Հայաստանի անունը փոխելու ԿԳ նախարարի առաջարկից պատմաբաններն ու քաղաքական գործիչները զարմացած են

Արմեն Աշոտյան (3)Tert.am-ը կարծիքներ ու մեկնաբանություններ է հավաքել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ն Արևելյան Հայաստանի Հանրապետություն անվանելով «պատմական արդարությունը վերականգնելու, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից» սահմանադրական բարեփոխումների համատեքստումքննարկելու առաջարկի վերաբերյալ: Հարցված պատմաբանների ու քաղաքական գործիչների մեծամասնության համար առաջարկն անհասկանալի է:
«Մենք պետք է կշռադատենք. վերանվանելով այսօր մենք հայտ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենա տրամաբանական շարունակություն»,- Tert.am-ին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով Արմեն Աշոտյանի առաջարկը որակեց որպես հայրենասիրական պոռթկում, որը հետագա գործողությունների առումով անհասկանալի է՝ հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ:
«Հիմա տեսեք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մեջ են, գործողության, որովհետև սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, մյուս կողմից էլ հավակնություններ ենք հանդես բերում Արևմտյան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից ավելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։ Արձանագրություններից դեռ պաշտոնապես չենք հրաժարվել, այսինքն՝ այսօր եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց, ինչպես մենք խոստացել ենք, մեխանիկորեն մենք էլ պետք է վավերացնենք, և այս պայմաններում մենք խոսում ենք Հայաստանը Արևելյան Հայաստանի Հանրապետություն հռչակելու մասին»,- ասաց պատմաբանը:
Նրա խոսքերից դատելով՝ Հայաստանը չպետք միայն հայտարարի, այլև պետք է համապատասխան սրբագրումներ անի իր արտաքին քաղաքական կուրսում: Այն է՝ հայտարարի, որ մեր նպատակը պահանջատիրությունն է, Ցեղասպանության դիմաց մենք հայրենիք ենք պահանջում Թուրքիայից և այլն: Եթե նման քայլեր արվեին Աշոտ Մելքոնյանը կհասկանար Արմեն Աշոտյանի տրամաբանությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նաև նշել էր, որ սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Ի պատասխան հարցի, թե պատմաբանների կողմից երբևէ նման առաջարկ եղե՞լ է, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենն ասաց, որ 1918 թվականից հետո Հայաստանի ողջ քաղաքական միտքը դրանով էր զբաղված, և արևմտահայ գործիչների մեծագույն մասը չէր ընդունում, որ այս Հայաստանը պետք է կոչել Հայաստանի Հանրապետություն:
Նրանց թվում էին՝ Անդրանիկը, Պողոս Նուբարը, որոնք պնդում էին, որ Հայաստանը կա՛մ պետք է կոչվի Արևելյան Հայաստան, կա՛մ՝ Երևանյան Հանրապետություն, կա՛մ՝ Արևելահայկական Հանրապետություն:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում նախ զարմացավ Արմեն Աշոտյանի առաջարկից, ապա ենթադրեց, որ դա արվում է «պահանջատիրությունից», որին «կողմ ենք», բայցև նկատեց, որ Արևելյան Հայաստանի մի մասն էլ հայերիս համար կորսված է:
«Այլ կերպ ասած, տրամաբանական տեսանկյունից մենք համաձայն կլինեինք, եթե Արևելյան Հայաստանն ամբողջությամբ մերը լիներ, մենք նոր պահանջատիրություն կներկայացնեինք»,- նա, բայցև ավելացրեց. «Բայց Հայաստանի Հանրապետությունն էլ պահանջատեր կարող է լինել ցանկացած պահի»:
Հայկական ազատ հանրագիտարանում «Արևելյան Հայաստան» անվան տակ կարդում ենք. «Արևելյան Հայաստանը 387 թվականին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Մեծ Հայքի բաժանման արդյունքում առանձնացած բնիկ հայկական տարածքն է։ Ներկայումս դրանք Ադրբեջանի, Հյուսիսային Իրանի, Հյուսիս-արևելյան Վրաստանի և Հայաստանի Հանրապետության տարածքներն են։ Արևելյան Հայաստանը իր մեջ ներառում է, բայց չի սահմանափակվում, հետևյալ տարածքները` Կարս, Սուրմալու, Գարդմանք, Նախիջևան, Ջավախք, Հյուսիսային Լոռի, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն:

Հանրային խորհրդի նախագահ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ես Աշոտյանին չեմ լսել ու չեմ կարող մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ հիմա նման քննարկումների ժամանակն է: Ես չեմ կարծում նաև Հայաստանի պրոբլեմը դա է»:
Վազգեն Մանուկյանը հավելեց, որ անկախության առաջին տարիներին էլ նման առաջարկների մասին չի հիշում:
Tert.am-ը զրուցեց նաև մի քանի պատմաբանների հետ, որոնք ցանկացան անհայտ մնալ: Նրանցից մեկն ակնհայտորեն զարմացած լինելով նախարար Աշոտյանի նման առաջարկից, ասաց, որ նման առաջարկ կարող էր անել բժիշկը (նկատի ունի Արմեն Աշոտյանի բժշկական կրթությունը) կամ էլ Պարույր Հայրիկյանը:

Շարունակությունը`սկզբաղբյուր կայքում:

Անկախ

Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում և ջերմաստիճանը կբարձրանա

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ  Հանրապետության տարածքում`

Հունվարի 18-22-ը սպասվում է առանց  տեղումների եղանակ:

Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին արևմտյան 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.30C (1976թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -23.30C (1950թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.50C:

Անկախ

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 17–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Ոստիկանությունը հերքում է Վարդան Ղուկասյանի տան շուրջ ծավալված ասեկոսները

ՀՀ-ոստիկանություն2Ոստիկանությունից Անկախին տեղեկացրեցին, որ զանգվածային լրատվության միջոցներից մեկն այսօր անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տանն իբր տեղի ունեցած՝ բազմիցս հերքված խուզարկության չարչրկված թեմային՝ «հարստացնելով» «իրար վրա զենք բարձրացնելու», «հայհոյելու», «ոտքով հարվածելու» ստահոդ «մանրամասներով», որոնք նույնքան չեն համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունը  քանիցս ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորել է՝ իրենց «իրազեկ աղբյուրների» հորինվածքներին ապավինելու փոխարեն դիմել ոստիկանության ՀԿԼ վարչություն, ինչը հավաստի տեղեկատվություն ստանալու առավել պրոֆեսիոնալ ու վստահելի ճանապարհ է:
Սակայն որոշ լրատվամիջոցներ շարունակում են այդ խոտանված գործելակերպը՝ անհավանական պատումներով թյուրիմացության մեջ գցելով իրենց ընթերցողին:
Ինչպես վերոհիշյալ դեպքում…

Անկախ

 

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 17–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

 

Ռուսաստանը ներգաղթյալների առջև փակում է իր դռները. ինչ է սպասվում այդ երկիր մեկնող հայաստանցիներին. 1in.am

ներգաղթՌուսաստանում հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենք` ներգաղթյալների վերաբերյալ, որով ԱՊՀ երկրների քաղաքացիների` Ռուսաստան մուտք գործելու պայմանները փոխվել են:  Այս մասին գրում է 1in.am-ը:

Այսուհետ 3 – 5 տարով, կախված իրավախախտման չափից, երկիր մուտքը շուրջ կես միլիոն արտերկրյա քաղաքացիների համար արգելված է: Համաձայն օրենքի` ժամանակավորապես արգելքներ են մտցվում ԱՊՀ երկրներից ներգաղթյալների համար, ովքեր մի շարք իրավախախտումներ են կատարել կամ Ռուսաստանում մնալու սահմանված ժամկետը խախտել են: Բացի այդ, արտերկրյա քաղաքացու մուտքը Ռուսաստան կարգելվի, եթե նրա նկատմամբ վտարման մասին որոշում է կայացվել, կամ եթե նա կեղծ միգրացիոն քարտից է օգտվում:

Ուղևորափոխադրումներ իրականացնող «Քինգ դե լյուքս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանի (Պալաչ) խոսքով՝ թեև օրենքի կիրառումը սկսվել է հունվարի 1-ից, բայց դեռևս երեք ամիս առաջ ընկերություններին զգուշացվել է, որ նման կերպ փոխադրվողները տարեսկզբից հետ են ուղարկվելու: «Ռուսաստանում գործող օրենքներ կան. մարդիկ գնում են աշխատելու և չեն գրանցվում, այնինչ միգրացիայի օրենքը ստիպում է, որ մարդիկ գրանցվեն, և իրենց կեցությունն օրինական հիմք ստանա, իսկ շատերը չեն գրանցվում և ստիպողաբար ժամկետը լրանալուց հետո հետ են դառնում Հայաստան: Նման դեպքերը բացառելու համար էլ ստեղծեցին այս օրենքը, որպեսզի մարդիկ Ռուսաստան գնալիս անպայման գրանցվեն. սա Սոչիի օլիմպիադայի հետ կապ չունի, ինչպես շատերն են կարծում»,- ասաց նա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Բերման են ենթարկել խողովակները յուրացնողին

ձերբակալվածՀունվարի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Պողոս Հ.-ին:
Պարզվել է, որ նա մի ընկերությունում աշխատելու ընթացքում` 2013 թ. հոկտեմբերի կեսերին, յուրացրել է վերգետնյա անցման համար նախատեսված խողովակներ` ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

«Բոլորիս ճակատագրերը նույնն են, ձեռագրերն են տարբեր»

անօթևաններ (2)«Ես իմ ամբողջ ընտանիքը 2007 թ. կորցրել եմ ավտովթարից` հորս, մորս, ամուսնուս, որդուս,- պատմում է 58-ամյա տիկին Ալիսը,- ազատամարտիկ Ճուտոյի մայրն եմ, երևի գիտեք, սաղ խոնարհվում են նրա առաջ, բայց ինչի՞ս ա պետք, որ էսօր դրսում եմ մնացել, տուն չունեմ»:

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների կացարանում հայտնված կինն արցունքն աչքերին պատմում է սարսափելի ավտովթարի մանրամասները, որից հետո իր կյանքը հիմնովին շրջվել է: Դեպքից հետո նա բնակարանը գրավ է դրել բանկում և գումար վերցրել, որ ապրի, թաղման ծախսերը հոգա, հետո չի կարողացել տոկոսները մարել, պարտքը կուտակվել է, և ի վերջո բանկը բնակարանը հանել է աճուրդի, վաճառել, իր պարտքը վերցրել, որոշ գումար էլ կնոջը տվել: «Էդ գումարն էնքան չնչին էր, որ չկարողացա ուրիշ բնակարան առնեմ, դրանով միայն հարազատներիս գերեզմանոցը սարքեցի, էնպիսի մի գերեզմանոց, որ կողքից նայողը երբեք չի հավատա, որ դա իմ նման անտեր մեկն է սարքել»:

Տիկին Ալիսի ծնողները 1940-ականներին Հունաստանից են ներգաղթել հայրենիք, և հիմա նա որևէ բարեկամ Հայաստանում չունի: Միակ սփոփանքը թոռնիկն է, որը հարսի հետ միասին նրա ծնողների խնամքի տակ է: «Գնում էին Վրաստան հարսանիքի, երբ էդ դեպքը պատահեց,- պատմում է նա,- հարսս հղի էր, արդեն պիտի ծննդաբերեր, ամուսինս չթողեց, որ հետները գնա…Դեպքից չորս օր հետո թոռնիկս ծնվեց: Տղայիս անունը դրեցինք…»:

Հարազատներին կորցնելուց հետո կինը երկու անգամ ինֆարկտ է ստացել, բազում հիվանդություններ ձեռք բերել և այսօր ի վիճակի չէ զբաղվելու իր աշխատանքով` դերձակությամբ: «Բոլորս տարբեր հանգամանքներով հայտնվել ենք էստեղ, համարյա բոլորիս ճակատագրերը նույնն են, ուղղակի ձեռագրերն են տարբեր: Հիմա մեզ բոլորիս անհանգստացնում է էն հարցը, թե ի՞նչ պիտի լինի, որովհետև օրենքով մենք էստեղ կարող ենք մնալ ընդամենը երեք ամիս: Լավ, բա հետո՞ ինչ է լինելու»:

Հիմնադրամի և կենտրոնի ղեկավար Շավարշ Խաչատրյանը նշում է, որ ճիշտ է, օրենքը դա է պահանջում, բայց իրենք պետք է այդ մարդկանց հարցերը լուծեն, հետո նրանց կացարանից դուրս գրեն: «Այդ մարդիկ փողոցում չեն հայտնվի»,-հավաստիացնում է նա:

2001 թվականից գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի կարգախոսն է` «Օգնություն ինքնաօգնության համար»: Կենտրոնն ի սկզբանե հիմնվել է 20 տարեկանից բարձր սոցիալապես անապահով անձանց համար անվճար վարսահարդարում, խոհարարություն, համակարգչային հմտություններ, կավագործություն, փայտամշակում, էլեկտրաեռակցում, կոշիկի և կաշվե իրերի պատրաստում և այլ դասընթացներ տրամադրելու նպատակով, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն աշխատանք գտնել և ապրել: Սակայն հետագայում հիմնադրամն իր գործունեությունն ընդլայնել է` զբաղվելով նաև անօթևանների խնդիրներով:

2004-ին մեկնարկած անօթևանների ծրագիրն այսպիսին էր. ձմռան ամիսներին կենտրոնի միկրոավտոբուսը տաք թեյնիկներով, սուրճով, քաղցրավենիքով և տաք հագուստով շրջում էր փողոցներում, գտնում անօթևաններին, նրանց հետ փորձում կապ հաստատել, հասկանալ նրանց խնդիրները և փորձել օգնել:

անօթևաններ (3)Հիմնադրամի տնօրենն ասում է, որ երբ պետությունը մի քանի տարի առաջ Չորրորդ գյուղում ծերանոցին կից ստեղծեց անօթևանների կացարան, դա նաև իրենց համառ ջանքերի շնորհիվ էր: 2011-ից, քաղաքապետարանի  համաֆինանսավորմամբ, նաև հիմնադրամն էր անօթևաններին կացարան տրամադրում: Խաչատրյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում շուրջ 230 անօթևան են ընդունել, որոնցից մոտ 160-ի հարցը լուծել են, 37-ը վերադարձել են հարազատների մոտ, նրանց հաշտեցրել են, 30 հոգի ինքնուրույն կյանք է սկսել, 4 զույգ ամուսնացել է, մի մասին օգնել են գտնել հարազատներին և այլն: Պետական կառույցները, տեսնելով հիմնադրամի գործունեության արդյունավետությունը, նախորդ տարվա վերջին որոշել են Չորրորդ գյուղում գտնվող պետական կացարանը փակել, պետբյուջեից հատկացվող գումարը փոխանցել այս հիմնադրամին, շահառուներին էլ  տեղափոխել այստեղ:

Դեռևս այդ ժամանակ «Անկախը» պարզաբանում ստացավ սոցապնախարար Արտեմ Ասատրյանից,  թե պետությունը նպատակահարմար է գտել այդ միջոցներն ուղղել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամին, քանի որ նրանց ծրագիրն ավելի արդյունավետ է. նրանք ոչ միայն կացարանում պահում են անօթևաններին, այլև նրանց համար դասընթացներ են իրականացնում՝ փորձելով ինքնուրույն կյանքի տանել:

անօթևաններ (1)Հունվարի 1-ից 43 անօթևան արդեն նոր կացարանում է, և ընդհանուր անօթևանների թիվն այստեղ հասնում է գրեթե հարյուրի:

Մեր շրջայցը կացարան սկսվեց մեկուսարաններից, որտեղ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն էին՝ կույրեր, կաթվածահարներ, անդամալույծներ և այլն: Հետո անցանք 7-8 հոգանոց սենյակներով, ապա 14 հոգանոց մի ընդարձակ սենյակ մտանք, որտեղ տեղավորված էին տղամարդիկ:

«Այս մարդկանց հարցերը լուծելը շատ դժվար է,-ասում է կենտրոնի ղեկավարը,-տարիներով ապրելով փողոցում` կորցնում են իրենց բոլոր փաստաթղթերը, և շատ դժվար է լինում դրանք վերականգնելը»:

Նա բերում է մի օրինակ, երբ երկու տարում են կարողացել իրենց շահառուներից մեկի անձնագրի հարցը լուծել: «Ռուսաստանից էր: Եկել էր Հայաստան եղբոր մոտ, հետո եղբայրը իր տունը վաճառել, գնացել էր, էդ մարդը մնացել էր դրսում, փաստաթղթերն էլ կորցրել էր, ո՛չ կարող էր գնալ Ռուսաստան, որտեղ տուն, ապրուստ ուներ, ո՛չ կարող էր մնալ: Երկու տարի չարչարվելուց հետո կարողացանք նրա փաստաթղթերի հարցը լուծել, որ հետ գնա»:

Կացարանում կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, ինչը հոգեպես ճնշում է մյուս շահառուներին: Սակայն նրանց հոգեբուժարան տեղափոխելը շատ դժվար է, քանի որ հարազատներից մեկը պետք է դիմի դատարան` հիվանդին անգործունակ ճանաչելու համար, որից հետո նոր կարող են տեղափոխել: Սակայն այս դեպքում բարեկամներ չկան:

Տնօրենի խոսքով` կան անօթևաններ, որոնք կացարան են հասնում սարսափելի վիճակում` հիվանդ, կեղտոտ, տարիներով չլողացած, ոչ ադեկվատ վիճակում: Երբ անօթևանին բերում են կացարան, նախ ախտահանում են, սափրում, լողացնում, հետո տեղավորում մեկուսարանում, հին և կեղտոտ հագուստն այրում, նոր հագուստ տալիս, որից հետո ուղեկցում են պոլիկլինիկա` հետազոտման: Այդ ամենից հետո նա կարող է մյուսների հետ ընդհանուր սենյակներում ապրել: Սնունդն այստեղ օրական երկու անգամ է տրվում` առավոտյան և երեկոյան: Դա ամրագրված է սոցիալական աջակցության օրենքում՝ հաշվի առնելով այն, որ շահառուները պետք է կեսօրին աշխատանքի գնան և միայն առավոտյան ու երեկոյան անցկացնեն կացարաններում: Սակայն այս կացարանում շատերն անկողնային վիճակում են, և կեսօրին նրանց կերակրում են,  չնայած դրա իրավունքը չունեն:

Մեր այցի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից կացարան էին բերել մի անօթևանի` մի ոտքը կտրած: Փորձեցինք զրուցել հետը, գլուխը շրջեց, չցանկացավ խոսել: Տնօրենն ասում է, որ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները ժամանակի ընթացքում են կարողանում նրանցից որևէ տեղեկություն ստանալ, այն էլ` դժվարությամբ:

Քանի որ կենտրոնի հիմնական նպատակը անօթևաններին ինքնուրույն կյանքի վերադարձնելն է, հիմնադրամի ղեկավարը կարևորում է իրենց կողմից տրամադրվող անվճար դասընթացները: Խաչատրյանի խոսքով` իրենց շահառուների (ոչ միայն անօթևանների) 60-70 տոկոսն այստեղ ստացած գիտելիքների շնորհիվ աշխատանք է գտել: Սակայն կարևոր է նաև, որ մարդն ինքը ցանկանա վերադառնալ հասարակություն, աշխատել: Այդ ցանկությունը նրանց մեջ առաջացնելը նույնպես  կենտրոնի սոցիալական աշխատողների և հոգեբանների աշխատանքի մի մասն է:

անօթևաններԻ դեպ, անօթևաններից մեկը մեզ ասաց, որ իրեն աշխատանք են առաջարկել այստեղ. լվացքատան, սանհանգույցի մաքրմամբ պետք է զբաղվի:

Շավարշ Խաչատրյանն ընդգծում է, որ անօթևանները գրեթե չեն զբաղվում մուրացկանությամբ. «Դա թյուր կարծիք է: Երևան քաղաքում մուրացկանությամբ զբաղվում են տուն ունեցողները, իսկ նրանց մուրացկանության են դրդում ծնողները, զավակները, թոռները, հարսը…»:

Կառավարությունը  հիմնադրամին այս տարվա համար 58 միլիոն դրամ է հատկացրել: Դանիական գործընկերներն էլ են որոշակիորեն աջակցել` 8 միլիոն դրամի չափով: Ընդհանուր գումարը մեծ չէ, մանավանդ որ դրա մեջ մտնում են  նաև 28 աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նման բյուջեի պայմաններում նվազագույն են, սակայն հիմնադրամի ղեկավարն այս ծրագրով սահմանափակվելու մտադրություն չունի: Ապագա ծրագրերից է թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձանց աջակցելը, որոնք որոշակի բուժման շնորհիվ հաղթահարել են հիվանդությունը, սակայն հասարակության մեջ կրկին ինտեգրվելու խնդիր ունեն:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

5 ՃՏՊ, 6 վիրավոր` մեկ օրում

վրաերթՀունվարի 16-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Աթենքի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց իրար են բախվել «Բիայդի» մակնիշի տաքսի, «ՎԱԶ-2107» և «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունվարի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սիատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

 

Ութ տարի հետախուզման մեջ գտնվող քաղաքացին ոստիկանություն է ներկայացել

ոստիկանությունՀունվարի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը 2006 թ. օգոստոսի 17-ից ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: Այս մասին Անկախին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանները փնտրում են դանակահարության ելքով վեճի մասնակցիներին

ՀՀ-ոստիկանություն2Հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Գրիգոր Ա.-ն: Նա հայտարարել է, որ «Հայաստան» հանրախանութի մոտակայքում սուր գործիքով հարվածել են իրեն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ, 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին` պատճառելով  վնասվածք:
Պարզվել է նաև, որ նույն միջադեպի ընթացքում Կարեն Վ.-ն երկու անգամ ձեռքով հարվածել է Գրիգոր Ա.-ի ընկերոջ` 1985 թ. ծնված Դավիթ Խ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ, իսկ քաշքշուկին մասնակից մյուս  անձինք  ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրան:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց, Հովհաննես Հ.-ին և Կարեն Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Հայտնաբերվել է հանցագործությունից 25 տարի անց (Տեսանյութ)

գործ1989 թ. հունիսի 22-ի երեկոյան 1969 թ. ծնված Արթուր Անտոնյանը մի խումբ անձանց հետ Գուգարք գյուղի խնձորի այգում կացնի բազմաթիվ հարվածներով սպանել էր նույն գյուղի բնակիչ, տասնհինգամյա Վահագն Հարությունյանին:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերով /ներկայիս քր օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ մասերով/, խափանման միջոց էր ընտրվել կալանքը, Արթուր Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Ա. Անտոնյանը չհայտնաբերվեց, սակայն ոստիկանների աշխատանքն այդ ուղղությամբ չէր դադարում:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ օրերս Վանաձորի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նա փոխել է անուն-ազգանունը և անձնագրային այլ տվյալներով թաքնվում է Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզում:
Անհապաղ հաղորդագրություն ուղարկվեց ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն՝ խնդրելով իրականացնել անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ռուս գործընկերներից ստացված հաղորդագրությունը փաստում էր՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի վերը նշված նկարագրին համապատասխանող անձնավորություն՝ ՌԴ քաղաքացի Սաշա Սողոմոնյանը, որն ապրում է Սամարայի մարզում:
ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի գլխավոր վարչություն ուղարկվեցին Արթուր Անտոնյանի լուսանկարը և մատնադրոշմային քարտերը՝ նույնականացում կատարելու համար: Արդյունքում պարզվեց, որ Արթուր Անտոնյանը և Սաշա Սողոմոնյանը նույն անձն են:
Աշխատանքներ են տարվում Արթուր Անտոնյանին Հայաստան տեղափոխելու հարցը լուծելու ուղղությամբ:

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 17–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ  տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`

Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Հունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան՝     13.30C (1967 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -23.90C (1950 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -3.60C

Անկախ