«Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումներ Ստրասբուրգում

գինիՀոկտեմբերի 29-30-ին ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում Զարգացման հայկական գործակալության եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել էին «Հայկական խաղողի հմայքը» գինիների համտեսի միջոցառումներ, որոնց նպատակն էր ներկայացնել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության դարավոր պատմությունը եւ ավանդույթները, ինչպես նաեւ` հայկական գինիները և կոնյակը:
Հոկտեմբերի 29-ին միջոցառումը անցկացվեց Եվրոպայի խորհրդում՝ նիստերի դահլիճի նախասրահում: Միջոցառումը բացեցին ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը նույն օրը ԵԽ Նախարարների կոմիտեի Հայաստանի նախագահության անունից ելույթ ունեցավ ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում, եւ Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շթաան:
Հոկտեմբերի 30-ին Ստրասբուրգի Առեւտրա-արդյունաբերական պալատում անցկացվեց հայկական գինիների եւ կոնյակի համտես-երեկո, որին հրավիրված էին նաեւ Ստրասբուրգի քաղաքապետարանի, Առեւտրա-արդյունաբերական պալատի, Ստրասբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչներ, ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչներ, դիվանագետներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Ալզասի տարածաշրջանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Ժան-Լուի Հյորլեն: Ստրասբուրգը միջոցառմանը ներկայացնում էր փոխքաղաքապետ Նավել Րաֆիկ-Էլմրինին:

Վալերի Մարության. մարդ, բժիշկ, զինվորական

4Նոյեմբերի 3-ին լրանում է, բժիշկ, ազատամարտիկ, գնդապետ, Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանի ծննդյան 70-ամյակը: Այդ կապակցությամբ նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր  հուշ-ցերեկույթ` նվիրված զինվորական բժշկի հերոսական կյանքին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ, ժամկետային զինծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լեգենդար բժշկի հարազատները և զինակից ընկերներ:

Հարգանքի և երախտիքի խոսքերով հանդես եկան Վալերի Մարությանի մարտական ընկերները, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերհիշելով և արժևորելով արցախյան ազատամարտի դրվագները, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ազատամարտի մասնակից բազմաթիվ քաջորդիների շարքում կարևորեց Վալերի Մարությանի դերը, ընդգծելով, որ հայրենիքի հանդեպ նրա նվիրումը պետք է վառ օրինակ ծառայի ներկա և գալիք սերունդների համար: «Վալերի Մուրաթյանի անմիջական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել են բազմաթիվ զինվորական հոսպիտալներ: Արցախյան պատերազմի տարիներին Վալերի Մարությանը դաշտային հոսպիտալներում կատարել է հազարավոր վիրահատություններ և ավելի քան 8 հազար մարտիկների վերադարձրել է ռազմի դաշտ»,- իր խոսքում մասնավորապես նշեց նախարարը:

Հուշ-ցերեկույթի ընթացքում ներկայացվեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում պատրաստված «Այրվելով լույս եմ տալիս ուրիշներին» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված Վալերի Մարությանին: Ֆիլմը ռազմական բժիշկի գործունեության ամփոփ գնահատականն է, հայրենիքի նվիրյալ սքանչելի մարդու և ընկերոջ նկարագիրը:

Հուշ-ցերեկույթի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, ռազմաբժշկության զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:

Հատկանշական է, որ ինչպես Վալերի Մարությանի որդին` Արթուր Մարությանը, այնպես էլ նրա թոռը` Մարութ Մարությանը, այսօր շարունակում են լեգենդար բժիշկի սկսած գործը: Մարութ Մարությանն այժմ ծառայում է զինված ուժերում, բուժծառայության լեյտենանտ է: 

 

 

Բարեխիղճ տնտեսվարողները մասնակցում են մայրաքաղաքի բարեկարգմանը

002Երևանում, եղանակով պայմաններից ելնելով, աշնանային ծառատունկի նպաստավոր ժամկետ է որոշված նոյեմբերի 1-20-ը. այս ընթացքում մայրաքաղաքում շուրջ 20.000 ծառ է տնկվելու։

Տարեկան ծառատունկից բացի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման կարգի սահմաններում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում նվազագույնը մեկական մշտադալար են տնկելու։ Մշտադալարների տունկը արդեն մեկնարկել է Երևանի բոլոր վարչական շրջանում։ Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի խոսքով, արդեն 50 տնտեսվարողներ արձագանքել են քաղաքապետի առաջարկին։

՛՛Ի ուրախություն մեզ՝ տնտեսվարողներից շատերը մեկից ավելի մշտադալար ծառ կամ թուփ են տնկում։ Նման արձագանքից երևում է, որ պարտադիր բարեկարգումը նրանց համար ևս ցանկալի պայման է՛՛,- նշել է Հրայր Անտոնյանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բջջային հեռախոս գողացողը հայտնաբերվել է

ձերբակալելՍեպտեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից մի քաղաքացու բջջային հեռախոսը գողանալու մասին:
Նոյեմբերի 1-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1998 թ. ծնված Սարգիս Թ.-ն, որը ոստիկանության բաժնում խոստովանել է կատարածը:
Գողոնն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Քաղաքաշինության նախարարության շենքում այրվել է պահարան

Հրդեհ ԱրտաշատումԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր  ժամը 12.24-ին ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ ծուխ է նկատվել ՀՀ քաղաքաշինության նախարարության շենքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղքը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում՝ Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 1/3 շենքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել՝ 12.51-ին:
Շենքի 1-ին հարկի արհեստանոցում մասամբ այրվել է պահարան՝ գույքով (2 քմ):

Վիճել են, ապա միմյանց մետաղաձողով ծեծել

ոստիկանություն3Նոյեմբերի 1-ին, ժամը 17.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1984 թ. ծնված Արփինե Ս.-ն:
Ժամը 18.30-ին նա հաղորդում է տվել, որ Դ. Մալյան նրբանցքի թիվ 9/4 հասցեի մոտ իր հարևան Մարգարը ոտքերով հարվածել է իր գլխին, մարմնի տարբեր մասերին, իսկ վերջինիս մայր Թագուհին ձեռքով հարվածել է իր ուսին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարգարը 1993 թ. ծնված Մարգար Մ.-ն է, իսկ Թագուհին` 1970 թ. ծնված Թագուհի Ս.-ն, որոնք նույն օրը, ժամը 23.00-ին, ներկայացել են բաժին:
Մարգար Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված վայրում, վիճաբանության ժամանակ, Արփինե Ս.-ն մետաղաձողով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, իսկ Թագուհի Ս.-ն հայտնել է, որ Արփինե Ս.-ն նույն մետաղաձողով հարվածել է իր ոտնաթաթին և ձեռքին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով

ձերբակալելՆոյեմբերի 1-ին, ժամը 10.50-ին, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին. նա 2012 թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:

 

«Օպել-Աստրա»-ն գլորվել է ձորակը. վարորդը մահացել է

ավտովթարՆոյեմբերի 1-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Պետյա Գ.-ի վարած «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.15-ի սահմաններում Արգինա-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին գլորվել է ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանները պարզել են, որ «Օպել Աստրա»-ում են գտնվել ևս երկու ուղևորներ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն
Հանգամանքերը պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

 

Աշտարակում երկու մարդու են սպանել

դանակահարելՆոյեմբերի 2-ին, ժամը 01.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ֆիտագարալ գծով 4-րդ և 5-րդ ողերի մակարդակով ծակած-կտրած թափանցող վերքով» բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Արթուր Պապյանը, իսկ ժամը 01.50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի միջին ատրակային գծով 4-րդ և 5-րդ միջին կողերի ծակած վերք, սրտի վնասվածք հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է 1981 թ. ծնված Էդգար Գալստյանի դիակը:
Գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնից իրենց մոտ տեղափոխված Արթուր Պապյանը, ստացած վնասվածքներից, մահացել է:
Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունից տեղեկացնում են որ կատարվում է նախաքննություն:

Քաղաքաշինության նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

հրդեհՆոյեմբերի 2-ին, ժամը 12.24-ին Քաղաքաշինության նախարարության ոստիկանության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաղաքաշինության Նախարարության շենքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղքը:
Առաջիկայում ԱԻՆ-ից  լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն դեպքի մասին:

ՀԱԿ գրասենյակ մտած ու սպանության սպառնալիքներ տված անձը հայտնաբերվել է

ոստիկանությունՆոյեմբերի 1-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարյան 38 հասցեում երկու դանակներով զինված մի տղամարդ սպառնալիքներ է տվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից կես ժամ առաջ, մոտ 50-55 տարեկան մի տղամարդ մտնելով հիշյալ հասցեում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ՝ սպանության սպառնալիքներ է տվել:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպառնալիքներ տված անձը Սպիտակ քաղաքի բնակիչ, 1957 թվականին ծնված Արսեն Օհանյանն է:
Նոյեմբերի 2-ին, ժամը 1.15-ին, Օհանյանը հայտնաբերվել է Երևանի Թումանյան 3 շենքի մոտ ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն:
Անձնական խուզարկությամբ Արսեն Օհանյանի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող երկու դանակները՝ շեղբի 11 սանտիմետր երկարությամբ:
Քննությունը շարունակվում է:

 

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 9,83 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՀոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,363,616 ԱՄՆ դոլար 404.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 110,350,622 ԱՄՆ դոլար 405.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,830,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,785,986 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,406,827 EUR 555.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,446,336 EUR 559.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 773,297,941 ՌԴ ռուբլի 12.57 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 123,702,942 ՌԴ ռուբլի 12.76 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 30,000,000 ՌԴ ռուբլու առք եւ վաճառք 12,67 դրամ մեկ ՌԴ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.2 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Զանգվածային հոսանքազրկման պատճառը համակարգի խափանումն է եղել

elektroՆոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:
Տեղեկություն էր ստացվել նաև, որ մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է. ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:

Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:

Ժամը 12.07-ի վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևելյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝

Նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան   23.60C  (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -2.50C   (1889 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   9.80C

ՀՀ ՊԵԿ-ի նոր անակնկալը կամ ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ

Վահե ՍԱՐԳՍՅԱՆՋավախքից դեպի ՀՀ անցնելիս՝ Բավրայի մաքսային կետի շենքի պատուհաններին կտեսնենք հետևյալ հայտարարությունը. “Օգտագործված անվադողերի ներբերումը ՀՀ արգելվում է”: Այս տողերը կարող էին ուրախացնել յուրաքանչյուր քաղաքացու՝ կապված այն հանգամանքի հետ, որ օգտագործված անվադողերը կարող են նպաստել շրջակա միջավայրի աղտոտմանը: Այդ դեպքում էլ բնական հարց կարող էր առաջանալ՝ ինչու հենց միայն անվադողեր, և ոչ թե, օրինակ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր կամ այլ իրեր:

Խնդիրն իրականում բոլորովին այլ է, և օգտագործված անվադողերի ներբերման արգելումն ամենևին էլ կապ չունի հայրենական իշխանությունների բնապահպանական վեհ ու հայրենանվեր ծրագրերի հետ: Գաղտնիք չէ, որ, ելնելով ՀՀ-ում առկա և չհիմնավորված բարձր գներից, ՀՀ հազարավոր քաղաքացիներ իրենց անվադողերը փոխում են Վրաստանում, իսկ հին անվադողերից նրանք, որոնք հնարավոր է օգտագործել ևս մի որոշ ժամանակ, քաղաքացիները վերցնում են իրենց հետ՝ բերելով ՀՀ: ՀՀ ՊԵԿ-ը, բնականաբար, երկար է մտածել, թե ինչպես կարելի է քաղաքացիների այս հնարքի դեմն առնել և ստիպել վերջիններիս՝ անվադողերը գնել ոչ թե Վրաստանից, այլ՝ ՀՀ-ից: Հարցն այնքան էլ հեշտ լուծվողներից չէ, և ՊԵԿ-ը, երկար մտածելուց հետո որոշել է արգելել հին անվադողերի ներբերումը: Հասկանալի է՝ շատ քաղաքացիներ, ափսոսալով դեն նետել դեռևս օգտագործվող անվադողերը, կձգձգեն Վրաստան այցելությունը և կսպասեն վերջիններիս իսպառ մաշվելուն, իսկ եթե այդ զառամյալ անվադողերի հետ մի չար դեպք պատահի, օրինակի համար՝ հանկարծակի պայթեն, ապա քաղաքացին ստիպված կլինի դրանք փոխել նորերով ոչ թե Վրաստանում, այլ ՀՀ տարածքում: Երկար ու մանրակրկիտ հաշվարկների արդյունքում ՊԵԿ-ի աշխատակիցները, փաստորեն, գտել են <հարցին> մասնակի լուծում տալու ելքը. ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ:

Թե ով է անվադողերի ՀՀ ներմուծման հեղինակը, անկեղծ ասած, չգիտեմ: Դատելով անհասկանալի բարձր գներից՝ այս մենաշնորհը պատկանում է ոչ անհայտ մեկին, և հայրենի իշխանությունները, փոխանակ զսպեն այս ներկրողի նկրտումներն ու ապահովելով մրցակցություն՝ իջեցնեն աստղաբաշխական գները, գործում են ճիշտ հակառակ կերպ, ինչպես դա տեղի է ունենում ՊԵԿ-ի պարագայում:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ Հայաստանի կողմից «բաց երկնքի քաղաքականություն» որդեգրելու կապակցությամբ

Տիգրան Սարգսյան,Ջոն Հեֆերն, «բաց երկնքի քաղաքականություն»Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

ԱՄՆ դեսպանը շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային  սահմաններն ազատականացնելու կապակցությամբ: Նա նշել է, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման և զբոսաշրջության խթանման համար, և ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնց համատեքստում Տիգրան Սարգսյանը և Ջոն Հեֆերնը մտքեր են փոխանակել նոր համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյան,Չիլիի դեսպան

 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի լավ հարաբերություններ ու համագործակցություն և շահագրգիռ է Չիլիի հետ ևս ակտիվացնել փոխգործակցությունը: Նախագահը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանին կհաջողվի պաշտոնավարման շրջանում զգալիորեն նպաստել երկկողմ կապերի ամրապնդմանը, հատկապես, երբ Հայաստանը և Չիլին միմյանց հետ քաղաքական որևէ խնդիր չունեն, ավելին՝ լավագույնս համագործակցում են միջազգային հարթակներում:

Տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը: Չիլիի դեսպանի հավաստմամբ, այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են սկսվել:

Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Խուան Էդուարդո Էգիգուրենին՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների դիվանագիտական առաքելությունն իրականացնելու պատասխանատու աշխատանքում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Տրանսպորտի և կապի նախարարությունում

 Սերժ Սարգսյան, Տրանսպորտի և կապի նախարարությունՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ: Այնուհետև Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ, որի ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Տրանսպորտի և կապի նախարարության 2012թ. և 2013թ. անցած ինն ամիսն ընկած ժամանակահատվածում գործունեության արդյունքները: Նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը ներկայացրել է նույն ժամանակահատվածում երկաթուղու գործունեությունը, նախարարի տեղակալներ Արտաշես Ավետիսյանն ու Անդրանիկ Ալեքսանյանը ներկայացրել են համապատասխանաբար ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում նախարարության կողմից իրականացված աշխատանքներն ու կապի և հեռահաղորդակցության ոլորտում վերոնշյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը, իսկ նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը զեկուցել է աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքների հիմնական ցուցանիշները։ Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի խնդիրներն ու զարգացումները 2012թ. և 2013թ. անցած ինն ամսվա դրությամբ: Այն զեկուցել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

Զեկուցված թեմաների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել պատասխանատուներին և բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել: Խոսելով ճանապարհաշինության և այլ ծրագրերի համար հատկացված միջոցների մասին՝ Նախագահն ընդգծել է դրանց օգտագործման և իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Ճանապարհների պահպանումը, օրինակ, Նախագահի խոսքով, չպետք է ենթադրի միայն դրանք ձյունից մաքրելը: Այդ ուղղությամբ ճիշտ աշխատանք իրականացնելու պարագայում, Սերժ Սարգսյանի համոզմամբ, ճանապարհները կարելի է դարձնել շատ ավելի երկարակյաց:

Խորհրդակցության ավարտին Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ նախարարություններ իր այցերը նպատակ են հետապնդում անմիջականորեն տեղում ծանոթանալու խնդիրներին, պատասխանատուների հետ դրանք քննարկելուց հետո՝ լուծումներ տալու, որոնք պետական կառավարման այդ մարմիններին կօգնեն իրենց աշխատանքների կազմակերպման, ծրագրերի իրականացման գործում բարձրացնել արդյունավետությունը: Հանրապետության Նախագահն արդյունավետ աշխատելու կարևոր նախապայման է համարել հատկապես մարդկային ռեսուրսի՝ կադրերի ընտրությունն ու նրանց հետ իրականացվող աշխատանքը: «Եթե մենք չկարողացանք ունակ երիտասարդ կադրեր ներգրավել մեր աշխատանքում, ոչինչ չի ստացվելու: Մենք պետք է ամեն օր դրանով զբաղվենք: Յուրաքանչյուր ղեկավարի պարտականությունն է զբաղվել խնդիրներ լուծող, այդ խնդիրներից չվախեցող, ցանկացած մարտահրավերի դիմակայելու պատրաստ, գիշեր-ցերեկը հաշվի չառնող մարդկանց աշխատանքում ներգրավելու գործով: Եվ այդ մարդկանց նկատմամբ մենք պետք է լինենք շատ ուշադիր: Միայն սոցիալական խնդիրներ լուծելով, այսինքն` աշխատավարձ բարձրացնելով, խրախուսելով, մենք չենք կարողանալու նրանց պահել: Մարդիկ հավելյալ ուշադրության կարիք ունեն, սրտացավ խոսքի, իրենց աշխատանքը գնահատելու կարիք ունեն: Եվ մենք պետք է կարողանանք ճիշտ օգտագործել ավագ սերնդի փորձը՝ այն համադրելով երիտասարդների եռանդի հետ»,-ընդգծել է Նախագահը:

Տրանսպորտի և կապի նախարարությունում ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանն ավարտել է նախարարության մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությամբ. երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանին, տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Այվազյանին, փոստի վարչության պետի տեղակալ Ծովինար Գալստյանին, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Վերդյանին Նախագահը պարգևատրել է շնորհակալագրերով: