Հունվարի 30-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը, 3 ուղևորները և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը` 1986 թ. ծնված Ահարոն Սուքիասյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
9 ՃՏՊ, 2 զոհ և 14 վիրավոր` 1 օրում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 9 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ապօրինի ծառահատման և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 2 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
Հունվարի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-24»-ի վարորդը, 2 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.30-ին, «ԳԱԶ-24»-ի ուղևորներից մեկը` 1989 թ. ծնված Լևոն Ազիզյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
«Դեմ եմ»-ի կոչը գործատուներին
«Դեմ եմ» նախաձեռնությունը կոչով դիմել է հայաստանյան գործատուներին` առաջարկելով մինչ դատաքննությունը իրենց աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չկատարել: Կոչում մասնավորապես ասված է.
«Հարգելի գործատուներ,
Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չենկրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն (Որոշման ամբողջական տեքստը՝http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf):
Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:
Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ:
Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին:
Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որևէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին: Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորոստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:
Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ:
Մի մոռացեք, որ այս օրինական և արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաև Ձեր աշխատողները:
Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս. թ. մարտի 28-ին, և հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»:
Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը
Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. «Հերթական անգամ ահազանգում եմ, որ 2011 թվականին Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրենը ձեռք է բերել գույք, որը նրա դեմ հարուցված գործի շրջանակներում 9 ամիս է՝ գտնվում է դպրոցի ավտոտնակի կապարակնքված դռների ետևում: Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե 9 ամսում և նման եղանակային պայմաններում ինչ է պատահել համակարգչային սեղանների, խոհանոցի և բաղնիքի կահույքի, SONY հեռուստացույցի և այլ ապրանքների հետ: Դատարանը իրեն ներկայացված գործում առկա այս փաստի վրայով սառնասրտորեն անցավ ու այդպես էլ չանդրադարձավ, թե այդ գույքի որոշ մասը դպրոցի ինչին էր պետք, ինչ նպատակով է նախկին տնօրենը դրանք ձեռք բերել և հիմա ոչ մեկը չի ասում, թե ինչ է լինելու այդ գույքի ճակատագիրը, երբ է այն «ազատագրվելու»: Պետական շահը պաշտպանելու կոչված պաշտոնյաներդ միայն մեծ-մեծ խոսում եք, թե ինչպես եք շահագրգռված պետական միջոցները պաշտպանելու հարցում, այնինչ պարզվում է՝ թքած ունեք կրթության համար նախատեսված և պետական միջոցներով գնված՝ ավտոտնակում փտող, միլիոններ արժեցող գույքի վրա:
Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ պատասխանել, թե ինչ է լինելու վերոնշյալ փչացող գույքի ճակատագիրը:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Վայոցձորցի երիտասարդների ձեռքի աշխատանքները կզարդարեն համաշխարհային պարային օլիմպիադան
Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշում է, որ բատիկայի դասընթացը բավականին արդյունավետ էր։ Մասնավորապես, դասընթացի մասնակիցներից մեկն իր աշխատանքները ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունում կազմակերպված հայ-իրանական մշակութային ցուցահանդեսին, որտեղ էլ դրանցից մեկը վաճառվել է։
Այսքանով, սակայն, վայոցձորցի երիտասարդների հաջողությունները չեն սահմանափակվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցներից Սյուզան Մարգարյանը վերջերս, համագործակցելով համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչների հետ, ստացել է ավելի քան 4000 շարֆի, բատիկայով ձևավորված այլ իրերի պատվեր։ Սյուզան Մարգարյանը նշում է, որ պարային օլիմպիադան անցկացվելու է ապրիլի 29-ից մայիսի 10-ը Մոսկվայում, և ՀԵՀ-ի կազմակերպած բատիկայի դասընթացի մյուս մասնակիցներից ձևավորել է աշխատանքային խումբ՝ պատվերը ժամանակին հասցնելու համար։ Առաջին խմբաքանակն առաջիկա օրերին արդեն կուղարկեն պատվիրատուներին։ Սյուզանը նկատում է նաև, որ բատիկան դրսում մեծ պահանջարկ ունի և շատ ավելի բարձր է գնահատվում։ Բատիկայի դասընթացի մասնակիցները որոշել են. հետևողական են լինելու և դիմելու են տարբեր կազմակերպությունների՝ առաջարկելով իրենց աշխատանքը։
ՀԵՀ-ի Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նշեց նաև, որ մարզում տարբեր արհեստների դասավանդումը մեծ պահանջարկ ունի երիտասարդների շրջանում։ Հիմնադրամն առաջիկայում ծրագրում է անցկացնել պլաստիկ կավի անվճար դասընթաց սոցիալապես անապահով երիտասարդների համար։ Վերջիններս կսովորեն պատրաստել ականջօղեր, թևնոցներ, մատանիներ։ Հասմիկ Մարգարյանի խոսքով՝ այս բոլոր դասընթացները լրացուցիչ հմտություններ են փոխանցում երիտասարդներին, ինչը հետագայում նրանց կօգնի աշխատանք գտնելու և գումար վաստակելու հարցում։
Հայաստանիերիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Եղվարդի, Աշտարակի, Կոտայքի, Վարդենիսի և Տիգրանաշենի (Քյարքի) ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Աշոցքում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում բուք է:
Ստեփանավանի, Տաշիրի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի,Սիսիանի, Գորիսի, և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Օգնության են մեկնել փրկարարները
Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հունվարի 30–ին` ժամը 21.30–ի դրությամբ Մարալիկի, Արթիկի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաննեում ձյուն է տեղում:
Արագածում բուք է:
Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում բուք է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Փրկարարները բացել են փակ դռներ
Հունվարի 30-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Շ. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 30-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բ2 թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Մ. Խ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հունվարի 30-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հաղորդեցին, որ Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչ Միխայիլ Ուիբելի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար. «Արդեն երկու տասնամյակ է, ինչ Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Երևանում։ Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ու Ձեր կառույցին՝ բարեգործական առաքելության համար: Վստահեցնում եմ, որ այսուհետ էլ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում շարունակելու աջակցել սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական ձեր բոլոր նախաձեռնություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Միխայիլ Ուիբելը նշել է, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կլինի շարունակական. «Բարեգործությունն առավել նպատակային է դառնում, երբ առկա է տեղական կառավարման մարմնի գործուն աջակցությունը: Քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, ինչի վառ ապացույցը նաև այն աջակցությունն է, որ ըստ ամենայնի Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է իրականացվող սոցիալական ծրագրերին»,- ընդգծել է Գերմանական կարմիր խաչի արտաքին կապերի վարիչը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Գերմանական կարմիր խաչի միջև 2013 թվականի հոկտեմբերին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում Երևան քաղաքի սոցիալապես առավել անապահով ավելի քան 400 շահառուներ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի շրջանակում ապահովվում են տաք սննդով:
Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ Հունվարի 30-ի երեկոյան ժամերից և 31-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:Քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ, բուք:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով:
Երևան քաղաքի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.00C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -23.80C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.90C
Փրկարարներըապամոնտաժել են խողովակները
Հունվարի 29-ին, ժամը 11.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան խողովակը թեքվել է և առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է չշահագործվող կաթսայատան խողովակը (բարձրությունը՝ 17մ տրամագիծը՝ 800մմ) պահող երեք ճոպաններից երկուսը թուլացած են, խողովակը թեքված չէ, քամու ժամանակ ճոճվում է:
***
Հունվարի 30-ին, ժամը 10.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևքար գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան խողովակի ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և ավտոսանդուղք:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են խողովակը: Աշխատանքներին մասնակցել է նաև «Բենտոնիտ» գործարանից մեկ ավտոկռունկ:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորից,տեսանյութ
Հունվարի 30-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Վարդենիս հատվածում (8-րդ կմ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն (տուժածներ չկան):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 67 UL 086 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Կ.):
Քաղաքապետը շնորհավորել է դատապարտված նախկին տնօրենին
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այս մասին Անկախին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցությունից:
Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Ինձ հայտնի է դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել Ձեր կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարևորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ուղերձը գրված է եղել քաղաքապետարանի տիտղոսաթերթի վրա, որը բարձրաձայն հրապարակել է դպրոցի հայոց լեզվի նորանշանակ ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը, իսկ այժմ այն հրապարակված է տնօրենի Facebook-ի էջում:
Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, և սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման և նրա շահերի մասին խոսելու իրավունքից:
Շնորհակալություն համագործակցության համար»:
Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի է Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 14:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի,Ապարանի, Արագածի, Թումանյանի,Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Արթիկում, Սպիտակի և Սելիմի լեռնանցքներում բուք է, Արագած – Արթիկ ճանապարհի Նորաշեն- Գեղադիր հատվածը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Հայաստանի շատ վայրերում ձյուն է տեղում
Հունվարի 30–ին, ժամը 12.30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է, իսկ Ալագյազ-Արագած-Արթիկ ճանապարհահատվածը, ձնաբքի պատճառով, փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մի քանի խորհուրդ մասնագետից, թե ինչպես չհայտնվել ադրբեջանցի հաքերների թիրախում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքի միջոցով մի քանի օգտակար խորհուրդներ է ներկայացնում հայ օգտատերերին` խուսափելու ադրբեջանցի հաքերների կողմից ֆեյսբուքյան անձնական էջերը կոտրելու հավանականությունից:
«Քանի որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․
ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարող է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչ-որ բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։
2. Մեյլի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն
3. Գնում ենք ՖԲ settings>>mobile և ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։
4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաժին։ Դա արվում է վերևի աջ անկյունից settings-ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեղմում եք այս հղումը (ինձ կարող եք վստահել ։Ճ )
Միացնում ենք secure browsing․ սա ադրբեջանցիների հետ կապ չունի, սա կմիացնի https գաղտնագրումը և կապահովի ձեզ տարաբնույթ հնարավոր գաղտնալսումներից տեղական վայրերից
Login notifications – սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչ-որ մեկը ուրիշ սարքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms-ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։
Հիմա դուք կարող եք միացնել Two-factor authentication, որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը՝ առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո, դուք պետք է նաև մուտքագրեք հատուկ կոդ։ Որը ձեզ կուղարկվի sms-ով։ Բացի դրանից, եթե գնում եք երկրից դուրս կարճ ժամանակով, կարող եք սեղմել Get codes և ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Եթե ծանոթ և վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։
Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա ավելի հեշտ տարբերակ կա։ Միացնում եք Gode Generator, և արդեն չեք սպասում sms-ների, հենց հավելվածը ինքը րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։
Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, և այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը և հետևեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել, և դուք Windows եք օգտագործում 🙂 »:
Ավտովթարներ Երևանում
Հունվարի 29-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի-Կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 19.30-ին, «ՎԱԶ-2105» ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցի թիվ 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 2 քաղաքացիների և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 17.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրազի փողոցում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 19 շենքի մոտ բախվել է ճամփեզրին տեղադրված աղբարկղերին, դուրս եկել երթևեկելի մասից, բախվել ծառերին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ավտովթարի հետևանքով վնասվածքներ են ստացել նաև «Մերսեդես-Բենց»-ի 2 ուղևորները, որոնք նույն օրը բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց է դիմել 72-ամյա մի կին և հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է հունվարի 20-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գյուրջյան փողոցից Նորք Մարաշ տանող ճանապարհի խաչմերուկում տեղի ունեցած 2 մեքենաների բախումից, որպես ուղևոր գտնվելով իրեն անհայտ մակնիշի և տաքսի ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 15.30-ին, «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայում բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






