Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևելյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝

Նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան   23.60C  (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -2.50C   (1889 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   9.80C

Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների

edik-GrigoryanԵրեկ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է, և այդ որոշման կայացման գործին, ըստ թերթի, նպաստել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանն «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ս.թ. հոկտեմբերի 24-ին Հանրային խորհուրդը դիմում է ստացել ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանից կողմից, որով վերջինս հայտնել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և պետք է շտապ վիրահատվի՝ խնդրելով Հանրային խորհրդին աջակցել խնդրի լուծմանը: Գրիգորյանը դիմումին կցել է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը, ըստ որի հիվանդն ունի անհապաղ վիրահատության կարիք:

Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին օրենքով սահմանված կարգով ապահովելու բուժօգնության տրամադրումը ցմահ դատապարտյալին:

ՀԽ գրասենյակի պատասխանատուն հավելեց, որ Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից ՀՀ քաղաքացիներից առողջական խնդիրների լուծմանն առնչվող բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնց մի մասը եղել են դատապարտյալների կողմից: «ՀԽ լիազորությունների սահմաններում բոլոր դիմումներն ուսումնասիրվել են, տրվել համապատասխան ընթացք և որոշ դեպքերում՝ դրական լուծումներ: Օրինակ, Հանրային խորհրդի միջնորդությամբ 2010 թվականին պատիժը կրելու ժամանակ կուրացած դատապարտյալ Հայկ Վարդանյանն օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել»,-ասաց նա:

Հակոբ Բարխուդարյանը նաև հայտնեց, որ Հանրային խորհուրդը, ստանալով դիմումներ դատապարտյալների կողմից, ուսումնասիրում է խնդիրը՝ անկախ դատապարտյալի պատիժը կրելու պատճառներից: Նրա խոսքով՝ այս պահին ՀԽ վարույթում երկու դատապարտյալի նմանատիպ դիմում է քննվում: Սակայն խնդիրն առայժմ լուծված չէ, քանի որ դիմումատուները նամակներին կից չեն ներկայացրել հիվանդությունը հաստատող փաստաթուղթ, և ՀԽ առողջապահության հանձնաժողովը պետք է դիմի համապատասխան կառույցներին՝ ստանալու հիվանդությունների վերաբերյալ եզրակացությունները: «Էդուարդ Գրիգորյանի հարցը հնարավոր է եղել շուտափույթ լուծել, քանի որ դիմումին կից ներկայացված է եղել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը հիվանդության և անհապաղ վիրահատության անհրաժեշտության մասին»,-ասաց նա:

Աշունը “Խուլախուպի” ոճով Երեւանի կրկեսի հետ

Երեւանի կրկեսԵրևանի կրկեսի կոլեկտիվը վառ տոն է նախապատրաստել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար: Մեր կրկեսային արտիստների ելույթները Տավուշի մարզում նախատեսված են նոյեմբերի 2-3-ին, իսկ Գեղարքունիքի մարզում՝ նոյեմբերի 9-10-ին:

Դուետով հանդես եկող քույր և եբայր Անի ու Ռաֆայել Գասպարյանները հանդիսատեսին կներկայանան կրկեսային արվեստի ամենից հազվագյուտ՝ «Լիմբո» ժանրով պատրաստված համարով (անցում՝ տարբեր բարձրությւնների վրա դրվող ձողի տակով): Ընդ որում, նրանք այս ուրույն ժանրով իրենց համարը բարդացրել են դաշույնների գործածությամբ դրվագներով, որոնք հանդիսատեսները շատ են հավանել: Այդ համարը ներառված է նաև հյուրախաղային ծրագրում:

Իսկ Երևանի կրկեսի այս ելույթների բազմաժանր ծրագրում, որ մշակել ու նախապատրաստել է Ենգիբարյանի անվան Կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պողոսյանը, ներառված է նաև մարմնամարզական օղակներով համար՝ «Խուլախուպ», որը կներկայացնի ստուդիայի շրջանավարտ Մարիշոկը: Նա արդեն շահել է հանդիսատեսի համակրանքը:

Ներկայացման ընթացքում, որ սովորաբար մեկ ժամից ավելի է տևում, իրենց պատրաստած ուշագրավ համարները կցուցադրեն իլյուզոնիստներն ու  ակրոբատները, ծաղրածուներն ու էկվիլիբրիստները, որ, ի դեպ, գործածում են ինչպես տարբեր մեծության կոճեր, այնպես էլ՝ աթոռներ:

Երևանի կրկեսի առաջիկա ելույթների ժամանակացույցը.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

2-ը նոյեմբերի – Բագրատաշեն (ժ. 12:00-ին),  Նոյեմբերյան (ժ. 14:30-ին), Իջևան (ժ. 18:00-ին)

3-ը նոյեմբերի – Բերդ (ժ. 12:00-ին), Դիլիջան (ժ. 17:00-ին)

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

9-ը նոյեմբերի – Վարդենիս (ժ. 14:00-ին), Մարտունի (ժ. 17:00-ին)

10-ը նոյեմբերի – Գավառ (ժ. 14:00-ին) և Սևան (ժ.17:00-ին):

Ելույթները նախատեսված են նշված քաղաքների և բնակավայրերի Մշակույթի տներում:

Հավելենք, որ շենքային պայմանների պատճառով Երևանում հանդես գալու հնարավորությունից ժամանակավորապես զրկված մեր կրկեսի կոլեկտիվն ամբողջ տարվա ընթացքում հյուրախաղային ելույթներ է ունեցել Հայաստանի բազմաթիվ մարզերում: Երևանի կրկեսի կոլեկտիվն ընթացիկ տարում, մինչ այս, հասցրեց իր ելույթներով ուրախություն պարգևել Լոռու, Շիրակի, Սյունիքի և Արարատի մարզերի բնակիչներին ու հատկապես՝ փոքրիկներին: Նմանապես, իր պատմության մեջ առաջին անգամ, Երևանի կրկեսն այս տարի հյուրախաղերով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը դրվելու է հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարան,քառամյա ծրագիրԵրևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի հերթական քննարկման օրակարգում ընդգրկված էր Երևանի քաղաքապետին կից  Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակի քննարկումը։  Խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել  ներկայացված լրամշակված նախագծին: Նախագիծը, սահմանված կարգով, առաջիկայում կներկայացվի նաև  հանրային քննարկման:

Առաջիկայում խորհրդի քննարկմանը կներկայացվի Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Ոստիկանությունը պարզաբանում է

ոստիկանություն3Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.43-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի 76 շենքի մի բնակիչ, Ուկրաինայի վիզա չստանալու պատճառով, ուզում է կտրել երակները։
Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները նշված շենքի բնակարաններից մեկից Մալաթիայի բաժին են հրավիրել Գուրգեն Հ.-ին:
Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նա հոկտեմբերի 31-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունք՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար իր անձնագրում համապատասխան նշում կատարելու, սակայն մերժվել է, քանի որ անձնագրի էջերը պատռված են եղել, ինչի կապակցությամբ բաժանմունքի աշխատակիցն առաջարկել է նախ դիմում գրել անձնագիրը փոխելու համար, որից հետո հնարավոր կլինի նոր անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականությունը հավաստող կնիք դնել։
Քաղաքացին դժգոհելով` դուրս է եկել, սակայն նույն հարցով մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակցին` ստանալով նույն պատասխանը։ Որոշ ժամանակ անց անձնագրային բաժանմունք է եկել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցն ու հայտնել, որ այդ քաղաքացուց ահազանգ է ստացվել, թե իբր իր անձնագիրում կնիք չդնելու պատճառով ինքը ցանկանում է իրեն վնասել:
Գուրգեն Հ.-ն իր բացատրության մեջ նշել է, որ ինքն իրեն որևէ վնաս պատճառելու նպատակ չի ունեցել, զայրույթի պահին է նման քայլի դիմել, բացի այդ, իրեն պարզաբանվել է օգտագործման համար ոչ պիտանի անձնագրում վավերականության հաստատման կարգը, և ինքը ներկայումս ոչ ոքից որևէ բողոք կամ պահանջ չունի։

Ջրագնդակի մրցումների ժամանակ մարզիկը հարվածել է դատավորին

ծեծՀոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում     գտնվող լողավազանում, ջրագնդակի մրցումների ժամանակ, հարվածել են դատավորի դեմքին:
Մեկնած օպերատիվ խմբին ժամը 19.00-ին 1955 թ. ծնված  Ռուբեն Ե.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հրավիրված է եղել նշված հասցեում գտնվող լողավազանում անցկացվող ջրագնդակի մրցումներին, որտեղ Գագիկ Հ.-ն վիճաբանել է իր հետ, հարվածել է իր դեմքին և մարմնին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանությունից տեղեկացնում են որ կատարվում է հետաքննություն:

Ոստիկանները հայտնաբերեցին կնոջ դրամապանակը գողացողին

ձերբակալությունՀոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած 53-ամյա կինը հայտնել է, որ թիվ 20 երթուղու միկրոավտոբուսով ուղևորվելու ժամանակ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար և 17.000 դրամ:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի և Ավանի բաժանմունքների ծառայողները Նազարբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պավել Ա.-ին:
Նա խոստովանել է, որ նշված միկրոավտոբուսում ինքն է գողացել կնոջ դրամապանակը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային

Երևանի քաղաքապետարան,«Երևան Ջուր»Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:

 

Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիների ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք որոշակիորեն բարելավել են մայրաքաղաքի ջրամատակարարման որակը: Սակայն հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր դեռևս առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրներ և պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի և որ ամենակարևորն է՝ երևանցիները գոհ լինեն մատուցվող ծառայություններից: Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային և կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նորանշանակ նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել համատեղ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ «Երևան Ջուր» ընկերությունը ևս պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում. «Մենք պարտավորված ենք կյանքի կոչել Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում: Քաղաքապետարանն  իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար և մենք մեծ սիրով կշարունակենք համատեղ փոխգործակցությունը»,- նշել է Ռոստիսլավ Չապմանը:

Օգտվելով առիթից Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ռոստիսլավ Չապմանին «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ յուրացման կամ վատնման 2, խարդախության 10, կողոպուտի 1 և մաքսանենգության 3 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Հալաբյան փողոցում 7 մեքենաներ են բախվել, ՃՏՊ-ի մասնակիցներից 4-ը երթուղային միկրոավտոբուսներ են

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.13-ին  ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի 34 VU 795, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 4311 Տ, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 0851Տ , թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2838Տ, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2236Տ և «ԳԱԶել» մակնիշի 34 TN 174 պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Գ. Հ., Ա. Թ., Ա. Պ. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:

Արտյոմ Մովսեսյանը հորդորել է զերծ մնալ կարծրատիպային մտածողությունից, Վազգեն Մանուկյանը հակադարձել է

ՀԽ նիստՀոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը:

Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլև ՀԽ հրավերով` նաև «Զվարթնոց»   օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը,  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը, օդանավակայանի այլ ներկայացուցիչներ:

Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրել է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով հարցը քննարկել, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելը առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները:

Հարցը քննարկման էր դրվել ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հետագա առավել խորքային ու համակողմանի քննարկումների համար անհրաժեշտություն էր առաջացել օդանավակայանի ղեկավարության կողմից ստանալ և ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր` մասնավորապես ընկերության մաստեր-պլանը, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել լսել քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարության տեսակետը, որի նպատակով էլ գումարվել էր ՀԽ փոքր խորհրդի նիստ:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնել է, որ իրենց կողմից Հանրային խորհուրդ դիմելը պայմանավորված է եղել գործընթացը թափանցիկ իրականացնելու և հանրության տեսակետը լսելու հանգամանքով:

IMG_1416Օդանավակայանի գլխավոր տնօրենի խոսքով` երբ 2002 թվականին կառավարության և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, նախևառաջ կառավարության առջև հարց է դրվել` ստեղծել նո՞ր ուղևորային համալիր, թե՞ վերակառուցել հինը: Կառավարությունը կողմ է եղել նորի կառուցմանը: Կառուցվել է երկուսուկես միլիոն ուղևորափոխադրումների համար նախատեսված համալիր` չնայած որ ուղևորների թիվն այդ ժամանակ եղել է 600-700 հազար: Այժմ, ըստ Մարսելով Վենդեյի, նոր ուղևորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի, և օդանավակայանը պետք է պատրաստ լինի դրան:

Գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ 2002-ին իրենց կողմից հրավիրվել են արտասահմանյան մասնագետներ, որոնք ուսումնասիրություններ են կատարել հին ուղևորային համալիրում և փաստել, որ անգամ այդ ժամանակ կառույցի շինարարությունը չի համապատասխանել որոշակի չափանիշների, այդ պատճառով էլ արագ հայտնվել է նման վատ վիճակում: Վենդեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը:

Նա նաև ընդգծել է, որ հին ուղևորային համալիրն այլևս հնարավոր չէ ծառայեցնել իր նպատակին, և առավել նպատակահարմար է նոր մասնաշենքի ընդլայնումը:

Հարցին, թե ինչու է օդանավակայանի ընդլայնումն իրականացվելու հատկապես հին համալիրի ուղղությամբ, պարզաբանվել է, թե հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոխելու օդանավակայանի ողջ կառուցվածքը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված:

Նաև նշվել է, որ հին ուղևորային համալիրի տարածքն անհրաժեշտ է միմիայն որպես նոր օդանավակայանի շարունակություն կառուցելու և օգտագործելու նպատակով, և կլոր  շենքը քանդելու դեպքում որևէ այլ նշանակության կառույց այնտեղ չի նախատեսվում:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնել է, որ հին ուղևորային համալիրը քանդելը կարժենա մոտ երկու միլիոն դոլլար, իսկ ամրացնելը` տասից տասներկու` միաժամանակ նշելով, որ ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը: ՀԽ նախագահի հարցին ի պատասխան` նա ասել է, որ օդանավակայանի զարգացման այլընտրանքային տարբերակներ ֆինանսական հաշվարկների տեսանկյունից չեն արվել, սակայն նշել է, որ իրենց կողմից միակ իրատեսական տարբերակը այս պահին համարվում է զարգացումը դեպի հին ուղևորային համալիր:

IMG_1418Սեյսմոլոգ Զավեն Խլղաթյանը Հանրային խորհրդին տեղեկացրել է, որ իրենց կողմից 2011 թվականին իրականացվել են շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, և պարզվել է, որ շենքը լուրջ վնասվածքներ ունի: Սեյսմիկ իրավիճակի վերլուծությունը նույնպես մտահոգվելու տեղիք է տվել: Միաժամանակ, ՀԽ անդամների հարցին ի պատասխան, սեյսմոլոգը հայտնել է, որ շենքը կարող է դիմանալ մինչև ութ բալ ուժգնությամբ երկրաշարժին:

Իր հերթին ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը միաժամանակ «Հայնախագիծ» ընկերության տնօրենն է, հայտնել է, որ շենքը հնարավոր է ամրացնել և որ ժամանակին իրենց կողմից առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ:

Այնուամենայնիվ, որոշ հարցեր կրկին անպատասխան են մնացել, օրինակ թե շենքը պահպանելը որքան ծախս կպահանջի կամ պահպանման դեպքում ինչ նպատակի կարող է ծառայել և այլն:

ՀԽ կողմից հնչել է տեսակետ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել շենքի պատմամշակութային կարգավիճակը, և եթե համապատասխան կառույցի կողմից որոշվի, որ այն հուշարձան է, ապա պետք է կրկին ներառվի պատմամշակութային հուշարձանների ցանկում, որի դեպքում իրավիճակը նոր լուծումներ կպահանջի:

Արտյոմ Մովսեսյանն իր հերթին փաստել է, որ այսօր կառույցը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, ուստի կառավարությունն ազատ է որոշում կայացնելու հարցում, հատկապես որ կառավարության գլխավոր նպատակը ողևորների քանակն ավելացնելն ու ոլորտը զարգացնելն է:

Վազգեն Մանուկյանն էլ հակադարձել է` նշելով, որ եթե անգամ կառույցը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, այնուամենայնիվ հանրության կողմից այն ընկալվում է որպես հուշարձան, և հենց այդ հանգամանքն հաշվի առնելով էլ կառավարությունը դիմել է Հանրային խորհուրդ` կազմակերպելու հանրային քննարկումներ և լսելու հանրության կարծիքը:

Արտյոմ Մովսեսյանը հորդորել է զերծ մնալ կարծրատիպային մտածողությունից, մտածել առաջընթացի մասին և առաջնորդվել նորօրյա չափանիշներով, ինչին ի պատասխան` Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի համար ընդունելի են այն լուծումները, որոնք կապահովեն առաջընթաց` միաժամանակ պահպանելով հանրային արժեքները:

Ամփոփելով նիստը` Մանուկյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին քննարկմանը մասնակցելու համար` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետների և թվերի վերաբերյալ չկան փաստաթղթային հիմնավորումներ:

Հանրային խորհուրդն աշխատանքային կարգով (անհրաժեշտ տեղեկատվության համար գրավոր դիմելով նաև քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարությանը), կքննարկի ձեռք բերված փաստաթղթերն ու տեղեկություները, որի հիման վրա առաջիկա օրերին կգումարի ՀԽ լիագումար նիստ և կկայացնի որոշում:

 

Խարդախության մեղադրանքով 9 ամիս հետախուզվողը հայտնաբերվել է

ձերբակալվել էՀոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողները քրեական հետախուզության գլխավոր վարչություն են ներկայացրել 1988 թ. ծնված Պատվական Տ.-ին, որը հունվարի 30-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՀոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը մայիսի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

Մոսկվա-Երևան և Եկատերինբուրգ-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալելՀոկտեմբերի 31-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արման Գ.-ին, որը հոկտեմբերի 1-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:                                                         

Հոկտեմբերի 31-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայնի ժամանման սրահից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Նորիկ Մ.-ին, որը 2012 թ. ապրիլի 20-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:

 

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, 1 մարդ մահացել է

ավտովթար2Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի վարորդը` 1990 թ. ծնված Հարություն Ս.-ն, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ «Մերսեդես»-ի վարորդը, 2 ուղևորները և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երևանում վրաերթի երեք դեպք է գրանցվել

վրաերթՀոկտեմբերի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                          
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.20-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Տիգրանյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                        
Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենա է ընկել ձորը, 4 մարդ հիվանդանոցում է

ավտովթարՆոյեմբերի 1-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ՛՛Ֆոլկսվագեն-Ջետա՛՛ մակնիշի 18US412 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեկ տուժած տեղափոխվել է Սպիտակ քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և երկու ուղևորներին, ովքեր տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: