ՀՀ ՊԵԿ-ի նոր անակնկալը կամ ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ

Վահե ՍԱՐԳՍՅԱՆՋավախքից դեպի ՀՀ անցնելիս՝ Բավրայի մաքսային կետի շենքի պատուհաններին կտեսնենք հետևյալ հայտարարությունը. “Օգտագործված անվադողերի ներբերումը ՀՀ արգելվում է”: Այս տողերը կարող էին ուրախացնել յուրաքանչյուր քաղաքացու՝ կապված այն հանգամանքի հետ, որ օգտագործված անվադողերը կարող են նպաստել շրջակա միջավայրի աղտոտմանը: Այդ դեպքում էլ բնական հարց կարող էր առաջանալ՝ ինչու հենց միայն անվադողեր, և ոչ թե, օրինակ, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր կամ այլ իրեր:

Խնդիրն իրականում բոլորովին այլ է, և օգտագործված անվադողերի ներբերման արգելումն ամենևին էլ կապ չունի հայրենական իշխանությունների բնապահպանական վեհ ու հայրենանվեր ծրագրերի հետ: Գաղտնիք չէ, որ, ելնելով ՀՀ-ում առկա և չհիմնավորված բարձր գներից, ՀՀ հազարավոր քաղաքացիներ իրենց անվադողերը փոխում են Վրաստանում, իսկ հին անվադողերից նրանք, որոնք հնարավոր է օգտագործել ևս մի որոշ ժամանակ, քաղաքացիները վերցնում են իրենց հետ՝ բերելով ՀՀ: ՀՀ ՊԵԿ-ը, բնականաբար, երկար է մտածել, թե ինչպես կարելի է քաղաքացիների այս հնարքի դեմն առնել և ստիպել վերջիններիս՝ անվադողերը գնել ոչ թե Վրաստանից, այլ՝ ՀՀ-ից: Հարցն այնքան էլ հեշտ լուծվողներից չէ, և ՊԵԿ-ը, երկար մտածելուց հետո որոշել է արգելել հին անվադողերի ներբերումը: Հասկանալի է՝ շատ քաղաքացիներ, ափսոսալով դեն նետել դեռևս օգտագործվող անվադողերը, կձգձգեն Վրաստան այցելությունը և կսպասեն վերջիններիս իսպառ մաշվելուն, իսկ եթե այդ զառամյալ անվադողերի հետ մի չար դեպք պատահի, օրինակի համար՝ հանկարծակի պայթեն, ապա քաղաքացին ստիպված կլինի դրանք փոխել նորերով ոչ թե Վրաստանում, այլ ՀՀ տարածքում: Երկար ու մանրակրկիտ հաշվարկների արդյունքում ՊԵԿ-ի աշխատակիցները, փաստորեն, գտել են <հարցին> մասնակի լուծում տալու ելքը. ինչքան շատ անվադողերի պայթյուն, այնքան մեծ եկամուտ:

Թե ով է անվադողերի ՀՀ ներմուծման հեղինակը, անկեղծ ասած, չգիտեմ: Դատելով անհասկանալի բարձր գներից՝ այս մենաշնորհը պատկանում է ոչ անհայտ մեկին, և հայրենի իշխանությունները, փոխանակ զսպեն այս ներկրողի նկրտումներն ու ապահովելով մրցակցություն՝ իջեցնեն աստղաբաշխական գները, գործում են ճիշտ հակառակ կերպ, ինչպես դա տեղի է ունենում ՊԵԿ-ի պարագայում:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Tags: , ,