|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները երկուստեք կարևորել են պատմամշակութային ամուր հիմքի վրա խարսխված հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը քաղաքական, պաշտպանական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում: ՀՀ Նախագահը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարևորել են նաև միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ երկու երկրների համանման մոտեցումներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության ներուժն ավելին է, քան այսօր օգտագործվում է, ինչը, զրուցակիցների համոզմամբ, նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:
|

