Օրինախախտ վարորդները պատասխանատվության ենթարկվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած կալանավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանությունը շարունակական պայքար է մղում ապօրինի ծառահատումների դեմ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի նախկին «մաքրման կայանի» ուղղությամբ` սարալանջին, ծառեր են կտրում:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 18.00-ին բերման է ենթարկել 1960 թ. ծնված Մարտուն Թ.-ին, որը նշված վայրում, կացնի գործադրմամբ, ապօրինի հատել է 6 բոխի և 4 լորենի:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լուսաղբյուր համայնքի տարածքում կատարվել է ապօրինի ծառահատում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1960 թ. ծնված Սամվել Մ.-ն բենզասղոցի գործադրմամբ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Լուսաղբյուր համայնքի վարչական տարածքում ապօրինի հատել է 20 հատ սոճի:
Նշանակվել էր մասնագիտական ստուգում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հոկտենբերի 25-ին ստացվել է մասնագիտական եզրակացություն, համաձայն որի` ապօրինի հատմամբ պատճառված վնասի չափը կազմում է 727.500 դրամ:
Պատճառված վնասի հատուցման սակագինը վճարված է:
Կարինեն օղու կոտրած շշով հարվածել և վնասվածքներ է պատճառել Ռուբենին
Հոկտեմբերի 29-ին, ժամը 01.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել է 1972 թ. ծնված Կարինե Ս.-ն և հայտնել, որ ինքը «մարդ է խփել, որը արյունաքամ է լինում»:
Նույն օրը, ժամը 02.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի «թիկնային մակերեսի կտրած արյունահոսող վերք, պարանոցի աջ կողմնային շրջանի կտրած-պատռած արյունահոսող վերք, պարանոցի և կզակի շրջանի քերծած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1960 թ. ծնված Ռուբեն Հ.-ին:
Պարզվել է, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, Կարինե Ս.-ն օղու կոտրած շշով երկու անգամ հարվածել է Ռուբեն Հ.-ին ` պատճառելով վնասվածքներ:
Կարինե Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Գիտաժողով «Դինամո» մարզահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության լեյտենանտը վտանգելով կյանքը՝ փրկել էր 17-ամյա աղջկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարուցվել է քրեական գործ ոստիկանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության աշխատակցի կողմից վրաերթի հետևանքով անչափահաս Զ. Հ.-ին մարմնական վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի տեղամասային տեսուչ Արման Եփրեմյանը 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Արևշատ-Դիտակ գյուղամիջյան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արևշատ գյուղի բնակիչ 2004 թվականին ծնված Զ. Հ.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի թիվ 44 դպրոցն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի թիվ 44 դպրոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, որն այսուհետ Երևանի ավագանու որոշմամբ կկրի պոլսահայ նշանավոր լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի անունը:
Դպրոցի համար հանդիսավոր օրը նշանավորվել է նաև Հրանտ Դինքի հուշատախտակի բացումով: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին:
Այնուհետ Երևանի քաղաքապետն ու Հրանտ Դինքի ընտանիքի անդամները ներկա են գտնվել օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված «Ես Հրանտ Դինքն եմ» խորագիրը կրող միջոցառմանը:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ իրականում մեծ պատիվ է կրթվել ու դաստիարակվել Հրանտ Դինքի անունը կրող դպրոցում, ում կենսագրությունն արդեն իսկ մեծ խորհուրդ է բոլորի ու հատկապես այսօրվա սերնդի համար. «Հրանտ Դինքը որպես ուսուցիչ, որպես խմբագիր, որպես հրապարակախոս, իր ասելիքներն ու գրվածքները, իր կերպն անընդհատ ուսումնասիրման առիթ է լինելու բոլորիս համար: Միևնույն ժամանակ նաև խորհուրդ՝ մեր հոգածության ներքո առնելու սփյուռքի մեր յուրաքանչյուր զավակին, քանզի նրանց մեջ են նաև ստեղծագործ կերպերը, որոնք շարունակում են պահպանել հայ ինքնությունը, տեսակը և հայեցի դրսևորումները: Գնահատելի է, որ այսօրինակ ջերմությամբ է այսօր անվանակոչվում այս դպրոցը, այսպիսի հարգանքով ու, որ ամենակարևորն է, ազգայինի գիտակցմամբ»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության, ինչպես նաև հրանտդինքյան ոգով ու շնչով առլեցուն օրվա համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը քաղաքական, պաշտպանական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում: ՀՀ Նախագահը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարևորել են նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ երկու երկրների համանման մոտեցումներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության ներուժն ավելին է, քան այսօր օգտագործվում է, ինչը, զրուցակիցների համոզմամբ, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
|
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի և միջբակային ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
Մայրաքաղաքի փողոցների փոսային նորոգումների ընթացիկ տարվա հիմնական ծրագրերն արդեն ավարտվել են, սակայն, ելնելով անհրաժեշտությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այժմ այդ ուղղությամբ ճանապարհաշինական կազմակերպությունները լրացուցիչ աշխատանքներ են կատարում: Հատվածաբար վերացվում են վարչական շրջանների տարածքներում հայտնաբերված և արձանագրված ասֆալտի քանդված ծածկույթի թերությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում երկրորդական փողոցներին: Գործընթացը, ըստ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության համանուն բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանի, կշարունակվի՝ քանի դեռ առկա են բարենպաստ եղանակային պայմանները: Հետագայում փոսային նորոգումների ենթարկված փողոցները պարբերաբար կներառվեն փողոցների հիմնովին կամ մասնակի նորոգման ծրագրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինաշխատանքները
Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքները` հոկտեմբերի 29-ին շինհրապարակ այցի ընթացքում արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ հասցեում կառուցվող համալիրն իր մեջ ներառում է մի քանի նախարարությունների վարչական, առանձին ծառայությունների վարչական եւ հասարակական մասնաշենքեր։ Նորակառույց շինությունների րնդհանուր մակերեսր պետք է կազմի մոտ 32.000 քմ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից, ավարտը նախատեսվում է 2015 թվականի դեկտեմբերին: Նախարար Ս. Թադեւոսյանին զեկուցեցին, որ աշխատանքները կատարվում են ըստ հաստատված ժամանակացույցի եւ մինչ օրս իրացվել է շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ ընկերության կառավարումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է խորհուրդ, որը գլխավորում է քաղաքաշինության նախարարը: Խորհրդում ընդգրկված են Երեւանի քաղաքապետի, ֆինանսների եւ արդարադատության նախարարների տեղակալները, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալը, քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը: ՀՀ կառավարության որոշմամբ պատվիրատուի լիազորությունները գործակալական հիմունքներով իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական» ԾԻԳ-ը: Շինարարությունը իրականացնում է «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն: Շինարարը պայմանագրի համաձայն պարտավորվել է շենքը հանձնել ամբողջությամբ ավարտուն վիճակում 2015 թվականի դեկտեմբերին, իսկ արդեն 2016 թվականի փետրվարին նախարարությունները պետք է տեղափոխվեն նորակառույց այս շենք:
Հայաստանի արտգործնախարարի և Հունաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային առնչություններով և Հայաստանը մեծապես կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:
Արտգործնախարարը հավելեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտին իր պաշտոնական այցելությունը Աթենք և հանդիպումը Դմիտրիս Ավրամոպուլոսի հետ որպես Հունաստանի ԱԳ նախարար ու գոհունակությամբ նշեց, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում:
Հունաստանի պաշտպանության նախարարը ընդգծեց, որ շատ բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները։ Նա ասաց, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայ և հույն ժողովուրդները միասնաբար պայքարել են օտարերկրյա նվաճողների դեմ։
Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ քաղաքական և ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը:
Պարբերաբար գույքագրվում և փոխվում են մայրաքաղաքի վթարված և չգործող լուսացույցներն ու ճանապարհային նշանները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր փողոցներում իրականացվում է վթարված և չգործող լուսացույցների ու ճանապարհային նշանների գույքագրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից դրանք վերականգնելու և նորերով փոխարինելու նպատակով:
2013 թվականի հունվարից լուսացուցային տնտեսության արդիականցման աշխատանքների շրջանակում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համակարգվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուսադիոդային ժամանակակից նոր լուսացուցային օբյեկտներով է վերազինել մայրաքաղաքի թվով 10 խաչմերուկ։ Մասնակի վերականգնման աշխատանքներ են կատարվել 12 խաչմերուկում, որտեղ տեղադրված լուսացույցները կոտրվել և վթարվել էին այս կամ այն պատճառով: 10 նոր լուսացուցային օբյեկտներով են կահավորվել նաև որոշ ճանապարհահատվածներ և խաչմերուկներ, որոնցում մինչ այդ լուսացուցային կարգավորում կիրառված չի եղել։
Զուգահեռ իրականացվում են նաև ճանապարհային նշանների վերականգնման, նորերով կահավորման և փողոցների գծանշման աշխատանքները:
Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է ընդհանուր առմամբ 1559 նոր ճանապարհային նշան, որից միայն 40-ը՝ նախորդ շաբաթվա ընթացքում:
Գծանշման աշխատանքների շրջանակում կատարվել է ավելի քան 1 միլիոն 700 հազար գծամետր գծանշում։ Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում ինչպես հիմնանորոգվող փողոցների սեղմ ժամկետում գծանշմանը, այնպես էլ երկրորդական և երրորդական փողոցներում, կրթական և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում համապատասխան աշխատանքների իրականացմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահն ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի ղեկավարությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի և Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (ԲԵԱՖԱ) ղեկավարությանը՝ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկայի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անվանի մարզիկների հետ Հայաստան են ժամանել ս.թ. հոկտեմբերի 27-30-ը մասնակցելու Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփմանը: Հայաստանը հիշյալ ասոցիացիայի անդամ է դարձել 2012 թվականից և հյուրերի հավաստմամբ, արդեն իսկ որոշակի առաջընթաց է արձանագրել աթլետիկայի զարգացման ուղղությամբ, ինչը հիմք է դարձել ԲԵԱՖԱ-ի տարեկան ամփոփիչ միջոցառումը Երևանում անցկացնելու համար: Սերժ Սարգսյանը ողջունել է տարբեր երկրներից ժամանած հյուրերին՝ ընդգծելով հատկապես երիտասարդ սերնդի համար անվանի մարզիկների հետ շփվելու կարևորությունը, մարզաձևի զարգացման ուղղությամբ նրանց կողմից իրականացվող միջոցառումները, որոնք խրախուսում են երիտասարդներին: Հանդիպմանը Սերգեյ Բուբկան և աթլետիկայի ֆեդերացիաների ղեկավարները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակել աջակցությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային՝ այդ մարզաձևի զարգացումը Հայաստանում հնարավորինս խթանելու նպատակով: Հյուրերը կարևորել և բարձր են գնահատել նաև մարզաձևի նկատմամբ Հայաստանում զգալի հոգածությունն ու ուշադրությունը, ինչը, նրանց համոզմամբ, աթլետիկայի զարգացման կարևոր գրավականներից է: |
Վարչապետը շնորհավորել է հայ ոսկերիչներին մասնագիտական տոնի առթիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում ընդունել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Ոսկերչի ազգային օրվա շրջանակում անցկացվող «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ոսկերչի ազգային օրվա կապակցությամբ: ՀՀ կառավարությունը, գնահատելով ոսկերիչների դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև հաշվի առնելով հայ ոսկերիչների խնդրանք-դիմումը, հոկտեմբերի վերջին կիրակի օրը սահմանել է որպես հայ ոսկերչի մասնագիտական տոն: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը շեշտում է, թե որքան կարևոր է մեզ համար այս ոլորտը, որը համարում ենք տնտեսության զարգացման առաջնահերթություններից մեկը: Ցանկանում եմ շնորհավորել այս հիասքանչ միջոցառման բոլոր մասնակիցներին, ցանկանալ հաջող և բեղմնավոր աշխատանք:
Հայ ոսկերիչներն ունեն դարերից եկող գեղեցիկ ավանդույթներ, և դա մեր ազգային հարաբերական առավելությունն է, որը պարտավոր ենք օգտագործել: Մենք ունենք տաղանդավոր ոսկերիչներ, աշխարհահռչակ գործարարներ, ինչը վկայում է այն մասին, որ այս բնագավառում տաղանդաշատ հայ ժողովուրդը կարող է մրցակցել և հասնել լուրջ հաջողությունների: ՀՀ կառավարությունը Հայ ոսկերիչների համաշխարհային միության հետ ստորագրել է պայմանագիր, որով մենք հիմք ենք դրել պետություն – մասնավոր համագործակցության համար և ստանձնել փոխադարձ պարտավորություններ: ՀՀ կառավարությունն ստանձնել է ոսկերչությունը որպես գերակա ուղղություն դիտարկելու և ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու պարտավորություն: Այդ առումով ազատ տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում ոսկերչության զարգացման համար:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ հավաստիացնել, որ ի դեմս ՀՀ կառավարության դուք ունեք հուսալի գործընկեր: Պատրաստ ենք համատեղ ջանքերով ոլորտը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ հայ ժողովուրդը շարունակի հպարտանալ այն հաջողություններով, որ ունեցել ենք և պետք է ունենանք»:
Այնուհետև վարչապետ Սարգսյանը զրուցել է տարբեր երկրներից ժամանած հայ ոսկերիչների հետ, նրանց հետ մտքեր փոխանակել ոլորտում իրականացվող ծրագրերի, զարգացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ:
«Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 28-ին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Ամենամյա այս ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության հանրահայտ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ Հայաստանից և ավելի քան երկու տասնյակ երկրներից։
Փաստաբանը դիմում է գլխավոր դատախազին` անարդարությունը վերացնելու կոչով
“Անկախի» խմբագրությունը ներկայացնում է փաստաբան Սամվել Ջաղինյանից ստացած բաց նամակը` ուղղված Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այն ամբողջությամբ կարդացեք ստորև.
«Հարգելի պարոն ԿՈՍՏԱՆՅԱՆ,
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.2013թ-ին իմ պաշտպանյալ Մարտին Արմենակի Ծերունյանը ձերբակալվել է, 14.05.2013թ-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեկան գործի նախաքննության ընթացքում բազմաթիվ միջնորդություններ և բողոքներ եմ ներկայացրել ինչպես նախաքննական մարմին այնպես էլ դատախազություն և դատարաններ: Բոլոր դեպքերում ստացել եմ չպատճառաբանված ու անհիմն բացասական պատասխաններ: Այս ամիսների ընթացքում համոզված լինելով, որ իմ պաշտպանյալը իրեն մեղսագրված հանցավոր արարքի հետ որևէ կապ չունի սպասել ենք իրավապահ մարմինների կողմից խնդրի արդարացի լուծմանը, որը սակայն օր-օրի առավել անիրատեսական դառնալով հանգեցրել է հիասթափության, սպառել հավատը և բաց նամակով Ձեզ դիմելու առիթ հանդիսացել:
Իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանին առաջադրվել է անհիմն, մեղադրանք նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ և առհասարակ անհասկանալի է թե ինչ հանցավոր արարք է կատարելու մեջ է նա մեղադրվում:
Արդեն վեց ամիս է Մ. Ծերունյանը կալանավորված է այդ ընթացքում նրա հետ քննչական որևէ գործողություն չի իրականացվել, գործով քննիչը իմ պաշտպանյալին հանդիպել է ընդամենը երեք անգամ, որից երկուսը ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ծանոթացնելու իսկ մեկը` ինչ որ փորձաքննության եզարակացություն ծանոթացնելու նպատակով, այսպիսով խափանման միջոցը վերածվել է պատժի:
Իմ պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվել և երկու անգամ երկարացվել է առանց որևէ փաստական հիմքի:
Հարգելի պարոն գլխավոր դատախազ, բաց նամակով դիմելով Ձեզ հայցում եմ Ձեր բարձր աջակցությունը, խնդրում եմ ծանոթանալ Մ. Ծերունյանին առաջադրված մեղադրանքի էությանը: Համոզված եմ, որ այդ ժամանակ Ձեր համար ևս ակնհայտ կդառնա, որ Ծերունյանն որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրվել է անհիմն և անարդարացի մեղադրանք, ուստի խնդրում եմ հանձնարարել իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն դադարեցնել և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:
Խորին հարգանքով
թիվ 69105413 քրեական գործով մեղադրյալ
Մարտին Արմենակի Ծերունյանի
պաշտպան Սամվել Ջաղինյան»
Հայաստանի բուհերը խոշոր հարկատուների ցանկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 20 բուհեր և Կրթության ազգային ինստիտուտը :
Խոշոր հարկատուների ցանկում ըստ հաջորդականության ընդգրկված են Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայ-ռուսական(սլավոնական) համալսարանը, Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարաժական ինստիտուտը,Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ ոստիկանական ակադեմիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Ֆրանսիական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան և Գավառի պետական համալսարանը:
Բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 6,3 մլրդ. դրամ: Ի դեպ նախորդ տարվա՝ 2012 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,9 մլրդ դրամ:
Քաղաքապետարանը սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցություն է տրամադրում տարբեր ոլորտներում
Երևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողությամբ իրականացնում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր, որը ներառում է աջակցություն տարբեր ոլորտներ։ 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել 439 ընտանիքների՝ բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով։ Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել 1047 ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466 ընտանիքների։
Սիրիահայերն ընդգրկված են նաև քաղաքապետարանի սոցիալական ընդհանուր ծրագրերում. Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել են 259 քաղաքացիներ, «Գթության խոհանոցից» օգտվում են 43 սիրիահայեր։
Սիրիահայ քաղաքացիներից 70-ը կենսաթոշակի իրավունք են ձեռքբերել, 25 սիրիահայ ընտանիքներ էլ նպաստի իրավունք են ստացել։
Ուսումնական տարվան ընդառաջ՝ սիրիահայ ընտանիքների 67 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ բացի սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերից, քաղաքապետարանը նաև երևանցիների առօրյայում սիրիահայերի լիարժեք ինտեգրմանն ուղղված քայլեր է ձեռնարկում։ Այդ նպատակով, օրինակ, սիրիահայ երեխաներն ակտիվորեն մասնակցել են «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել նաև սիրիահայ 4 ուսուցիչների։ Պարգևատրվել են նաև ամռան ընթացքում Երևանի Ս.Շահումյանի անվան համար 1 դպրոցում սիրիահայ աշակերտներին արևելահայերեն դասավանդող ուսուցիչները
Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրում ներագրավված է նաև առողջապահության վարչությունը։ 2013թ. հունվարից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 1361 սիրիահայեր, որոնցից 139-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում. նրանց տրամադրվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսին:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին դեսպան Թունսիի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև երկկողմ հարաբերությունները կակտիվանան: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների խորացմանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ արաբական երկրների հետ այսօր առկա է ակտիվ համագործակցություն տարբեր ոլորտներում: Այդ համատեքստում կարևորվել է նաև Մարոկկոյի հետ միջպետական համագործակցության զարգացումը:
Դեսպան Մինա Թունսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները:


