Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 7, խարդախության` 9, դրամանենգության 1 և մաքսանենգության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ակտիվիստի այլընտրանքային առաջարկը` պարտադիր կուտակայինին
«Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստ Հայկ Թամրազյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով այլընտրանքային կենսաթոշակային համակարգի առաջարկ է ներկայացրել.
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելիս կառավարությունը մեզ վստահեցնում էր, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, և սա աշխարհում գործող՝ արդյունավետության տեսանկյունից լավագույն համակարգերից է: Վերջում պարզվեց, որ մեր կառավարությունը կիրառել է Չիլիի փորձը, որն իրենք՝ չիլիացիներն այլևս չեն օգտագործում: Չէ, որ փոխարենը մեր իշխանավորները կարող էին լինել ավելի ճկուն և շրջահայաց և աշխարհի շատ ավելի լայն պատկերը տեսնել: Աշխարհում գործում են բազմաթիվ կենսաթոշակային համակարգեր, որոնք համապատասխանեցվում են տարբեր երկրների իրականության հետ:
Օրինակ, որոշ երկրներին ձեռնտու է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա կառուցված համակարգը, ոմանք կարծում են՝ որոշ հարուստ և կայուն երկրներում հանգիստ գործում է կամավոր կուտակայինը, իսկ որոշները ընտրում են մեր ճանապարհը և ներդնում պարտադիր կուտակայինը, սակայն աշխարհում առկա են շատ ավելի նորարարական և արդյունավետ մոտեցումներ, որոնք օգտագործվում են զարգացած պետությունների կողմից: Օրինակ, ասացեք խնդրեմ, ինչու չփորձել ներդնել Եվրոպայում լայն օգտագործվող Pay-as-you-go համակարգը կամ էլ ասենք Save More Tomorrow (SMT) ծրագիրը: Քանի որ ծրագրերն իրոք շատ են, ես կցանկանայի այսօր անդրադառնալ դրանցից միայն մեկին, և այդ մեկը քիչ առաջ նշված SMT-ին է, որը մշակվել է UCLA-ին կից Անդերսոնի դպրոցի (Anderson School) առաջատար պրոֆեսորների կողմից:
Համակարգի ստեղծողներ Richard H. Thaler-ը և Shlomo Benartzi-ը ծրագիրը ստեղծելիս կիրառել են վարքագծային տնտեսագիտության (Behavioral Economics) բաղադրիչներ բարձրացնելու համար աշխատողների խնայողության մակարդակը: Այսպիսով, ծրագիրն իրենից ենթադրում է մասնավորապես հետևյալը՝ խնայել ապագա աշխատավարձի հաշվին:
Փորձենք պարզաբանել: Եթե, օրինակ, Դուք ստանում եք 200.000 ՀՀ դրամ աշխատավարձ և Ձեր տարեկան աշխատավարձի բարձրացումը պետք է կազմի շուրջ 5%, Դուք կամ ընդհանրապես չեք վերցնում այդ բարձրացումը, կամ վերցնում եք միայն շուրջ 2 կամ 3%-ը, որպեսզի գնաճի պայմաններում Ձեր գնողունակությունը չընկնի և մնացած 2 կամ 3%-ը, գումարած պետության կողմից ավելացրածը ամեն ամիս անցնում է Ձեր թոշակային ֆոնդին: Այսպիսով, քաղաքացին խուսափում է հավելյալ դժվարություններից, որոնք կառաջանան ներկայիս համակարգի ժամանակ, երբ փաստացի անհատը ստիպված է լինելու վերանայել իր ընտանեկան բյուջեն: Համակարգի առաջին փորձարկումը եղել է 1998թ.-ին՝ միջին չափի ամերիկյան ընկերությունում: Արդյունքներն ավելի քան գոհացուցիչ էին:
Սա ի գիտություն մեր իշխանավորներին, որպեսզի հաջորդ անգամ ինչ-որ փորձ ուսումնասիրելուց առաջ հասկանան այդ երևույթի իմաստը: Գուցե նրանք հակադարձեն, որ այս համակարգը չի կարող գործել Հայաստանում, և ես, պատկերացրեք, որոշ չափով նրանց հետ կհամաձայնեմ, քանի որ Հայաստանում ֆիքսված աշխատավարձ է, այլ ոչ թե մրցակցային և երկրորդ՝ բարձրացնելիս էլ բարձրանում է այնքան, որ չի փոխհատուցում գնաճի արդյունքում առաջացած գնողունակության անկումը: Սակայն ես հակված եմ մտածել, որ առնվազն մասնավոր հատվածում և այն էլ ուրախացնող տեմպերով զարգացող ՏՏ ոլորտում այս համակարգը շատ էլ արդյունավետ կաշխատի: Ի վերջո, այս ոլորտն է, որ հիմնականում ամենից շատն է գալիք 10%-անոց «տուրք»-ը վճարելու”,-գրել է օգտատերը:
«Մասնատվեք, կիսվեք ու հակամարտեք՝ ինչպես դարեր շարունակ». Ռոբերտ Մելքոնյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Ռոբերտ Մելոքոնյանն իր ֆեյսբուքում գրել է.
“Մի քանի հատ կոմունիստական, մի քանի հատ սոցիալիստական կուսակցություններ, մի քանի հնչակյան, մի քանի ռամկավար, մի քանի կից քաղաքապետարաններ, խորհրդարաններ…Լիքը՝ ինչքան ուզեք… Ընդիմադիրների, բնապահպանական, մարդու իրավունքների պահպանության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների մասին էլ չեմ խոսում…
Հիմա էլ դա քիչ էր, ըստ Սասուն Միքայելյանի՝ Հայաստանում ազատամարտիկների նոր միություն կստեղծվի…Որը պետք է իշխանափոխություն անի, անողները քիչ էին…
Մասնատվեք, կիսվեք, առանձնացեք, հակամարտեք՝ ինչպես դարեր շարունակ…
Թշնամին չի հասցնում մեզ կիսի, մեզ վնասի…Մենք հաճույքով և արագ ինքներս ենք անում դա…”,-գրել է նա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր ամուսինների դիակները` պարանոցները կտրված վիճակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպանության փորձ կատարելու մեղադրանքով 1999 թվականից հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 17-ից Վանաձորում կմեկնարկի տաք սնննդի ծրագիրը տարեցների համար
Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը 2014 թվականի փետրվարի 17-ից Վանաձոր քաղաքի 30 անապահով տարեցների համար կմեկնարկի տաք սննդի ծրագիրը, որը ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:
Տաք սնունդ ստանալու և միմյանց հետ շփվելու նպատակով տարեցները Օրրան կհաճախեն կեսօրին: Տաք սննդի այս ծրագիրը կազմվել է Երևանի Օրրանի տարեցների ծրագրի հիման վրա, որում` 2000 թվականից ի վեր, ավելի քան 55 տարեցներ են ընդգրկված:
Ներկայնումս Վանաձորի Օրրան են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների ավելի քան 65 երեխաներ, որոնք Օրրանում ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի:
“Սահմանափակ միջոցների պատճառով սկզբում մենք հնարավորություն չունեցանք ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում” – մեկնաբանում է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը: “Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես օգնել Վանաձորի Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան”:
Հանրային խորհուրդն ուշադրությամբ հետևելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող լուծումներին
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված ս.թ. հունվարի 23-ի պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստում քննարկվել ու հավանության է արժանացել «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված մաստեր պլանը: Միաժամանակ գլխավոր վարչության պետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ եղել է առաջարկ դիմել Կոնցեսիոներին՝ ևս մեկ անգամ օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ հարցը քննարկելու նպատակով:
Ըստ Արտյոմ Մովսեսյանի՝ այդ առաջարկի վերաբերյալ Կոնցեսիոները ներկայացրել է, որ իրենք կսկսեն ուսումնասիրել հնարավոր լուծումները և ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղյակ կպահեն:
ՀՀ Հանրային խորհուրդն ուշադրությամբ հետևելու և իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների կողմից առաջարկվող հնարավոր լուծումները՝ «Զվարթնոց»-ի Կլոր շենքի վերաբերյալ ՀԽ դիրքորոշման համատեքստում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ հունվարի 30–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է:
Արագած – Արթիկ ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ԱվտովթարՍևան-Լճաշեն ավտոճանապարհին (լրացված)
Հունվարի 30-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Լճաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ”ԿաՄԱԶ” մակնիշի 17 ՍՕ 952 և “Օպել” մակնիշի 24 ՕՕ 817 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ “Օպել” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ`1991թ. ծնված Ս. Հ.-ին, ով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավտովթար Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին (լրացված)
Հունվարի 30-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 28 SS 269 և «ԲՄՎ» մակնիշի 31 UL 670 պետհամարանիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «1-03» ծառայության աշխատակիցները «ԲՄՎ»-ի վարորդ Գ. Մ.-ին և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ`1986թ. ծնված Ա. Ս.-ին , ուղևորներ` 1987թ. ծնված Ա., 1964թ. ծնված Ռ. Դ.-ին, 1994թ. ծնված Վ. Ա.-ին տեղափոխել են Տաշիրի ԲԿ, որտեղ Ա.Ս. մահացել է. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 29-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հունվարի 29-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ “Մ-3” միջպետական ավտոճանապարհի Ապարան–Նիգավան հատվածում (Նիգավան գյուղի սկզբնամաս) երկու “Զիլ” մակնիշի ավտոմեքենա դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել “Զիլ-131” մակնիշի 200LV61 պ/հ (վարորդ՝ Կ. Կ.) և 171ԼՏ61 պ/հ (վարորդ՝ Շ. Գ.) ավտոմեքենաները:
Վարդենիս-Քարվաճառ հատվածում արգելափակումից դուրս են բերվել 27 մարդատար ավտոմեքենա
Հունվարի 29-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Վարդենիս-Քարվաճառ հատվածի 30-ից 35-րդ կմ-ը (ոլորաններ) ձնաբքի հետևանքով դարձել է անանցանելի, ինչից ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 մարդատար ավտոմեքենա:
Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանի վերին հատվածում բուք է, իսկ Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):
Կրկին տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (այդ թվում՝ տեսանյութ) կարելի է ստանալ համացանցով, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած տարածքային փոստային ծառայության միջոցով:
Մասնավորապես, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժին, և մուտքագրելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տեխ. անձնագրի) համարը և հաշվառման համարանիշերը՝ տեսնել տվյալ տրանսպորտային միջոցով կատարված բոլոր իրավախախտումների գործերով կայացված որոշումները: Այնուհետև, ընտրելով ցանկացած որոշումը, հնարավոր է բեռնել և տեսնել խախտման տեսանյութը:
Ինչ վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սահմանված կարգով կազմել դիմումը և բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում հանձնել տարածքային փոստային ծառայություն:
Ճանապարհային ոստիկանություն
գաջի գործարանի հետնամասում զենք են թողել
Հունվարի 28-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գաջի գործարանի հետնամասում, խաչքարի մոտ, զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Դավիթ-Բեկի փողոցի թիվ 98 հասցեի մոտ հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, առանց փամփուշտների:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Արփի գյուղի բնակիչը հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել
Հունվարի 28-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արփի գյուղի մի բնակիչ իրենց հին անասնագոմը քանդելիս փամփուշտներ է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի` 35, մեծ տրամաչափի 2 փամփուշտ և նռնակի պայթուցիչ:
Զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
Շուռնուխ գյուղի բնակչի տան տանիքում հրդեհ է բռնկվել.Վնասի չափը`960.000 դրամ
Հունվարի 26-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շուռնուխ գյուղի մի բնակչի տան տանիքում:
Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքը` 80 քմ մակերեսով:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 10.25-ին, երկու մարտական հաշվարկի ուժերով:
Հունվարի 28-ին, ժամը 12.40-ին, Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից նյութեր են ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի խողովակից դուրս եկած կրակի բոցը:
Վնասի չափը կազմում է 960.000 դրամ:
Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:
Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցը
Այսօր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն է: Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց առաջին նախարարի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական և ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, և Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը և եղավ Սարդարապատ ու հաղթանակ, եղավ Հայաստանի Հանրապետություն, և պետականություն, որ կա այսօր ու լինելու է: Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, և իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից և կարգուկանոնի հաստատումից մինչև իրենց օրենք ու իշխանություն երևակայողների զինաթափում, մինչև շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգևոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչև իսկ կրթություն: Իր ժողովրդի հետ էր միշտ և այդ օրերին ժողովրդին ճարակած մահով էլ գնաց դեպի… անմահություն՝ կրկին հաստատելով վճռական մենակի անպարտելիությունը և սերունդներին ավանդելով պետության պաշտամունք: Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչև վերջին շունչը աշխատեց և կյանքը նվիրաբերեց հայրենիքին…»: – Անկախ
Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս…
Հեռուստահաղորդավար Վահե Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արտագաղթած հայ օգտատերերի գրառումներին: Նա մասնավորապես գրել է.
“Կարդում ես արտագաղթած օգտատերերի գրառումները և ինքդ քեզ հարց տալիս` արդյո՞ք իրենց նոր ոստաններում ամեն ինչ կարգին է, որ քննադատում են միայն Մայր հայրենիքի ներսը: Հազար ու մի պատմություն ենք լսում, թե ինչպես են լավ կյանքի ակնկալիքով լքում Հայրենիքը, հետո միայն հասկանում, որ կարմիր խալի փռված չէ, և առանձնապես սպասող էլ չկա: Կարծում եմ, որ Հայրենիքը չլքածների համար ավելի գործուն և հոգեբանական աջակցություն ցուցաբերած կլինեք, եթե դադարեք հոգու խորքում ինքներդ ձեզ համոզել, թե հեռանալը ճիշտ էր: Մենք էլ կազատվենք Էլդորադոների մասին դասախոսություններ լսելու պարտադրանքից”:
Ներկայացվել են հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում քաղաքապետարանի կողմից իրականացված և նախատեսվող ծրագրերը
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի տարեկան ծրագրով հանրակրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացրած աշխատանքներն ու խոսել 2014 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ դրանք մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում:
Հանրակրթության ոլորտում կատարված աշխատանքների մասով ուսումնադաստիարակչական ուղղվածության ծրագրերը ներկայացնելուց զատ նշվել է, որ տարվա ընթացքում մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում է եղել նաև դպրոցներում դրամահավաքության դեպքերի բացառումը, որի ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ավելացել է ներառական կրթություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաև համակարգում ընդգրկված սովորողների թիվը:
Անդրադառնալով նախադպրոցական ուսումնական հաստատություններին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ տարեցտարի աճում է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը: Համեմատության համար նշվել է, որ, եթե 2012-ին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կազմել էր 29.800 երեխա, ապա 2013-ին՝ 30.864 երեխա: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ 2014 թվականին մանկապարտեզները շարունակելու են գործել անվճար սկզբունքով:
«Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեով համապատասխան միջոցներ են նախատեսված մանկապարտեզ հաճախող երեխաների համար անվճար սկզբունքը պահպանելու նպատակով: 2013 թվականին կատարվել են մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներ: Կազմակերպվել է նաև գույքի թարմացում: Ծրագիրն ընդգրկել է ինչպես հանգստի սենյակներն ու ննջասենյակները, այնպես էլ խոհանոցները: Մանկապարտեզների գույքի թարմացման ծրագիրն իր շարունակությունն է ունենալու նաև այս տարի»,-նշել է Արամ Սուքիասյանը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հատուկ ուշադրություն պետք է դարձվի մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկողությանը: Քաղաքապետի տեղակալը նշել է, որ 2013-ին այս և դրամահավաքության մասով 5 մանկապարտեզների տնօրեններ ենթարկվել են կարգապահական համապատասխան տույժերի, նաև՝ ազատվել աշխատանքից:
Անդրադառնալով մշակութային օջախների վերանորոգմանն ու ջեռուցմանը` Արամ Սուքիասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ 2013–ին ամբողջությամբ լուծվել է վերը նշված օջախների ջեռուցման խնդիրը:
«Երևան քաղաքում գործող մշակութային օջախները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներն այսօր արդեն չունեն ջեռուցման խնդիր: Մշակութային օջախներում կատարվող աշխատանքները տալիս են իրենց արդյունքները, ինչի մասին է խոսում նաև երեխաների թվի ավելացումը: Տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը հատկապես ազգային նվագարանների և նկարչության նկատմամբ»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
2013-ին տեղի ունեցած առավել ընդգրկուն մշակութային ծրագրերի հետ կապված՝ Արամ Սուքիասյանն առանձնացրել է «Էրեբունի-Երևան 2795» միջոցառումները, որի շրջանակում մայրաքաղաքի 26 բեմահարթակներում ներկայացվեցին բազմաժանր մշակութային ծրագրեր: Առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն այս տարվա տոնակատարության կազմակերպման ուղղությամբ:
Մշակութային ծրագրերից առանձնացվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ամփոփիչ ծրագիրը: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում շուրջ 25.000 կտոր գրականությամբ թարմացվեցին գրադարանային ֆոնդերը: Զգալի աշխատանք է տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Ա. Իսահակյանի անվան գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաև տեսա- և ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Տարին ամփոփվել է ամանորյա և սուրբծննդյան տոնական միջոցառումներով:
Արդեն ավանդական դարձած միջոցառումների շարքում աչքի է ընկել ջազի միջազգային օրը: Նշվել է, որ այս տարի ապրիլի 30-ին կներկայացվի մշակութային առավել հագեցած ծրագիր՝ նաև արտասահմանյան հյուրերի մասնակցությամբ: Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև՝ նվիրված Վերջին զանգին և Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ այս տարի կկազմակերպվի նաև 2013-ին առաջին անգամ ացկացված և երևանցիների շրջանում լայն արձագանք գտած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում իրենց ամառային հանգիստը մայրաքաղաքում անցկացնող երեխաները կրկին հնարավորություն կունենան մասնակիցը դառնալու մի շարք միջոցառումների, այդ թվում՝ անվճար հիմունքներով քաղաքապետարանի ենթակայության որոշ թանգարաններն ու կենդանաբանական այգի այցելելու:
Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 300 մլն դրամ է հատկացված կենդանաբանական այգու բարեկարգմանն ու կառուցապատմանը:
Այս տարի կմեկնարկի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում վերականգնողական աշխատանքների եռամյա ծրագիրը:
Տարվա ընթացքում աշակերտների համար կկազմակերպվեն նաև անվճար այցելություններ թատրոններ ու թանգարաններ: Նախորդ տարի այս ծրագրից օգտվել է ավելի քան 70 հազար աշակերտ:
Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ գործընկեր կառույցների, տեղական և արտասահմանյան զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպումները, կլոր սեղաններն ու սեմինարները մեծապես նպաստում են ոլորտի զարգացմանը: Ընթացքի մեջ է նաև Երևանի բրենդավորման գործընթացը:
Մայրաքաղաքի մարզական առօրյային առնդրադառնալով՝ նշվել է, որ 2013 թվականի ընթացքում կազմակերպվել է 4 լայնամասշտաբ մարզական միջոցառում: Աշխատանքներ են տարվել նաև հեծանվուղիների ընդլայնման ուղղությամբ: Այս տարի քայլեր կձեռնարկվեն Երևանը հեծանվային երթևեկության համար ավելի հարմար դարձնելու ուղղությամբ:






