Սպասվում է անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-5 աստիճանով:

Երևանում`Հունիսի 4-ին, 6-8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, 5-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.60C (2000թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.70C (1994թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.50C

Անկախ

ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՄՈՒԹԸ «ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ»

kazm2«Հրաշալի է, որ իջնում են ձյան ճերմակ փաթիլները: Ու սպիտակով է ծածկվում ամեն-ամենը: Եվ սպիտակում են մեր բոլոր մտքերը»:

Տոնինո Գուերա

Այս բնաբանն է ընտրել արձակագիր Լևոն Ջավախյանը այս տարվա սկզբին լույս ընծայած «Վերնիսաժ» ժողովածուի 55-րդ էջում սկսվող «Անդրադարձ» պատմվածքի համար: «Հիսունհինգ». սա 2005 թ. հրատարակված նրա երրորդ գիրքն էր: Եվ զուգադիպության ուժով էլ առաջինն այդ էջը բացեցի ու սկսեցի կարդալ հենց այդ պատմվածքը:

– …Չինգիզ խանի նման ես էլ դեպի չարն եմ գնում, որ բարին արարեմ: Իհարկե բնավորությանս որոշ գծեր նույնն են մնացել: Դրանք ողնաշարիս այն կարծր ողերն են, որոնց վրա դեռևս երևում է նախամարդը: Միշտ անդավաճան իմ ուղեկիցներն են փնթիությունը, անկեղծությունը, հետաքրքրասիրությունը, կենսախնդությունը, զարմացկոտությունը, բերանբացությունը, ճշմարտախոսությունը: Պարզապես ես չեմ կարող ստել: Օղորմածիկ Հովհաննես Մելքոնյանն ինձ ասում էր.
– Լևոն, գրականության հենքը սուտն է: Ես էլ եմ մեկ-մեկ ստում… Իսկ դու սուտը մեջից հանում ես:
«Եվ ի՞նչ: Սուտը մեծերին թողած` ես ճշմարտությունն եմ գրի առնում ու տարին տարվա վրա մեծանում», – գրում է Լևոն Ջավախյանը, ինքը դառնում իր քննադատը` հավատարիմ մնալով իր առաջին ժողովածուում («Ամենաանկեղծ մարդը») ինքնաներման ու ինքնահաստատման իր իսկ սահմանած չափորոշիչներին:

…Ահա «Վերնիսաժի առավոտ»-ը` անկախությունը եկավ և ինձ դուրս շպրտեց վերնիսաժ` արծաթ ծախելու:
Այստեղ են Աբոն, Նապոն, Վահագնը, Ջեման, Շինպիոն …մենք:

Առավոտը լույսն է: Օրը` կյանքը «Վերնիսաժ» պատմվածքում: Այստեղ երազային մեկնարկ է ու մտքում մանրածախ առևտրի խոսակցական-բացատրական բառարանը, որը, ըստ հեղինակի, ամբողջական չէ, բայց միանգամայն օգտակար է առօրյա առուծախում:
Հանրահայտ մեկնաբանությունների կողքին կարդում եմ «Դիվիդի անել»,- էլեկտրոնային կշեռքի ձեռնտու հարմարեցումը օգտագործողին, որը, ըստ ցանկության թերակշռում է կամ գերակշռում: Վայ միամիտներիս, ինձ նման քանի-քանիսներն են հավատացել այդ էլեկտրոնային սարքի անմեղությանը:
Ամենաանկեղծ, ամենամաքուր ու ճշմարիտ մարդը հենց այդպես պիտի լինի և հենց այդ են մեզ ուսուցանում իմ հայրենակից, ավագ ընկեր Լևոն Ջավախյանի պատմվածքները ու «Ժամանակի շունչը» խորագրված հրապարակախոսական հոդվածները, ակնարկները, նամակները:
Վերնիսաժ` մի կողմում Ավարայրում մարտնչած Վարդան Մամիկոնյանի ջղաձիգ արձանն է, իսկ մյուսում` պատմության թանգարանը: Սրանք Վերնիսաժի արժետիպերն են: Իսկ Վերնիսաժում մեր կյանքի լույսն ու մութն են: Այստեղ գալիս են մուրացկաններ, գնորդներ, դիտորդներ` և՛ հայազգի, և՛ օտարազգի: Շուկայում նրանք անգամ տուփերով օդ են գնում, որ տանեն որպես հուշ: Եվ անգամ դառնում են թալանչիների և գրպանահատների զոհ: Ու ծնվում է Լևոն Ջավախյանի «Ախ, վերնիսա՛ժ, վերնիսաժ»-ը` ոստիկանությանը հասցեագրված «Ի՞նչ է, նրանք, չե՞ն ճանաչում գողին» հարցադրումով ու «Գործեք, եթե գործունյա եք» կոչով:
Գրքի էջերում նաև Լևոն Ջավախյանի «Գրչեղբորս` Էքրեմ Էյլիսլիին» նամակն է` «Քարե երազներ» վիպակի համար ադրբեջանական լայն շրջանների հալածանքին արժանացած ադրբեջանցի գրողին, որի ավարտին կարդում եմ.
«Լևոն Ջավախյան (2010 թ. մայիսի 23-ին Հարավային Կովկասում հանդուրժողականություն և խաղաղություն քարոզելու անվանակարգում «Քիրվա» պատմվածքի համար արժանացել է Բաքվի հանդուրժողականության կենտրոնի մրցանակին) 07.02.2013 թ.»:
Ուզում եմ ավելացնել, որ Ջավախյանի ժողովածուն բացվում է հենց «Քիրվա» պատմվածքով, որը կյանքի մի փոքրիկ դրվագի ճշմարիտ նկարագրից այն կողմ չի անցնում: Չեմ ուզում այս թեմայով նոր քննարկում սկսել, ժամանակին դրանով ողողված էր մամուլն ու հեռուստատեսությունը:
Ոչ այս պատմվածքի հետ կապված, ուզում եմ ասել, որ ճշմարտությունը ներկայացնելու համար հաճախ նաև ծայրահեղ մոտեցումներ են պահանջվում: Լևոն Ջավախյանի տողերում մի կարևորեք դրանք: Նա դրա փոխարեն համարձակ գնահատականներ ու հարցադրումներ ունի, բնապահպանության, խաղաղության թեմաներով լուրջ մտահոգություններ: Ունի մամուլի հրապարակումների արձագանքման իրեն բնորոշ ոճը, ազատագրման իր տարբերակը, երջանկության իր բանաձևը, ճակատագրի նկատմամբ իր հավատը, նույնիսկ նիհարելու իր դեղատոմսը: Այս ամենը կգտնեք ժողովածուի էջերում, որտեղ նաև եզրահանգումներ կան` «Սիրեցե՛ք զմիմեանս», «Հայրենասիրությունը մի մարդու «գործ» չէ»: Նա չի մոռացել անգամ իր փոքրիկ թոռնիկի` Նելսոնի ծննդյան օրը (23.04.2012 թ.) բերել գրքի 63-րդ էջ ու «Համբարձում» պատմվածքով մերը դարձնել իր մանկության օրերը` ճառագելով սեր ու հավատ հայրենի եզերքի հանդեպ, մանկացնելով մեծերիս ու մեծացնելով, պաշտպանելով մանկանց:
Ես գրքի մասնագիտական գնահատականները թողնում եմ գրականագետներին, բայց ընթերցողին կոչ եմ անում, որ չսպասեն դրանց, այլ կարդան նրա գրքերը:
Որքան էլ հզոր լինեն ձյան փաթիլները ու ծածկեն ամեն-ամենը, մի օր ձնհալ է լինելու, և բաց ճակատով բոլորս մնալու ենք մեր դավանած ճշմարտության հետ: Հեռու չէ 2015 թվականը, Լևոն Ջավախյանը դառնալու է 65 տարեկան: Սպասենք նրա մտքի ու գրչի նոր առկայծումներին ու հավատանք, որ մեծ եղեռնի 100-ամյակի տարում արդար լուծում է ստանալու հայ դատի հիմնախնդիրը: Հնարավոր է նույնիսկ, որ մի գրքում տեսնենք «Քիրվա» պատմվածքն ու «Քարե երազներ» վիպակը ոչ միայն հայերենով: Ոչ ոք թող չկասկածի, որ ես կամ Լևոն Ջավախյանը ուրիշ որևէ մեկ հայից պակաս ենք ատում թուրք եղեռնագործներին, քնած սպային կացնահարող ադրբեջանցուն, ադրբեջանական կողմից կրակոցներ արձակողներին ու պատվիրողներին:
Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհերի ու կորուստների հիշատակին, բայց դեռևս չեմ պատրաստվում իմ գրադարակից դեն նետել խորհրդային տարիներին ադրբեջանցու ընծայագրով ստացած ռուսալեզու գիրքը: Հավատում եմ, որ առնվազն գրականության ու մշակույթի համար սահմանները մի օր բացվելու են:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Հայաստանը աջակցում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգմանը համայն աշխարհում

 Ցեղասպանության 100-ամյակԱնցյալ շաբաթ երկու կարևոր համաժողովներ տեղի ունեցան Երևանում հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստության շրջանակում:

 

Մայիսի 26-ին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, որոնք տեղեկացրեցին 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց առաջիկա ծրագրերի մասին: Այս առիթով ներկայացվեցին Հարյուրամյակի խորհրդանշանը և կարգախոսը` «Ես հիշում եմ և պահանջում»: Մասնակիցների համար համաժողովը եզակի հնարավորություն էր տեղեկատվության փոխանակման և միասնական ջանքերի համախմբման քննարկման առումով:

 

Մայիսի 27-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպումը համախմբեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներին և տասնյակ հայ դիվանագետների ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների համայն աշխարհից: Պետական հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Արցախի ղեկավարությունը և սփյուռքի խոշորագույն հայկական կազմակերպությունների նախագահները:

 

Նախագահ Սարգսյանը հանդուգն քայլ կատարելով հայտարարեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու նպատակով: Անակնկալի գալով, թուրքական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այս մարտահրավերին: Հայաստանի նախագահը նաև տեղեկացրեց համաժողովի մասնակիցներին, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին այդ օրն այցելելու Երևան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:

 

Պետական հանձնաժողովի անդամների ելույթներից հետո, Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդես գալու համաժողովում: Ինձ ևս խնդրեցին ելույթ ունենալ որպես Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի համանախագահ:

 

Ելույթս սկսեցի բացատրելով, որ աշխարհասփյուռ հայությունը չպետք է համակված լինի այն ակնկալիքով, թե արդյոք նախագահ Օբաման կներառի ցեղասպանություն բառը 2015 թվականի ապրիլի 24-ի իր «հիշատակման» ուղերձում: Հակառակ տարածված թյուրըմբռնման` Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով  Միջազգային դատարան, Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների բանաձևերով և 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախագահական հռչակագրով: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն չկա պնդելու, որ նախագահ Օբաման ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը` բացի իր տված խոստումը հարգելու և սեփական պատիվը փրկելու համար:

 

Ես իմ ելույթում նաև առաջարկեցի, որ քանի Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-ից մինչև 1923 թվականը, ապա Հարյուրամյակի առթիվ նախատեսված միջոցառումները պետք է երկարաձգել 2015-ից մինչև 2023 թվականը: Սա իսկական մղձավանջ կլինի թուրքական կառավարության համար, որն ստիպված է լինելու դիմակայել Հարյուրամյակի ոչ թե մեկ, այլ ութ տարվա միջոցառումներին:

 

Քանի որ Հարյուրամյակը պատմական կարևոր իրադարձություն է, ուստի ես կոչ արեցի հայկական համայնքներին` կազմակերպել յուրահատուկ միջոցառումներ, որոնք զանգվածային բնույթ կկրեն և հնարավորություն կունենան ապահովել համազգային կամ համաշխարհային հրապարակայնություն Թուրքիայից հայ ժողովրդի արդար պահանջների համար: Հարյուրամյակի առթիվ չպետք է կրկնել նախկին ամենամյա միջոցառումները: Սակայն, նախքան որևէ ծրագիր նախաձեռնելը, պետք է սկզբում հստակեցնել այն նպատակները, որոնք իրականացվելու են, այնուհետև որոշել, թե արդյոք նախատեսված միջոցառումները իրագործում են այդ նպատակները:

 

Այնուհետև ես ընթերցեցի համաժողովի մասնակիցների համար Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի որդեգրած առաքելությունը.

 

«Հայոց ցեղասպանության 100-ամյակը շեշտադրում է աշխարհասփյուռ հայության և բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջատիրական պայքարը հանուն արդարության: 2015 թվականին հիշատակվելու է 20-րդ դարի մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: 1915-ին թուրքական կառավարությունը սկսեց իր կանխամտածված և համակարգված արշավը՝ արմատախիլ անելու հայ բնակչությանը իր հայրենիքից և կոտորելու 1,5 միլիոն անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների: Թուրքիան պետք է վերջապես ընդունի իր պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության համար և համապատասխան բարոյական, ֆինանսական և տարածքային փոխհատուցումներ տա` ըստ հիմնարար միջազգային նորմերի ու քաղաքակիրթ հասարակության օրենքների»:

 

Ելույթս ավարտեցի առաջարկելով աշխարհասփյուռ հայությանը Հարյուրամյակի իրենց գործողություններն այնպես համակարգել, որ միևնույն ուղերձը հասանելի լինի ինչպես բարեկամին, այնպես էլ թշնամուն: Ես նաև առաջարկեցի, որ պետական հանձնաժողովի կողմից ընտրված կարգախոսը՝ «Ես հիշում եմ և պահանջում», փոփոխվի հետևյալ կերպ՝ «Մենք հիշում ենք և արդարություն պահանջում»…

 

Թեև այս հանրահավաքը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն այն առավել կարևոր էր Հարյուրամյակի նախատեսված միջոցառումների համակարգման առումով: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր կառավարությունը ուշի ուշով հետևում է Հարյուրամյակի հանձնախմբերի երևանյան հանդիպմանը: Բարեբախտաբար, Հայաստանում կազմակերպիչները զգույշ էին Հարյուրամյակի ծրագրերը հրապարակավ չներկայացնելու և դրանք թուրքական իշխանություններից գաղտնի պահելու հարցում` հնարավորինս քիչ ժամանակ տալով նրանց հայկական նախաձեռնություններին հակազդելու համար…

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

 լրատվական ծառայությունը Անկախին տեղեկացնում է, որ «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «ԱլավերդուՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում հունիսի 4-ին` ժամը 01:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Անկախ

Գրական երեկո Պրահայում

Մայիսի 31-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին նվիրված գրական երեկո` կազմակերպված Չեխիայում ՀՀ դեսպանության, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի և «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի կողմից:

Երեկոն վարում էր և բացման խոսքով հանդես եկավ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ներկայացնելով արտիստուհուն` նա մասնավորապես հիշեց, թե ինչպես էր Համո Սահյանը բնութագրել Սիլվա Յուզբաշյանին. «Ինձ միշտ զարմացրել է, թե նա ինչպես է կարողանում ապրել քնարական մտերիմ բանաստեղծությունը, հեղինակի տվյալ տողը գրելու պահի ներշնչանքը հաղորդել ունկնդիրներին, ինչպիսի անթերի վարպետությամբ է մակերես հանում բանաստեղծության ներքին փոթորիկը: Սա է նրա արվեստի ու նրա բացառիկության հիմնական խորհուրդը»:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան: Շնորհակալություն հայտնվելով կազմակերպիչներին և ներկաներին երեկոյին մասնակցելու համար` նա մասնավորապես խոսեց երկու բանաստեղծների ավելի քան հիսուն տարիների երկարատև ընկերության պատմության մասին և յուրաքանչյուրին բնութագրեց հենց ընկերոջ խոսքերով:

ԱգնՆերկայացնելով Սիլվա Յուզբաշյանին` նա ընդգծեց, որ ՀՀ վաստակավոր արտիստն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանը, անզուգական կատարող է, վայելում է հայ ժողովրդի մեծ սերը, և պատահական չէ, որ նրան կոչում են «ասմունքի թագուհի»:

Ներկաներին ողջունեց նաև երեկոյի կազմակերպիչներից «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, «Առավոտ» պարբերականի թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, ով երախտագիտությամբ նշեց, որ չնայած իր առօրյա խնդիրներին` չեխահայությունը շտապել է «մեր ազգային գրականության այս հիրավի պայծառ տոնի ականատեսն ու մասնակիցը լինելու»:

Այնուհետև Սիլվա Յուզբաշյանն իր հզոր և անզուգական ձայնով ներկաներին հրամցրեց հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները, պատմեց հետաքրքիր դրվագներ նրանց կենսագրությունից, ստեղծագործական և անձնական կյանքից: Ողջ երեկոյի ընթացքում զուգահեռ ցուցադրվում էին տեսահոլովակներ բանաստեղծների կյանքից:

Միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Սոնա Քոլոյանը և Աշոտ Սողոմոնյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ

03,06,2014Տավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:
Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը կարևորել է պետական օժանդակման ծրագրերի իրականացմամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտադրվել է սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում պետական օժանդակման ծրագրերի իրականացումը:
Հատկապես բարձր է գնահատվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի դերը, որով մարզի տասը համայնքներում արդեն ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս 6 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: «Այն հնարավորություն կտա նաև ստեղծել վերամշակման փոքր ձեռնարկություններ,անասնաբուժական սպասարկման կետեր, համայնքային այլ ենթակառուցվածքներ»,- նշել է նախարարը:
Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով անհանգստացնող այն փաստին, որ մարզում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը ներկայումս գրեթե 40 տոկոս է , նա հանձնարարել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ դրությունը շտկելու համար: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է վարչապետի հատուկ հանձնարականը, նշելով, որ աշնանացան ցորենից սկսած անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել նաև եգիպտացորենի և արևածաղկի մշակության ծավալների կտրուկ ավելացումը, մանավանդ, որ արդեն իսկ կան մթերող կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց օժանդակությունը բերել գյուղացուն սերմացուով, պարարտանյութով, վառելիքով և գյուղտեխնիկայով ապահովելու աշխատանքներին:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար, նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Չինարի և Այգեհովիտ համայնքների ղեկավարներ Սամվել Սաղոյանին և Լևոն Գրիգորյանին:
Մարզի գյուղատնտեսության ևս 17 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծված անասնապահական համալիր:
2011թվականից գործող համալիրն այսօր 200 գլուխ Եվրոպայից ներկրված բարձր մթերատու կենդանիներ ունի, որոնցից ստացված սերունդը տրամադրվում է մարզում ստեղծված անասնապահական կոոպերատիվներին: Նախարարը ծանոթացել է նաև կաթի վերամշակման նորաստեղծ արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ :
Այցելության վերջին կանգառը «Դիլի» տոհմային – անասնապահական ֆերման ու վերջինիս կաթի վերամշակման արտադրությունն էին: Ի դեպ այստեղ առաջացած արտադրական մի շարք խնդիրների, մասնավորապես ֆերմայի ջրամատակարման հարցի լուծմանն օժանդակելու խնդրանքով ընկերությունը վերջերս էին դիմել նախարարությանը:Այցը իրավիճակին տեղում ծանոթանալու և նախարարության միջնորդությունից հետո հարցի լուծման ընթացքի մասին անձամբ տեղեկանալու նպատակ էր հետապնդում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Հունիսի 3-ից հուլիսի 3-ը կանցկացվի «Երևանյան ամառ» լուսանկարների մրցույթը

Yerevan Summer photo«Երևանյան ամառ 2014» միջոցառումների շրջանակում հունիսի 3-ից մեկնարկում է  «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակացել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն (JPEG, 72-300dpi, 1200px-3000px) ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջով: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով:

Նկարները կարող եք ուղարկել մինչև հուլիսի 3-ը: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՀունիսի 2-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 8/3 շենքի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 21.00-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 02.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց», «Տոյոտա», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնություն է ստացել 24-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, թիվ 26 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ բախվել է առջևի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևորուհին սրահում վայր է ընկել և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 23.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեյվու Նեքսիա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյվու Նեքսիա»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում «ԼուԱԶ 969 Մ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի:
«ԼուԱԶ 969 Մ»-ի վարորդը և «ՎԱԶ-21124»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 1-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին` Չարենցավանի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել:
Հունիսի 2-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի փակ վնասվածքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հունիսի 1-ին, ժամը 18.40-ին, իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ճանապարհի 29-րդ կմ-ին ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել 50-ամյա տղամարդ և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.45-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

«Հոնդա»-ն Երևան-Մեղրի ճանապարհին շրջվել է. 73-ամյա ուղևորուհին մահացել է

ավտովթարՀունիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.50-ին ուղևորներից մեկը` 1941 թ. ծնված Հասմիկ Պողոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 2-ից 3-ը)

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 10, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության 3 և խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դպրոցականներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

001 (3)Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1500 աշակերտներ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ թանգարանային էքսկուրսիաների են մասնակցել: Աշակերտներն այցելել են Երևան քաղաքի պատմության, Հայաստանի պատմության թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի այս նախաձեռնությանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը։

Երեխաների հետ Երևան քաղաքի պատմության թանգարան են այցելել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

17-19-րդ դդ. Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան դիտելուց հետո այցելուները էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջել են թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ծանոթացել Երևանի պատմության դրվագներին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը

ԴԻԴԻԵ ԲՈՒՐԿՀԱԼՏԵՐՀունիսի 3-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայկական զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո

պնՀայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մայիսի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 5 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 3-ով։

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։ Զեկույցը կազմելիս որոշ ճշտումներ արվել են նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի հետ։

Կորուստներ

2014 թվականի մայիս ամսվա 5 կորուստներից 3-ը մարտական են, 2-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են Պաշտպանության բանակում, իսկ ոչ մարտականները՝ ՀՀ ՊՆ զորամասերում։

Մարտական կորուստներ

– Մայիսի 20-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է 1994 թվականին ծնված զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Մայիսի 21-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանին հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել ։

– Մայիսի 25-ին հայ-ադրբեջանական զորքերի առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարից զոհվել է փոխգնդապետ, գումարտակի հրամանատար Գարիկ Էդիսոնի Բալայանը:

– Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Ոչ մարտական կորուստներ

-Մայիսի 10-ին ժամը 08։50-ի սահմաններում Իջևանում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:

-Մայիսի 11-ին` ժամը 18:03-ի սահմաններում, Արփա գետի երկայնքով սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները և զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են զինծառայող, ավագ-լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:

Դեռևս մայիսի 3-ին քրեական գործ էր հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը։

Զինծառայողի դին դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել, բայց եզրակացության մասին դեռևս վաղ է ինչ-որ բան ասել։

Վիրավորներ

2014 թվականի մայիս ամսվա ընթացքում հայկական զինուժն ունի հայտարարված 5 վիրավոր, որից միայն մեկի անունն է հայտնի։

-Մայիսի 26-ին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականի ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

-Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Դիվերսիան հետ մղելիս հայկական կողմը վիրավորներ է տվել, որոնց թիվը, ըստ պաշտպանության նախարարության և Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալի պետի, 4-ն է։

Հավելենք, որ մայիսի 31-ին Սեյրան Օհանյանը վիրավոր զինծառայողներին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից 31-ը հայկական զինուժն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր, փետրվարի 1-28-ը` 1 զոհ, մարտի 1-31-ն՝ 5 զոհ և 2 վիրավոր, ապրիլին 1-30-ը՝ 1 զոհ և 1 վիրավոր։ Իսկ ահա մայիսի 1-31-ն կորցրել է 5 զինծառայողի, վիրավորվել են 5-ը։ Այսպիսով՝ այս տարի հայկական զինուժը կորցրել է 16 զինծառայողի։

Անկախ

Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո

ՊԲ,պնՌազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 8 զոհի և 20 վիրավորի մասին։

Եթե համեմատենք 2014-ի մայիս ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն չի փոխվել։
Նկատենք, որ մայիս ամսվա կորուստների շարքում չենք ընդգրկել Ադրբեջանի զինված ուժերի բժշկական ծառայության, պահեստազորի գեներալ-մայոր, 76-ամյա Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաևին, որը մահացել էր մայիսի 9-ին:

Բացի այդ, ցուցակում բացակայում է «առաջնագծում սպանված ադրբեջանցի 4 զինծառայողների» մասին մայիսի 11-ին տարածված տեղեկությունը, քանի որ դրա աղբյուրն ադրբեջանական սոցցանցային էջ է, այլ աղբյուրներով լուրը չի հաստատվել, Ադրբեջանի ՊՆ-ն ևս հերքել է տեղեկությունը:

2014-ի 8 զոհերի հետ կապված միջադեպերից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է 6-ը: Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացված տեղեկություններին՝ 8 զոհերից 2-ը մարտական են՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ իբր «հայկական կողմի դիվերսիայի պատճառով»: Խոսքը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին է, որի հետևանքով ադրբեջանական զինուժն ունեցել է 2 զոհ, 1 վիրավոր:

Հայտնի են զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։

6 ոչ մարտական կորուստներից 3-ի պատճառը հիվանդությունն է, 2-ինը՝ ավտովթարը, 1-ինը՝ սպանությունը:

Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով մահացած զինծառայողներից մեկի ախտորոշման մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռում է, մեկը մահացել է անոթների սուր հիվանդությունից, մյուսը՝ սուր մենինգիտից: Հատկանշական է, որ մայիս ամսվա ընթացքում Ադրբեջանում կրկին գլուխ է բարձրացրել Ադրբեջանի ՊՆ-ի՝ առողջական լուրջ խնդիրներով զինծառայողների բուժումը չհոգալու և նրանց իսպառ անտեսելու թեման:

Ինչ վերաբերում է հայտարարված վիրավորներին, ապա 2013-ի մայիսի համեմատ՝ դրանց թիվը նվազել է մոտ 13 տոկոսով։

20 տուժածներից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 10-ը. 4-ը, ըստ պաշտոնական վարկածների, մարտական պայմաններում են՝ «հայկական գնդակից», 11-ը՝ ավտոթարի, 2-ը՝ զորավարժությունների ժամանակ դժբախտ պատահարի, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի, 1-ը՝ դժբախտ պատահարի (հոսանքահարման) պատճառով:

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել հենց ՃՏՊ-ների պատճառով վնասվածքներ ստացած զինծառայողների վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը:

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի ապրիլի ընթացքում. հայտարարվել էր 11 զոհի,13 վիրավորների մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով մայիսին հայտարարված 8 զոհերն ու 20 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 35 զոհի, 59 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 35 զոհերից 11-ը մարտական կորուստ են:

Անկախ

Ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

      պնՀՀ պաշտպանության նախարարին առընթեր

            հասարակական խորհրդից Անկախին տեղեկացնում են, որ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2014թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 5-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են հասարակական խորհրդում շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

Անկախ 

      

Որո՞նք են մաքսային մարմինների հիմնական խնդիրները

մաքսայինԻնչպես ցանկացած պետական մարմին, այնպես էլ մաքսային մարմիններն ունեն իրենց խնդիրները, որոնց լուծումից է կախված տվյալ մարմնի կատարած աշխատանքի արդյունավետությունը: ՀՀ մաքսային օրենսգրքով (ընդունվել է 2000թ. հուլիսի 6-ին¤ սահմանված են մաքսային մարմինների հիմնական խնդիրները, որոնք են`

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական ինքնիշխանության, տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովումը,
բ) մաքսային օրենսդրության դրույթների կիրառման ապահովումը և մաքսային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, մաքսային օրենսդրության խախտումների կանխարգելումը, կանխումը, բացահայտումը, մաքսային օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի գանձման գծով աշխատանքների իրականացումը,
գ) առևտրատնտեսական հարաբերություններում մաքսային կարգավորման մաքսային օրենսդրությամբ սահմանված միջոցների կիրառումը, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը, մաքսային վճարների գանձումը և փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
դ) մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացումը և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը,
ե) մաքսանենգության, ինչպես նաև մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը վերաբերող մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական և հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների և բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապօրինի տեղափոխման կանխարգելումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցումը,
զ) Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական կապերի զարգացմանն աջակցումը,
է) սպառողների շահերի պաշտպանության նպատակով ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին աջակցումը,
ը) մաքսային գործին վերաբերող հարցերում միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրացումը, համագործակցությունն օտարերկրյա պետությունների մաքսային և իրավասու այլ մարմինների, մաքսային գործին վերաբերող հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ,
թ) Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության վարումը,
ժ) մաքսային գործի վերլուծումը, հետազոտումը և մաքսային գործի բնագավառում խորհրդատվական աշխատանքների կատարումը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի ունկնդիրներին

g_imageՀունիսի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի (The Royal College of Defence Studies) տարբեր երկրներ ներկայացնող ունկնդիրների պատվիրակությանը։

Նախարար Նալբանդյանը Թագավորական Քոլեջի ունկնդիրներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցությունը:

Մարտին Սարգսյանը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Մարտին ՍարգսյանՀիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Մարտին ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Ռազմական առումով այսօր Սիրիայում ամենալարված օրն է. արաբագետ

Արմեն ՊետրոսյանԱյսօր` հունիսի 3-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ նրա` Սիրիայում տիրող իրավիճակի պայմաններում ընտրությունների անցկացումը հետապնդում է երկու նպատակ. այս շրջանում, երբ փակուղի է մտել Սիրիայի ճգնաժամի խաղաղ լուծման համար պայքարող ժնևյան գործընթացը( Ուկրաինայում տեղի ուենցող իրադարձությունների պատճառով իրար են բախվել Ռուսաստանը և ԱՄՆ-ը), գործող իշխանությունը փորձում է պահպանել ստատուս քվոն: Ըստ Բաշար ալ-Ասադի` դա անելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ իր իշխանությունը լեգիտիմ է:

 

«Երկրորդ. Ասադը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ հակառակ նրանց պնդումներին սիրիացի ընտրողների զգալի մասի աջակցությունը իր կողմն է. նրանք ողջունում են իշխանությունների գործողությունները և հավատացած են, որ իրենց ուժերով ի վիճակի են վերջ դնել երեք տարի շարունակվող հակամարտությանը»,- նշեց արաբագետը: «Ռազմական գործողությունները վերջին շրջանում որակական նոր փուլ են մտել. դա կապված է Հոմս քաղաքի ազատագրմամբ Սիրիական կառավարական բանակի կողմից: Այժմ ռազմական գործողությունները տեղափոխվել են երկրի հյուսիս` թուրք-սիրիական սահմանին գտնվող բնակավայրեր»,-հավելեց նա:

Ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Բաշար Ասադից բացի, մյուս թեկնածուներին սիրիական  հասարակությունը ճանաչեց միայն նրանց առաջադրվելուց հետո, ինչը միջազգային փորձագետներին հիմք է տալիս պնդելու, որ Ասադը միանշանակ հաղթելու է:

Հակամարտության մյուս կողմը` ապստամբները, չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը, և նրանց հովանավորող պետությունները բոյկոտում են ընտրությունները` անվանելով դրանք խեղկատակություն: «Ապստամբները հայտարարել են, որ թույլ չեն տա ընտրությունների անցկացումը. ռազմական առումով այսօր Սիրիայի ամբողջ տարածքում ամենալարված օրն է»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

 

Ըստ նրա` միանշանակ հնարավոր չէ ասել, թե երկրի քանի տոկոսն է մասնակցելու ընտրություններին: Պաշտոնական տվյալների համաձայն ընտրությունների կմասնակցեն 13 նահանգներ. չի մասնակցի միայն Ռակա նահանգը, որը ամբողջովին գտնվում է զինյալների վերահսկողության ներքո:

Մայիսի 28-ին Սիրիայի քաղաքացիների մի մասը արդեն քվեարկել է. խոսքը վերաբերում է այն ընտրազանգվածին, որը հայտնվել էր երկրից դուրս ճգնաժամի պատճառով:

 

Արաբագետի կարծիքով` որքան էլ վտանգավոր լինի, Սիրիայի հայ համայնքը կմասնակցի ընտրություններին և իր նախապատվությունը կտա գործող նախագահին

«ՄԱԿ անդամ երկրները հիմնականում չեզոք կմնան ընտրությունները մեկնաբանելու հարցում: 20-30 պետություն բացասական գնահատական կտա»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում հնարավոր է արդյոք հակամարտության լուծում, Պետրոսյանն ասաց. «Մինչև ուկրաինական ճգնաժամը գուցե ինչ-որ առումով գոնե քաղաքական դաշտում հնարավոր էր մոտ ապագայում Սիրիայում տիրող իրավիճակը հարթել, սակայն այժմ դա բացառվում է»:

Անկախ

Մարզահամերգային տոնահանդես՝ մանկապարտեզների սաների մասնակցությամբ

001Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես, որին մասնակցել են մայրաքաղաքի մանկապարտեզների բարձր խմբերի երեխաները:

Մարզական առաջնությանը մանկապարտեզների սաները մրցել են 4 մրցաձևերում: Յուրաքանչյուր վարչական շրջանից մրցույթին մասնակցել է մեկական թիմ՝ 10 անդամով:Դրանք այն թիմերն են, որոնք վարչական շրջաններում նախապես անցկացված մրցման ժամանակ գրանցել էին լավագույն արդյունքը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը երեխաների շրջանում փոքր տարիքից առողջ ապրելակերպը քարոզելն է: Նա նաև տեղեկացրել է, որ ամռան ընթացքում մայրաքաղաքում կանցկացվեն բազմաթիվ այլ հետաքրքր մարզական միջոցառումներ:

Անկախ  արդյուքններից հաղթողներ և պարտվողներ չեն եղել: Մասնակից բոլոր մանուկներն ու մանկապարտեզներն արժանացել են խրախուսական նվերների:

Միջոցառումը եզրափակվել է մանկապարտեզների սաների համերգային ուրախ ծրագրով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն