում ռուսական արխիվների հետ «Հայերը Մոսկվայում» խորագրով ցուցադրություն կազմակերպեցինք, որ ցույց տանք` վերջին 20 տարում չեն հայերը հայտնվել Մոսկվայում և հնուց ի վեր ինչ դեր են կատարել Մոսկվայի մշակութային, տնտեսական կյանքում:
Արխիվի համալրումը կատարվում է «Արխիվային գործի մասին» օրենքի համաձայն: Պետական մարմիններն իրենց մոտ փաստաթղթերը 10 տարի պահելուց հետո հանձնում են արխիվ: Կառավարության որոշմամբ էլ սահմանված է, թե ինչն ու ինչպես են հանձնում: Մենք բերում ենք պետական մարմինների գործունեության արդյունքում ստեղծված փաստաթղթերի 5-7 տոկոսը, մնացածը ոչնչացվում է որպես իր դերը կատարած և այլևս արժեք չներկայացնող:

– Խոսեցիք հին փաստաթղթերից: Հետաքրքիր է, թե մեր արխիվում պահպանվող ամենահին փաստաթուղթը որ թվականով է թվագրված և ինչի մասին է:

– Հայաստանում ամենահին փաստաթուղը 1441 թվականի կաթողիկոսական կոնդակ է, ոը պահվում է Մատենադարանում: Արխիվի ամենահին փաստաթուղթը 1604 թվականի Շահ Աբասի հրովարտակ է` ուղղված Ղարաբաղի մելիքներին իրենց հողային իրավունքների վերաբերյալ: XVII դարից ևս մի քանի փաստաթղթեր կան: XVIII դարից մի քանի հարյուր փաստաթուղթ ունենք, բայց հիմնական փաստաթղթային զանգվածն առաջացել է 1830-ից հետո: Փաստաթղթեր չլինելու օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Օբյեկտիվ պատճառ է, որ այրվել են, թշնամիները ոչնչացրել են, բայց կա նաև մի հետաքրքիր սուբյեկտիվ պայման, քանի որ երբ դեռ թուղթ չկար, հիմնականում մագաղաթ էր օգտագործվում, իսկ այն շատ թանկ էր: Երբ կաթողիկոսը նամակ էր ստանում, կարդում էր, հետո հանձնարարում էր նամակի վրայի ներկը մաքրել և մագաղաթը նորից օգտագործել պատասխան գրելու համար: Առաջինը Սիմոն Երևանցի կաթողիկոսն էր, որ 1760 թ. հետաքրքրվեց, թե էջմիածնի արխիվներում ինչ փաստաթղթեր կան: Հիմնականում ունեցվածքի վերաբերյալ փաստաթղթեր էին պահպանվել: Նա արգելեց փաստաթղթերը «բարբարոս» ձևով ոչնչացնել և կարգ սահմանեց, ըստ որի` ստացված նամակները պետք է պահպանվեին, բացի այդ, ուղարկված նամակներից մեկ օրինակ էլ պետք է գրվեր և տեղում պահվեր: Այդպես փաստաթղթերը սկսեցին պահպանվել:

– Արխիվը ազգի հիշողությունն է, կարևոր կառույց է: Պետական մակարդակով որքանո՞վ է պատշաճ ուշադրություն հատկացվում արխիվին:

– Գիտեք, հնարավորինս ուշադրություն հատկացվում է: Մեր երկրի հնարավորության սահմաններում: Մենք փորձում ենք օգտագործել նաև այլ միջոցներ, օրինակ` թվայնացնող մեքենաները գնել ենք բարերարների գումարի շնորհիվ, կամ Ցեղասպանության վերաբերյալ գրքերը հրատարակելու և թարգմանելու համար բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, դրանք իրականացնում ենք բարերարների շնորհիվ: Պետությունն էլ օգնում է, հուլիսի 1-ից աշխատակիցների աշխատավարձերը 30-40 տոկոսով բարձրացել են:

– Իսկ արխիվային գործը մեզ մոտ ի՞նչ վիճակում է, մենք համընթաց քայլո՞ւմ ենք աշխարհի հետ, թե՞ հետ ենք մնում:

– Եթե համեմատենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի արխիվների հետ, դժվար է, նրանք վաղուց են սկսել: Բայց եթե համեմատենք հետխորհրդային շրջանի երկրների արխիվների հետ, մենք ավելի քիչ միջոցներով ավելի մեծ պրոֆեսիոնալիզմ ենք դրսևորում:
Նաև մեր արխիվը շատ դեմոկրատական է, այստեղ փակ, գաղտնի փաստաթղթեր չկան: Ցանկացած քաղաքացի, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի քաղաքացի է, միայն անձնագրով կարող է գալ և արխիվում աշխատել, մենք էլ նրան կօգնենք թարգմանության հարցում:

– Ասացիք, որ մեզ մոտ բոլորի համար բաց են փաստաթղթերը: Հատկապես ո՞ր երկրներից են շատ գալիս և ի՞նչ փաստաղթեր են հիմնականում ուսումնասիրում:

– Հետաքրքրության համար առաջինը Ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր են: Գալիս են Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ներկայացուցիչներ, նաև ծագումով հայ քաղաքացիներ: Վերջին շրջանում արխիվի հանդեպ հետաքրքրությունն ավելացել է նաև Թուրքիայում: Մանավանդ վերջերս Ստամբուլում թուրքերենով հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» գիրքը, ուստի ակնկալում եմ, որ աշնանը մեզ մոտ կգան նաև մեծ թվով թուրք պատմաբաններ և լրագրողներ:
Հետաքրքրվում են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմով, խորհրդային շրջանում մարդկանց ապրելակերպով ու կենցաղով:

– Լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, հաջորդ տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Արխիվում այս երկուսի մասին առկա փաստաթղթերը ինչպե՞ս են ներկայացվում հանրությանը:

– Արդեն պատրաստ է և Մոսկվայում ռուսերեն լույս կտեսնի «Հայերի մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմում» գիրքը, որում կներկայացվի, թե ֆրանսիական, ամերիկյան, ռուսական, թուրքական և այլ երկրների բանակներում որքան հայեր են մասնակցել պատերազմին: Օրինակ` ֆրանսիական բանակի կազմում գործում էր Արևելյան լեգեոնը, որը 99 տոկոսով կազմված էր հայերից:
Վրաստանում ցուցահանդես ենք պատրաստում, որտեղ կներկայացվի հասարակական բարեգործական կազմակերպությունների գործունեությունն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գաղթականներին, փախստականներին օգնելու համար:
2012-ին 3 հատորով հրատարակեցինք «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» գիրքը, որում մոտ 750 փաստաթուղթ ներկայացրեցինք մոտ 700 բնակավայրի վերաբերյալ, հետո դրանից մեկ հատոր հատընտիր պատրաստեցինք, որը 2013-ին թարգմանվեց անգլերեն, այս տարի` թուրքերեն և Մոսկվայում տպագրության ընթացքում է ռուսերենը, նախատեսում ենք նաև թարգմանել ֆրանսերեն և իսպաներեն:

– Գիտեմ, որ թվայնացման աշխատանքներ են իրականացվում: Փաստաթղթերի թվայնացումը ո՞ր փուլում է:

– Թվայնացումը վաղուց էինք սկսել, բայց պրոֆեսիոնալ սարքեր չունենալու պատճառով ծավալը փոքր էր: Տարեկան 10 հազար թերթ էինք թվայնացնում, այսօր արդեն տարեկան 200-250 հազար թերթ ենք թվայնացնում: Մեր ունեցածի հազիվ կես տոկոսը թվայնացրած լինենք: Առաջին հերթին թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք պահանջված են: Օր կգա, որ արխիվում պատմաբանների փոխարեն ինժեներներ կաշխատեն: Մանավանդ որ այլևս թղթից փաստաթուղթ չի ստեղծվում, այսօր կառավարությունում փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային է, կադաստրից արդեն ընդունել ենք 16 մլն թվային գործ:
Զուտ էլեկտրոնային արխիվն էլ իր խնդիրներն ունի: Հարց է` էլեկտրոնային փաստաթղթերը ինչքա՞ն կդիմանան: Մենք այսօր էլեկտրոնային փաստաթղթեր ունենք, որոնք չենք կարողանում կարդալ համապատասխան սարքերի բացակայության պատճառով: Օրինակ` Էլեկտրալամպերի գործարանը 90-ականներին աշխատավարձերը վճարել է էլեկտրոնային եղանակով և էլեկտրոնային փաստաթղթեր է ներկայացրել, հիմա այդ կասետները կան, համակարգիչը կա, որը, սակայն, չի աշխատում, որևէ մեկն այն չի կարողանում վերանորոգել, նորն էլ չեն արտադրում, որ գնենք, փաստի առաջ ենք կանգնել:
Դրա համար բազմաքայլերի պետք է դիմենք, օրինակ` 2-3 տարին մեկ ամեն ինչ տեղափոխենք նոր կրիչների վրա:
Ռուսաստանում օրենսդրությունը պահանջում է, որ էլեկտրոնայինից բացի, փաստաթղթերը նաև թղթային տարբերակով պահպանվեն, դա պետք է, որպեսզի, եթե էլեկտրոնայինը չլինի, գոնե թղթային տարբերակը լինի: Լավ կլինի, որ մեզ մոտ էլ այդպես լինի: Սա խնդիր է, որը լուծում է պահանջում:

 

Աշխարհի ամենահին տոնն այս կիրակի մեկ սեղանի շուրջ կմիավորի հայ ընտանիքներին

վարդավառ2014-ը այն բացառիկ տարիներից է, երբ ողջ հայությունը Վարդավառը կտոնի միևնույն օրը. այս տարի թե՛ ըստ եկեղեցական տոնացույցի, թե՛ ըստ Տավուշում և Լոռիում ընդունված ժողովրդական տոմարի` Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին` այս կիրակի օրը:
Վարդավառը հազարամյակների պատմություն ունեցող հնագույն տոն է, որն ունի տարբեր մեկնաբանություններ: Մի բան է միայն հստակ. սա հեթանոսական ժամանակներից եկած տոն է, որը քրիստոնեության շրջանում վերածվել է եկեղեցական տոնի:
Այժմ առանձին-առանձին հեթանոսական ու քրիստոնեական վարդավառի մասին:
Աշխարհի հնագույն տոնը, որ նշվում է Նոյի ժամանակներից
Նախ` բառի ծագումնաբանության մասին: Ընդունված մի քանի կարծիք կա: Վարկածներից մեկի համաձայն` վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, ուստի, օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:
Հեթանոս ժամանակներում տոնը նվիրված է եղել սիրո աստվածուհի Աստղիկին: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել է ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում:
Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո դիցուհուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն և չարություն է հաստատվում: Աստղիկի սիրեցյալը` վիշապաքաղ Վահագնը, ազատում է Աստղիկին: Նա էլ շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում:
Իսկ վարդերը կարմիր են, քանի որ, ըստ ավանդության, երբ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալը վիրավորվել է, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Վազելիս նա տրորում է վարդենու փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդն այսպես է բացատրվում:
Ըստ մեկ այլ ավանդության` Վարդավառին միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը գալիս է Աստղիկ դիցուհու` Արածանիում լողալու սովորությունից: Ըստ ավանդության` ամեն գիշեր Աստղիկը լողում էր Արածանի գետում, և այդ ընթացքում հովիտը մշուշով էր պատում, որպեսզի շրջակա բնակավայրերի երիտասարդները, որոնք հավաքվում էին գաղտագողի Աստղիկին հետևելու, չկարողանան տեսնել իրեն: Այստեղից էլ դաշտը կոչվել է Մշո դաշտ:
Իսկ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունն էլի Աստղիկի ու Վահագնի հետ է կապված. Աստղիկի կացարանի տանիքին բույն դրած ծիծեռնակները սուրհանդակներ էին` Աստղիկից լուր էին տանում նրա սիրեցյալ Վահագնին ու նրանից էլ լուր բերում:
Ըստ քրիստոնեական մեկնաբանության` Վարդավառի տոնը նշվում է Նոյ նահապետի ժամանակներից սկսած: Երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատ լեռան լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի: Աղավնիներ թռցնելը ևս Նոյից մնացած ավանդույթ է համարվում:
Ներկայումս Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության (այլակերպության) տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն նշվում է Զատիկից 98 օր հետո` կիրակի օրը` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (իսկ ժողովրդական տոմարով Վարդավառը շարժական տոն չէ և մշտապես նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը): Տոնին հաջորդում է մեռելոցը:
Տոնը Թաբոր լեռան վրա Ս. Պետրոսի, Ս. Հովհաննեսի և Ս. Հակոբոսի առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Քրիստոսն իր աշակերտների հետ լեռն է բարձրանում, որտեղ նրան երևում են Մովսեսն ու Եղիան: Մինչ նրանք խոսում էին, մի լուսավոր ամպ է նրանց վրա հովանի լինում, ու ձայն է գալիս. «Դա իմ սիրելի Որդին է, որին հավանեցի, դրան լսեցեք»: Աշակերտները, դա լսելով, վախեցած երեսնիվայր են ընկնում: Նրանց է մոտենում Քրիստոսը և ասում, որ չվախենան ու ոտքի ելնեն: Աշակերտները աչքերը բարձրացնում են և տեսնում, որ Հիսուսից բացի, ոչ ոք չկա:
Վարդավառյան օազիսներ` տոնի մոռացության ֆոնին
Հայաստանի ամեն մի բնակավայր Վարդավառի իր յուրօրինակ ավանդույթներն է ունեցել` երգեր, խաղեր, ճաշատեսակներ, տոնելու եղանակներ: Այսօր, սակայն, տոնի բուն խորհուրդը գրեթե մոռացության է մատնվել. և մնացել է միայն ջրցանությունը` որպես մանկական տոն: Բացառություն են Տավուշը, մասամբ Լոռին և Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը, որտեղ Վարդավառը նշվում է մեծ շուքով` չզիջելով անգամ Նոր տարուն:
Մարտունու տարածաշրջանում Վարդավառը ընտանեկան տոն է, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրերում են ցրված ընտանիքի անդամները, այս օրը բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ինչպես են երեխաները սրտատրոփ Նոր տարվան սպասում Ձմեռ պապի ժամանելուն, այնպես էլ ամռան տապին անհամբեր սպասում են Վարդավառին, դեռ մեկ ամիս առաջ սկսում իրար «սպառնալ»` տես, Վարդավառին քեզ այնպես կջրեմ, որ…
Տոնական այս օրը Մարտունին աննախադեպ մարդաշատ է, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ` հեռու ու մոտիկ ազգականներ, գալիս ու գալիս են: Տոնի նախորդ օրը կանայք գաթա են թխում, տոնական պատրաստություն տեսնում, տղամարդիկ ուլ կամ գառ են մորթում, միսը պատրաստում հաջորդ օրվա համար, երեխաներն էլ բակերում մեծ տարաներ են շարում, լցնում ջրով, վրան վարդի թերթիկներ շաղ տալիս և ամեն մեկն իր անվանական «զենքը»` դույլն է ունենում:
Վարդավառի վաղ առավոտյան` արևի ծագելու հետ, սկսվում է ջրոցին: Սկզբում վաղ արթնացածներն ընտանիքի դեռ քնած անդամներին են ջրով ցողում անկողնում: Հետո ընտանիքի անդամներով են միմյանց մի լավ ջրում, հետո վերածվում է խաղի հարևանների միջև, այնուհետև, երբ արդեն բոլորը բոլորին ջրել են, հարևաններով միավորվում են ու սկսում են թաղամաս-թաղամաս միմյանց ջրել: Մարդիկ թաց, առանց ասֆալտի փողոցներից գուցե և ցեխոտված, լեռնային սառը օդից և ջրից երբեմն էլ դողալով, կարող են ժամերով դեսուդեն վազել, փողոցից փողոց անցնել` ջրոցիով տարված:
Ջրոցիից հետո հերթը կերուխումինն է. ամենուրեք կրակ են վառում, սկսում խորոված և խաշլամա եփել, անուշ բույրը տարածվում է ամենուր:
Կան ընտանիքներ, որոնք նախընտրում են բնության տոնը հենց բնության գրկում անցկացնել. ընտանիքով Սևանի ափ են գնում, կամ սար են բարձրանում, որևէ գետի կամ առվի ափին ծավալում իրենց խրախճանքը:
Եթե նախկինում Վարդավառի նախորդ գիշերն են մարդիկ խարույկ վառել ու սպասել տոնի գալուն, ապա հիմա մի փոքր հակառակն է: Խարույկով, ավելի ճիշտ` փռով ու երիտասարդական հավաքով է ամփոփվում տոնը: Տարբեր տեղերից հավաքված երիտասարդները բազմում են կրակի շուրջը, խաղում, երգում, զրուցում և վայելում փռում եփած կարտոֆիլը մինչև ուշ գիշեր: Ապա գնում են տները, որտեղից էլ վաղ առավոտյան ամեն մեկն իր ճանապարհը կբռնի ու կվերադառնա իր առօրյային` նորից սպասելով, որ մեկ տարին աննկատ կանցնի ու նորից նույն տեղում նույն կազմով կհավաքվեն:

 

 

Մինչ մեր պատկան մարմինները քնած են էշի ականջում, ադրբեջանցիներն աննկատ իրենց նպատակին են մոտենում

Haykuhi-Barseghyan1Եթե Երևանի բնակիչներիս համար տարվա այս ժամանակահատվածն ընդամենը անտանելի տապի շրջան է, երբ ամեն ոք մտածում է թեկուզ կարճ ժամանակով շոգից կտրվելու ու ինչ-որ զով վայրում հանգստանալու մասին, ապա գյուղացու համար սա նախ և առաջ բերքահավաքի ժամանակաշրջան է, երբ պիտի քաղի իր ողջ տարվա չարչարանքների պտուղները:

Բայց արի ու տես, որ սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների համար բերքահավաքը «շքեղություն» է. ադրբեջանցիները թույլ չեն տալիս հայ գյուղացուն աշխատել իրեն մնացած մի թիզ հողի վրա:
Գրեթե ամեն օր լրատվամիջոցները հաղորդում են հանդում աշխատողների ուղղությամբ ադրբեջանցիների բացած կրակահերթի մասին: Մարդկային կորուստներ Տավուշում բարեբախտաբար չունենք (ցավոք, ունենք Արցախում. հուլիսի 14-ին Ասկերանում ադրբեջանցի դիպուկահարները սպանեցին դաշտում հերկ անող քաղաքացուն), բայց նյութական և բարոյական վնաս` որքան ասես:
Բոլորը գիտեն` սահմանամերձ գյուղերը սոցիալապես շատ խոցելի են. չկա աշխատանք, իսկ եկամտի միակ աղբյուր հողերը հիմնականում զավթված են ադրբեջանցիների կողմից, ականապատված են, եղածն էլ ցանքսի և բերքահավաքի ժամանակ շարունակական կրակահերթերով չեն թողնում մշակել: Էլ ինչո՞վ պետք է գյուղացին պահպանի իր գոյությունը: Եվ սա այն դեպքում, երբ մեր պետությունը սահմանամերձ բնակավայրերին միայն երբեմն արվող հայտարարություններով է ուշադրության արժանացնում, իսկ լուրջ գործուն քայլեր, որոնք երկրի դարպասները պահող գյուղացու մատից փուշ կհանեին, այդպես էլ չեն արվում (Մովսես գյուղին կառավարությունը հազիվ մի կոմբայն էր նվիրել, այն էլ մի քանի օր անց վնասվեց ադրբեջանցիների կրակոցներից):
Այժմ բարոյական վնասների մասին: Անկասկած է, որ հակառակորդի դիպուկահարի նշանառության տակ ապրող ամեն ոք անչափ սիրում է իր երկիրը, եթե պատրաստ է կյանքն ամեն վայրկյան վտանգի տակ դնել, զրկվել վաղվա օրը պլանավորելու հնարավորությունից, հարսանիք, քեֆ և ուրախությունն անել գիշերով, որպեսզի ադրբեջանցիները չհարամեն, դաշտում աշխատել գիշերով` էլի նույն ադրբեջանցիների կրակոցներից պաշտպանվելու համար: Բայց հայրենիքի հանդեպ սերն էլ իր սահմաններն ունի: Այո, գուցե քաղաքացին իր ընտրությունը կատարել է և որոշել իր կյանքը նվիրել հայրենի բնակավայրին, բայց վստահաբար նա նման ապագա չի ցանկանում իր երեխաների համար: Այս պարագայում արդեն գործում է իսահակյանական հանրահայտ արտահայտությունը, որի մասին երբեմն կարելի է նաև սահմանամերձ գյուղերի բնակիչներից լսել. «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն ես ոչ մեկի դեմ չմեղանչեցի»: Բայց բոլորիս է հասկանալի` առանց այն էլ ծերացող գյուղերում նման մտայնությունը կործանարար է: Ստացվում է, որ ադրբեջանցիներն աստիճանաբար իրենց ուզածին հասնում են` հայկական բնակավայրերը դատարկվում են:
Ի՞նչ են անում մեր հակառակորդները: Այո, մասշտաբային լայնածավալ պատերազմ չի ընթանում, բայց որ պատերազմական վիճակում ենք, փաստ է: Ու գուցե այս վիճակն ավելի վատ է, քանի որ հակառակորդն աստիճանաբար շահեկան վիճակում է հայտնվում, իսկ մենք դա կարծես չենք էլ նկատում: Ադրբեջանական մտայնությունը հետևյալն է. եթե ես չեմ ապրում այդ հողերում, ուրեմն դու էլ չես ապրի: Իսկ տրամաբանական շարունակությունը պարզ է` դու հեռացար այդ հողերից, ուրեմն դրանք իմը կլինեն: Հասկանալի է, որ սահմանը պահող զինվորին հոգեպես ամուր է պահում այն միտքը, որ իր թիկունքում մարդիկ, բնակիչներ կան: Իսկ գյուղերի դատարկվելու հետ նաև դեմքով դեպի թշնամին կանգնած զինվորի թիկունքն է թուլանում: Ադրբեջանն ինտենսիվորեն հայերին բարոյալքելու գործընթաց է տանում: Եվ առայժմ միայն հաջողություններ է արձանագրում: Իսկ պատմությունից գիտենք, որ բարոյալքված հանրությունը, բանակը պայքար մղել չի կարող (հիշենք, թե ինչպես Կարսի բերդը հանձնվեց առանց որևէ կրակոցի):
Ադրբեջանական վերջին դիվերսիան Քարվաճառում ևս վստահաբար հայերին բարոյալքելու, սարսափի մեջ պահելու քաղաքականության մի մասն էր: Դիվերսանտների ներթափանցումը և խաղաղ բնակիչների վրա հարձակումները ուղերձ էին հայությանը, որ անկախ այն բանից, թե որքան հեռու են ապրում սահմանից, միևնույն է, ոչ ոք ապահովության մեջ չէ, որ մեր սահմանները հուսալի չեն:
Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունն այս լուռ պատերազմում. գոնե բացահայտ` ոչ մի քայլ: Ծանրության ողջ բեռը դրված է բանակի ուսերին, բայց սա էլ մասշտաբային որոշման իրավունք չունի, որը կբարելավեր վիճակը:
Հետաքրքիր է, թե ինչի համար է Հայաստանի Հանրապետությանը պետք արտաքին գործերի նախարարություն. անիմաստ ու անարդյունք հանդիպումներ կազմակերպելու ու դեպի երրորդ աշխարհի երկրներ այցելություններ իրականացնելու համա՞ր: Դժվար թե:
Տրամաբանական կլիներ, որ մեր ԱԳՆ-ն երբեմն, չեմ ասում կոշտ, բայց գոնե ադրբեջանական քայլերի մասին հայտարարություններով հանդես գար, դատապարտեր, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեր ադրբեջանական ագրեսիայի վրա: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ամեն սուտ առիթով վայնասուն բարձրացնել, բոլորի ուշադրությունը հրավիրել իր կամակորությունների վրա, իսկ մենք անգամ կենսական հարցերում ծպտուն չենք հանում: Գուցե ավելի շահեկան կլիներ, եթե ԱԳՆ-ին հատկացվող անիմաստ գումարն ավելի իմաստալից ծախսվեր` ուղղվելով դեպի սահմանամերձ բնակավայրեր:
Զինվորականների հետ զրույցներում հաճախ է ասվում, թե մեր բանակը մի քանի ժամում կարող է Տավուշում մեր դիրքերն այնպես բարելավել, որ հակառակորդն այլևս չկարողանա մեր բնակավայրերը նշանառության տակ պահել:
Այսքանից հետո ինչո՞ւ մեր պետական համապատասխան այրերն այնքան համարձակություն չունեն, որ նման հրաման արձակեն: Մի՞թե չգիտեն, որ ուժն է ծնում իրավունք, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, իսկ քանի Հայաստանը «քաղաքակիրթ» ու համեստ կերպարի մեջ է, միայն և միայն կորցնելու ենք: Լավ է, որ գոնե 90-ականների սկզբին կային մարդիկ, որոնք հայության շահերը գերադասում էին այսպես կոչված միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ ձևանալուց: Բայց նման մարդիկ նույնքան անհրաժեշտ են և հիմա, երբ հայության և Հայաստանի շահերն ամեն վայրկյան ոտնահարվում են հանուն ինչ-որ կողմնակի կարծիքի, որը մեզ ոչինչ չի տալիս:

 

«Ոսկե ծիրանի» թերությունները կամ արհեստական խոչընդոտներ «ծիրանասերների» համար

11Արդեն 11-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում է հավաքում հայ և օտարերկրյա կինոսերներին, ոլորտի գործիչներին: Տարեցտարի նկատելի է, որ կինոփառատոնով հետաքրքրվող թե՛ մասնակիցների, հայտնի կինոգործիչների, թե՛ շարքային քաղաքացիների թիվն է ավելանում, կինոփառատոնը հետզհետե ավելի ու ավելի մարդաշատ է դառնում:

Այս հանգամանքը, իհարկե, ոգևորիչ է: Սակայն դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև կազմակերպչական խնդիրներ, որոնց լուծումը կինոփառատոնի ղեկավարությունը կարծես դեռ չունի:
Կինոփառատոնի մեկնարկից դեռ ամիսներ առաջ սկսվում է լրագրողների հավատարմագրումը: Կինոփառատոնից առաջ էլ լրագրողները ստանում են միջոցառումների ցանկը, որոնք բաց են լուսաբանման համար: Հրատարակվում է նաև կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը, որը կոչված է կողմնորոշելու շարքային քաղաքացուն:
Բայց արի ու տես, որ թե՛ լրագրողը, թե՛ շարքային քաղաքացին երբեմն տհաճ խնդրի առաջ են կանգնում ընդամենը կազմակերպչական թերացման հետևանքով: Պարզվում է, որ որոշ միջոցառումներ, ցուցադրություններ, չնայած ներառված են և՛ լրագրողների համար բաց միջոցառումների, և՛ ցուցադրությունների ցանկում, իրականում փակ են: Տհաճ է, երբ իր օրը պլանավորած ու կինոթատրոն հասած քաղաքացուն կամ խմբագրությունից միջոցառման վայր շնչակտուր հասած լրագրողին տեղեկացնում են, որ մուտքն արգելված է, քանի որ միջոցառումը նախատեսված է միայն բարձրաստիճան հրավիրյալների համար:
Մի՞թե այդ մասին ավելի վաղ հնարավոր չէ տեղեկացնել, պարտադի՞ր է, որ մարդ միջոցառման վայր հասնի, նոր տեղեկանա: Էլ ո՞րն է կազմակերպիչների բանուգործը, եթե ժամանակին ու պատշաճ կերպով այդ մասին չեն իրազեկում:
Ավելի ու ավելի արդիական դարձող հարց է, թե լրագրողի ինչին է պետք կինոփառատոնի համար նախապես հավատարմագրվելը` բազմաթիվ փաստաթղթեր լրացնելով և բեյջ ունենալը, եթե այն անպետք թղթի կտոր է: Ասուլիսները և նմանատիպ միջոցառումները լուսաբանելու համար լրագրողներին բեյջ պետք չէ, քանի որ ամեն ոք էլ կարող է սրահ մտնել: Այն պետք է ընդամենը կինոսրահ մուտք ունենալու և այնտեղ պլանավորված միջոցառումները լուսաբանելու ժամանակ: Բայց արի ու տես, որ այս դեպքում էլ բեյջն անզոր է. աշխատակիցները կա՛մ լրագրողներին ներս չեն թողնում, կա՛մ դժկամությամբ հայտարարում, որ վերջում ներս կթողնեն, եթե դահլիճում ազատ տեղեր մնան: Ստացվում է, որ կինոթատրոնի աշխատակիցը քեզ ողորմություն է անում` թույլ տալով աշխատանքդ կատարել:
Ընդ որում, մեկ անգամ չէ, որ կինոթատրոնի աշխատակիցները կշտամբանքով ու դժկամությամբ են լրագրողներին ներս թողել` պատճառաբանելով, թե ազատ տեղեր չկան: Բայց ներս մտնելիս տեսնում ես, որ դահլիճը կիսադատարկ է:
Այս պարագայում գուցե կինոփառատոնի ղեկավարությունը պետք է հստակեցնի իր քաղաքականությունը` նախապես և՛ լրագրողին, և՛ սովորական քաղաքացուն իրազեկելով, թե որ միջոցառմանը և ինչ պայմաններով կարող է մասնակցել:

Թևանիկ. Ֆիլմ պատերազմի մասին, որը խաղաղություն է քարոզում

DSCN2163«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացված ֆիլմերից մեկը Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն է: Ինչպես ֆիլմի ռեժիսորն է ասում, այն ֆիլմ է պատերազմկի մասին, որը խաղաղություն է քարոզում:

«Թևանիկը» եռապատում է, ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների  ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: Ֆիլմի առաջին`«Արամ, սոնետ» մասում ներկայացվում է Արամի ճակատագիրը, ում հայրը հայ է, մայրն ադրբեջանցի: Պատանին մեկ օրում, օդում կախված պատերազմի պատճառով, կորցնում է մորն ու կրտսեր եղբորը:

«Աստղիկ, էլեգիա» մասում արդեն ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը:  Մեկ օրում գեղեցկուհի Աստղիկը կորցնում է իր իդեալը, սերը և հարազատներին:

թևանիկ

Կադր «Թևանիկ» ֆիլմից

Երրոդ հատվածը, որ կոչվում է «Թևանիկ, ասք», նվիրված է 14-ամյա Թևանիկին, մի որբ տղայի, որը ակամայից դառնում է պատերազմական գործողությունների մասնակից: Սակայն վճռական պահին, երբ «Սպանիր  կամ սխանվիր» կարգախոսով պետք է առաջնորդվի, Թևանիկը տատանվում է`ինչպե՟ս կրակել թշնամուդ վրա, երբ նախ և առաջ տեսնում ես, որ նա մարդ է, ավելին, ջրվեժի տակ մերկ լողացող աղջիկ է: Եվ ահա այս վայրկյանական տատանումն է, որ վճռական է դառնում Թևանիկի կյանքում:

Ֆիլմի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ծնվել է Ստեփանակերտում: Պատերազմի ժամանակ ընդամենը 10 տարեկան երեխա է եղել:

թևանիկ2«Հայրս ու եղբայրս եղել են առաջին գծում, մայրս, քույրս ու ես նկուղում, մանկությունս ընթացել է գորշ գույների մեջ, նկուղային, մայրս  մոմի լույսի տակ  ինձ համար գիրք էր կարդում, որ չապրեմ այն, ինչ իրականում կատարվում էր: Ուստի ես ինձ իրավունք վերապահում եմ պատմելու Ղարաբաղի մասին»,- ասում է Ավետիսյանը: Մինչ այս նա հանդիսատեսին էր ներկայացրել «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որը ևս Արցախյան ազատամարտի մասին է:

«Անկախ»-ը ներկայացնում է հարցազրույց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

-Ջիվան, ֆիլմն արցախյան պատերազմի մասին է, բայց ո՟րն է առանցքային ասելիքը, ուղերձը հանդիսատեսին:

թևանիկ5-Ֆիլմի առանցքում մարդն է ընկած, շեշտը դրել ենք  մարդու ճակատագրի վրա, մարդ, որն ապրում է կյանքի, մահվան, սիրո, բաժանման եզրագծում,  մնացած իրադարձությունները և պատերազմը ծառայում են որպես ֆոն: Անկախ այն բանից, թե որքան հեռու ես առաջնագծից, միևնույնն է, կրում ես պատերազմի դաժան դրոշմը քո ճակատագրի վրա: Ֆիլմում արծարծված են նաև խնդիրներ, որոնք արդիական են նաև այսօր: Սա ֆիլմ է պատերազմի մասին, որը խաղաղություն է քարոզում:  Հիմնական ուղերձը խաղաղությունն է: Նաև այն, որ չպետք է լքել քո հայրենի բնակավայրը, սահմանները:

–Իսկ որքանո՟վ է հասկանալի ֆիլմը դիտողի, հանդիսատեսի համար:

-Փորձել եմ  ճշմարիտ պատմել պատմությունը, որպեսզի հանդիսատեսը հասկանա, թե ինչու ինձ պես հազարավոր մարդիկ ունեցել են գորշ մանկություն և մինչև  հիմա կրում ենք պատերազմի հետևանքը:  Մինչև հիմա, անկախ այն բանից, արթնանում եմ Փարիզում, թե Երևանում, ինչ սոցիալական դիրքում, միևնույն է, արթնանում եմ այն ամենով, ինչ զգացել և տեսել եմ: Մեծ հույս ունեմ, որ հանդիսատեսը կհասկանա, թե ինչ դժվար է եղել առաջին գծում, երբ դու գրեթե զինված չես, իսկ  հակառակորդդ և զինված է , և մեծաքանակ, իսկ դու միայն  մի բան գիտես, ինչպես ֆիլմի հերոսները, ելք չկա, նահանջի տեղ չկա:  Ամեն պատմություն վերցված է իրական դեպքից, այդ ամենը ես տեսել եմ ու փորձել վերարտադրել:

-Պատերազմի ժամանակ ինքներդ էլ երեխա եք եղել: Ձեր ապրածն ու զգացածը որքանո՟վ եք արտայատել ֆիլմում:

-Հոգի եմ դրել,  այդքանով արդեն իսկ արտահայտած է իմ ապրածը: Իմ հերոսները անկեղծ են, քանի որ հիմքում դրված է այն ամենը, ինչ ես ապրել եմ:

թևանիկ3-Իսկ ինչո՟ւ եք որոշել պատանիներին դարձնել ֆիլմի հերոսներ, նրանց միջոցով ասելիք փոխանցել:

-Որովհետև պատերազմում ամենախոցելի խավը պատանիներն են, կանայք: Տղամարդիկ էլ, ովքեր խրամատում են,  թիրախ են, բայց իրենք գիտակցում են իրենց ընտրությունը, իսկ երեխաները չեն գիտակցում:  Ի վերջո այդ հարցը միշտ տալիս ես, թե ինչու են կռվում այդ մարդիկ: Հետո երբ մեծանում ես, նոր հասկանում ես, թե զրկանքներդ ինչի համար են: Ես էլ փոքր ժամանակ չէի հասկանում:

-Շարունակելո՟ւ եք արցախյան ազատամարտի թեմայով ֆիլմեր նկարահանել: Ի՟նչ պլաններ կան առաջիկայի համար:

-Ինձ համար առաջին հերթին կարևոր է ազնիվ կինո նկարելը, երկրորդը`ուզում եմ, որ այդ ազնիվ կինոն պատմի Ղարաբաղի մասին: Պլանավորում ենք հաջորդ տարի, եթե պակասող ֆինանսավորումը հայթայթենք, սկսել «Վերջին բնակիչ» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի սցենարը գրվում է Ծովինար Խաչատրյանի «Վերջին բնակիչ» պատմվածքի հիման վրա: Այն պատմում է 88-89-ի Ղարաբաղյան իրադարձությունների մասին: Ֆիլմի կապը նախորդների հետ միայն թեման է`Ղարաբաղը, իսկ պատմությունները չեն կրկնվում:

-Իսկ Հայաստանից բացի որտե՟ղ եք պլանավորում ֆիլմը ցուցադրել:

-Բանակցում ենք մի քանի դիստրիբյուտորների հետ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից: Պատկերը  հետևյալն է, 100-ից 99-ը մերժում են ֆիլմը թեմայի պատճառով: Պատճառաբանում են, որ  եթե ֆիլմը վերցնեն դիստրիբյուցիայի, հաջորդ առավոտյան ադրբեջանցիներն իրենց  գրասենյակի ապակիները կջարդեն:

Փորձում եմ քայլ առ քայլ ֆիլմը հասցնել գագաթնակետին: Գիտեմ, որ դա նույն բանն է, որ մակույկով դուրս  գաս մեծ ալիքների դեմ: Բայց չի բացառվում, որ կարող ես հաղթել, պարզապես պետք է կամք և համբերություն: Արցախում էլ այդպես էր, ասում էին ադրբեջանցիները  շատ են, զինված են, տարածքով մեծ են, մենք շանս չունենք, բայց մենք հաղթեցինք:

 

Կիմ Կի-դուկը նմանություններ է տեսնում Հայաստանի և Հարավային Կորեայի միջև և խոստանում իր առաջիկա ֆիլմը ներկայացնել Հայաստանում

կիմ կի-դուկ«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հարավկորեացի աշխարհահռչակ ռեժիսոր Կիմ Կի-դուկը:

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «Պիետա» ֆիլմով կմեկնարկի ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Հայ հանդիսատեսին կներկայացվեն  նաև «Կղզին», «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և նորից գարուն»,  «Հասցեն անհայտ է» , «Դատարկ տունը» և «Առափնյա պարեկ» ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դեռ 2003-ից, երբ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում Կի-դուկը ստացավ FIPRECI մրցանակը, ցանկություն կար նրա ֆիլմերը նաև Հայաստանում ցուցադրել: Այս տարի նպատակը վերջապես իրագործվել է:

«Շատերը, որ քիչ բան գիտեն Կորեայի կյանքի, կենցաղի մասին, Կի-դուկի ֆիլմերով պատկերացում են կազմել այդ ամենի մասին: Հաճախ նրան մեղադրում են դաժանության մեջ, բայց այդ ամենի հետևում նրա փափուկ սիրտն է»,- ասաց Ստամբոլցյանը:

Կի-դուկը նշեց, որ մինչ Հայաստան գալը ոչինչ չի իմացել մեր երկրի մասին, համացանցով է որոշ բաներ կարդացել: Այստեղ գտնվելու երկու օրերի ընթցաքում արդեն հասցրել է օրական երեք ժամ զբոսնել Երևանում, տեսնել Կասկադի գեղեցկությունը և շուկայի շուրջ առկա աղքատությունը և ընդհանրություններ գտնել Հայաստանի և Հարավային Կորեայի միջև:

Կի-դուկը երախտագիտություն հայտնեց հայ հանդիսատեսին իր ֆիլմերը դիտելու համար և խոստացավ ֆիլմը, որը կնկարահանի առաջիկայում, ներկայացնել նաև Հայաստանում:

Կիմ Կի-դուկը ծնվել է 1960 թ., Հարավային Կորեայում: Դպրոց չի գնացել: Ինչպես ինքն է նշում, այն ժամանակ Կորեայում բնակչության 50 տոկոսը հնարավորություն ուներ դպրոց հաճախել, ինքն այդ հնարավորությունից զրկված մյուս կեսում է եղել: Փոքր հասակից ծանր աշխատանքով է գումար վաստակել: Սակայն դպրոց հաճախելու հնարավորություն չունենալու համար Կի-դուկը չի ափսոսում, ասում է, որ աշխատելով ավելի շատ բան է սովորել, քան կարող էր դպրոցում սովորել:

«Ես իմ ֆիլմերում ներկայացնում եմ իմ ապրածը, այն, ինչ կա կորեական իրականությունում: Դրա համար արժեր դպրոց չգնալ»,- ասում է կինոռեժիսորը:

1990-ին Կի-դուկը  վերջին կոպեկներով գնում է տոմս դեպի Փարիզ: Այստեղ 30 տարեկան հասակում նա առաջին անգամ ֆիլմ է դիտում`«Գառների լռությունը»: Ֆիլմը հիմնովին փոխում է հարավկորեացի երիտասարդի կյանքը: Նա 1990-92թթ. գեղարվեստ է ուսանել Փարիզում, 1993-ին «Նկարիչը» և «Մահվան դատապարտված հանցագործը» սցենարների համար արժանացել է Կինոդրամատուրգիայի  կրթական ինստիտուտի Լավագույն սցենարի մրցանակին:

«Երբ սկսեցի կինոռեժիսուրա սովորել, հասկացա, որ ամեն մեկն էլ կարող է ֆիլմ նկարել, զգացի կինոյի ազատությունը և այդ օրվանից սկսեցի սցենարներ գրել»,- ասում է նա:

Նա վերադառնում է Հարավային Կորեա և սկսում իր կարիերան սկսում որպես սցերանրիստ:  1995-ին Կորեայի կինոխորհրդի  կազմակերպած սցենարների մրցույթում նա շահել է  առաջին մրցանակը: Հաջորդ տարի սցենարների համար ևս երկու մրցանակ ստանալուց հետո Կիմը նկարահանել է իր առաջին «Կոկորդիլոս» ցածրբյուջետային ֆիլմը: Հարավկորեացի կինոնքննադատները ֆիլմին արձագանքել են սենսացիոն քննախոսականներով:

Ֆիլմարտադրության ոլորտում 19 տարիների ընթացքում Կիմ Կի-դուկը 20 ֆիլմեր է հեղինակել, որոնք միջազգային տարբեր կիոփառատոններում մրցանակների են արժանացել:

Կի-դուկն ասում է, իր ուսուցիչը եղել է իր կյանքը, նա է իրեն ամեն ինչ սովորեցրել: Նշում է, որ որ իր ֆիլմերում ինքը լավն ու վատը չի առանձնացնում, չէ որ կյանքում  դրանք երկուսն էլ կան, նաև ֆիլմերը երջանիկ ավարտ չունեն:

Ասում է, որ ստեղծագործական գործունեոթւյան 19 տարիների ընթացքում ներքուստ փոփոխվել է, երել է ժամանակ, երբ չի վստահել մարդկանց և հակառակը, պատահել է, որ չի սիրել մարդ կոչվածին: Այժմ նրա մոտ այնպիսի փուլ է, երբ հավատացած է, որ մարդը հույսով է ապրում:

Իր ֆիլմերում Կի-դուկը հնարավորինս քիչ է օգտագործում երկխոսություններ («Վատ տղա», «Կղզի», «Դատար տունը», «Մեբիուս»), քանի որ խոսքով մարդը կարող է ստել. «Առանց խոսքի մարդը ավելի շատ բան կարող է արտահայտել, քան խոսքերով»:  Նա արծարծում է կորեական ազգային խնդիրները`միաժամանակ դրանք դիտարկելով որպես ժամանակակից աշխարհի բաղկացուցիչ:  Նրա ֆիլմերի հերոսները հասարակության ցածր խավի մարդիկ են, որոնց մասին նախկինում ոչ ոք չի բարձրաձայնել:

Ինչպե՞ս լավ հանգստանալ և աշխատանքի վերադառնալ առանց սթրեսների. խորհուրդներ հոգեբանից

անուշ ալեքսանյանԱմառ է, արձակուրդների բուռն սեզոնը, երբ ամեն ոք կա՛մ արդեն արձակուրդում է, կա՛մ էլ ծրագրում է իր առաջիկա հանգիստը: Այս սեզոնին շատ է խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ հանգստանալ: Հանգստի մեկնողներս, որպես կանոն, գիտենք, որ արևի տակ ցերեկային ժամերին չպետք է մնալ, որ ծովափ մեկնելիս արևապաշտպան քսուքները, արևային ակնոցը պարտադիր են, որ պետք է խուսափել շուտ փչացող սննդամթերքից, ինչպես նաև անծանոթ մթերքներից: Այս ամենն ապահովում են ֆիզիկական առողջությունը: Իսկ ինչպե՞ս հանգստանալ, որ ֆիզիկականից բացի կարողանանաք պաշտպանել նաև հոգեկան առողջությունն ու արձակուրդից վերադառնալիս չլինենք շատ ավելի հոգնած ու ուժասպառ, քան արձակուրդի մեկնելուց առաջ էինք:

Այս թեմայով «Անկախը» զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

– Անուշ, ի՞նչո՞ւ են բոլորը ցանկանում ամռանը հանգստի գնալ, սա կարծրատի՞պ է:

– Չեմ կարծում, որ ձևավորված կարծրատիպ է, ավելի շատ եղանակային փոփոխությունների հետ է կապված, շոգ եղանակին մարդկանց աշխատունակությունն ընկնում է, և մարդիկ ձգտում են հանգստանալ: Նաև կապված է ծովափնյա սեզոնի հետ:

– Ինչպե՞ս պետք է հանգստանալ, որ հանգստից վերադառնալիս ավելի շատ հոգնած չլինենք:

– Հանգստի մասին թյուր պատկերացումներ կան, որոնք ևս խանգարում են, որ ճիշտ կազմակերպենք մեր հանգիստը: Օրինակ` շատերը կարծում են, որ ամառային հանգիստը պետք է պարտադիր ծովափին լինի կամ միայն ծովափնյա հանգիստն է հանգիստ: Իրականում այդպես չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն հետևի և հասկանա, թե ինչպես կկարողանա հանգստանալ: Մարդիկ կան, որոնք գեղարվեստական գրքեր կարդալով են հանգստանում: Այս պարագայում կարելի է արձակուրդն անցկացնել հանգիստ և անտառաշատ մի վայրում, որտեղ հնարավոր է ժամերով պառկել ծառի տակ ու կարդալ:
Այն մարդիկ, որոնք պասիվ աշխատանքային գրաֆիկով են ապրում, գուցե նախընտրեն ակտիվ հանգիստը, ոչ թե պասիվը:

Մարդու խառնվածքից էլ է կախված, թե ինչ հանգիստ կնախընտրի: Չկան ընդհանուր հանձնարարականներ կամ խորհուրդներ բոլորի համար, բայց կան անհատական առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հասկանալ և հաշվի առնել: Խորհուրդս այն է, որ չհետևեն հանգստի գովազդվող տեսակներին, չակնկալեն, որ հանգիստը յուրաքանչյուրի համար նույնը լինի:

Հանգիստ կարող է լինել գործունեության տեսակի, բնակության վայրի, տարածքի փոփոխությունը: Ցանկալի է, որ մարդաշատ, խոշոր քաղաքներում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն հանգիստ միջավայր, որտեղ աղմուկը քիչ է: Օրինակ` ցանկալի չէ, որ մեծ քաղաքում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն մարդաշատ և աղմկոտ հանգստի վայր, եթե անգամ դա ծովափ է: Նման պարագայում միջավայրը կարող է փոխվել, բայց ազդակները, որոնք արտաքին աշխարհից գալիս են, չփոխվեն, այսինքն` հանգստանալ պետք է նաև արտաքին ազդակները փոխելով:

– Իսկ ինչպե՞ս մարդ կարող է կողմնորոշվել, թե իրեն հանգստի որ տեսակն է հարկավոր:

– Փորձելով, հանգստի համար ընտրելով այնպիսի միջավայր, որը լրիվ տարբերվում է իրենից: Մարդ կարող է գնալ Լաս Վեգաս հանգստի, որտեղ լիքը էմոցիոնալ զբաղմունքներ կան, ատրակցիոններ, խաղեր, ժամանցի վայրեր, սա կարող է շատ ծանրաբեռնել մարդուն և հոգնեցուցիչ լինել, չնայած միջավայրի փոփոխություն է: Էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը ևս շատ հոգնեցնող է: Սեփական ոճը գտնելու համար մարդ պետք է փորձի վերլուծել և հասկանալ, թե ինչն է իրեն շատ հոգնեցնում: Մարդիկ հաճախ նախընտրում են ընտանիքի հետ հանգիստը, բայց երբեմն ընտանիքի հետ հանգիստը կարող է հանգստացնող չլինել, որովհետև մարդիկ իրենց ընտանիքից, ընտանեկան հարաբերություններից, նույն մարդկանց հետ անընդհատ լինելուց և շփվելուց ևս հոգնում են: Տարվա ընթացքում կարելի է մեկ շաբաթ տրամադրել մենակ հանգստին, ինչը, կարծում եմ, հայկական միջավայրում մի քիչ խորթ կարող է թվալ: Հայերս դժվարանում ենք հանգստանալ, ժամանց կազմակերպել և լիարժեք գոհանալ այդ հանգստով և հանգստյան տնից իսկապես հոգնած ենք գալիս:

– Շատ մարդիկ փորձում են տանն իրենց հանգիստը կազմակերպել, որտեղ չկա միջավայրի փոփոխություն: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հանգստանալ:

– Իսկապես, կան մարդիկ, որոնք հանգստանում են իրենց տանը, այսինքն` կարող են լիարժեք թուլանալ, հանգստանալ իրենց իսկ միջավայրում: Օրինակ` շատ մաքրասեր մարդիկ, որոնք կարևորում են հիգիենայի կանոնները, կարող են հյուրանոցում, որտեղ իրենք չեն ապահովում մաքրությունը, լրացուցիչ լարվածության և անհանգստության մեջ լինել: Նման մարդիկ ավելի լավ է` տանը հանգստանան, իրենք իրենց ժամանակ տրամադրեն: Կարող են ընտանիքի անդամներին ուղարկել հանգստի, իսկ իրենք մնալ տանը և հանգստանալ տան միջավայրում: Սա արդեն անհատական առանձնահատկություն է:

– Իսկ կա՞ հանգստի օպտիմալ ժամանակահատված, որի ընթացքում մարդը վստահաբար կկարողանա ազատվել կուտակված բացասական լիցքերից և դրական էներգիայով լեցուն աշխատանքի վերադառնալ:

– Չկա այդպիսի օպտիմալ ժամանակահատված: Դրանք ավելի շուտ աշխատանքի նկատմամբ հիգիենիկ պահանջներն են, որոնք սահմանվում են աշխատանքային օրենսգրքով: Տարբեր երկրներում տարբեր աշխատանքների համար սահմանվում է հանգստի տարբեր ժամանակահատված: Բայց առհասարակ մարդը ողջ հանգիստը չպիտի թողնի արձակուրդին, այլ աշխատանքային ժամանակահատվածում` ազատ և հանգստյան օրերին, երեկոները կարողանա լիարժեք օգտագործել և հանգստանալ: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանքային ժամանակահատվածում ապահովել իրենց փոքր հանգիստը, սովորաբար չեն կարողանում նաև արձակուրդի ժամանակ հանգստանալ:

Հանգիստը պետք է ոչ միայն արձակուրդի ժամանակ լինի, այլ ամբողջ տարվա ընթացքում: Սա անձնային որակ է, որը մարդ պետք է զարգացնի:

– Իսկ մարդն ինչպե՞ս պետք է զարգացնի այդ կարողությունը: Ընդհանրապես հանգստի մշակույթ ասվածն ինչպե՞ս պետք է ձևավորվի մարդու մեջ:

HOlidays– Այդ մշակույթը ձևավորվում է և՛ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, և՛ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքով ու հարգանքով: Երբ մեր աշխատանքը գերագնահատում ենք, իսկ մեզ թերագնահատում, կարող ենք չափից դուրս մեծ պահանջներ ունենալ մեզնից, սպառել մեր էներգիան մինչև վերջ և հանգստին ժամանակ չտրամադրել ո՛չ աշխատանքային օրվա, ո՛չ շաբաթվա և ո՛չ էլ արձակուրդի ժամանակ: Արձակուրդը և հանգիստը նաև մեր անձի նկատմամբ մեր վերաբերմունքն են: Եթե բավարար չափով հարգում ու սիրում ենք մեր անձը, անպայման ժամանակ կհատկացնենք հանգստի համար, իսկ եթե այդ պահանջմունքին ուշադրություն չենք դարձնում, նշանակում է` բավարար չափով ուշադիր չենք մեր նկատմամբ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք չեն կարող ամուսնուն, երեխաներին թողնել ու գոնե մի քանի օր տրամադրել մենակ հանգստին:

– Մեր մշակույթում ընդունված չէ օգնել մայրերին երեխաների խնամքի հարցում: Սովորաբար, եթե ծնողների հետ են ապրում, նրանք օգնում են կենցաղային հարցերում: Մայրը, իհարկե, պետք է զբաղվի երեխաների խնամքով, բայց այդ հարցում էլ օգնության կարիք ունի: Օրինակ` մայրն ինչ-որ ժամանակ կարիք է ունենում իր երեխաներից հանգստանալու: Չեմ ասում բոլորը, չեմ ասում ռեժիմի նման պետք է լինի, բայց ինչ-որ պահի, եթե մայրը կարիք կունենա հանգստանալու, պիտի լինեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ ընթացքում:

Օրինակ` մի օր տատիկն ու պապիկը կամ հայրիկը կարող են զբաղվել երեխայի խնամքով: Եթե դա սովորություն լինի, օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր հայրը զբաղվի երեխաներով, որպեսզի մայրն իրեն կարողանա ժամանակ հատկացնել, այդ դեպքում գուցե մայրն այդ չափով չհոգնի երեխաների խնամքից: Իսկ հանգստի ժամանակ կարելի է պայմանավորվել հայրիկի հետ, որ մասամբ կամ որևէ կոնկրետ ժամանակահատված նա զբաղվի երեխաների խնամքով: Հանգստի ժամանակ մի փոքր էլ հայրը պետք է իր երեխաներով զբաղվի: Այնպես է ստացվում, որ հաճախ արձակուրդի ժամանակ էլ հայրերը չեն ուզում իրենց երեխաներով զբաղվել: Իրականում նրանց հանգիստն էլ մի քիչ այդպես պետք է կազմակերպվի, որ երեխայի հետ խաղալով, վազվզելով հանգստանան: Դա էլ արդեն մշակույթի խնդիր է: Եթե հայրն ուզում է հանգստանալ երեկոները, շաբաթ և կիրակի, արձակուրդի ժամանակ, այդ դեպքում մայրը ե՞րբ պետք է հանգստանա: Սա էլ արդեն գենդերային անհավասարության խնդիր է:

– Հանգստից հետո, երբ աշխատանքի ենք վերադառնում, առաջին օրերն ամենաբարդն են: Ինչպե՞ս մեղմել այս վիճակը, ի՞նչ անել, որ հանգստից հետո աշխատանքին վերադառնալն ավելի հեշտ լինի:

– Նախ` դա որոշ չափով բնական երևույթ է, որովհետև ցանկացած փոփոխություն մեզ համար սթրեսային է: Որպեսզի այս անցումը հեշտ լինի, ցանկալի է արձակուրդի վերջին օրերը դարձնել աշխատանքին վերադառնալու նախապատրաստական շրջան: Օրինակ` կարելի է գնալ գնումների, որոնք պետք են աշխատանքի գնալու համար, դա կարող է լինել նոր հագուստ, աշխատանքային օրագիր, այլ իրեր, որոնցով կնախապատրաստվենք աշխատանքին, կարելի է առաջիկա աշխատանքային շաբաթը պլանավորել, զանգել գործընկերներին: Եթե մինչև արձակուրդի վերջին օրն ուզում ենք մեզ տրամադրել հանգստին, լրիվ աշխատանքից կտրվելուն, ապա աշխատանքի գնալու առաջին օրը շատ հոգնեցնող կարող է լինել:

 

Մի ծաղկով գարուն. Անհատը փորձում է տուրիստական կենտրոն դարձնել Հայաստանի չբացահայտված գանձը

Տիգրան 2Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհով ամեն օր էլ զբոսաշրջիկների ավտոբուսներ անցնում են, հազվադեպ որոշ մեքենաներ կանգ են առնում Սելիմի քարավանատան մոտ, որտեղ զբոսավարը ներկայացնում է մոտակայքում գտնվող մի քանի հուշարձաններ, ու ճանապարհը շարունակում են: Մարտունու չբացահայտված գանձերը զբոսաշրջիկներին ներկայացնելու փորձեր է անում Տիգրան Բաղիշջանյանը: Պատմում է, որ 6 տարեկան հասակից ամռանը սար է գնացել` տատիկին օգնելու: Այստեղից էլ սերն ու կապվածությունը բնության հանդեպ:
Տարիներ առաջ Բաղիշջանյանը տուրիստական մի խմբի է ուղեկցել` դժվար երթուղին դյուրացնելով: Այդ օրվանից արդեն տասը տարի է` Մարտունի այցելած զբոսաշրջիկների հույսը Տիգրան Բաղիշջանյանն է, որ մանրամասն ներկայացնում է ոչ միայն ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձանների պատմությունը, այլև պատմում ճանապարհին հանդիպող ամեն կենդանու, քար ու թփի մասին:
«Սարերն ու ձիերն ինձ համար ազատության ու անկախության խորհրդանիշ են: Ու ես որոշեցի անել այն, ինչ ոչ ոք չէր արել Մարտունիում. որոշեցի տուրիզմը զարգացնել»,- պատմում է նա:
Բաղիշջանյանը տուրիստական խմբերի համար իրականացնում է հեծյալ տուրեր, ինչպես նաև քայլարշավներ Արգիճիի սարահարթում, դեպի Արմաղան լեռան գագաթը, ինչպես նաև Սև քարի աստղադիտարան, Սարի սուրբ և Սուրբ Վարդան սրբատեղիներ: Եվ ոչ միայն:
Արգիճիի սարահարթը Հայաստանի տարածքում ամենաբարձրադիրներից է, գտնվում է Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաների անցման վայրում, դեռ ամբողջությամբ չի ուրբանիզացվել, ուստի բնության տեսարաններն այստեղ անկրկնելի են:
Բաղիշջանյանը պատմում է, որ մինչև հուլիսի վերջը Արգիճիի սարահարթը կանաչ դրախտ է հիշեցնում, իսկ խոտհունձից հետո այստեղ թռչնադիտումներ կարելի է կազմակերպել. բազեներն ու արծիվներն ակտիվորեն որսում են խոտհունձից հետո հեշտ որսվող մկներին:
Տուրիստների համար հաջորդ սիրելի վայրը Սև քարի աստղադիտարանն է: «Մեծ սալաքարի վրա պատկերված է արեգակնային համակարգը: Հնում քարերը որոշակի դասավորվածություն են ունեցել, այժմ դրանք տեղափոխել են, խառնել: Բայց հնագետների համար հսկայական գիտական աշխատանք կա այստեղ: Քարերը սկսել են քայքայվել: Վերջին այցելության ժամանակ նկատեցի, որ քարտեզով սալաքարը ճաք է տվել: Եթե լուրջ գիտական ուսումնասիրություններ չկատարվեն այս վայրում, մեր հինգհազարամյա պատմության մի կարևոր էջ կկորցնենք»,- ասում է նա:
Դժվարհասանելի, բայց անկրկնելի վայր է Սարի սուրբ կոչված սրբատեղին: Սա Հայաստանի ամենաբարձրադիր սրբավայրն է, գտնվում է Աստղոնք լեռան գագաթին` 3470 մ բարձրության վրա: Բաղիշջանյանը պատմում է, որ ամեն օր ժամը 15-ից հետո սրբավայրի այցելուները հայտնվում են ամպերից վեր` Զևսի կարգավիճակում: «Դա աննկարագրելի տեսարան և զգացողություն է»,- ասում է նա:
Սև քարի աստղադիտարանԶբոսաշրջիկների սիրելի վայրերից է նաև Արմաղանը` 2829 մ բարձրություն ունեցող լեռը, որի գագաթին կա խառնարանային լիճ, իսկ կողքին էլ` հին մատուռ, որի տեղում 2009-ին նոր եկեղեցի կառուցվեց:
Դիտարժան վայրեր են նաև Ներքին Գետաշենում գտնվող Կոթավանքի վանական համալիրը, որը կառուցվել է IX դարում, Վանեվան վանքը` կառուցված X դարում հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու և նրա քույր Մարիամի կողմից, Ծակքարի բնական կամուրջը, Ձորագյուղի և Ներքին Գետաշենի խաչքարերը, երեք ջրվեժները, որոնք գտնվում են Մարտունի գետի ակունքում ու սկիզբ տալիս գետին, Թեյշեբա աստծուն նվիրված բերդի ավերակները, որ կառուցել է Ռուսա Առաջին արքան, սեպագիր արձանագրությունը և այլն:
Բաղիշջանյանն ասում է, որ Մարտունիում տուրիզմի զարգացմանը խանգարող մի շարք գործոններ կան: Հիմնականը ենթակառուցվածքների բացակայությունն է. չկան ճանապարհներ, հանրային զուգարաններ, հյուրանոցներ ու հյուրատներ:
«Այսօրվա և 10 տարի առաջվա տուրիստը տարբեր են, այժմ ուզում են ջերմ կոնտակտ ունենալ, տեսնել բնակչի կենցաղը, իսկ այդ կուլտուրան դեռ նոր-նոր դուռն է թակում, կենցաղ էլ չի մտել»:
Մյուս խոչընդոտող հանգամանքը անգլերենի ոչ բավարար իմացությունն է բնակչության շրջանում: Ասում է` պատահել է, որ ավտոստոպով շարժվող զբոսաշրջիկը ժամերով հարցրել է, թե ինչպես կարող է Վարդենիս հասնել:
Իսկ հիմնական խոչընդոտը, ըստ Բաղիշջանյանի, աղտոտվածությունն է: Ասում է` սարսափով է լսում, որ այս կամ այն հուշարձանի հարևանությամբ «բիսետկա» են սարքել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց հանգիստը «քաղաքակիրթ» պայմաններում վայելել: Որպես կանոն, դա նշանակում է, որ այդ վայրը դրանով վերածվում է աղբանոցի:
«Ամեն անգամ Արմաղան խմբեր տանելիս ողջ ճամփին սարսափով մտածում եմ` Աստված ջան, տեսնես վերջին օրերին Արմաղանի գագաթին հանգստացողներ եղել են, թե ոչ»,- ասում է ՏիգրանԲաղիշջանյանը և նշում, որ հանգստացողներն իրենց տարած ողջ աղբը թողնում են բնության գրկում: Այս դեպքում հաջորդ այցելուներն ականատես են լինում աղբանոցի վերածված խառնարանի` պատված քամուց ցաքուցրիվ պոլիէթիլենային տոպրակներով ու մեկանգամյա օգտագործման սպասքով:
Ասում է, որ հարևան համայնքի համայնքապետարանը պարբերաբար տարածքը մաքրում է աղբից, բայց դա էլ չի օգնում, երբ մեկը մաքրում է, իսկ հազարավորները` կեղտոտում:
«Մեր ժողովրդի սիրած առաջին կենացն է` բնությունից անպակաս լինենք, բայց իրենց հետևից թողնում են բնությանն անպիտան իրերի կույտ` աղբ, ու վերադառնում են բնությունից անպակաս լինելու և հաջորդ անգամ նորից այնտեղ գնալու ցանկությամբ»,- ասում է նա:
Բաղիշջանյանի խոսքով` Հայաստանն արկածային տուրիզմի մեծ հնարավորություններ ունի, սակայն աշխարհին այս առումով քիչ է հայտնի, քանի որ չի գովազդվում. «Հայաստան գալիս են հիմնականում տարեցները, որոնք քայլելու քիչ հնարավորություն ունեն, նրանց համար ձի նստելը կամ երկար քայլելը դժվար է: Այստեղից էլ մեր տարածաշրջանի չբացահայտված լինելու պատճառը»:
Իսկ ով էլ դեպքերի բերումով տեղանքում է լինում, առաջին արձագանքը հետևյալն է. «Դուք դրախտում եք ապրում»:
Իր փորձն ամփոփելով` Բաղիշջանյանն ասում է, որ օտարերկրացիներին հատկապես շատ է հետաքրքրում, թե սարերում ինչպես է ապրում հնագույն քաղաքակրթության ներկայացուցյիչ հայ մարդը, ինչպես է մեղր քամում, անասուն պահում, կթում, կաթ զտում, հող մշակում: Ասում է, որ մի քանի տուրիստական ընկերությունների առաջարկել է այս ուղղությամբ աշխատել, բայց ապարդյուն:
Իսկ Մարտունի հիմնականում գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից և Հոլանդիայից, նաև Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: Այս տարի Մարտունիով սկսել են հետաքրքրվել նաև ռուսները:
Բաղիշջանյանն ասում է, որ հատկապես հեծյալ տուրերի մասնակիցների աչքերում վերադառնալու ցանկություն է տեսնում: Ու տարիների ընթացքում պատահել է, որ զբոսաշրջիկները երկրորդ անգամ են Մարտունի եկել: Կրկնայցելուների պնդմամբ` Հայաստանում փոքր տարածքի վրա կտրուկ փոփոխություններն այնքան շատ են, այնքան տեսնելու բան կա, որ անընդհատ ուզում ես նորից վերադառնալ: Բայց Հայաստան գալու ցանկությունը սկսում է աստիճանաբար նվազել, երբ տուրփաթեթի արժեքն են լսում:
Հարցին, թե տարածաշրջանի հուշարձաններից հատկապես որն է հավանում, Բաղիշջանյանը պատասխանում է, որ Մարտունու տարածաշրջանը սիրում է իր ամբողջության մեջ` ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձաններով, բնությամբ ու ռելիեֆով. «Սա մեր հոգու քարացած ճիչն է: Մեր բնությունն է մեզ կերտել այնպիսին, ինչպիսին կանք»:
Նա հուսով է, որ իր ջանքերը մի օր արդյունք կունենան, և Մարտունին կդառնա տուրիստական կենտրոն, կգան ոչ միայն օտարերկրացիներ, այլև Հայաստանի բնակիչներ, չէ՞ որ հայրենասիրությունը հենց հայրենաճանաչությունից է սկսվում:

Ռուսական միգրացիոն քաղաքականությունը` երկսայրի սուր

միգրացիաՌուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Պարբերաբար ռուսական, նաև հայկական ԶԼՄ-ներով լուրեր են շրջանառվում այն մասին, որ աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան դժվարացվում է: Թվում է` ռուսական նոր միգրացիոն օրենքներն աշխատանքային միգրանտների համար անհաղթահարելի պատնեշներ են կանգնեցնում: Սակայն մեդալն ունի նաև հակառակ երես. միգրանտների համար մուտքը դժվարացնում են, սակայն այլ օրենսդրական փոփոխություններով ու ծրագրերով (օրինակ` «Հայրենակիցներ» ծրագիրը) երկիր մտնելու արգելքին դեմ առածների միջից զտում ու արդեն որպես քաղաքացի հավաքագրում են իրենց պետքականներին:
Այսպես, այս տարվա սկզբին ուժի մեջ մտան «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ` օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են ամեն 180 օրվա ընթացքում ընդամենը 90 օր գտնվել: Մեկ այլ օրենքով էլ վարչական և այլ իրավախախտում թույլ տված քաղաքացիներին 3-5 տարով արգելում են Ռուսաստան մուտք գործել:
Այս ֆոնին տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների «բանը բուրդ է», և առնվազն 60-80 հազար հայ ընտանիքներ զրկվեցին իրենց օրվա ապրուստից: Խնդիրն անհանգստություն առաջացրեց նաև պետական մակարդակով, և պաշտոնյաները գործի անցան:

Բայց այս խստացումներին զուգահեռ` ՌԴ-ում այլ օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Այսպես, նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության տարածքների բնակիչները, որոնք տիրապետում են ռուսերենին, կարող են 3 ամսվա ընթացքում հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել: Դա, սակայն, հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հրաժարվեն «օտար» պետության քաղաքացիությունից: Մեկ այլ օրենքով էլ խոշոր տուգանքներ սահմանվեցին այն անձանց համար, որոնք կթաքցնեն երկքաղաքացիությունը:

Հասկանալի է, որ այս պարագայում օրվա հացի խնդիր ունեցող բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք նախկինում արտագնա աշխատանքով էին ապրուստ վաստակում, կնախընտրեն ռուսական քաղաքացիությունը: Շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանից առանց այդ էլ մեծ ծավալի արտագաղթն ավելի կուժգնանա: Սակայն Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Yerkir.am-ին ասել է, որ «միգրացիոն գործընթացների վրա ի հայտ եկած նոր գործոնի ազդեցության որոշման համար օգտագործվում է առնվազն մեկ տարի ժամանակաշրջան»: Այսինքն` պետական մակարդակով, գոնե արտաքուստ, դեռ չեն անհանգստանում արտագաղթի հնարավոր աճից:

Հայ միգրանտների համար իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեցին նաև մեր պաշտոնյաները: Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ ռուսական կողմը հայ միգրանտների համար որոշակի արտոնություններ սահմանեց, որոնք կմեղմեն արգելքները և հայերին Ռուսաստանում նախկինի պես աշխատելու որոշակի հնարավորություններ կտան:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նախորդ ամիս հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` վարչական իրավախախտումներ թույլ տված հայ միգրանտների հանդեպ ՌԴ-ում այլևս պատժամիջոցներ չեն կիրառվի. «Պատժամիջոցները վերաբերել են 800 հազար մարդու, որոնցից 30 հազարը հայ են, և 70 հազար հայեր ռիսկի գոտում են գտնվում: Բայց ռուսական կողմը վստահեցրել է, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում այլևս հայ ազգի որևէ ներկայացուցչի հանդեպ նման պատժամիջոցներ չեն կիրառվելու, հայերի հանդեպ կկիրառվի ամնիստիոն վերաբերմունք»:

Ըստ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց գրանցման ՌԴ-ում գտնվել 30 օր: Դրանից երկար մնալու դեպքում հաշվառումն արդեն պարտադիր է: Արտոնյալ պայմանները գործում են նաև Հայաստան եկող ՌԴ քաղաքացիների համար: Նախատեսվում է նաև, որ ՀՀ քաղաքացիները, առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի կկարողանան աշխատել ՌԴ տարածքում: Նախատեսվում է, որ այս դրույթներն ուժի մեջ կմտնեն 2015-ի հունվարի մեկից: Սակայն երկու երկրների միջև համաձայնագիրը դա ավելի շուտ կիրառելու հնարավորություն է տալիս:

Իհարկե, նման պայմանավորվածությունները հարցի ժամանակավոր լուծում են: Որևէ մեկը վստահաբար չի կարող ասել, որ վաղը ՌԴ-ում օրենքի նոր փոփոխություն չի լինի, որն էլի կստիպի հայերին հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից կամ էլ գայթակղվել առաջարկված գրավիչ պայմաններից ու համալրել Սիբիրի բնակիչների շարքերը` լքելով Հայաստանը: Այս վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված կլինի մեր գլխին, քանի դեռ չունենք բավարար քանակությամբ աշխատատեղեր, ունենք գործազրկության բարձր մակարդակ և տրանսֆերտների հաշվին գոյատևող հազարավոր ընտանիքներ:

 

Մարտունիում առաջնորդվում են փողն է ծնում իրավունք կարգախոսով

hatakagicՄարտունիում ազգաբնակչություն-փող հակամարտությունում կարծես թե հաղթող է դուրս գալիս երկրորդը:

Չնայած 250 բնակիչ դիմում-բողոքներ է հղել Մարտունու քաղաքապետին, Գեղարքունիքի մարզպետին, Տարածքային կառավարման նախարարին և Հանրային խորհրդի նախագահին, հարցը դեռ լուծված չէ: Առաջին երեք դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե տվյալ տարածքով որևէ փաստաթղթով ճանապարհ նախատեսված չէ: Իսկ հակառակն ապացուցող փաստաթղթերի մասին թե՛ քաղաքապետարանի, թե՛ մարզպետարանի ներկայացուցիչները միաձայն նշում են` մենք նման փաստաթղթից տեղյակ չենք, նման բան չկա:
Այժմ բնակիչները սպասում են Հանրային խորհրդի արձագանքին: ՀԽ նախագահը մարտունեցիների խնդիրը ներկայացնող նամակ է ուղարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետի աշխատակազմից, սակայն, նամակին դեռևս չեն պատասխանել:
Մարտունու բնակիչները խոստացել էին, որ խնդրին դրական լուծում չտալու դեպքում կփակեն Երևան-Մարտունի մայրուղին` իրենց խնդիրը բարձրաձայնելու համար: Սակայն այս ընթացքում ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլև ակտիվիստներին առանձին-առանձին ՆԳՆ են հրավիրել, հետները «զրույց ունեցել» և անգամ հեռախոսահամար տվել, որ ճանապարհը փակելու դեպքում իրենց նախապես տեղեկացնեն, որպեսզի «կոորդինացնեն» աշխատանքները: Արդյունքում ամեն մեկը վախեցած իր գործին է անցել`պատճառաբանելով, թե «իբր երբ են ազատ ժամանակ ունենում, որ մի հատ էլ Սևանա լիճ գնան»: Մի քանի ակտիվիստներ են, որ դեռ շարունակում են պայքարը, այն էլ հարց է, թե դեռ ինչքան միայնակ կպայքարեն:
Դեռ մայիսին «Անկախը» գրել էր, որ Մարտունուց դեպի Սևան ազգային պարկ տանող ճանապարհը փակվել է բնակիչների համար: Քաղաքի և Սևան ազգային պարկի միջև ընկած է արտադրական տարածք, որը հիմա նոր սեփականատեր ունի: Նա արտադրական տարածքով անցնող ճանապարհն է փակել, իսկ արդեն հաջորդող գոտում էլ հողը գնած սեփականատերն է ճանապարհը փակել` մեծ ջրանցք փորելով: Սկզբում երկու սեփականատերերն էլ բնակիչներին կտրուկ մերժում էին: Աղմուկ բարձրանալուց հետո ամեն սեփականատեր բնակիչներին մյուսի մոտ է ուղղորդում: Բնակիչների պնդմամբ` արտադրական տարածքի սեփականատեր Արմեն Ղուկասյանը բազմիցս բանավոր ասել է, որ ինքը թույլ կտա` իր տարածքով բնակիչներն անցնեն, եթե կարողանան երկրորդ սեփականատիրոջ հետ լեզու գտնել և ջրանցքի վրայով ճանապարհ բացել: Քաղաքապետարանից էլ պնդում են, որ երկրորդ սեփականատերը` Հրաչիկ Կարապետյանը, բնակիչներին ճանապարհ կտա, եթե առաջինը թողնի իր տարածքով անցնել: Իրականում ոչ մեկն էլ մտադիր չէ ճանապարհ բացել, պարզապես բնակիչների աչքում իրավիճակի մեղավոր ուզում են մյուսին ցույց տալ:
«Անկախը» կապ հաստատեց Արմեն Ղուկասյանի հետ, որը հերքեց, թե երբևէ բնակիչներին խոստացել է ճանապարհ տալ իր տարածքով: «Որտեղով որ իրենք ցանկանում են ճանապարհ անցկացնել, իմ սեփական հողն է: Կարծում եմ` իմ հողի միջով ճանապարհ թողնելը տրամաբանական չէ»,- ասաց նա:
կանալՄեր նկատառմանը, թե ըստ փաստաթղթերի` այդ հատվածով ճանապարհ է անցնում, Ղուկասյանը նշեց, որ ինքն էլ է օրենքից հասկանում ու առքուվաճառքի ժամանակ գլխավոր հատակագծով նայել է և համոզվել, որ տվյալ տարածքով ճանապարհ չի անցնում:
Այս պարագայում խոսքը 2005-ին կազմված գլխավոր հատակագծի մասին է, որտեղ իսկապես ճանապարհ չկա այդ հատվածում ու չէր էլ կարող լինել, քանի որ հենց համայնքապետարանն է վաճառել այդ հողերի մի մասը: Սակայն «Անկախը» ՀՀ ազգային արխիվից վերցրել է 1981-ի Մարտունու շրջկենտրոնի գլխավոր հատակագիծը, որտեղ ոչ միայն ներկայիս վիճելի տարածքով է ճանապարհ անցնում, այլև այլ ճանապարհներ էլ կան, որոնք հիմա փակվել են տարածքների սեփականատերերի ձեռքով:
Բնակիչների` տարածքային կառավարման նախարարություն ուղարկված նամակը հասցեագրվել է Գեղարքունիքի մարզպետարանին և նաև իրենց ուղարկված նույն նամակի հետ քննարկվել Մարտունու քաղաքապետարանի հետ:
Արդյունքում, մարզպետարանից բնակիչներին հետևյալ պատասխանն են տվել. «Ուսումնասիրությունից պարզվել է, որ ինչպես Մարտունի քաղաքատիպ ավանի 1982 թ., այնպես էլ Մարտունի քաղաքի 2005 թ. գլխավոր հատակագծերում Մարտունու նախկին արտադրական բազայի տարածքով դեպի «Սևան» ազգային պարկի տարածք ճանապարհ նախատեսված չի եղել, քանի որ արտադրական բազան մեկ ամբողջություն է»:
«Անկախը» կապ հաստատեց մարզպետարանի ներկայացուցիչների հետ պարզելու` ծանոթ են արդյոք արխիվում առկա փաստաթղթին և ինչու են վերոնշյալ պատասխանը տվել արխիվում առկա նման փաստաթղթի առկայության պարագայում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ իրականում այս հարցում մարզպետարանը որևէ իրավասություն չունի. մարդն ունի սեփականության վկայական, որը կարող է չեղյալ համարվել միայն դատարանի կողմից: «Մեր մասնագետները գնացել և ուսումնասիրել են. կադաստրի վկայականից դուրս ոչինչ արված չէ, խախտումներ չկան»,- ասում է Խլղաթյանը` հավելելով, որ ամեն դեպքում մարդկայնորեն ճիշտ կլիներ բնակիչներին ճանապարհից չզրկելը:
Իսկ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ տվյալ տարածքով մինչև արտադրական գոտու կառուցումը ճանապարհ եղել է, իսկ կառուցումից հետո էլ մարդիկ տասնամյակներ շարունակ սովորության ուժով անցել-դարձել են այդ ճանապարհով: «Հիմնարկի միջով ճանապարհ չի կարող լինել, ուղղակի հին ճանապարհն է մնացել, մարդկանց թողել են անցուդարձ անել»,- ասում է նա:
Հովհաննիսյանն ասում է, որ ինքը 1982 թ. գլխավոր հատակագծի հեղինակներից մեկն է, և առնվազն այդ ժամանակից սկսած` հատակագծում վիճելի տարածքով ճանապարհ չի անցնում: Խոսելով արխիվից վերցրած փաստաթղթի մասին` ասում է, որ նման բան չի կարող լինել:
Իսկ Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանն «Անկախի» հետ զրույցում ասաց, որ խնդրում առաջընթաց չկա: Նրա խոսքով` բնակիչների մուտքն ազգային պարկ որևէ մեկը չի փակել, նրանք կարող են մեքենաների համար թողնված ճանապարհով ազգային պարկ մտնել և լիճ հասնել (նշենք, որ մեքենայի համար նախատեսված երկու ճանապարհներն էլ բավականին հեռու են Մարտունու 5-րդ և 6-րդ թաղամասերից, և բնակիչները սովորականից բազմակի երկար ճանապարհ պետք է անցնեն լիճ հասնելու համար):
Կարապետյանի խոսքով` քաղաքապետարանը, չխախտելով մարդկանց սեփականության իրավունքը, փորձում է արտադրական տարածքի հետևով ոտքի ճանապարհ` նեղ արահետ բացել, որտեղով մարդիկ կկարողանան ազգային պարկ մտնել և Սևանա լիճ հասնել: Ժամկետ նշելու բազմաթիվ պնդումներից հետո Կարապետյանն ասաց, որ մեկ ամսից ճանապարհը բաց կլինի: Իսկ թե որքանով է ասվածը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա ընդամենը 30 օրից:

Բարձր գնահատականները նվազել են, իսկ բուհերում անցողիկ շեմը…

քննություն2Միասնական քննությունների առաջին փուլն ամփոփված է, հրապարակվել են թե՛ բոլոր առարկաների գնահատականները, թե՛ բողոքարկումների արդյունքները: Կարելի է ասել, որ այս տարվա քննությունները ոչնչով չառանձնացան. դժգոհություններ չեղան թեստերից կամ քննություններից: Քննություն հանձնած 12 հազար դիմորդներից արդյունքները բողոքարկել են 446-ը (3,7 տոկոսը), բողոքարկման հանձնաժողովը բարձրացրել է 65 դիմորդի գնահատական:

Սակայն գնահատականների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարվա քննությունները հիմնականում միտում են ունեցել հնարավորինս նվազեցնելու բարձր գնահատականները և դիմորդների հիմնական մասին կենտրոնացնելու միջին գնահատականների տիրույթում: Այսպես, այս տարի բոլոր 10 առարկաներից միասին արձանագրվել է 585 ամենաբարձր` 20 միավոր, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 896 էր` 311-ով ավելի:

Ամենամարդաշատ քննության` հայոց լեզվի և գրականության միջին գնահատականն այս տարի 13,24 է` նախորդ տարվանից 0,1 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 9,5 տոկոսը, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 0,5 տոկոսով բարձր է: Դիմորդների գերակշիռ մասը` 40,79 տոկոսը, վաստակել են նվազագույն դրական միավորներ` մինչև 13,25: Հայոց լեզու և գրականությունից այս տարի աճել է նաև 20 միավոր ստացողների թիվը` 124 նախորդ տարվա 80-ի փոխարեն: Ի դեպ, սա սակավաթիվ առարկաներից է, երբ բարձր գնահատականների աճ է նկատվել:

Չնայած ցուցանիշներին` հայոց լեզվի և գրականության թեստերից որոշ դժգոհություններ կան: Երևանի Մովսես Խորենացու անվան դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանն ասում է, որ շտեմարաններն անհրաժեշտ են, բայց ոչ հարցերի ներկայիս կառուցվածքով: Նրա կարծիքով` ներկայիս թեստերի պարագայում խելքը մղվում է երկրորդ պլան և առավել կարևորվում է մեխանիկական հիշողությունը: Ասում է, որ հատկապես պետք է փոխվեն կարճ պատասխան ենթադրող հարցերը և պնդումների փունջը:

«Երեխան բանաստեղծությունը կարող է շատ լավ անգիր իմանալ, բայց երբ պետք է ընդամենը թվերի հերթականություն շարի, կարող է վրիպել կամ հուզմունքից մի թիվ սխալ նշել: Դա չի նշանակում, որ նա տվյալ բանաստեղծությունը չգիտի, բայց միավոր այլևս չի ստանա»,- ասում է նա: Խոսելով պնդումների փունջ կոչվող առաջադրանքների մասին` Սարգսյանն ասում է, որ հարցերն ապակողմնորոշող են, ուստի երեխան ձգտում է պատասխաններն անգիր անել սխալներից խուսափելու համար, ոչ թե հասկանալով սովորել:

Դիմորդների երկրորդ քննությունը մաթեմատիկան է: Այս առակայի միջին գնահատականը 11,95 է` նախորդ տարվանից 0,02 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 11,55 տոկոսը (անցած տարի` 17 տոկոսը): 32-ով նվազել է նաև մաթեմատիկայից 20 միավոր ստացողների թիվը` 69 դիմորդ:

քննություն1Նախկինում մաթեմատիկայից հիմնական դժգոհությունն այն էր, որ ժամանակը չի բավարարում, մեկ խնդիրը լուծելու համար դիմորդին տրված է ընդամենը 2-2,5 րոպե: Դժգոհություն կա նաև այսօր: Մաթեմատիկայի կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ սահմանված 3 ժամում անգամ լավ պարապած դիմորդները դժվարությամբ են հասցնում ողջ թեստը լուծել, ուստի ցանկալի է քննությանը հատկացված ժամանակահատվածը 30 րոպեով երկարացնել:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաբարձր գնահատականներն արձանագրվել են օտար լեզուներից: Այս տարի 20 միավոր է ստացել 231 դիմորդ` 201-ը անգլերենից, 17-ը ֆրանսերենից, 13-ը գերմաներենից: Անցած տարի օտար լեզուներից արձանագրվել էր ընդհանուր 372 առավելագույն` 20 միավոր: Անգլերենի միջին գնահատականը 14,01 է, ֆրանսերենինը` 15,84, գերմաներենինը` 14,15: Անգլերենից անբավարար է ստացել դիմորդների 8,6 տոկոսը, ֆրանսերենից` 4,46, գերմաներենից` 7,78 տոկոսը:

Ռուսերենի միջին գնահատականը 10,75 է` նախորդ տարվա ցուցանիշից 0,33 նիշով ցածր: Անբավարար է ստացել դիմորդների 22,99 տոկոսը (նախորդ տարի 15 տոկոսն էր կտրվել): 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ 2012-ի երկու դիմորդի փոխարեն:

Ռուսերենը երկրորդ տեղում է թ՛ե կտրվողների թվով, թե՛ ցածր միջին գնահատականով:

Հայոց պատմությունից միջին գնահատականը 13,43 է` նախորդ տարվանից 0,10 միավորով ցածր: 11-ով նվազել է նաև 20 միավոր ստացողների թիվը` ընդամենը 38 դիմորդ նախորդ տարվա 49-ի փոխարեն: Անբավարար է ստացել դիմորդների 11,74 տոկոսը:

Ընդհանուր պատմությունից միջին գնահատականը 12,57 է: Անբավարար է ստացել դիմորդների 10,53 տոկոսը, 20 է ստացել մեկ դիմորդ: Նախորդ տարի ընդհանուր պատմության միջին գնահատականը 11,5 էր` այս տարվա ցուցանիշից 1,07 միավորով բարձր: Նախորդ տարի ևս այս առարկայից միայն մեկ դիմորդ էր 20 միավոր ստացել, իսկ անբավարարների թիվն այս տարվա համեմատ մեծ էր` 20 տոկոս: Ընդհանուր պատմությունն առաջատարն է արձանագրված ամենացածր միջին գնահատականով:

Նշենք, որ ընդհանուր պատմությունն այն սակավաթիվ առարկաներից է, որ շտեմարան չունի: ԳԹԿ ներկայացուցչի խոսքով` ընդհանուր պատմությունից և մի քանի օտար լեզուներից դիմորդները քիչ են, հետևաբար, բիզնեսի տեսանկյունից շտեմարան հրատարակելը շահավետ չէ: Իսկ, ինչպես հայտնի է, շտեմարանները հրատարակում են առանձին հրատարակչություններ` ինքնածախսածածկման և նաև շահույթի ակնկալիքով:

Քիմիայի միջին գնահատականը 12,94 է: Անբավարար է ստացել դիմորդների 15,17 տոկոսը: Քիմիայից 20 միավոր է ստացել 40 դիմորդ: Նախորդ տարի քիմիայի միջին գնահատականը 12,56 էր, անբավարար էր ստացել դիմորդների 18 տոկոսը, իսկ 62 դիմորդ էլ վաստակել էր 20 միավոր:

Ֆիզիկայի միջին գնահատականը 11,78 է: Անբավարար է ստացել դիմորդների 21,77 տոկոսը: 20 միավոր է ստացել 49 դիմորդ: 2013-ին ֆիզիկայի միջին գնահատականը 11,64 էր, անբավարար էր ստացել դիմորդների 22 տոկոսը, իսկ 20 էր ստացել 35 դիմորդ:

Կենսաբանության միջին գնահատականն է 11,17: Կենսաբանությունից անբավարար է ստացել դիմորդների 25 տոկոսը, առավելագույն` 20 միավոր այս տարի վաստակել է 27 դիմորդ: Նախորդ տարի` 2013-ին, կենսաբանության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 3,33 միավորով բարձր: Նախորդ տարի կտրվողների թիվը ևս քիչ էր` ընդամենը 12 տոկոս, իսկ առավելագույն 20 միավոր էր ստացել 182 դիմորդ:

Նշենք, որ նախորդ տարվա աննախադեպ բարձր գնահատականները կենսաբանությունից մրցութային անհավասար պայմաններ էին ստեղծել դիմորդների համար: Այս տարի կենսաբանության թեստերում ներառվել են կարճ պատասխաններ ենթադրող առաջադրանքներ, ինչպես նաև ավելացել է շտեմարանում առկա առաջադրանքների թիվը: Շատ մասնագետների ու դիմորդների կարծիքով` շտեմարանի նոր հրատարակված հատորում հարցերն արհեստականորեն բարդացված էին և խճճող: Փաստորեն, այս տարի կտրվողների թվով առաջատարը կենսաբանությունն է:

Աշխարհագրության միջին գնահատականը 13,34 է: Աշխարհագրությունից անբավարար է ստացել դիմորդների 9,74 տոկոսը, 20 միավոր է ստացել 5 դիմորդ: Անցած տարի աշխարհագրության միջին գնահատականը 14,5 էր` այս տարվանից 1,16 միավորով բարձր: Անբավարար էր ստացել դիմորդների 6 տոկոսը, իսկ 20 միավոր էր ստացել 12 դիմորդ:
Իսկ թե ինչպիսին կլինեն այս տարվա մրցույթը և անցողիկ շեմը, պարզ կդառնա հուլիսի 16-ին, երբ կհրապարակվեն բուհ ընդունվածների անունները:

Բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է, 10 դիմորդ հեռացվել է քննասենյակից հեռախոսից օգտվելու համար

Արա ԻսպիրյանԱյս տարվա միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է: Երկրորդ փուլի համար սովորաբար դիմորդները քիչ են լինում, և քննությունների հիմնական պատկերը կարելի է ստանալ առաջին փուլի արդյունքներով: Այս թեմայով «Անկախը» զրուցել է ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

– Պարոն Իսպիրյան, եթե ամփոփենք միասնական քննությունների առաջին փուլը, ինչո՞վ առանձնացան այս տարվա քննությունները:

– Հունիսի 23-ին ավարտվեց միասնական քննությունների առաջին փուլը ռուսաց լեզու առարկայով: Ամփոփելով ասեմ, որ քննություններն այս տարի ընդհանուր առմամբ շատ խաղաղ ու հանգիստ անցան, բողոքարկումների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե երկու անգամ նվազել է: Ըստ էության, ունեցանք բավական լավ քննություններ: Կարող ենք փաստել, որ նախորդ տարվա համեմատ` երկու առարկաներից ունեցանք արդյունքների նվազում, էականորեն նվազեցին կենսաբանություն և անգլերեն առարկաների թե՛ բարձր, թե՛ միջին միավորները, մնացած առարկաների դեպքում ունեցանք գրեթե նույն իրավիճակը, ինչ նախորդ տարիներին էր: Ամենաշատ անբավարար ստացել են կենսաբանությունից` մոտ 25-26 տոկոս: Մնացած բոլոր առումներով կարելի է համարել դրական լիցքերով անցած քննություն, որևէ միջադեպ չունեցանք: Նաև փաստենք, որ այս քննությունների ընթացքում թեստերում բովանդակային խնդիրներ չեղան:

– Անցած տարի քննություններից հետո պարզ դարձավ, որ որոշ շտեմարաններ լրացնելու կարիք կա: Այս տարի ինչ-որ խնդիր, բացթողում նկատվե՞լ է, որը հետագայում պետք է շտկվի:

– Առայժմ հաջորդ տարվա համար որևէ կառուցվածքային փոփոխություն ծրագրված չէ: Քննարկումները մասնագետների հետ կսկսվեն օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին, երբ կունենանք այս տարվա քննությունների արդյունքների ամբողջական վերլուծությունը: Քննարկումների արդյունքում, եթե որևէ որոշում կայացվի, հանրությանը տեղյակ կպահենք, ուղեցույցները կսկսենք պատրաստել դրան համապատասխան:

– Իսկ այս տարվա գնահատականները նորմալ մրցույթ կազմակերպելու հնարավորություն ընձեռո՞ւմ են:

– Այս տարի գրեթե բոլոր առարկաներից բավական հաջող գնահատականներ են, այսինքն` բոլորն էլ մրցույթ ապահովող չափերի մեջ են: Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, մենք չունենք այնպիսի առարկա, որի արդյունքներն էականորեն աճած կամ նվազած լինեն, բացի քիչ առաջ նշված երկուսից: Անցած տարի դրանցից բավականին բարձր միավորներ էին: Խնդիրը ոչ թե թեստերի բարդությունն է, այլ պարզապես այս տարի առաջին անգամ այդ առարկաների համար անցել ենք կարճ պատասխաններով առաջադրանքների: Կարճ պատասխանների դեպքում դիմորդների կողմից պատահականորեն ճիշտ նշում անելու հավանականությունը քչանում է: Եթե մյուս դեպքերում կարող է կռահել, ապա այս դեպքում պատասխանը պետք է հստակ իմանա: Երբ ներառվեցին այդ առաջադրանքները, ենթադրվում էր, որ այդ երկու առարկաների գնահատականները կարող են նվազել: Իհարկե, ցավալի է, որ որոշ առարկաներից` կենսաբանությունից, ֆիզիկայից մենք 20 տոկոսից ավելի անբավարարներ ունենք, բայց բավարար գիտելիքներ ունենալը և գոնե 7,5 ստանալը պարտադիր է: Մեր դիմորդներն այդ երկու առարկաներից պարզապես լավ պատրաստ չեն եղել:

– Դիմորդները միաձայն նշում են, որ պնդումների փունջ առաջադրանքները խնդրահարույց են գնահատման առումով: Որքանո՞վ եք համամիտ ասվածին: Հնարավո՞ր է, որ այդ հարցերը վերանայվեն շտեմարաններում:

– Համամիտ չեմ: Ամեն թեստում երկու նման առաջադրանք կա: Դրա միջոցով նախ հստակ տարբերակում ենք լավ իմացողին մի փոքր տատանվող երեխայից: Այդ առաջադրանքի էությունն այն է, որ մեկ հարց է վեց ենթահարցով, եթե մեկին պատահական ճիշտ ես պատասխանում, իսկ մյուսը սխալ, ճիշտ պատասխանած հարցի միավորն էլ ես կորցնում: Քանի որ երկու առաջադրանք է, 20- միավորանոց համակարգում կարող է ընդամենը երեք միավորի դեր խաղալ:
Այդ առաջադրանքը պահանջում է, որ ենթադրելով չնշես, եթե չգիտես, պետք է պարզապես նշել` չգիտեմ: Բայց երեխաների մեջ չի ձևավորվել այդ մոտեցումը, որ եթե չգիտես, ուրեմն կասկածելով մի գրիր, պարզապես նշիր` չգիտեմ:
Արդեն 4-5 տարի այս առաջադրանքը կիրառվում է: Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ծառայում է իր նպատակին: Ասեմ նույնիսկ, որ Ռուսաստանի և ԱՊՀ տարբեր երկրների ԳԹԿ համակարգի մասնագետները բավականին բարձր են գնահատել այդ առաջադրանքը և քննարկում են իրենց մոտ էլ նմանատիպ առաջադրանքներ ներառելու հարցը:

– Պարոն Իսպիրյան, իսկ ԳԹԿ-ն ինչպե՞ս է պայքարում օրեցօր զարգացող տեխնոլոգիաները քննության ժամանակ կիրառելու դեմ: Այս տարի արտագրելու, հեռախոսով թելադրելու դեպքեր արձանագրվե՞լ են:

– Փորձում ենք ամեն ինչ անել նոր տեխնոլոգիաները քննասենյակում կիրառելու դեմ: Իհարկե, խլացուցիչները գործում են, իսկ առանց հեռախոսի ականջակալները պիտանի չեն: Չնայած փորձողներ եղել են: Հեռախոսների և այլ կապի միջոցներից օգտվելու համար մոտ 10 դիմորդ է հեռացվել քննասենյակից: Բայց, ըստ էության, այս տարի այդքան շատ չէր, մենք կարողացանք վերահսկել, ներկայացուցիչներն ավելի զգոն էին, սանհանգույց կամ բժշկի մոտ անձամբ էին ուղեկցում, որպեսզի այնտեղ սարքերից օգտվելու հնարավորություն չունենան: Աշխատել ենք հնարավորինս վերահսկել և կարծում եմ` ստացվել է, քանի որ արդյունքներում թռիչքներ չունենք:

– Նշեցիք, որ բողոքարկումների թիվը կրկնակի նվազել է: Իսկ բովանդակային առումով ինչպիսի՞ն են եղել բողոքարկումները:

– Թեստի բովանդակությանը վերաբերող բողոք առայժմ չենք ունեցել: Թեստերի շուրջ երկու բողոք է եղել. համաշխարհային պատմության և ռուսերենի մեկական տարբերակների մի առաջադրանքում տեխնիկական սխալ է տեղ գտել: Թեստերի հետ կապված խնդիր չենք ունեցել, և թեստերը գնահատվել են հաջողված: Բողոքարկումների մոտ 70 տոկոսը վերահաշվարկի պահանջ է եղել: Վաղվանից հանձնաժողովն անհատապես կքննարկի բողոքարկումները, և դիմորդներին հեռախոսով կամ նամակով կտեղեկացնեն արդյունքների մասին: Հունիսի 28-29-ը արդեն կկախենք բողոքարկումների արդյունքները: Իսկ մոտ 30 տոկոսը երեխային երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալու խնդրանքներ են:

– Այս տարի ագրարային համալսարանում որոշ մասնագիտությունների գծով առանց քննությունների կարող են ընդունվել: Հնարավո՞ր է, որ հաջորդ տարի այդ փորձն ավելի ընդլայնվի:

– Ոչ թե առանց քննությունների, այլ` նաև առանց քննությունների: Նախ ընդունվում են միասնական քննություն հանձնած դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում` նոր միայն դպրոցական գնահատականներով դիմածները:
Ինչ վերաբերում է այն հարցին` հաջորդ տարի այդպես կլինի, թե ոչ, այսօր չենք կարող ասել, որովհետև տեղերը և տեղերի համար առաջարկվող փոփոխությունները նախատեսում է նախարարությունը: Այդ մասին կլինի կառավարության համապատասխան որոշում: Եթե հետագայում պարզվի, որ էլի մասնագիտություններ կան, որոնք պետական նշանակություն ունեն, բայց դիմորդներ չունեն, իհարկե հնարավոր է, որ դրանց համար հեշտացումներ լինեն:

– Հուլիսի 2-ից քննությունների երկրորդ փուլն է մեկնարկում: Կարծիք կա, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ են, հսկողությունն ավելի մեղմ է, և ավելի ձեռնտու է երկրորդ փուլով քննություն հանձնել: Այս մասին ի՞նչ կասեք:

– Երկրորդ փուլի արդյունքները միշտ ավելի ցածր են լինում, քան առաջին փուլում: Այն, որ երկրորդ փուլի թեստերն ավելի հեշտ կլինեն, ճիշտ չէ: Թեստեր գրողները տարբեր մարդիկ են և գրելիս չգիտեն` առաջի՞ն փուլի համար են գրում, թե՞ երկրորդ: Հսկողությունն էլ խիստ է, քանի որ երկրորդ փուլում մեկ քննակենտրոն է, որտեղ կաշխատեն հենց մեր աշխատակիցները, որոնք ավելի փորձառու են, խլացուցիչներն էլ շատ կլինեն: Մեզ համար նրանք բոլորը դիմորդներ են, և տարբերություն չկա նրանց մեջ:

– Ե՞րբ կամփոփվեն ընդունելության արդյունքները: Եվ այս տարի ընդունելության երկրորդ փուլ կլինի՞, թե՞ ոչ:

– Մենք ամփոփումն անելու ենք հուլիսի 15-ին, ընդունվածների ցուցակները կփակցվեն հուլիսի 16-ին, և հուլիսի 16-22-ը կհրապարակենք նաև թափուր տեղերի ցուցակը: Այդ ժամանակահատվածում այն դիմորդները, որոնք ունեն դրական գնահատական, բայց որևէ տեղ չեն ընդունվել, համապատասխան թափուր տեղի առկայության դեպքում կկարողանան դիմել այդ տեղերի համար:

Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան

6Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:
«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:

5«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:

– Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
– Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:

1– Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:

– Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:

2– Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե …

– Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:

3– Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:

– Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:

– Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:

– Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:

4– Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
– Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:

– Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:

– Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:

 

 

Ուրիշին տալու տարածք այլևս չունենք…

Անժելա ՏերյանՀարցազրույց Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ: Նա «Ար աստծո պաշտամունքը Հայաստանում», «Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան», «Հայոց հնագույն պետություն. Միտանի» գրքերի, ինչպես նաև բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է:

– Գիտենք, որ հայերս հնագույն ժողովուրդ ենք: Մեր բազմաթիվ հարևանները չեն հասել մինչև XXI դար: Տիկին Տերյան, Ձեր կարծիքով ո՞րն է հայերի հարատևման գաղտնիքը:

– Հայերի հարատևման գաղտնիքի մասին տարբեր տեսակետներ կան: Ընդունված տեսակետ է, որ մեր կրոնի, մշակույթի, քաղաքակրթության շնորհիվ է: Այս ամենն ընդունում եմ, բայց իմ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ մեր հարատևման գաղտնիքը նաև մեր տարածքի մեջ է: Պատմությունը ցույց է տալիս, որ փոքր տարածքով պետությունը չի կարող հարատևել. բավական է մի ճակատամարտ պարտության ելքով, որպեսզի այդ պետությունն այլևս դադարի իր գոյությունը: Իսկ երբ մեծ տարածքով պետությունն է ճակատամարտում պարտություն կրում կամ որևէ անհաջողություն ունենում, բնակչությունը կարողանում է կազմակերպված ձևով այդ երկրի մի տարածքից մյուսը տեղափոխվել և շարունակել զարգանալ` պահպանելով իր ինքնությունը, մշակույթը իր հայրենի երկրի սահմաններում:
Հնագույն ժամանակներում հայերով բնակեցված է եղել Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած հսկայական տարածքը: Մեր հարատևության գաղտնիքը մեր հսկայական տարածքների մեջ է եղել: Չեմ բացառում, իհարկե, մշակույթը, քաղաքակրթությունը, արհեստը, առևտուրը, բայց հիմնական գործոնը, կարծում եմ, տարածքն է եղել:

– Ձեր գիտական հոդվածներում նշում եք, որ հայը միայն իր հայրենիքի սահմաններում կարող է պահպանել իր ինքնությունը, մշակույթը: Մյուս կողմից էլ ներկայումս մեր պետության տարածքն այնքան մեծ չէ, որ տեղից տեղ տեղափոխվելու և ռեաբիլիտացվելու հնարավորություն տա: Ի՞նչ լուծում կա այս խնդրին:

– Կարող եմ գարդմանահայության օրինակը բերել: Արցախյան պատերազմի ժամանակ մոտավորապես կես մլն հայություն այստեղ եկավ, բայց նրանք չկարողացան ինտեգրվել, որովհետև կարծես տարածքը փոքր էր: Իհարկե, մեծ ցանկության դեպքում հնարավոր էր ամեն ինչ կազմակերպել, բայց պատերազմի խառը տարիներն էին, և ցիրուցան եղան: Իհարկե, իշխանությունների մեղքն է, որ չկարողացան ինտեգրվել, բայց տարածքն էլ իր նշանակությունն ունեցավ: Այսօր սիրիահայերի և ուկրաինահայերի օրինակով կարող ենք ասել, որ պիտի մտածենք հայությանը Հայաստան բերելու, այստեղ հաստատվելու, ինտեգրվելու համար պայմաններ ստեղծելու մասին: Այսպես նաև շարունակվելու է:

Մենք այնքան ենք սեղմվել, որ հիմա այլևս սեղմվելու տեղ չունենք, պիտի ընդարձակվենք, իսկ դրա համար հարկավոր է ուժ` ռազմական և տնտեսական հզորություն:
Պետք է աշխատենք եղած պայմաններով: Տարածքը մեծ չէ, բայց ընդարձակվելու համար կարելի է ինչ-որ բան կազմակերպել: Դա արդեն կախված է մեր իշխանավորներից: Տարածվելն այլընտրանք չունի: Օրինակ` մենք Սևրի պայմանագիր ունենք, որը պետք է վերակենդանացնել: Մենք ամեն ինչ կարող ենք անել, միայն շատ մեծ ցանկություն լինի: Դրա համար նախ պետք է այնպիսի սերունդ կրթել, որը կարողանա մտածել նախ և առաջ ժողովրդի, ոչ թե իր բարեկեցության մասին:

– Մի իրավիճակում ենք, երբ սեղմվելու տեղ այլևս չունենք, բայց մյուս կողմից էլ խոսվում է տարածքներ հանձնելու մասին: Որքանո՞վ են տեղին նման խոսակցությունները: Նման փոքր տարածք ունենալը նշանակում է, որ մենք վերացման վտանգի տա՞կ ենք:

– Ուրիշին տալու տարածք այլևս չունենք: Նորից եմ ասում, այնպիսի վիճակի ենք հասել, որ այլևս սեղմվելու տեղ չունենք: Իշխանավորից մինչև շարքային քաղաքացի, բոլորը պետք է հասկանան, որ միայն մի տարբերակ ունենք գոյատևելու, դա տարածքն է, առանց տարածքի իսկապես չենք կարող:
Գենետիկորեն է կարծես գալիս, որ հայն ընդարձակվելու, իր ամեն ինչը ցուցադրելու կարիք ունի, դրա համար են թողնում գնում այլ երկրներ: Պետք է հային հնարավորություն տալ, որ իր հայրենիքում ինքնադրսևորվի, այլապես աչքն ուղղում է դեպի այլ երկրներ, որտեղ կկարողանա ինքնադրսևորվել: Ուրեմն ինչքա~ն պետք է մեր իշխանավորները խելամիտ, ազգասեր և հայրենասեր լինեն, շատ լավ իմանան մեր ժողովրդի պատմությունը, անցյալը, որ կարողանան կառուցել մեր բոլորի ապագան:

– Ձեր հոդվածներում նշում եք, որ հնագույն ժամանակներում տարբեր պատճառներով հեռացել են Հայաստանից ու հայտնվել Եվրոպայում: Այդ ամենը հիմնավորող փաստեր կա՞ն:

– Իհարկե կան: Հիմա ես աշխատում եմ «Եվրոպական ժողովուրդների գրավոր աղբյուրներն իրենց նախահայրենիքի` հայերի և Հայաստանի մասին» աշխատության վրա: Այս գրքում ի մի պիտի բերվեն բոլոր փաստերը, որոնք հայտնի են: Չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց միշտ հոսք է եղել այստեղից, հատկապես վերջին երկու հազարամյակում:
Ամեն ինչ կարծես ստիպում էր, որ մեր ժողովուրդը չկարողանա ուժեղ պետություն ունենալ, իսկ այդ պարագայում քո ուժը, հատկապես ռազմականը, օտարներն են օգտագործում: Հայ զինվորականները մասնակցել են հռոմեական, բյուզանդական արշավանքներին: Հայերին դաժանությունները բնորոշ չեն, ուստի անարդարացի մղվող պատերազմները դրդել են հայերին լքել բանակը և հաստատվել այն վայրերում, որտեղ իրենք պատերազմ են մղել: Այսպես առաջացել են հայկական գաղութներ: Հետաքրքիրն այն է, որ հայկական ցեղերն անգամ հարյուրամյակներ անց պահպանել են հիշողությունը, թե որտեղից են եկել: Եվ սկսել են դա գրի առնել: Անգլիայի պատմության հնագույն փաստաթուղթը անգլո-սաքսոնական քրոնիկներ փաստաթուղթն է, որտեղ բացահայտորեն գրված է, որ Անգլիայի հնագույն բնակիչները` բրիտները, եկել են Արմենիայից` Հայաստանից:
Նույն գրավոր աղբյուրները գերմանացիների մոտ կան: IX-XI դարերի գերմանական բազմաթիվ աղբյուրներ` «Անոյի երգը», «Կայսեր քրոնիկ», վկայում են, որ գերմանական ժողովրդի կազմավորմանը մասնակցած մի շատ խոշոր ցեղախումբ` բավարական ցեղերը, հայկական ծագում ունեն: Դա իրենք են գրում, մենք չենք ասում: Բասկերի մասին բոլորը գիտեն: Էլի գրավոր փաստաթղթեր կան այդ մասին:
Մի խոսքով, շատ-շատ են տեղեկությունները, որ Եվրոպայի այսօրվա ժողովուրդների նախահայրերը գնացել են Հայաստանից:
Աշխարհի հնագույն քարտեզներում` սկսած մ.թ.ա. VI դարի Բաբելոնյան քարտեզից մինչև XIX դար, բոլորի վրա, անկախ նրանից` Հայաստանը պետականություն ունի, թե ոչ, Հայաստանը նշված է, իսկ այս ամենը վկայում է հայերի հնագույն ծագման և Հայաստան պետության գոյության մասին` սկսած հնագույն ժամանակներից:

– Այժմ բազմաթիվ բացահայտումներ են լինում, որոնք վկայում են, որ Հայաստանը եղել է այս կամ այն հայտնագործության, երևույթի բնօրրանը, բայց մարդկությունը կարծես չի ուզում լսել դրա մասին: Ի՞նչ կարող ենք անել, որ մեր ձայնը լսելի դարձնենք աշխարհին:

– Մինչև XIX դարը Հայաստանը Եվրոպայի ժողովուրդների հոգևոր ընկալումներում ինչ-որ հեռավոր հիշողություն էր, որ պատկերանում էր որպես հպարտ ու քաջարի ժողովրդի երկիր: Բայց XIX դարի երկրորդ կեսին աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է: Սկսվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն ազդեցության գոտիների համար: Գործում էին նաև աշխարհը կառավարել փորձող ուժերը, որոնք ձգտում էին կառավարելի դարձնել բոլորին: Իմ կարծիքով, հայերն այն ժողովուրդն են, որ չէին ենթարկվի աշխարհը կառավարել փորձողներին: Այս պայմաններում հայերի միավորման փորձերը նույնպես չէին ստացվում, Հայաստանը երեք պետությունների միջև էր բաժանված` Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի:
Եվրոպացիներին ինչ-որ առումով հաճելի չէր նման խեղճուկրակ նախնի ունենալ: Նաև ազդեց քաղաքական իրավիճակը. ռուսական կողմնորոշման պատճառով հակահայկական տրամադրություններ առաջացան Եվրոպայում: XIX դարի կեսերից հայերին սկսեցին անտեսել: Ցավոք, այսօր էլ նույնը շարունակվում է:
Բայց այն ժամանակ մենք պետություն չունեինք, չէինք կարող ինքներս մեզ ներկայացնել, իսկ այսօր կարող ենք: Խորհրդային տարիներին համահարթեցման քաղաքականություն էր տարվում, ինչը թույլ չտվեց բարձրաձայնել: Բացի այդ, խորհրդային պատմագրության մեջ պատմաբաններ կային, որոնք ամեն ինչ անում էին, որ հայերն իրենց իրական պատմությունը չիմանան: Այսօր էլ ինչ-որ չափով շարունակվում է նույն բանը: Հիմա Խորհրդային Միությունը չկա, այդ պատմաբանները չկան, բայց նրանց աճեցրած կադրերը կան, որոնք շարունակում են նույն քաղաքականությունը:
Պետք է հասկանանք, որ ինքներս պետք է գրենք մեր պատմությունը, և այն նախ պետք է ներկայացնենք մեր ժողովրդին, այնուհետև` օտարներին:

– Ասացիք, որ մենք պետք է գրենք մեր պատմությունը: Դպրոցական դասագրքերն էլ մենք ենք գրում: Որքանո՞վ է մեր պատմությունը ճիշտ ներկայացվում մատաղ սերնդին:

– Ճիշտ եք ասում, մեր դասագրքերն էլ ցույց չեն տալիս պատմությունը: Դա ինչ-որ չափով շարունակությունն է խորհրդային տարիներից եկող պատմության, քանի որ այդ գրքերն էլ գրվել և խմբագրվել են այդ նույն մասնագետների կողմից: Մինչդեռ դպրոցը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի կյանքում: Հենց դպրոցից է ձևավորվում ազգասիրությունը: Իսկապես, մեր դպրոցը մեծ անելիք ունի:

– Հաճախ մեղադրում ենք, որ օտարները` թուրքերը, ադրբեջանցիները, ավերում են մեր պատմական ժառանգությունը հայկական հետքը ջնջելու համար: Իսկ մենք որքանո՞վ ենք գնահատում և պահպանում մեր պատմական ժառանգությունը:

– 20 տարի առաջ սկսեցին Երևանն ավերել: Եթե այդ ժամանակ Նարեկ Սարգսյանը չլիներ Երևանի գլխավոր ճարտարապետը, հիմա կարող էինք բոլորովին այլ` ազգային ճարտարապետությամբ կառուցված մայրաքաղաք ունենալ, ոչ թե կանաչ-կապույտ ապակիներով բարձրահարկեր, որոնք տվյալ սեյսմիկ գոտում հակացուցված են: Համոզված եմ, որ եթե Թամանյանի նման մեկ այլ ճարտարապետ ունենայինք, կունենայինք մի հրաշալի կանաչապատ ազգային քաղաք:

– Տիկին Տերյան, անցյալի ու ներկայի պատմական դասերը հաշվի առնելով` ի՞նչ ապագա պիտի կառուցենք ու ինչպե՞ս պետք է դա անենք:

– Նախ, սերունդ պիտի ունենանք, ազգասեր, հայրենիքի համար պատրաստ ամեն ինչի, որը գիտի թե ինչ ունի և ինչի է ուզում հասնել: Եթե ամեն բնագավառում լինի համապատասխան լավ մասնագետը, ամեն մեկն իր տեղում լինի, մասնագետները ղեկավարեն մեր հանրապետությունը, մեր քաղաքը, ամեն ինչ շատ լավ կլինի:
Կարևոր է, որ ղեկավարները նաև անցյալն իմանան: Աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի այն պատմությունը, որ ունի հայ ժողովուրդը: Մեր պատմությունը մի հզոր զենք է, որը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:
Մեր պատմությունը մեր շարժիչ ուժն է դեպի ապագա, իմանանք անցյալը, որ կարողանանք կերտել ապագան:

 

 

 

 

«Գրքարվեստ 2014»-ում Հայաստանը վաստակել է 5 առաջին մրցանակ. նախկինում որևէ երկիր նման ցուցանիշ չի ունեցել

միլիտոնյան1Մինսկում կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 11-րդ մրցանակաբաշխությունում Հայաստանը 5 առաջին մրցանակ է շահել: Մրցույթին Հայաստանը ներկայացրել է 9 գիրք և արժանացել ընդհանուր 8 մրցանակի, որոնցից 5-ն առաջին մրցանակներ են, մեկ գիրք արժանացել է երկրորդ մրցանակի («Համագործակցություն» անվանակարգ, «Հայոց Երևելիներ», հեղինակ` Ալբերտ Միքայելյան), մեկ գիրք` նոմինանտի դիպլոմի ( «Գրան պրի» անվանակարգ, «Պարույր Սևակ: Բարի երազըս` ձեզ, սիրելիներ», կազմող` Յ. Պետրոսյան ) և մեկ գիրք էլ` ժյուրիի հատուկ մրցանակի («Իմ երկիրը» անվանակարգ, «10 հայ ականավոր թագուհիներ», հեղ. ` Արտակ Մովսիսյան):
Առաջին մրցանակի են արժանացել Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը ռուսերեն հրատարակությամբ («Գիրք երեխաների և պատանիների համար» անվանակարգ), Ռուբեն Գևորգյանցի «Փարաջանով… կոլաժ երկուսի համար» գիրքը («Մշակույթների երկխոսություն» անվանակարգ), Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրքը («Գիտություն և կրթություն» անվանակարգ), Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը» («Արվեստի գիրք» անվանակարգ), Շմավոն Շմավոնյանի «Արարատ» հրատարակությունը («Տպագրված է Համագործակցությունում» անվանակարգ) :
«Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը մրցանակակիր գրքերից հատկապես կարևորում է Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց»-ը` որպես մեծն հայագետի աշխատանքի գնահատանք, և Ֆոլքմար Գանցհորնի «Քրիստոնեա-Արևելյան գորգը», որը, նրա խոսքով, առաջին ամբողջական աշխատությունն է հայ գորգի մասին:
Մրցույթի արդյունքների և նշանակության մասին «Անկախը» զրուցել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
պատկերազարդ-պատմություն-հայոց– Պարոն Միլիտոնյան, մրցույթին ինը գիրք ենք ներկայացրել և վաստակել ութ մրցանակ: Ինչո՞վ է պայմանավորված նման բարձր ցուցանիշը:
– Իհարկե, մեր գրահրատարակչական ասպարեզի զարգացման, տպագրական տեխնոլոգիաների նորացման միտումներով եմ դա պայմանավորում: Վերջին տարիներին մեզանում իսկապես որակով ու բազմազան գրքեր են հրատարակվում: Գրքի միջազգային ցուցահանդեսներում մեր գրքերն անպայման ապահովում են բարձր մակարդակ: Եվ դա այն հրատարակիչներն են ապահովում, որոնք ամեն տարի նման ցուցահանդեսների են մասնակցում:
Սա նշանակում է մի բան, որ այսօր ունենք գրահրատարակչական շատ լավ հնարավորություններ, ունենք կայացման փուլում գտնվող հրատարակիչներ: Եթե Սովետական Միության տարիներին հիմնականում մեկ-երկու հրատարակչություն կար, որոնք կենտրոնացված էին պետության ձեռքին, ապա այսօր 40-ից ավելի հրատարակչություն կա, որոնք գործում են ասպարեզում, գրքեր են հրատարակում և ջանք են ներդնում նոր, հետաքրքիր գրքերի լույսընծայման համար:
Եթե մեզանում կարողանանք նկատել և գնահատել կատարված աշխատանքները, դրանով իսկ կնպաստենք ոլորտի հետագա զարգացմանը:
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ցուցահանդեսն էլ մի խթան է, որպեսզի ամեն տարի ավելի հետաքրքիր գրքեր տպագրվեն ու ներկայացվեն:
Մրցույթին ներկայացված գրքերը նախ «Հայաստանի գրքարվեստ» մրցույթում են հաղթող ճանաչվել, ապա միայն միջազգային մրցույթին ներկայացվել: Այդ գրքերը միջազգային մրցույթում ներկայացնելով` վստահ էի, որ մրցանակներ կունենանք, բայց որ այդքան շատ` ինձ համար էլ անակնկալ էր:

– Նախորդ տարիներին «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունում Հայաստանն ի՞նչ ցուցանիշներ է ունեցել:

– Մենք մասնակցել ենք 11 տարի և տարբեր ցուցանիշներ ենք ունեցել. ամեն կարգի մրցանակներ էլ ունեցել ենք, բայց որ այս տարվա պես 5 առաջին մրցանակ լինի… Ոչ միայն մենք, որևէ այլ երկիր նախկինում նման ցուցանիշ չի ունեցել:

– Ձեր կարծիքով` մասնակցությունը միջազգային մրցույթներին մեզ ի՞նչ է տալիս: Ո՞րն է մասնակցության բուն նպատակը:

– Նպատակն է խթանել գրքի քարոզչությունը: Սեպտեմբերին մրցանակները կհանձնվեն Մոսկվայի Գրքի ցուցահանդեսի շրջանակներում: ԱՊՀ և այլ երկրների լրատվական խողովակներով լուրը կտարածվի: Սա արդեն մեծ հնարավորություն է հայ գիրքը աշխարհին ներկայացնելու, քարոզելու համար: Բացի այդ, մրցանակ ստանալուց հետո հրատարակիչն ինքն էլ է պարտավորված զգում և փորձում ավելի լավ, որակյալ գրքեր հրատարակել:

– Ամփոփելով վերջին տարիների ցուցանիշները` գրահրատարակչության ոլորտում ի՞նչ առաջընթաց ունենք, և ո՞րն է առաջխաղացման հիմնական գործոնը:
գրքարվեստ– Մեր գրահրատարակչական դաշտն անկախության 23 տարիների ընթացքում ամենակայացած ոլորտներից է: Նախ` հիմնականում պահպանվեցին ավանդական տպարանները և հրատարակչությունները, որոնք ավանդաբար ուժեղ էին: Նաև նորերն ի հայտ եկան` նոր մտահղացումներով ու գործունեությամբ, և, փաստորեն, դաշտում առողջ մրցակցություն եղավ: Այդ առողջ մրցակցության շնորհիվ Հայաստանում ներկայումս տարեկան 2200 անուն գիրք է հրատարակվում` մանկականից մինչև հանրագիտարանային: Դրան շատ է նպաստում նաև պետական աջակցության հնարավորությունը: Այդ ներդրումը զգալի է: Լավագույն գրքերի մի մասն այդ աջակցությամբ է հրատարակվում:

– Շատ է խոսվում է, որ պետպատվերի շրջանակներում տպագրված գրքերը հաճախ զիջում են որակային առումով: Համամի՞տ եք այս կարծիքին:

– Բնականաբար, չեմ կարող համամիտ լինել, որովհետև, նախ, ասողը պիտի մանրամասնի, թե ինչով է զիջում` թղթի որակո՞վ, բովանդակությա՞մբ: Այն գրքերը, որոնք ընդգրկվում են պետական պատվերի և աջակցության ծրագրերում, բնականաբար, և՛ իրենց որակով, և՛ բովանդակությամբ աչքի ընկնող գրքեր են այդ բնագավառներում:
Անհատ հեղինակը կարող է մեծ գումարներ ներդնել իր գրքի հրատարակության համար, ուստի պարտադիր չէ, որ պետական պատվերով գիրքը տպագրական որակով ավելի բարձր լինի, որովհետև այդ գրքերի վրա այնքան էլ մեծ գումարներ չեն ծախսվում, և հիմնականում ինքնարժեքից ցածր են վաճառվում, հատկապես` մանկական գրքերը:
Նշեմ, որ մրցանակակիր գրքերից 3-ը պետական միջոցներով են հրատարակվել:

– Վերջին տարիներին Երևանում գրախանութների թիվն ավելանում է: Ի՞նչ է սա, գրքի պահանջարկը մեծանո՞ւմ է:

– Սովետմիության ժամանակ երևանում մոտավորապես 80 գրախանութ կար, անկախացման ժամանակ և հետո մեծ մասը փակվեց, դարձան այլ տիպի խանութներ: Հիմա որոշ չափով վերադարձ է նկատվում: Տարբեր տեղերում փոքրիկ գրախանութներ են բացվում, տարբեր սուպերմարկետներում են վաճառում, փոստատներում են գրքերի անկյուններ բացվում: Եթե առաջ կար գիրք վաճառելու մի հնարավորություն` գրախանութը, ապա այսօր ընգրկվել է ցանցի ըմբռնումը. գիրքը կարող է վաճառվել սրճարան-գրախանութներում, տարբեր հաստատություններում: Գրքի նկատմամբ պահանջարկի աճ հիմնականում կա: Բայց նաև նկատելի է, որ դա մեծ որակ չի կազմում:
Խոստովանենք, որ այս ամենը պատճառաբանվում է նաև նրանով, որ մեր զանգվածային լրատվամիջոցները շատ քիչ են տեղ հատկացնում գրքին, հրատարակչին, ստեղծագործողին, գրախանութին:

– Ունենք լավ որակով գրքեր, որոնք դրսում գնահատվում են, իսկ ներսում դրանք գնահատվա՞ծ են պատշաճ կերպով:

– Հիմա ով սիրում է գիրք կարդալ, կարդում է: Պահանջել բոլորից միատեսակ բան` անցած ժամանակներին էր հատուկ, երբ բոլորը ցուցադրության համար գրքեր էին բաժանորդագրվում, տանը մեծ գրադարաններ ունեին: Սովետական Միության տարիներին գիրքը հրատարակվելուց մի քանի օր անց սպառվում էր: Հիմա նույն հեղինակի գիրքը տարիներով չի սպառվում, ուրեմն մենք կայուն ընթերցողական դաշտ չենք ունեցել: Այնպես որ, այսօր գիրք կարդում են նրանք, ովքեր ուզում են կարդալ և պահանջ ունեն կարդալու:
Եվ մյուս կողմից, եթե ընթերցողը ծանոթ չէ ժամանակակից հեղինակներին ու հրատարակիչներին, այդ մարդը ո՞նց պիտի գնահատի գրողին, նրա աշխատանքը:

– Գրադարանների համալրվածության մասին. Հայաստանում տարեկան 2200-ից ավելի գիրք է հրատարակվում, բայց մեր գրադարանները համալրվածության խնդիր ունեն, չեն կարող ընթերցողին մատուցել նրա պահանջած ժամանակակից հրատարակությունները, ինչո՞ւ, և այս հարցի ի՞նչ լուծում եք տեսնում:

– Նայած թե ում են պատկանում գրադարանները: Մշակույթի նախարարությանը պատկանող գրադարանները տարեվերջին համալրվում են վերջին երեք տարում պետպատվերով և աջակցությամբ հրատարակված ու վաճառքում մնացած գրքերով: Դրանք բաշխվում են գրադարաններին: Պետականորեն այս գործն արվում է, բայց Հայաստանում շատ գրադարաններ կան: Ինչո՞ւ համայնքներում որևէ մեկը չի մտածում որոշակի գումար հատկացնել գիրք ձեռք բերելու համար: Եթե ամեն ինչ թողնել, թե վերևից մեկը պետք է գա ու մեզ գիրք նվիրի` չի լինի: Պետությունն իր կողմից հնարավորինս ամեն ինչ անում է: Բայց մենք էլ մի քիչ պիտի մտածենք, հնարավորություններ գտնենք:

Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է. Աշոտ Մելքոնյան

Ashot MelkonyanՄայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-ամյակը: Այս առիթով «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ:

– Պարոն Մելքոնյան, 96 տարի առաջ հռչակված և ընդամենը 2,5 տարի կյանք ունեցած հանրապետությունն ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել մեր հետագա պատմական ընթացքի համար:

– Եթե խորհրդային ժամանակաշրջանում այդ հանրապետության անունն իսկ փոխում էին` այն անվանելով ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանի Բուրժուական Հանրապետություն, ապա անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Առաջին Հանրապետության այդ երկուսուկես տարվա պատմությունը սկսեցին ներկայացնել հակառակ տեսանկյունից` միայն վարդագույն գույներով: Բայց հիմա` անկախության ձեռքբերումից տասնամյակներ անց, կարող ենք 1918-ի խորհուրդը ճշգրիտ գնահատել:

Ընդունված է ասել, որ 1045-ին Բագրատունյաց Անիի և 1375-ին Կիլիկյան թագավորության անկումից հետո մենք պետականություն չենք ունեցել մինչև 1918 թվականը: Սա սխալ մոտեցում է, որովհետև պետականությունը միայն լիարժեք թագավորական իշխանությունը կամ հանրապետությունը չէ: Պետականությունը հաճախ հանդես է գալիս անթեղված` իշխանապետությունների տեսքով: Բարգատունյաց թագավորության անկումից հետո թագավորություններ պահպանվեցին Կարսում, Սյունիքում, հետագայում պետականությունը շարունակվեց իշխանապետություններով և մելիքություններով:

Մելիքն ուներ զորք, դատական համակարգ, որոշակի միջպետական հարաբերությունների իրավունք: Իսկ Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչվում էր անգամ Իրանի շահի կողմից: Այդ շղթան էր, որ հանգեցրեց 1918-ին:

Սա ուզում եմ նշել, քանի որ մեր թուրք-ադրբեջանական հակառակորդներն ասում են, թե հենց մենք` հայերս ենք ասում, որ XI դարի կեսերից պետականություն չենք ունեցել և միայն 1918-ին թուրքերի բարեգութ վերաբերմունքի շնորհիվ պետականությունը վերականգնեցինք: Ոչ: Մենք պետականությունը 1918-ին վերականգնել ենք մայիսյան հերոսամարտերի բոցերով:
Մինչև անկախության հռչակումը, երբ գոյություն ուներ Անդրկովկասյան Սեյմը, վրացիները գաղտնի բանակցությունների մեջ էին գերմանացիների, իսկ ադրբեջանցիները` թուրքերի հետ, որպեսզի Անդրկովկասյան Սեյմի լուծարումից և անկախության հռչակումից հետո Թուրքիան և Գերմանիան ճանաչեին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Այսինքն` ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը պայքարում էր թուրքերի դեմ, այդ հանրապետության ղեկավարությունը սակարկության մեջ էր թուրքերի հետ հայկական հողերի հաշվին: Մեկը մյուսի հետևից հայկական հողերը` Էրզրում, Սարիղամիշ, Կարս, հանձնվում էին առանց կռվի: Բայց մենք 1918-ի մայիսի 22-30-ը տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերի շնորհիվ վաստակեցինք պետականություն ունենալու իրավունք: Պետք է մեկընդմիշտ ցրել այն կարծիքը, թե թուրքերը սկուտեղի վրա մատուցեցին մեր պետականությունը:

Մայիսի 28-ի խորհուրդը շատ մեծ է: Պետականության վերականգնումից հետո պետականության զգացողությունը ներարկվեց հայ ժողովրդրի մեջ ընդամենը 2,5 տարվա ընթացքում: Դրա ամենավառ ապացույցը 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությունն է, որի արդյունքում դաշնակցությունը եկավ իշխանության և վերականգնեց պետականությունը մինչև 1921-ի ապրիլի 2-ը: Սա նշանակում է, որ 2,5 տարում մարդկանց մեջ ձևավորվեց պետականության զգացողությունը, և հենց ազգը զգաց, որ ինքը վտանգված է խորհրդային իշխանության առաջին ամիսներին, ապստամբեց և նորից իշխանության բերեց նախկին ղեկավարներին: Մեր ժողովուրդը ճաշակեց պետականության համը, և այդ զգացողության շնորհիվ էր, որ խորհրդային իշխանության տարիներին պետականությունը դարձյալ ոչ անկախ պայմաններում շարունակեց իր գոյությունը:

1920 թ. դեկտեմբերի 2-ի երևանյան համաձայնագրով, երբ դաշնակցությունը իշխանությունը հանձնեց, Հայաստանը ոչ թե հռչակվեց խորհրդային Ռուսաստանի մասնիկ, ինչպես ոմանք կարծում են, այլ հռչակվեց խորհրդային սոցիալիստական անկախ պետություն: Այլ հարց է, որ 1922-ին լենինյան ղեկավարությունը ազգերի ինքնուրույնությունը սահմանափակելու նպատակով սկզբում ստեղծեց Անդրկովկասյան Դաշնությունը, հետո 1922-ի դեկտեմբերի 30-ին այն մտցրեց ԽՍՀՄ-ի մեջ, և սուվերեն իրավունքները պակասեցին: Մինչև 1922 թ. Խորհրդային Հայաստանն անկախ է եղել, ունեցել է դիվանագիտական ներկայացուցիչներ տարբեր երկրներում: Մայիսի 28-ի իներցիայով կյանքի կոչվեց վարչական համակարգով բացարձակապես նախորդի հետ կապ չունեցող մի համակարգ` Խորհրդային Հայաստանը, որը նույնպես պետականության դրսևորում էր:Երրորդ հանրապետությունը ևս կյանքի կոչվեց անթեղված պետականության հիմքի վրա:

Բոլշևիկ գործիչների ծրագրերում բացարձակապես չկար խորհրդային Հայաստան ունենալու ծրագիր, լավագույն դեպքում նպատակ ունեին ինքնավար մարզի կամ հանրապետության կարգավիճակով Հայաստանը մտցնել կա՛մ ապագա խորհրդային Վրաստանի, կա՛մ Ադրբեջանի կազմ: Իսկ փետրվարյան ապստամբությունը և 1918-20 թթ. հանրապետությունը ստիպեցին կենտրոնական իշխանություններին հաշվի նստելու առաջին հանրապետության և դրան հաջորդած երկրորդ հանրապետության գոյության հետ: Դրա հիմքի վրա էլ ստեղծվեց երրորդ հանրապետությունը:

Մայիսի 28-ի տոնակատարությունը, որը նշվում է որպես առաջին հանրապետության տոն, կարծում եմ` ինչ-որ իմաստով ճիշտ չի ձևակերպված: Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է, առհասարակ պետականության, որն ուղղակի կապ ունի երկրորդ և երրորդ հանրապետությունների հետ: Մայիսի 28-ի խորհուրդը հենց այդ շարունակականության մեջ է:

– Երրորդ հանրապետությունն արդեն 23 տարի անկախ է, բայց մինչև հիմա բազում չլուծված խնդիրներ կան, որոնք արդարացնում ենք նորանկախ հանրապետություն լինելու հանգամանքով: Առաջին հանրապետության 2,5 տարիների ընթացքում այն ժամանակվա պետական այրերն ի՞նչ ու ինչպե՞ս հասցրեցին անել:

– Առաջին հանրապետության ղեկավարներն արել են անկարելին: Երբ թուրքական զորքը ներխուժել էր Արևելյան Հայաստան և անմիջական վտանգ էր կախվել Էջմիածնի ու Երևանի վրա, որտեղ ծվարել էին հարյուրհազարավոր արևելահայեր ու արևմտահայ գաղթականներ, Բաթումի պայմանագիրը ստորագրելն այլընտրանք չուներ: Սա պետք է դառնորեն ընդունել: Նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը: Ոմանք շահարկում են, թե Հայաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով դեպի Արևմուտք, մոռացության տվեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության հետևանքով երկիրը կործանվեց: Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորինս փորձեց սերտ կապեր հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ադրբեջանն ամեն ինչ արեցին, որ հայ-ռուսական մերձեցումը բացառեն, և հաջողեցին: Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, Սևրով տարվելուն, բա ի՞նչ պիտի անեին: Նրանք հասկանում էին, որ փոքրիկ Հայաստանը չի կարող ապագա ունենալ առանց ելքի դեպի Սև ծով, ուստի հայացքն ուղղել էին դեպի Արևմուտք: Այլ հարց է, որ Արևմուտքի մեր դաշնակիցները մեզ մենակ թողեցին թուրքերի դեմ, հետո էլ անցան նրանց կողմը: Բայց Հայաստանն ավելին անել չէր կարող:

Ինչպես վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է պատկերավոր ասում, Հայաստանի Հանրապետությունը, միևնույն է, դատապարտված էր կործանվելու, քանի որ հայտնվել էր բոլշևիկյան սալի և թուրքական մուրճի միջև: Ուստի ասում եմ` Աստված մի արասցե, որ պատմության անիվը երբևէ նորից պտտվի այնպես, որ Թուրքիան և Ռուսաստանը նորից դառնան դաշնակիցներ, դա մեզ համար աղետալի հետևանքներ կունենա: Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակցին, պետք է հիշենք, որ մենք կուրորեն չպիտի լինենք Ռուսաստանի կրտսեր եղբայրը, այլ լինենք հավասարը հավասարի պես: Եթե ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ուրեմն պետք է իմանան, որ հավասարազոր դաշնակից ենք, և հավուր պատշաճի հարգեն մեր ազգային շահերն ու իրավունքները:

– Երրորդ հանրապետությունը կառուցելիս որքանո՞վ ենք հաշվի առել առաջին հանրապետության դասերը:

– Եթե առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ 2,5 տարի, ապա երրորդ հանրապետությունն արդեն գոյություն ունի մոտ 2,5 տասնամյակ, սա, կարծում եմ, կարևոր գնահատական է այդ հանրապետության սխալները հաշվի առնելու և դասերից հետևություններ անելու իմաստով: Փառք Աստծո, տարածքների հարցում դեռ շահած վիճակում ենք: Այլ հարց է, որ պետք է հեռատես գտնվենք, այլապես այսպիսի ահռելի արտագաղթի պայմաններում շահեկան վիճակը երկար չի տևի, Աստված մի արասցե, դրանով կարող է վտանգվել նաև երրորդ հանրապետության գոյությունն ու հեռանկարը: Պետք է սթափվենք և հասկանանք, որ արտագաղթը աղետալի է մեզ համար, իշխանությունները պետք է սթափվեն և ժողովրդին այս հողի վրա պահելու քայլեր ձեռնարկեն, որպեսզի ոչ միայն երրորդ հանրապետության ապագայի իմաստով վստահ լինենք, որ խնդիր չունենք, այլև, իմ խորին համոզմամբ, մի օր պիտի ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարին արժանանանք, քանի որ Թուրքիան վաղ թե ուշ որպես երկիր դատապարտված է կործանման: Խելոք լինենք, որ պատեհ պահին օգտվենք այդ առիթից:

– Պարոն Մելքոնյան, Ձեր կարծիքով 1918-ի իրադարձությունները, առաջին հանրապետության պատմությունը որքանո՞վ են ներկայիս սերնդին ճիշտ ներկայացված:

– Կարծում եմ, որ այդ նյութերը հավուր պատշաճի դեռ ներկայացված չեն մեր ժողովրդին: Պետության խնդիրը պետք է լինի նպաստավոր միջավայր ստեղծել, որ հնարավոր լինի պահանջարկ առաջացնել մարդկանց մեջ դեպի այս իրադարձությունների ուսումնասիրությունը: Մարդիկ գիտեն, որ նման բան է եղել: Ո՞վ կարող է ասել, որ Սարդարապատի մասին չգիտի: Բայց չգիտեն, թե ինչպես է տեղի ունեցել, ինչ ընթացք է ունեցել, որն է դրա պատմական նշանակությունը:

– Այսօրվա սերունդը հայրենասե՞ր է:

– Յուրաքանչյուր դարաշրջան ծնում է իր հերոսներին: Նրանք, ովքեր կարծում են, թե այս սերունդը չի կռվի, որովհետև հուսալքված է, որովհետև Հայաստանում օլիգարխիա կա, սխալվում են: Աստված մի արասցե, երբ գա այդ պահը, նա օլիգարխին էլ է մոռանալու, բթամիտ պաշտոնյային էլ, նա աչքի առաջ ունենալու է իր ընտանիքը, իր ծնողին, իր երեխային և գնալու է հայրենիքի համար կռվելու: Ի դեպ, վաղ միջնադարում հայրենիք էին անվանում այն հողակտորը, որը հորից ժառանգաբար անցնում էր որդուն:
Ամեն ժամանակաշրջան կծնի իր հերոսներին: Եվ ես ցանկանում եմ, որ գալիք սերունդը, որը պիտի հերոսանա, արժանանա շատ ավելի մեծ արդյունքների, քան մեր սերունդը, որովհետև մենք դեռ շատ ազատագրելու հողեր ունենք:

Մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ և Սևանա լիճ փակվել է մի մարդու քմահաճույքով

կանալ3Մարտունի քաղաքի բնակիչներն այս գարնանը տհաճ անակնկալի են դեմ առել. պարզվում է, որ մարտունեցիների մուտքը Սևան ազգային պարկ այսուհետ արգելված է: Սա սեփականատիրոջ որոշումն է, որը, ի թիվս այլ հողատարածքների, չգիտես ինչպես, գնել է նաև դեպի ազգային պարկ տանող ճանապարհը: Եվ որպեսզի իսկապես արգելի քաղաքացիների մուտքն ազգային պարկ իր տարածքով, նոր սեփականատերը ճանապարհին քարեր է լցրել և ջրանցք է փորել, ըստ բնակիչների` մոտ 5 մ լայնությամբ և 3 մ խորությամբ: Ջրանցքը բնակիչների գլխին կրկնակի պատուհաս է դարձել. ոչ միայն դեպի անտառ և լիճ տանող ճանապարհն է իսպառ փակվել, այլև հարևանությամբ բնակվող բնակիչների ջրհորներում և արտեզյան հորերում ջրի մակարդակն է իջել:

Մարտունի քաղաքի 250-ից ավել բնակիչներ հավաքվել ու նամակ են հղել քաղաքապետին` խնդրելով պարզել, թե որքանով է օրինական տարածքում նման ջրատար փորելը և օրենքի սահմաններո՞ւմ է արդյոք այդ հողերի վարձակալության պայմանագիրը:
«Հարգելի՛ պարոն Հարությունյան, Մարտունի քաղաքի 5-րդ և 6-րդ թաղամասերի բնակիչները տասնյակ տարիներ Մարտունու «Օդանավակայան» կոչվող տարածքից մինչև Պահածոների գործարան հասնող տարածքով ունեցել են բազմաթիվ մուտքեր դեպի անտառ և Սևանա լիճ։ Տարիների ընթացքում սեփականաշնորհվող և վարձակալվող տարածքներում աստիճանաբար փակվեցին մուտքերը դեպի անտառ։ Մենք բավարարվել ենք մնացած միակ ճանապարհով, որը երթևեկելի էր և՛ հետիոտնի, և՛ մեքենայի համար։ Այդ ճանապարհն օգտագործվում է ինչպես հանգստի, այնպես էլ գյուղատնտեսական նպատակներով՝ անտառից խոտի և ցախի տեղափոխման համար: …Հավելենք նաև, որ կանալը փորելուց հետո շրջակա տարածքի ջրհորները ջրազրվել են, և վտանգվում է ամռանը մեր հողատարածքների ոռոգումը։ Արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ` հրդեհի, անտառի տվյալ հատված մեքենաների և մարդկանց մուտքն անհնար է»,- նշված է նամակում։

Բնակիչները պատրաստ են անգամ բողոքի ցույցի դուրս գալ: Նրանք սպասում են քաղաքապետարանի արձագանքին մինչ բողոքի ակցիաները սկսելը:

կանալ2«Անկախի» հետ զրույցում Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանը նշեց, որ ամեն ինչ արված է օրենքի սահմաններում. «Մարդն իր տարածքը չորացնելու համար կանալ է փորել, որի համար մեզանից թույլտվություն ստանալու կարիք չունի»:
Կարապետյանն ասում է, որ ճամփեզրի ու Սևան ազգային պարկի միջև ընկած արտադրական տարածքները խորհրդային միության փլուզումից հետո սեփականաշնորհվել են և բազմիցս վերավաճառվել: Դրա հետ քաղաքապետարանը որևէ կապ չունի: Իսկ արտադրական տարածքին հաջորդող հատվածում, ըստ Կարապետյանի, տվյալ սեփականատերը 99 տարով ազգային պարկից 25 հա վարձակալած հողատարածք ունի: 2010-ից հետո, երբ այդ հողերը համայնքային հաշվեկշռին են անցել, քաղաքապետարանը այդ հատվածից նույն սեփականատիրոջն ուղիղ վաճառքով 5 հա է վաճառել: «Ճանապարհի մասը, որքան գիտեմ, այդ 5 հեկտարի մեջ չի մտնում, բայց դա էլի իրենն է: Դեմն էլ իր սեփական շենքերն են արդեն, որի հետ քաղաքապետարանն ընդհանրապես կապ չունի»:

Կարապետյանը պնդում է, որ քարտեզով նշված տարածքում ճանապարհ չկա նախատեսված: կանալ«Բոլոր քարտեզներով ուսումնասիրություններ ենք կատարել, իրենցից բոլորից պահանջել ենք սեփականության վկայականները, Սովետական Միության ժամանակներից այդտեղ եղել է արտադրական տարածք և ճանապարհը, որը հիմա բնակիչները շեշտում են, եղել է արտադրական տարածքների համար»,- ասում է Կարապետյանը:
Սակայն անգամ այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է մի քանի արտադրական ընկերությունների` նախկին պանելի գործարանին, բետոնի գործարանին և կահույքի արտադրամասին սպասարկող տարածքը հայտնվել մեկ սեփականատիրոջ կադաստրային վկայականում` փաստի առաջ կանգնեցնելով նաև մյուս երկու արտադրամասերի սեփականատերերին:

Չնայած Կարապետյանի հավաստիացումներին, թե քարտեզով տվյալ հատվածում ճանապարհ նախատեսված չէ, բնակիչները հակառակն են պնդում:
«Նոր քարտեզով են նայում, որն իրենք են գծել, ինչ ուզեցել են, ներառել են, ինչը չէ` բաց են թողել: Թող 20 տարի առաջվա քարտեզները նայեն: Վստահաբար հին քարտեզներում ճանապարհ կա նախատեսված այս հատվածում»,- ասում են նրանք:

Կարապետյանը նշում է, որ քարտեզով դեպի լիճ տանող երկու ճանապարհ կա` Ներքին Գետաշենից դեպի Մարտունի` ավտոկայան չհասած տարածքով և Մարտունուց դեպի Վաղաշեն, այսպես կոչված` շրջկոպի տարածքով: Այս ճանապարհները, սակայն, հեռու են և ամենօրյա օգտագործման համար պիտանի չեն, քանի որ կրկնակի ու անգամ եռակի երկարացնում են բնակչի ճանապարհը դեպի անտառ:

Կարապետյանն ասում է, որ իրենք ցանկանում են օգնել բնակիչներին` հասկանալով նրանց դժգոհությունը: Այդ նպատակով չափագրումներ են իրականացրել` հուսալով, որ ինչ-որ բան չի համապատասխանի կադաստրային վկայականին, բայց ապարդյուն: Ներկա սեփականատերը քաղաքապետարանում հայտարարել է, որ դա իր սեփականությունն է, որի համար գումար է վճարել, ուստի չի պատրաստվում զիջել ու բնակիչներին ճանապարհ տալ:
«Նախկին սեփականատիրոջն ենք կանչել, բացատրել, որ սխալ վաճառք է իրականացրել»,- ասում է Կարապետյանը:

«Անկախը» փորձեց նաև պարզաբանում ստանալ Սևան ազգային պարկից:
«Քաղաքապետարանի տարածքում է դա, մեր տարածքում չէ: Եթե բնակիչները բողոք ունեն, թող քաղաքապետարանից քարտեզը վերցնեն, եթե քարտեզով ճանապարհ կա ուրեմն կբացվի: Բայց դա հաստատ մասնավոր մարդու տարածքով է անցնում դեպի ազգային պարկ»,- ասաց Սևան ազգային պարկի Վարդենիկի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով` եթե բնակիչներն արտադրական տարածքների սեփականատերերի հետ համաձայնության գան ճանապարհի առումով` Սևան ազգային պարկի հետ որևէ խնդիր չի լինի, ազատ կկարողանան մուտք գործել անտառ:

Իսկ կանալի օրինականության հարցը փորձեցինք պարզել բնապահպանության նախարարությունից: Այստեղից մեզ ուղղորդեցին Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, որտեղից պնդեցին, որ կանալներն իրենց իրավասությունից դուրս են և առաջարկեցին դիմել Ջրային տնտեսության պետական կոմիտե: Այստեղ էլ պատասխանեցին, որ իրենք միայն ոռոգման ջրի հարցով են զբաղվում, հետևաբար նշված կանալն իրենց իրավասությունից դուրս է և էլի ուղղորդեցին բնապահպանության նախարարություն: Այստեղ նորից պնդեցին, որ արտեզյան հորերի ու ջրհորների համար է ջրօգտագործման թույլտվություն հարկավոր, իսկ կանալի համար` ոչ, եթե անգամ դրա պատճառով առուներն ու ջրհորներն են ցամաքում: Նախարարությունից նշեցին, որ կանալով և դրա հետևանքներով պետք է զբաղվի համայնքապետարանը:

Հ.Գ.
«Անկախը» հետամուտ կլինի խնդրի հանգուցալուծմանը և առաջիկայում այլ հրապարակումներ ևս կներկայացնի այս թեմայով: